«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2012-12-19 | #228, 2012-12-20 | #229, 2012-12-21


«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ԿՆՇԱՆԱԿԻ ԽՐԱԽՈՒՍԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հայտարարում են թուրք մտավորականներըՙ նախազգուշացնելով Դանիայի թագավորական գրադարանին

Նոյեմբերի 19-ին «Ազգը», «Դանիական մամուլում տպագրվել է թուրք գիտնականների նամակ-բողոքը Թուրքիայի ժխտողականության քաղաքականության դեմ» վերնագրով, տեղեկացրել էր, որ Դանիայի թագավորական գրադարանը որոշումով որպես այլընտրանքային տարբերակ Հայոց ցեղասպանության ցուցադրության, թուրքական կողմին տրամադրել է ցեղասպանության ժխտողականության ցուցադրությունը ներկայացնելու հնարավորություն:

«Ազգը» այդ մասին տեղեկացել էր «Արմենպրեսի» հաղորդագրությունից, որին էլ իրազեկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանըՙ ընդգծելով, որ թուրք գիտնականների նամակ-բողոքըՙ ընդդեմ գրադարանի տնօրենության, լայն արձագանք է գտել դանիական հասարակության մեջ:

Sesonline.net կայքէջն էլ նույն օրը հրապարակեց դանիական մամուլում տպագրված նամակ-բողոքի տեքստն ու այն գիտնականների անունը, որոնք ստորագրել են նամակը, նախապես տեղեկացնելով, որ Դանիայի թագավորական գրադարանը թուրքական կողմին ցեղասպանության ժխտողականության թեման ներկայացնելու հնարավորություն է տվել Թուրքիայի կառավարության դիմումի հիման վրա, որին նամակ-բողոքով արձագանքել են թուրք մտավորականները:

Նամակում ասված է. «Ցավում ենք, որ Դանիայի թագավորական գրադարանը, որպես այլընտրանք Հայոց ցեղասպանության ցուցադրության թուրքական կառավարությանը «այլընտրանքային ցուցադրություն» ներկայացնելու հնարավորություն է տվել: Ճիշտ չեն այն տեսակետները, թե 1915-ի իրադարձությունների շուրջը երկու տարբեր թեզ կամ կարծիք գոյություն ունեն: 1915-ին ավելի քան 1 մլն օսմանյան հպատակ հայեր տեղահանվել են հայրենի օջախից եւ գիտակցաբար ոչնչացվել որդեգրած քաղաքականությամբ: Թուրքական կառավարության արարքն այսօր ոչ այլ ինչ է, քան պատմական իրողությունը ժխտելու հերթական դրսեւորում:

Պատմության հետ առերեսումը ժողովրդավարության անվերապահ նախապայմանն է, իսկ Թուրքիայում կառավարությունները ավելի քան 90 տարի շարունակ ճշմարտությունը քողարկում եւ վարում են ժխտողականության քաղաքականություն: Նրանք հետեւողականորեն հալածում եւ ճնշում են սեփական պատմության հետ առերեսման կոչ անող մտավորականներին, որոնցից էր 2007-ին սպանված Հրանտ Դինքը:

Տալով թուրքական կառավարությանը «այլընտրանքային ցուցադրության» հնարավորություն, դուք, փաստորեն, խրախուսում եք մտավորականներին հալածելու եւ ճնշելու նրա քաղաքականությունը: Պատմության հետ առերեսումից համառորեն հրաժարվող եւ ժխտողականությունը սկզբունք դարձրած կառավարությանը ցուցաբերած ձեր աջակցությունը համարժեք է ռասիստական վարչակարգերին ցուցաբերվող աջակցությանը: Հիշեցնենք, որ այս վերաբերմունքով դուք խոչընդոտ եք հանդիսանում Թուրքիայի ժողովրդավարեցմանն ուղղված նախաձեռնություններին: Պատմությունը ժխտելու Թուրքիայի դիրքորոշումը միաժամանակ խոչընդոտ է Միջին Արեւելքի խաղաղության, ժողովրդավարության ու կայունության համար: Գրադարանից պահանջում ենք անհապաղ վերանայել Թուրքիային «այլընտրանքային ցուցադրության» հնարավորություն տրամադրելու մոտեցումը»:

Նամակը ստորագրել են Թաներ Աքչամը, Ջենգիզ Աքթարը, Ահմեդ Ալթանը, Մուրադ Բելգեն, Հալիլ Բերքթայը, Իսմայիլ Բեշիքչին, Ֆաթմա Մյուգե Գյոչեքը, Օմեր Լաչիները, Բասքըն Օրանը եւ այլն: Նրանց թվում են Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քուրդ պատգամավոր Սըրրը Սաքըքը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4