Օրերս Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում նշվեց բանաստեղծ, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի ծննդյան 60-ամյակը եւ շուքով ներկայացվեց նրա նոր լույս տեսած «Խաչքար» բանաստեղծական ժողովածուն:
Ինչո՞ւ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում: Առիթը երկու բանաստեղծների երկար տարիների մտերմությունն է եղել, նաեւ` արմատներով վանեցի լինելու ընդհանրությունը: Կապուտիկյանի կենդանության օրոք Բաբկեն Սիմոնյանը հաճախ է հանդիպել անվանի բանաստեղծուհուն: Գրականության մասին խոսելուց զատ, նրանք ավելի շատ անդրադառնում էին իրենց արմատներին` Վասպուրական աշխարհին, որ դաժան ճակատագրի բերումով օտարվեց մեզնից, ուր «վայելում է» բարբարոս թուրքը: Եվ ահա երկու բանաստեղծները իրար հաղորդակից էին դարձնում ծնողներից լսած սքանչելի պատմությունները, ըմբոշխնելով Վանի քաղցրահունչ բարբառը, որ այսօր արդեն հատուկենտ մարդկանց շուրթերից կարելի է լսել:
Թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանի նախաձեռնությամբ հիանալի ծրագիր ներկայացվեց: Բաբկեն Սիմոնյանի գրական-թարգմանական գործունեության մասին խոսք ասաց «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրանի տնօրեն, բանասիրության թեկնածու Արմենուհի Դեմիրճյանը, նա ներկայացրեց բանաստեղծի գրական վաստակը, հանգամանալից խոսեց գրքի մասին:
Հեղինակի եւ նրա «Խաչքար» ժողովածուի մասին հիանալի խոսք ասաց պատմական գիտությունների դոկտոր Էմմա Կոստանդյանը .
«Ես արմատներով վանեցի չեմ, բայց շատ վանեցիներից ավելի վանեցի եմ համարում ինձ, քանի որ ամբողջ կյանքս նվիրել եմ Վանին, Մկրտիչ Խրիմյանի եւ Գարեգին Սրվանձտյանի կյանքի ու գործի ուսումնասիրմանը: Ուրախ եմ, որ այսօր մեր կողքին կա Բաբկեն Սիմոնյան անունով հրաշալի մի վանեցի եւս: Նրա «Խաչքար» ժողովածուն ինձ համար իրոք հայտնություն էր: Ոչ միայն նրա, այլեւ ամբողջ ազգի ոգին է խտացած այդ ժողովածուում, Արեւմտյան Հայաստանի հանդեպ մեր տաք ու անմեռ կարոտը: «Խաչքար» ժողովածուն բազում հարստություններ է ամփոփում իր մեջ, այն ամբողջությամբ հայ ավանդական մարդու խոսքն է իր գերդաստանին` վանեցի ու բայազետցի տատիկ-պապիկներին, կյանքից հեռացած ծնողներին ու երկու քույրերին: Գրքի յուրաքանչյուր բանաստեղծությունը կարելի է վերլուծել առանձին-առանձին, յուրաքանչյուրով կարելի է հիանալ, տխրել, արտասվել, նաեւ` հպարտանալ: Ինձ հիացրեց Բաբկեն Սիմոնյանի «Սերբական ղողանջներ» շարքը: Դրանք հոգու, մտքի ու սրտի ղողանջներ են: Հասկացա, որ Սիմոնյան բանաստեղծը ոչ միայն հայ է, այլեւ` սերբ: Սերբիային նվիրված բանաստեղծությունները նա գրել է Հայաստանում, իսկ Հայաստանին նվիրված բանաստեղծությունները` Սերբիայում: Այդ ամենը ասում է երկու երկրների հանդեպ ունեցած անափ սիրո ու նվիրվածության մասին, որոնք, հիրավի, կարոտի ղողանջներ են»:
Գրքի մասին հրաշալի խոսք ասաց Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Փահլեւանյանը : Նա իր խոսքում հատկապես շեշտեց Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծությունների մեղեդայնությունը, ֆոնետիկ կառուցվածքը եւ վիպական շունչը: Ներկաներին հիացրեց նրա կատարմամբ Վասպուրականի «Վարդն ի պացվէ Վանա քյաղքի» նշանավոր երգը, որից հետո ահա թե ինչ ասաց նա հոբելյարի ու նրա գրքի մասին.
