Տարվա արդյունքներով Հայաստանի տնտեսական աճը կգտնվի 6-6,5 տոկոսի միջակայքում
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012-ի նոյեմբերի եւ 2012-ի հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Կարելի է ասել, որ 11 ամիսների ցուցանիշները արդեն որոշակի պատկերացում են տալիս, թե ինչպիսին կլինեն տարեկան հավանական ցուցանիշները, ինչը հնարավոր է դարձնում եզրակացություններ եւ ամփոփումներ կատարելը:
Տնտեսական ակտիվությունը նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 5,5 տոկոսով, իսկ հունվար-նոյեմբերին անցյալ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ աճել է 7,1 տոկոսով: Թեեւ վերջին երկու ամիսներին տնտեսական ակտիվությունը որոշ չափով նվազել է, բայց 11 ամիսների արդյունքով տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ: Ինչպիսի՞ն է պատկերը այս ժամանակահատվածի համար ըստ տնտեսության առանձին ճյուղերի:
Նոյեմբեր ամսին մեր տնտեսության բոլոր ճյուղերը, այդ թվում նաեւ շինարարությունը, աճ են ունեցել նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ` միայն գյուղատնտեսությունը եւ ծառայություններն են անկում արձանագրել, մյուս ճյուղերում աճ է արձանագրվել:
11 ամսվա արդյունքներով տնտեսության ճյուղերից արդյունաբերությունն ունեցել է 9,1 տոկոս աճ: Ուշագրավ է, որ արդյունաբերության արտադրանքի ծավալը առաջինն անգամ գերազանցել է 1 տրլն դրամը: 2012-ը արդեն երկրորդ տարին է, ինչ արդյունաբերությունը բարձր աճ է արձանագրում: Սա անմիջական արդյունքն է տնտեսական ճգնաժամին հաջորդած տարիներին կառավարության վարած` տնտեսության դիվերսիֆիկացման եւ արդյունաբերությանը առաջնահերթություն տրվող քաղաքականության, ինչը վկայում է, որ այդ քաղաքականությունն իրեն արդարացրել է:
Մինչեւ 2009 թ. Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը շինարարությունն էր: Սակայն ճգնաժամի պատճառով մասնավոր շինարարությունը գրեթե կանգ առավ, եւ ճյուղը որոշակի արդյունքներ էր ունենում միայն պետական ֆինանսավորմամբ իրականացվող (աղետի գոտում բնակելի շենքերի կառուցում, ճանապարհներ, ջրագծեր եւ այլն) շինարարության շնորհիվ: 2012-ի 11 ամիսներին եւս շինարարությունը նվազում է արձանագրել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 0,7 տոկոսով, թեեւ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ որոշ աճ էր արձանագրվել:
Արդյունաբերությունից բացի, իրական հատվածի մյուս ճյուղը` գյուղատնտեսությունը եւս բարձր աճ է գրանցել: Հունվար-նոյեմբերին այստեղ գրացվել է 8,3 տոկոս աճ: Սրան, անշուշտ, նպաստել էր այս տարվա բարենապաստ կլիման, բայց հարկ է նկատի ունենալ նաեւ պետական աջակցության մի քանի խոշոր ծրագրեր, որոնք նույնպես ազդել են գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման վրա: Դրանք են դիզվառելիքի, պարարտանյութերի եւ բանկերի տված գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը պետական բյուջեից:
Այս տարվա 11 ամիսներին ամենամեծ աճն ունեցել է ծառայությունների ոլորտը` 11,1 տոկոս: Դա թերեւս պայմանավորված է հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող բարձր աճի տեմպերով, զբոսաշրջության աճող ծավալներով:
Առեւտրի շրջանառությունն ավելացել է 3,4 տոկոսով եւ կազմել 1 տրլն 846 մլրդ դրամ:
Արտաքին առեւտրաշրջանառությունը նոյեմբերին անցյալ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 4,5 տոկոսով եւ կազմել 527,7 մլն դոլար: Արտահանումն աճել է 1,3 տոկոսով, կազմելով 126,2 մլն դոլար, իսկ ներմուծումը 5,5 տոկոսով, կազմելով 401,4 մլն դոլար: Նախորդող ամսվա նկատմամբ նվազել է եւ արտահանումը` 5,8 տոկոսով, եւ ներմուծումը` 6,1 տոկոսով: Սակայն հասկանալի է, որ դեկտեմբերին երկու ցուցանիշներն էլ կաճեն:
Ինչ վերաբերում է հունվար-նոյեմբերի արտաքին առեւտրին, ապա աճել է 3,5 տոկոսով եւ կազմել 5 մլրդ 130 մլն դոլար: 5 մլրդ դոլար սահմանի գերազանցումն այստեղ նույնպես ուշագրավ է եւ տեղի է ունենում առաջին անգամ: Արտահանումն աճել է 6,7 տոկոսով, կազմելով 1 մլրդ 292 մլն դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 2,5 տոկոսով, կազմելով 3 մլրդ 838 մլն դոլար: Այսինքն, արտահանման աճի տեմպն ավելի բարձր է, քան ներմուծմանը, գումարային առումով ներմուծումն ու արտահանումը ավելացել են գրեթե նույն չափով նախորդ տարվա 11 ամիսների համեմատ: Այդուհանդերձ, արտաքին առեւտրի հաշվեկշիռը մեզ համար դեռեւս բացասական է 2 մլրդ 546 մլն դոլարով:
Ամփոփելով 11 ամսվա արդյունքները եւ մասնավորապես 7,1 տոկոս տնտեսական ակտիվության աճը, շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), այսինքնՙ տնտեսական աճը կգտնվի 6-6,5 տոկոսի շրջակայքում: Սովորաբար, տնտեսական ակտիվության եւ տնտեսական (ՀՆԱ) աճերի տարբերությունը 1-1,2 տոկոս է լինում: Հիշեցնենք, որ թեեւ դա պակաս կլինի երկրի նախագահի առաջադրած 7 տոկոս տնտեսական աճից, բայց շատ ավելին կլինի տարեսկզբին կանխատեսված եւ բյուջեում դրված 4,2 տոկոս տնտեսական աճից: Եթե սրան էլ ավելացնենք, որ համաշխարհային տնտեսական աճի տեմպը նվազում է, ապա 6-6,5 տոկոս տնտեսական աճը Հայաստանի համար բավականին բարձր ցուցանիշ է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