«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2012-12-19 | #228, 2012-12-20 | #229, 2012-12-21


ՀԱՍՏԱՏՎԵՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Համաձայն 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի, կառավարությունը երեկ հաստատեց գրանցման հայտը եւ անձնավորված հաշվարկը ձեւավորելու եւ հարկային մարմին ներկայացնելու կարգը: Նոր օրենքով գործատուները պարտավոր են ամսական պարբերականությամբ, բացառապես էլեկտրոնային եղանակով, ներկայացնել անձնավորված հաշվետվություն 2013 թ. հունվարի 1-ից` եկամտային հարկի, իսկ 2014 թ. հունվարի 1-ից` նաեւ կուտակային վճարի մասով: Անհատ ձեռնարկատերերը եւ ինքնազբաղված անձինք հաշվարկը ներկայացնելու են տարեկան պարբերականությամբ:

Թիկնապահներն ու պահնորդները` արտոնագրով

Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում երեկ կառավարության որոշմամբ ներառվեցին նաեւ պահնորդի եւ թիկնապահի մասնագիտությունները, որպեսզի «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրավաբանական անձինք հնարավորություն ստանան ձեռք բերել նշված մասնագիտություններով ուսուցում իրականացնելու կրթական գործունեության արտոնագիր: Թիկնապահների եւ պահնորդների մասնագիտական ուսուցման նպատակով իրավաբանական անձանց արտոնագիր ստանալու գործընթացը կունենա բարդ ընթացակարգ եւ ուժի մեջ կմտնի 2013-ի մայիսին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ վերջին շրջանում շատ բողոքներ է ստանում այն անձանցից, ում վերաբերում է սույն օրենքը: Նրանց պարզաբանվել է, որ մտահոգող հարցերը ոստիկանության ուշադրության կենտրոնում են, եւ անհրաժեշտության դեպքում դրանց հնարավոր կլինի անդրադառնալ ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4