Երեկ այդ մասին տեղեկացրել էր odatv.com կայքէջը: Տեղեկության համաձայն, «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը, հրապարակելով օրերս 2012 թվականի զեկուցագիրը, նշել է, որ կալանված 42 լրագրողի եւ մամուլի 4 աշխատողի առկայությամբ Թուրքիան դարձել է «աշխարհի խոշորագույն կալանավայրը»:
Կենտրոնը Փարիզում գտնվող այս կազմակերպության տվյալներով, 2012-ն աշխարհում նույնքան մահաբեր է եղել լրագրողների համար, որքան 1995-ը, քանի որ ընթացիկ տարում սպանվել է 88 թղթակից եւ մամուլի 4 աշխատակից: Աշխարհում մամուլի ազատության համար պայքարող այս կազմակերպության համաձայն, ձերբակալված լրագրողների ընդհանուր թիվը Թուրքիայում 72 է, որից 42-ը կալանված, ընդ որումՙ տեղեկություն ձեռք բերելու եւ տարածելու մեղադրանքով:
Անցյալ տարի 1044-ի հասնող կալանված եւ ձերբակալված լրագորղների թիվն աշխարհում 2012-ին կրճատվելով 879-ի, 16 տոկոսով նվազել է, իսկ Թուրքիայում տեղի է ունեցել նվազման միտումների ճիշտ հակառակը: Կալանված լրագրողների թիվն աշխարհում 193 է, որից 42-ըՙ թուրք լրագրողներն են: Նվազման միտումներին հակառակ, մեկ տարում կալանված լրագրողների թվի կրկնապատկումը Թուրքիայում «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը պայմանավորել է երկրում քրդական հարցի ակտիվացմամբ եւ մատնանշել. «Օրենսդրական սահմանափակ բարեփոխումներն ի վիճակի չեղան սանձահարել «ահաբեկչության դեմ պայքարի» քողի տակ իրականացվող հալածանքները, հետաքննություններն ու կալանքը: Երկրում հալածանքի հենքի վրա ազգային անվտանգության առաջնահերթության սկզբունքով գործող դատաիրավական համակարգը առանձնապես չի հարգում քաղաքացիների իրազեկման ազատության եւ արդար դատավարության իրավունքները»:
Զեկուցագրի վերջում «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը ձերբակալված եւ կալանված բոլոր լրագրողներին ազատ արձակելու կոչ է արել թուրքական իշխանություններին:
Հ. Չ.