«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2012-12-19 | #228, 2012-12-20 | #229, 2012-12-21


ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամանակին մարդկանց ձեռքերին իշխանության եկած Սաակաշվիլուն տառացիորեն քարկոծում են, իսկ հրաժարականի տանող մեղադրանքները` շատանում

Երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գալիս էր իշխանության ու «վարդյա հեղափոխություն» էր իրականացնում, վրացական հեռուստաեթերը դարձել էր նրա հավատարիմ օգնականն այդ հարցում, ու թեեւ այդքանով ազատ էր, սակայն հավասարակշռված նյութեր եթեր հեռարձակելու մասին մոռացել էին: Ժամանակի հետ վրացական հեռուստաեթերն առավել նմանվեց Սաակաշվիլու PR ուղեկցության, ընդ որում, լրագրողներ-իշխանություն ավելի սերտացող հարաբերություններով, որոնք ավելի հաճախ վերածվեցին մամուլի խոսնակներ դառնալու ու նմանօրինակ այլ պաշտոններ զբաղեցնելու իրավիճակի:

Այսօր ժամանակին Սաակաշվիլու թիկունքին կանգնած մամուլը նոր որակումների է արժանանում: Մասնավորապես, «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, որ «վարդյա հեղափոխության» գրեթե դրոշակակիր էր, ըստ էության, հեղափոխականների համար հիմնական հարթակ դարձած, վրացական նոր իշխանությունների համար չի դիտարկվում որպես ազատ մամուլ. ձերբակալվել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, որի փաստաբանը այդ ամենը կապում է հեռուստաընկերության վրա ճնշում գործադրելու միտումների հետ:

Ամեն դեպքում, հիշեցնենք, որ Գվարամիան ժամանակին զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի, ապա նաեւ կրթության նախարարի պաշտոնները:

Գվարամիան միակը չէ, որ դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան ձերբակալվել է Վրաստանում, ու նույն օրն էլ միայն նրա բնակարանում չէ, որ խուզարկություն է իրականացվել ու առգրավվել են համակարգիչներ: Նրա հետ հարցաքննության են կանչվել, ապա ձերբակալվել նաեւ Վրաստանի ֆինանսների եւ էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խեթագուրին, էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Դամենիան եւ ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» էներգետիկ ընկերության վրացական դուստր ձեռնարկության գլխավոր տնօրեն Դեւի Կանդելակին: Բոլորը մեղադրվում են մեքենայության մեջ, որի միջոցով հաջողացրել են մոտ 1 մլն դոլարի հարկ չվճարել:

Հարեւան երկրի խորհրդարանում հոկտեմբերի ընտրություններից հետո Սաակաշվիլու` փոքրամասնություն դարձած կուսակիցները բոյկոտել են խորհրդարանի աշխատանքներն ի նշան տեղի ունեցած ձերբակալությունների, պատճառաբանությամբ, թե «Վրաստանը գտնվում է այնպիսի մի վիճակում, երբ որեւէ մեկին անգամ համակրելու համար ստիպված են վճարել առողջությամբ ու կյանքով»:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էլ, իր հերթին, հատկապես «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի ձերբակալության առնչությամբ հայտարարել է, թե հստակ տեսնում է, որ դա ճնշում է հեռուստաընկերության սեփականատերերի նկատմամբ, որոնց առնչությամբ «ոչ մի բան չի գտնվել ճնշում գործադրելու համար»:

Սաակաշվիլին առանձնակի չի անդրադարձել ձերբակալությունների օրը Քութայիսում տեղի ունեցած միջադեպին, երբ իր հրաժարականը պահանջող մի քանի 100 հոգի բողոքի ակցիայի մասնակիցները Քութայիս ժամանած Սաակաշվիլու ու նրան ուղեկցողների ավտոշարասյան ուղղությամբ քարեր են նետել, պատգամավորներից մեկին քաշքշել, փորձել հարվածել, հետո էլ քաղաքի իշխանությունների հետ հանդիպումից հետո Սաակաշվիլու կուսակցության ակտիվիստիների ու կուսակիցների գրասենյակից Վրաստանի նախագահին դուրս չեն թողել մի երկար ժամանակ:

Դրան առանձնակի չեն անդրադարձել, սակայն Սաակաշվիլու գլխին իսկապես կուտակվող ամպերին թնդություն է հաղորդել վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, իր հասցեին Սաակաշվիլու` «երկիրը թալիբացնելու» մեղադրանքը հակադարձելով հարցով, թե նախագահի ինչին են պետք 7 նստավայրերը:

Ու զավեշտալի է, որ երկուսի դեպքում էլ, ինչպես Սաակաշվիլու, այնպես էլ Իվանիշվիլու, խոսվում է ժողովրդի անունից, ընդ որում, Սաակաշվիլին զգուշացնում է, թե ժողովուրդը տարբերում էՙ ով ինչ է անում, Իվանիշվիլին էլ հայտարարում է, թե պետք է ուսումնասիրվի Թբիլիսիի նորակառույց շենքերի նպատակահարմարությունը ու, հնարավոր է, որ որոշները քանդվեն կամ շինարարությունը դադարեցվի:

Եվ այս ամենը տեղի է ունենում մետրոպոլիտենի աշխատակիցների հնարավոր գործադուլի, մի շարք բանտարկյալների հացադուլի, աշխատանքից վերջերս ազատված ու վրաց օմբուդսմենին դիմող բողոքավորների, նույն հարցերի վերաբերյալ անգամ տրամագծորեն հակառակ կարծիքներ հայտնող չինովնիկների, ընդհանուր ոչ հստակ ու անորոշության գնացող իրավիճակի ֆոնին:

Ակնհայտորեն, եթե այսպես շարունակվի, Սաակաշվիլու առնվազն հրաժարականը սարերի հետեւում չէ, հատկապես որ նոր իշխանությունները նախաձեռնում են անգամ սահմանադրական փոփոխություններով նախագահի պաշտոնը ձեւական դարձնելու քայլեր:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4