Տարվա վերջում աշխարհի ամենատարբեր լրատվամիջոցներ ի մի են բերում տարվա քաղաղական անցուդարձը եւ փորձում են գնահատել համաշխարհային քաղաքականության միտումները: Տարին լի էր արտաքին քաղաքական մեծ ու փոքր գործընթացներով, եւ չնայած գլոբալ մակարդակում կործանարար ցնցումներ չեն եղել, բայց եղածն էլ բավական էր մեզ բոլորիս տեւական ժամանակ լարվածության մեջ պահելու համար:
Շատ վերլուծաբաններ 2012-ը արդեն իսկ «Էվոլյուցիոն» տարիների շարքին են դասել, փորձելով կանխատեսումներ անել հաջորդ` 2013 թ. վերաբերյալ: Ե՞րբ վերջապես կհաղթահարվի ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի երկրորդ ալիքը: Կարո՞ղ է արդյոք այդ ճգնաժամի երկարաձգումը քաղաքական առճակատումների եւ խոշոր ցնցումների պատճառ դառնալ: Ինչպե՞ս կհանգուցալուծվեն այս տարվա ընթացքում սրված ֆինանսական, քաղաքական եւ ազգամիջյան ճգնաժամերը: Մեր փոքրիկ երկիրը, գտնվելով գերբարդ տարածաշրջանում, տարվա ընթացքում իր վրա է կրել բոլոր կողմերից մեզ հասնող լիցքերը, հրամայական դարձնելով դրանց չեզոքացումն ու արձագանքումը:
Մեծ աշխարհի անցուդարձն ու մենք
Բավական է միայն հիշել, որ այս տարի նախագահական ընտրություններ են անցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք նախագահ երկրներում` Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Նոր առաջնորդ ունեցավ նաեւ Չինաստանը: Ոչ ոք չէր կասկածում Ռուսաստանում անցած ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակին: Բոլորին հետաքրքրում էր, թե ինչպիսին կդառնան գալիք տարիները Ռուսաստանի համար, որը վերջին տասնամյակում կրկին դրսեւորվել է որպես խոշոր տերություն եւ բազմաբեւեռ աշխարհի ուժային կենտրոններից մեկը: Ռուսաստանը չի թուլացրել իր ներկայությունը Հարավային Կովկասում եւ հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ: Բոլորը հասկանալի ուշադրությամբ են հետեւել նախագահ Պուտինի նախաձեռնած եվրասիական ինտեգրման գործընթացներին, փորձելով հասկանալՙ կբավարարի՞ արդյոք Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հավաքական ներուժը ինքնուրույն աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական բեւեռ դառնալու համար: Բոլորս լարված սպասել ենք նաեւ, թե ինչպես կարձագանքեն ԱՄՆ-ն, Եվրոպական միությունը եւ Չինաստանը Ռուսաստանի փորձերին: Ռուսաստանում ընթացող աշխույժ քաղաքական քննարկումները վկայում են, որ մեր ռազմավարական դաշնակիցը մոտակա տարիներին այլեւս չի հաշտվելու հարուստ աշխարհի հումքային ու ֆինանսական մատակարարի կրավորական դերին:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կրկին հաղթեց դեմոկրատ Բարաք Օբաման, եւ աշխարհը մի պահ թեթեւությամբ շունչ քաշեցՙ կանխատեսելի համարելով աշխարհի ամենահզոր պետության գալիք չորս տարիների արտաքին քաղաղականությունը: Ամերիկյան ռազմատենչների եւ ռազմարդյունաբերական համալիրի թեկնածու Միթ Ռոմնին պարտվեց, եւ դա բավական էր, որ Իրանի հետ պատերազմի սպառնալիքը հեռանա անորոշ ժամանակով: Ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունները չպաշտպանեցին նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկին: Սա նշանակում է, որ նրանց հնարավորությունները` ազդելու ամերիկյան վարչակազմի քաղաքական ուղեգծի վրա, սահմանափակվել են: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում Հայաստանի իշխանությունների թե՛ իրական դերակատարությունը, թե՛ պատասխանատվությունը իրականում մեծանալու են:
