«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2012-12-19 | #228, 2012-12-20 | #229, 2012-12-21


ՄԵԿ ԴՅՈՒԺԻՆ ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒ

Բագրատյանը որ առաջադրվի՞

Հավանաբար իրականություն կդառնա վերլուծաբանների այն մասի կանխատեսումը, թե քաղաքական ուժերը յուրաքանչյուրն իր թեկնածուն կունենա, ու ի վերջո քաղաքական դաշտը ընտրությունների կգնա մասնատված, բաժան-բաժան, գումարած կես դյուժին այլեւայլ նախագահացուներ: Իսկ մեկ ուժ` ՀԱԿ-ը, միգուցե մեկից ավելի թեկնածու ունենա, չնայած պաշտոնապես գուցե եւ ոչ մեկին չառաջադրի: Համենայն դեպս այն, ինչ չարեց Օսկանյանը` մինչեւ Ծառուկյանի որոշումն առաջ չընկնելով ու չառաջադրվելով, արեց Հրանտ Բագրատյանը, կտրելով ՀԱԿ-ի` առաջադրվել-չառաջադրվելու հայտարարությունը. նա առաջադրելու մասին որոշումը ֆեյսբուքասեր մեր հանրությանն է երեկ հայտնել ՖԲ-ում գրառմամբ առ այն, որ դեկտեմբերի 24-ին իր ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը համագումար է անելու մեկ օրակարգային հարցով` իրեն նախագահի թեկնածու առաջադրելու. «Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է:

Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ): Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ-ի կողմից չեմ առաջադրվում: Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ-ի քաղաքական խորհրդի հետՙ նրանցից որեւիցե մեկին կաշկանդած չլինելու համար», գրել է Հ.Բագրատյանը: Սա հետաքրքրական զարգացում է այն ֆոնին, որ ՀԱԿ-ում երկար մտմտում ենՙ ինչ անեն` առաջադրե՞ն թեկնածու, չառաջադրե՞ն, բոյկոտե՞ն ընտրությունները, թե՞ ոնց: Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյան էլ առանձին «Այլընտրանք» ՀԿ-ից առաջադրվի, չնայած բարձրաձայն միշտ ժխտել է իր առաջադրման գաղափարը:

Առջեւում են «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների», «Դաշնակցության» համաժողովները, ու չի բացառվում, որ համապատասխանաբար առաջադրվեն Անուշ Սեդրակյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ-ի դեպքում վստահ չենք այս անվան վրա, բայց հավանականություն կա, որ ՀՅԴ-ն նախագահի թեկնածու առաջադրելու է):

Վերադառնալով ՀԱԿ-ին` Լեւոն Զուրաբյանի ակնարկած նախագահական ընտրությունների բոյկոտի տարբերակին, Բագրատյանի առաջադրման մտադրությամբ, փաստորեն, այն ոչ եւս է լինում, քանի որ Բագրատյանն անշուշտ ՀԱԿ-ում կողմնակիցներ կունենա, որոնք հակված կլինեն նրան պաշտպանելու, եթե ի վերջո Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, եւ դա ամենեւին էլ արդեն բոյկոտ չի լինի: Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու վկայությունը հենց Բագրատյանի մտադրությունն է, որի բարձրաձայնմամբ կարծես ինչ-որ այլ գործընթացի դեմն է առնվում: Բոլոր դեպքերում ԲՀԿ առաջնորդի չառաջադրումից հետո ՀԱԿ-ի մեջքն այնպես կոտրվեց, որ այնտեղից հավանաբար այլեւս միասնական որոշման սպասել պետք չէ, եւ ՀՀՇ համագումարն էլ չի կարող առաջադրել Տեր-Պետրոսյանին, քանի որ, մեր տեղեկություններով, նա՛ հակված չէ առաջադրվել եւ վատ արդյունք գրանցել (ամեն ինչից երեւում է, որ ՀԱԿ-ն այդպես էլ որեւէ երաշխիք չստացավ, որ Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում Գագիկ Ծառուկյանի գաղտնի աջակցությունը կստանա): Այդպիսով անգամ միասնաբար ընտրությունները բոյկոտելը չի ստացվի, քանի որ այն եւս արդեն Բագրատյանի մտադրությամբ խախտվում է, ու այստեղ- այնտեղ (հատկապես խորհրդարանում) երեւացող ներՀԱԿ-ային հակասաություններն էլ ավելի են երեւակվում: Հավանաբար նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ից միայն խմբակցությունը կմնա:

Մհերն ու Մհերը

Լրիվ ցխված քաղաքական դաշտի պահային անշարժության դիմաց` լրագրողներն են ինչպես միշտ ակտիվ, ու դեկտեմբերի 19-ին «Ա1 պլյուսի» լրագրող Մհեր Արշակյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը սպառնում է վերջին օրերի «ամենաքաղաքական» իրադարձությունը լինել: Քանի որ լրագրողներն ամեն անգամվա պես հանգիստ չարձագանքեցին անդաստիարակության հերթական դրսեւորմանը հերթական մականունավոր պատգամավորի կողմից, ու ՀՀԿ-ական բարձրաստիճաններ Էդուարդ Շարմազանովի եւ Արմեն Աշոտյանի` իրենց մականունավոր գործընկերոջ փոխարեն ներողությունը փաստորեն չանցավ, լրագրողներն առաջ են տանում իրենց իրավունքը, քանի որ ինքը, Թոխմախի Մհերը, չի զղջացել «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ» հարցազրույց տալու իր մերժման համար: Լրագրողներն էլ, ի վերջո, մի խմբով դիմել են Հովիկ Աբրահամյանին` պահանջելով, որ ԱԺ նախագահը նկատողություն հայտարարի Մհեր Սեդրակյանին եւ պարտադրի նրան հրապարակայնորեն ներողություն խնդրել լրագրողից: Մոռացանք` քաղաքական գնահատական եւս պահանջում են մեր լրագրողները այս ոչ քաղաքական իրադարձության համար: Լրագրողական խումբը մի մտադրություն եւս ունի` միջադեպի կապակցությամբ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով դիմել: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը շատ արագ արձագանքեց միջադեպին` հանդիպելով լրագրող Մհեր Արշակյանի հետ եւ ափսոսանք ու ցավ հայտնելով միջադեպի կապակցությամբ: ԱԺ նախագահի կողմից առաջարկ է հնչելՙ իր ներկայությամբ հանդիպել Մհեր Սեդրակյանի հետ, որ պարզվի` ինչո՞ւ է այդ ամենը տեղի ունեցել, բայց Մհեր Արշակյանը մերժել է` գերադասելով հարցազրույցների ժամանակ հանդիպումը: Բացի սրանից` ԱԺ նախագահը նշել է, որ լրագրողները չեն կարող դիմել էթիկայի հանձնաժողով, դա կարող է անել պատգամավորը:

Տեսնո՞ւմ եք` ո՞նց ենք պաշտպանում մեր իրավունքները:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4