«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2012-12-19 | #228, 2012-12-20 | #229, 2012-12-21


ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՆՈՐՄԱԼ Է ԸՆԹԱՆՈՒՄ

Ինչպես հայտնի է, Բուլղարիայի հավաքականի հետ կայացած ընտրական մրցախաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը ծանր վնասվածք էր ստացել: Բուժզննմամբ պարզվել է, որ նրա ոտքի խաչաձեւ կապանն էր կտրվել, վնասվել էր մենիսկը: Վերջերս Լեւոն Հայրապետյանը վիրահատության էր ենթարկվել, որը բարեհաջող է անցել:

Լեւոն Հայրապետյանը վնասվածքի պատճառով դեռ բավական ժամանակ խաղադաշտ դուրս չի գա: Ինչպես տեղեկացրել է ֆուտբոլիստը ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությանը, ներկայումս նա Համբուրգում է: Հունվարի 8-ին Հայրապետյանը մեկնելու է Ռեսենբուրգՙ հատուկ վերականգնողական կենտրոն, որտեղից կրկին կուղեւորվի Մյունխեն: Այնտեղ Լեւոնի բուժմամբ զբաղվում է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի ազգային հավաքականի բժիշկ Հանս-Վիլհելմ Մյուլլեր-Վոլֆարտը:

ՀՀ հավաքականի պաշտպանը նաեւ տեղեկացրել է, որ բուժման բոլոր ծախսերը հոգացել է ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան, որի նախագահին իր շնորհակալությունն է հայտնել: Ըստ նրա, օր-օրի իր վիճակը բարելավվում է, հեծանիվ է վարում, վերականգնողական տարբեր վարժություններ է կատարում, մերսումներ է ընդունում: Եթե ամեն ինչ նորմալ հունով ընթանա, ապա մայիսին Լեւոն Հայրապետյանը կարող է վերսկսել մարզումները: Նա իր առջեւ նպատակ է դրել 2013-ի հունիսին մասնակցել ՀՀ հավաքականի ընտրական մրցախաղերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4