Ինչպես տեղեկացրել էինք, Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի պրոմոութերները բանակցում էին նոր մենամարտի անցկացման շուրջը: Եվ ահա հայտնի դարձավ, որ այդ մենամարտը նախատեսվում է անցկացնել 2013-ի ապրիլի 6-ին:
Հիշեցնենք, որ մրցակիցների առաջին հանդիպումը կայացել է օգոստոսի 25-ին Բեռլինի «02 World» մարզահամալիրում: Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շտիգլիցը WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնն էր: Արթուր Աբրահամը 2011-ի մայիսի 14-ին Անդրե Ուորդից կրած պարտությունից հետո, որը 3-րդն էր հայ բռնցքամարտիկի պրոֆեսիոնալ կարիերայում, 2 մենամարտ էր անցկացրել: Առաջինում նա արդեն 5-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել Օսկար Ֆարիասին, իսկ 2-րդում միավորներով հաղթել էր լեհ Պյոտր Վիլշեւսկուն: Այդ մենամարտերն ապացուցեցին, որ Արթուրը կրկին լավ մարզավիճակում է եւ ունակ է ձեռնոց նետելու աշխարհի չեմպիոնին: Եվ Շտիգլիցի հետ մենամարտում Աբրահամը հաստատեց այդ կարծիքըՙ վստահ հաղթանակ տոնելով ու որոշ ընդմիջումից հետո կրկին նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Օրերս էլ Արթուրն առաջին անգամ հաջողությամբ պաշտպանեց չեմպիոնական գոտինՙ 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային: Հայ բռնցքամարտիկն իր շնորհակալությունն է հայտնել այդ մենամարտում իրեն աջակցած մարզասերներինՙ շնորհակալական գրությամբ լուսանկարը տեղադրելով ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի երկրպագուներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ինձ երկրպագելու եւ ոգեշնչելու համար: Ձեր` Արթուր Աբրահամ», գրված է շնորհակալագրում: