Շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնության հավակնորդների մրցաշարը հաստատ կկայանա Լոնդոնում: Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Լոզանի մարզական դատարանը քննարկելով Բուլղարիայի շախմատի ֆեդերացիայի հայցն ընդդեմ ՖԻԴԵ-ի, որոշում է կայացրել հօգուտ շախմատի միջազգային ֆեդերացիայի:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի շախմատի ֆեդերացիան դատական հայցով պահանջել էր չեղյալ համարել ՖԻԴԵ-ի եւ «Ագոն» ընկերության միջեւ կնքված պայմանագիրը, որի համաձայն աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարը պետք է կայանա 2013-ի մարտին, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչն «Ագոն» ընկերությունն է, իսկ ֆինանսական կողմն ապահովելու է Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան:
Հավակնորդների մրցաշարին մասնակցելու է նաեւ Լեւոն Արոնյանը: Շրջանաձեւ մրցակարգով ութ ուժեղագույն շախմատիստների միջեւ անցկացվելիք մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատային թագը վիճարկելու աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: