«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2012-12-21 | #230, 2012-12-22 | #231, 2012-12-25


ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐԴԻՍ, ՈՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆ

Մեզանում հաճախ է գրվում ու խոսվում, որ բանակը փակ թեմա է, նրա մասին ամեն ինչ չէ, որ պիտի ասվի եւ նման բաներ: Չեմ վիճում, գուցե իրավացի են այդպես մտածողները: Սակայն լինում են դեպքեր, երբ ոչ միայն հարկավոր է բարձրաձայնել, այլեւ անհրաժեշտ է, որ դրանց մասին ասվի, գրվի, թող բոլորն իմանան:

Փոստատարը ծրար բերեց, ինչը մեր օրերում այնքան էլ հաճախ չի լինում: Կարդացի հասցեն ու խիստ անհանգիստ, որովհետեւ ստացվել է այնպես, որ վերջին տարիներին ավելի շատ ոչ ուրախ լուրեր ենք ստանում, բացեցի այն եւ մեկ շնչով կարդացի նամակը: Չգիտեմ, ինքնաբնորոշումը ամենադժվար երեւույթներից է, բայց ինձ շրջապատում «պինդ» մարդ են համարում, սակայն սկզբում ինքս էլ չհասկացա ինչ կատարվեց...: Մի խոսքով, հուզված էինք բոլորս, հպարտ: Այն զգացումն էր ճնշում, որ ուզում ես վայրկյան առաջ բոլորն իմանան, որ հպարտությունդ կատարյալ ու ամբողջական լինի:

Չգիտեմ ինչու, Մեծ Հայրենականի ամբողջ ծանրությունը ճաշակած, հնգակի շքանշանակիր ու երեսունից ավելի մեդալների ասպետ հորս պատկերը հառնեց առջեւս: Նրա հայացքում կարծես հավանության ու հպարտության, բայց ավելի շատՙ պատասխանատվության կոչելու զգացողություն տեսա: Ահա նամակը, որն, ի դեպ, շարադրված է հիանալի հայերենով, անսխալ ու առանց ավելորդ ճոռոմաբանությունների, առանց որեւէ փոփոխության...

«Հրամանատարը ծնող է, ծնողըՙ հրամանատար»

Հարգելի Սուրեն եւ Հասմիկ Սարգսյաններ

Ձեր որդինՙ շ-ն Արթուր Սուրենի Սարգսյանը ծառայելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պատվով է կատարում իր սրբազան պարտքը, Ձեր ծնողական պատգամըՙ ազնվորեն եւ անմնացորդ նվիրվել մեր հայրինիքի պաշտպանության գործին: Դուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել ու դաստիարակել եք նախնիների սխրանքներով ու պատգամներով տոգորված զավակ, ով ամեն վայրկյան պատրաստ է անձնվիրաբար ծառայել իր ժողովրդին, պաշտպանել հայրենիքըՙ անսասան կերպով տանել զինվորական ծառայության բոլոր դժվարությունները: Զորամասում ծառայում են փառավոր մարտական ուղի անցած, զինվորական բարձրագույն կրթություն ստացած, փորձառու բազմաթիվ սպաներ, ովքեր հետեւողականորեն Արթուրին են հասցնում ռազմարվեստի գաղտնիքներըՙ Ձեր որդու նկատմամբ ցուցաբերելով հարգանք եւ հայրական հոգատարություն: Արթուրի կյանքը, առողջությունը պատիվն ու արժանապատվությունը պահպանվում է օրենքով, զինվորականին վայել ձեւով:

Հիմնվելով Ձեր ընտանեկան դաստիարակության վրա զորամասի հրամանատարությունը կանի ամեն ինչՙ Ձեր որդու կողմից ռազմամասնագիտական գիտելիքների յուրացման, հմտությունների ու կարողությունների ձեռքբերման, Արթուրի մոտ բարոյամարտական գիտելիքների յուրացման, հմտությունների ու կարողությունների ձեռք բերման, Արթուրի մոտ բարոյամարտական վսեմ հատկանիշների ձեւավորման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա պատվով կրել Հայաստանի Հանրապետության պաշտպանի բարձր կոչումը ու բարեխղճորեն կատարել Հայրինիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը:

Ձեր որդին աչքի է ընկնում ազնվությամբ, բարեխղճությամբ եւ կարգապահությամբ: Նա բարձր է պահում հայ զինվորի պատիվը, միշտ պատրաստ կատարելու իր քաղաքացիական եւ զինվորական պարտքը:

Դուք, իրավամբ, կարող եք հպարտանալ Ձեր զավակով:

Երախտապարտ ենք Ձեզ նման հայրենասեր որդի դաստիարակելու համար:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար: Կնիք: Ստորագրություն:

P. S. Հպարտության զգացումով եւ առիթից օգտվելով ցանկանում եմ նախապես շնորհավորել մեր բանակին Ամանորի առիթով եւ մաղթել բոլորիս խաղաղ, անամպ երկինք, առողջ, երջանիկ ու արգասաբեր արարումներով հարուստ տարի:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, դոցենտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4