Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ձեռք է բերել ակնաբուժական նոր սարք, որով եւս մեկ անգամ համալրվեց բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը, մասնավորապես ռեֆրակցիոն վիրաբուժության մեջ կիրառվող սարքավորումների հագեցվածությունը: Ամերիկյան արտադրության նոր սարքավորումը, որը ստեղծված է նանոտեխնոլոգիաների հիման վրա, կարող է մանրամասնորեն հետազոտել աչքի բոլոր հյուսվածքները եւ իր տված ինֆորմացիայով ուղղորդել վիրաբույժին, թե ինչպիսի վիրահատություն պետք է կատարել, եւ այս սարքի հետազոտումից հետո կատարվող ռեֆրակցիոն վիրահատությունը հազիվ թե վատ ելք ունենա: Ընդհանրապես, ռեֆրակցիոն վիրահատությունները կատարվում են կարճատեսության, հեռատեսության ու աստիգմատիզմի դեպքերում տեսողությունը շտկելու նպատակով:
Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նոր սարքավորումը ակնաբուժական կենտրոնը ձեռք է բերել մոտավորապես 2 ամիս առաջ, եւ մասնագետները, որոնք աշխատելու են դրանովՙ արդեն վերապատրաստվել են ու շատ հանգիստ կարող են գործածել սարքը: Ալեքսանդր Մալայանը տեղեկացնում է, որ ակնաբուժական սարքի ձեռքբերման ֆինանսական բոլոր ծախսերը հոգացել է «Վարդանյան հիմնադրամը», ռրը հիմնադրել են Հրանտ Վարդանյանը եւ որդիները: Ի դեպ, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի ու «Վարդանյան հիմնադրամի» միջեւ սա երկրորդ համագործակցությունն է:
Արդեն 30-40 հոգի նոր սարքով հետազոտվել են, գլխավոր ակնաբույժը նշում է, որ հետազոտման գինը դեռեւս որոշված չէ, այնուամենայնիվ ընդհանուր հետազոտման գնի վրա դա շատ չի ազդի` առավելագույնը 2-3 հազար դրամով: Իսկ մինչեւ այսօր վերոնշյալ 30-40 հոգու հետազոտումներն անվճար են արվել:
Ակնաբուժական նոր սարքավորումը կարող է կիրառվել նաեւ տարածաշրջանային մասշտաբով, քանի որ մեր տարածաշրջանում միայն Մալայանի կենտրոնում է դրանից տեղադրված: Գլխավոր ակնաբույժն ընդգծում է, որ ակնաբուժական նման սարքեր պատրաստող ֆիրմաները դրանք վաճառում են միայն այն կլինիկաներին, որոնք ունեն լազերային ժամանակակից սարքավորումներ, որոնց հետ զուգահեռաբար միայն կարող են գործածել այն սարքավորումը, որը ձեռք է բերել Ս. Վ. Մալայանի անվան բուժկենտրոնը: Բժիշկ Մալայանը ելնելով հաշվարկից, որ Հայաստանում տարեկան կատարվում է շուրջ 1000 ռեֆրակցիոն վիրահատություն, կարծում է, որ մեր երկրի բնակիչներին մեկ սարքը լրիվ կբավարարի:
Ի. Պ.