Ֆրանսիայում նախագահ ընտրված սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը վերահաստատեց, որ լուծելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցը: Այդ գործընթացն արդեն սկսվել է ֆրանսիական խորհրդարանում: Սա մի ապտակ է թուրքական այն շրջանակներին, որոնք ամենատարբեր ճնշումներով եւ հնարքներով փորձում էին հետ պահել ֆրանսիական իշխանություններին այդ քայլից: Մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, եւ Ֆրանսիայի այս իշխանության կողմից այդ օրինագծի ամբողջական ընդունումը ֆրանսիական քաղաքակրթական արժեքների եւ մարդասիրության մի նոր վառ ապացույց կարող է դառնալ:
Չինաստանի տնտեսությունը, բոլոր վերլուծաբանների գնահատմամբ, գալիք տասը տարիներին տարեկան տասը տոկոս աճ է արձանագրելու: Աշխարհը սպասում է 2016 թվականին, երբ Չինաստանն իր արտադրության ծավալներով կսկսի գերազանցել ԱՄՆ-ին: Չինաստանը եւ նրա հարեւանները մեծացնում են իրենց ներկայությունն ամենուրեք աշխարհում, այդ թվումՙ Հարավային Կովկասում եւ Հայաստանում: Կարեւոր է, որ վերլուծաբանները համակարծիք են այն հարցում, որ Հարավային Կովկասը չի լինելու այն տարածաշրջանների շարքում, որտեղ բացահայտորեն բախվելու են Արեւմուտքի եւ Չինաստանի շահերը:
Մեծ Մերձավոր Արեւելքը` ցնցումների մեջ
Մոտ քսան տարի առաջ, երբ ԱՄՆ-ում գծում էին նոր Մեծ Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական սահմանները, այնտեղ ներառվեցին նաեւ Հարավային Կովկասի պետությունները, ընդ որում Հայաստանը եւ Վրաստանը այս նոր աշխարհատարածքի միակ քրիստոնյա պետություններն էին: Այս տարի արաբական աշխարհը ցնցումներ ապրեց, որոնք շատ տեղերում ատելության, բռնկումների եւ քաղաքացիական պատերազմի տեսք ստացան: Աշխարհի վերլուծաբանները հիմա մտորում են այն հարցի շուրջը, թե դեպի ու՞ր կտանեն «արաբական գարունների հետեւանքները, եւ ինչքանո՞վ կարմատականանա արաբական աշխարհի քաղաղական նոր համակարգը: Որոշ վերլուծաբաններ ուշադրություն են դարձրել այն իրողության վրա, որ մահմեդական արմատական քաղաքական ուժերը տարվա ընթացքում փորձեցին ուղղվել դեպի Պարսից ծոցի ամենահարուստ եւ նավթառատ երկրներ, որտեղից սնվում եւ աջակցություն էին ստանում իրենց պայքարի համար:
Այսօր Սիրիայում է որոշվում Մերձավոր Արեւելքի աշխարհիկ քաղաքական համակարգերի ապագան: Սիրիայի այսօրվա վարչակազմի անկման դեպքում անկայունության ալիքը կփոխանցվի հարեւան երկրներ եւ տարածաշրջանն անորոշ ժամանակով կթաղվի եղբայրասպան պատերազմների եւ քաոսի մեջ:
Նշանավոր միջազգայնագետներից մեկը վերջերս արձանագրել է, որ Մերձավոր Արեւելքը ամենավառ ապացույցն է, որ այս տարի արժեքային համակարգերն ավելի մեծ դեր խաղացին միջազգային քաղաքական հարաբերություններում: Նա միաժամանակ նախազգուշացրել է, որ եթե աշխարհի բոլոր հիմնական քաղաքական դերակատարները հատուկ ջանքեր չգործադրեն պրագմատիզմի վրա հիմնված հարաբերություններ կառուցելու համար, ապա արժեքային համակարգերի դերակատարությունը կմեծացնի անջրպետներն ու կխորացնի հակասությունները: Ընդհանուր առմամբ, համաձայն լինելով այդ տեսակետին, միաժամանակ չենք կարող չնշել, որ հենց արժեհամակարգային ընդհանրություններն են այս տարի հեռու պահել Եվրոպական միությունը ներքին հակադրությունների խորացման գայթակղություններից, չնայած Հունաստանի, Իսպանիայի եւ Պորտուգալիայի ֆինանսական աղետներին: Միեւնույն ժամանակ հենց դրա շնորհիվ է եվրոն շարունակում ընդհանուր տարադրամ մնալ միաժամանակ հաջողակ եւ սնանկ ԵՄ անդամների համար: Արժեքային համակարգերն են գնահատվել որպես առաջնահերթ գործոն, օրինակ` եվրասիական ինտեգրման ճանապարհին, նկատի ունենալով ինտեգրվող հասարակությունների ընդհանուր պատմական անցյալը եւ աշխարհայացքային ընդհանրությունները: Եվ սա, չնայած այն բանին, որ 90-ական թվականների կեսին լոկ պրագմատիկ տնտեսական շահն էր դիտվում որպես հիմք` շահագրգիռ հետխորհրդային պետություններին ինտեգրման համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որպես գերխնդիր
Մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից, ազատ արձակումից եւ դրան հաջորդած հերոսացումից հետո Ադրբեջանը հայտնվեց մի իրավիճակում, որտեղ աշխարհում այլեւս ոչ ոք չի հավատում, որ հայերը կարող են հանգիստ եւ ապահով ապրել, եթե Լեռնային Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ: ԱՄՆ-ի, Եվրոխորհրդարանի, ՌԴ-ի, այլ տարբեր պետությունների պաշտոնական հայտարարություններն այդ մասին ցույց տվեցին, որ քաղաքակիրթ կոչվող աշխարհը շատ լավ հասկանում է այն փակուղային իրավիճակը, որն Ադրբեջանը ստեղծեց իր այդ քայլով: Սաֆարովի վերադարձից հետո առաջին օրերի ադրբեջանական էյֆորիան ավարտվեց, եւ այնտեղ տեսան, որ չնայած իրենց նավթի եւ գազի առատությանը, տարբեր երկրների նույնիսկ քաղաքական մարդիկ անհարմար են զգում իրենց հետ քննարկել այդ իրավիճակը, որովհետեւ, մեղմ ասած, համաձայն չեն ադրբեջանական մղումներին եւ դրանց դրսեւորմանը: Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանցիները կամաց-կամաց սկսեցին վերադառնալ ամենատարբեր միջազգային հարթակներ, որտեղ հայերը ակտիվ են, մյուսներին ցույց տալու համար, թե իրենք շարունակում են կառուցողական լինել եւ առանձնապես խորհրդանշական չեն համարում տեղի ունեցածը: Բայց Ադրբեջանում առ այսօր ոչ ոք չի հայտարարել, որ մարդասպանի փաստաբանի ասածը, թե «հային սպանելը Ադրբեջանում հանցագործություն չէ», իրականությանը չի համապատասխանում: Անցավ սեպտեմբեր-հոկտեմբերի լարվածությունը, եւ Ադրբեջանը չսանձազերծեց «նոր հաղթական պատերազմ»: Սա է ամենամեծ փաստարկը, որ Ադրբեջանը նման բան չի կարող անել այն պարզ պատճառով, որ ռազմաքաղաքական հավասարակշռությունը հակամարտության գոտում շարունակում է պահպանվել: Մինսկի խմբի համանախագահների փորձերը վերակենդանացնել ընդհատված բանակցային գործընթացը, վերջին ամիսների ընթացքում հաջողություն չունեցան, եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նրանց մասնակցությամբ հետաձգվեց առնվազն մինչեւ փետրվար: Ոչ ոք չի կասկածում, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է շարունակվեն: Բայց բոլորն են հասկանում, որ ադրբեջանական մաշված օրակարգերով այդ բանակցությունները շարունակելն անհնար է: Ղարաբաղյան կարգավորման հեռանկարը կրկին հեռացավ եւ հետաձգվեց Ադրբեջանի պատճառով: Միակ բանը, որ իրատեսական է թվում այս պայմաններում, աշխարհի հզոր կենտրոնների կողմից ազնիվ եւ շահագրգիռ նոր ազդակներն են, որոնք անկեղծ ցանկության դեպքում կարող են խթանել թարմ մոտեցումների եւ նոր խաղաղարար գաղափարների փնտրտուքը հակամարտության կողմերի մեջ: Մնացած բոլոր դեպքերում հին շրջանակով եւ նախկին օրակարգերով վարվող բանակցությունները առանձնակի լավատեսության տեղ չեն թողնելու: «Կարտադրե՞ն» արդյոք Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի քաղաքական ու հասարակական շրջանակները այդպիսի թարմ մոտեցումներ եւ նոր գաղափարներ, կախված կլինի այն բանից, թե ինչպիսին կլինեն Հարավային Կովկասին ուղղված ազդանշանները Հյուսիսից, Արեւմուտքից եւ Հարավից:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու