«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2012-12-21 | #230, 2012-12-22 | #231, 2012-12-25


ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ 10 ԱՆԳԱՄ ՔԻՉ Է ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆԸ

Ադրբեջանական զինված ուժերն անցնող տարվա ընթացքում 16.000 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատությամբ ավելացել է: 2011-ին արձանագրվել էր 12.700 իսկ 2010-ինՙ 7.300 դեպք: «Սա փաստում է, որ հակառակորդը փորձել է ավելի մեծ լարվածություն ստեղծել սահմանային գծում, փորձել է ինչ-որ խնդիրներ լուծել, որոնք չեն հաջողվել», ասում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը :

Ռազմական փորձագետը շեշտում է, որ հայկական կողմի հակահարվածները եղել են դիպուկ, եւ հակառակորդը կորուստներ է ունեցել: Դրան զուգահեռ, հայկական կողմը 10 անգամ քիչ է պատասխանել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին: Հովհաննիսյանի գնահատմամբ վիճակագրությունն ապացուցում է մեր զինված ուժերի մարտունակության բարձր աստիճանը: Հովհաննիսյանը հավելում է, որ ռեժիմի խախտման ժամանակ հակառակորդը 3.000 անգամ կրակել է փոքր եւ միջին տրամաչափի դիպուկահարներից, իսկ 350-400 անգամՙ մեծ տրամաչափի:

Անդրադառնալով զորակոչինՙ Հովհաննիսյանն ասաց, որ տարին կարելի է անվանել աննախադեպ առաջընթացային զորակոչի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Գերատեսչությունը այդ հարցի առնչությամբ համագործակցում է նոր մասնագետների եւ գործընկերների հետ:

Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ զինված ուժերում յուրաքանչյուր հանցանք կամ զանցանք կատարած անձ ստանում է համապատասխան պատիժ: «Այլ հարց է, որ տուժածների բողոքն այս առումով ուղղված է նրան, որ վերջիններս գոհ չեն այդ պատիժներից: Բայց այս առումով մեր գերատեսչության աշխատանքը չէ, որ թերի է, կան հատուկ իրավապահ մարմիններ, որոնք աշխատում են այս ուղղությամբ: Եթե հանցանքը կատարվել է եւ գործընթացը փոխանցված է համապատասխան մարմիններին, մենք այլեւս չենք կարող միջամտել»:

Անդրադառնալով բանակում ինքնասպանություններին եւ սպանություններինՙ ՊՆ մամուլի քարտուղարը ներկայացրեց նախարար Օհանյանի դիրքորոշումը, որ եթե կատարվել է օրենքի խախտում, ապա կատարողը պետք է պատժվի: «Երբ ինքնասպանություն է լինում կամ սպանություն, հարազատներից բացի ամենամեծ ցավն է ապրում նաեւ մեր գերատեսչությունը, որը բացի կորստից, նաեւ իրավական պատասխանատվություն է կրում դրա համար»:

ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանն էլ հավելեց, որ նոր տարուն սպայական կազմի համար նախատեսված է Վանաձորում, Էջմիածնում, Արարատում եւ Կարմրաքարում 5 բնակելի շենքիՙ ընդհանուր առմամբ 155 բնակարանի կապիտալ վերանորոգում: Երեւանում կառուցվելիք շենքն էլ կունենա 132 բնակարան:

Զինվոր է մահացել

Ողբերգական դեպք է գրանցվել բանակում: ԼՂ զորամասերից մեկում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսյանը: Մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասիՙ «ինքնասպանության հասցնելու» հատկանիշներով: ՊՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ին զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 20-ամյա Սարգսյանի դինՙ մահացու հրազենային վնասվածքով:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4