Չինաստանում անցկացված համաշխարհային մտավոր խաղերի ավարտից հետո, որտեղ Լեւոն Արոնյանը հաղթող ճանաչվեց «կույր» շախմատի մրցաշարում, հայ գրոսմայստերը հանդիպել է Շառլ Ազնավուրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Լեւոն Արոնյանը:
«Մրցաշարի առաջին օրերը դժվար էին ինձ համար, քանի որ ժամանել էի Լոնդոնից: Միանգամից չհարմարվեցի ու միշտ քնելու ցանկություն էի ունենում: Սակայն հետո լավ մարզավիճակ ձեռք բերեցի եւ հաղթեցի իմ սիրելի մրցաձեւումՙ «կույր» շախմատում:
Պեկինում ինձ հաճելի անակնկալ էր սպասվում: Ինձ շնորհավորեց Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանըՙ հրավիրելով դեսպանատուն, որտեղ պետք է հանդիպեի Շառլ Ազնավուրի հետ: Ազնավուրը սուրբ է յուրաքանչյուր հայի համար: Նրա հետ հանդիպումը մեծ իրադարձություն էր ինձ համար: Ես ամաչեցի նրան խնդրել միասին լուսանկարվել, սակայն ինչ-որ մեկը բոլորիս լուսանկարեց: Այնպես որ ապացույց ունեմ: Հիանալի երեկո անցկացրի: Շուտով մեկնում եմ Ֆիլիպիններՙ Նոր տարին դիմավորելու: Բոլորին ուրախ Ամանոր եմ մաղթում», գրել է Արոնյանը: