«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2012-12-21 | #230, 2012-12-22 | #231, 2012-12-25


ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ

Ցուցահանդես Մանկավարժականի 90-ամյակի առթիվ

Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված ցուցահանդես բացվեց Հայաստանի նկարիչների միությունում:

Մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի դասախոսների, շրջանավարտների եւ ուսանողների աշխատանքները ցուցադրված էին բոլոր ցուցասրահներում:

Միջոցառմանը ներկա էին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը, վաստակավոր նկարիչ Լեւոն Կոջոյանը եւ այլք:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բացման խոսքում ասաց. «Գաղտնիք չէ, որ մենք շատ ենք խոսում գիտելիքի կարեւորության եւ գիտելիքահեն հասարակություն ստեղծելու մասին: Մշակույթը եւ կրթությունը նույն շքանշանի երկու երեսներն են: Դժվար է բաժանել մշակույթը եւ կրթությունը, գիտելիքը եւ արժեքը: Մեկը մյուսով է ապրում եւ ստանում իր երկրորդ շունչը: Ուրախալի է, որ կրթական հաստատություններից մեկը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, մեզ է հրամցնում այսօր նման ցուցանդես, որը գոհարն է ամբողջ հոբելյանական միջոցառումների, որոնք մեկնարկել էին տարեսկզբին»:

«Ազգը» զրուցեց Կերպարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի դաշնության կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմս Ներսիսյանի հետ. «Որպես կրթօջախ մենք ունեցել ենք մեր նպատակադրումները, բայց եւ այնպես այստեղ աշխատել են պրոֆեսիոնալ նկարիչներ, որոնք ենթարկվել են այդ նպատակներին: Նրանց սերունդներն այժմ շարունակում են իրենց առաջադրած նպատակները: Այսօրվա շուկայական հարաբերությունները պահանջում են ոչ միայն դպրոցի համար մանկավարժ պատրաստել, այլեւ ստեղծագործող նկարիչ: Կան ծրագրերի մի շարք փոփոխություններ: Ես` որպես Կերպարվեստի ամբիոնի վարիչ, առաջադրում եմ հատուկ ծրագրեր. բացի մանկավարժ-նկարչից, պատրաստում ենք պրոֆեսիոնալ նկարիչներ»:

Նշենք, որ միջոցառումը համընկել էր նաեւ նկարչական բաժնի հիմնադրման 50 -ամյակի հետ: Ցուցադրվեցին նաեւ այդ բաժնի հիմնադիր, հանրապետությունում լայն ճանաչում ունեցող նկարիչ-մասնագետներ` Լեմս Ներսիսյանի, Կարապետ Մինասյանի, Հովհաննես Զարդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Հովհաննես Հարությունյանի, Վահրամ Խաչիկյանի, Սուրեն Սաֆարյանի, Տիգրան Սիմոնյանի աշխատանքները: Հայաստանի Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում անվանի վարպետների աշխատանքներից զատ, ներկայացված էին նաեւ գործող դասախոսների կտավները, իսկ երկրորդ հարկում ցուցադրված էին Մանկավարժական համալսարանի շրջանավարտների եւ ուսանողների գործերը:

Ցուցահանդեսում ներկայացված էր ընդհանուր առմամբ մոտ 300 աշխատանք` գեղանկար, գրաֆիկա, քանդակ, գոբելեն, դեկորատիվ կիրառական արվեստի, հագուստի մոդելավորման, դիզայնի, խեցեգործության նմուշներ, փայտյա իրեր եւ մետաղյա զարդեր:

Այսօր երիտասարդ նկարիչների կողքին Մանկավարժական համալսարանում աշխատում են ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանը եւ վաստակավոր նկարիչ Լեւոն Կոջոյանը, որոնց աշխատանքները եւս ցուցադրվեցին:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 27-ը:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4