«Երբ կարդում ես Բաբկեն Սիմոնյանի «Խաչքար» ժողովածուն, մինչեւ հոգուդ խորքը ցնցվում ես: Սա, իրոք, հոգու ճիչ է, սրբազան մի աղոթք, քանի որ խոսքը 60 տարին բոլորած հասուն ու հրաշալի մի բանաստեղծի մասին է: Գրքի որ էջն էլ բացեմ, առանց հեղինակի անունը կարդալու հաստատ կարող եմ ասել, որ դրանք Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծություններն են: Նրա խոսքը յուրահատուկ երանգ ունի` նա ազնիվ է ամեն մի տողում, մաքուր ու բյուրեղային: Եվ ինչն է կարեւոր. նրա բոլոր բանաստեղծությունները չափազանց մեղեդային են, ամեն բանաստեղծությունը երգ է, միայն կոմպոզիտոր է պահանջվում, որ դրանք երգի վերածի: Անկեղծորեն ասած, ես արդեն մի քանի անգամ կարդացել եմ այդ հրաշալի ժողովածուն եւ պիտի ասեմ, որ մեր անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ոգին ու երանգն եմ զգում Սիմոնյանի բանաստեղծություններում: Նրանից լավ հազիվ թե որեւէ մեկը կարողանա դրանք երգի վերածել: Դա վկայում է Սիմոնյանի հիանալի բանաստեղծ լինելու մասին: Անշուշտ, այդ բոլոր հատկանիշները գալիս են նրա նախնյաց ակունքներից` Վանից, քանի որ վանեցիները չափազանց երաժշտական են: Եվ, ահա, այդտեղից էլ Բաբկեն Սիմոնյանը գենետիկորեն իր մեջ կրում է իր նախնիների տաղանդը»:
Հոբելյանական այդ միջոցառումը եւ «Խաչքար» գրքի շնորհանդեսը իր հիանալի կատարումներով գեղեցկացրեց երգչուհի եւ դերասանուհի Լիդա Զաքարյանը: Նա հետաքրքրական մի մանրապատում ներկայացրեց Վանի բարբառով, վասպուրականյան հրաշալի մի երգ կատարեց իր ծրագրից: Շնորհավորելով իր վաղեմի բանաստեղծ ընկերոջը, հավելեց, որ «Խաչքար» գիրքը նոր երանգներ հաղորդեց իր պատկերացումներին Վասպուրական երկրի մասին:
Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծությունների հիանալի կատարմամբ հանդես եկավ ճանաչված ասմունքող Գայանե Սամվելյանը : Հոբելյարին, անշուշտ, շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղեցին նրա դասախոսները, գրչընկերները, մտերիմները, իսկ վերջում երգիչ Գրիգոր Համբարյանը Նարեկացու խոսքերով հրաշալի մի երգ կատարեց:
- Կապուտիկյանը շատ կուրախանար. եթե ներկա լիներ այս հրաշալի միջոցառմանը եւ ավելի շատ բան կասեր Բաբկեն Սիմոնյանի մասին քան ես,- ավարտական խոսքում ասաց տուն-թանգարանի տնօրեն Ռ. Հաջյանը,- սակայն, մենք փորձեցինք ամեն բան անել, որպեսզի այս միջոցառման առանցքը լինի մեր պաշտելի Վանը:
Միջոցառումը ավարտվեց: Ավարտվում է նաեւ տարին, բայց Վանի շունչը դեռ երկար կթեւածի միջոցառմանը մասնակիցների հոգում, դեռ երկար կհիշեն մարդիկ այն գեղեցիկ պահերը, որ շռայլորեն մեզ պարգեւեց Բաբկեն Սիմոնյանը:
ՌՈՒԲԵՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ
Նկար 1. Էմմա Կոստանդյանը խոսում է «Խաչքար» ժողովածուի մասին: