Հայաստանի պետական երիտասարդական եւ ջազ նվագախմբերը Սբ. Ծննդյան եւ Նոր տարվա տոների առիթով անակնկալ համերգային ծրագրով են հանդես գալիս` Sympho+Jazz=Christmas:
Այս համերգին միաձուլվել են ջազն ու դասականը, արդյունքում ստացվել է հետաքրքրական համերգ: Ուրախալի է, որ մեր ստեղծագործական խմբերը չեն սահմանափակվում եղածով, այլեւ նորանոր հետաքրքրական նախաձեռնություններով են հանդես գալիս` կրթելով ունկնդրին:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Sympho+Jazz=Christmas ամանորյա համերգը տոն է համարում. «Դեկտեմբերի 25-ին կլսեք աննախադեպ համերգ, չնայած այժմ համերգների 90 տոկոսին նման որակում են տալիս, բայց առանց հիմքի ես նման բան չէի ասի: Ի դեպ, այս համերգը կունենա իր տրամաբանական շարունակությունը»:
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցն էլ իր հերթին նշեց, որ համագործակցության ցանկությունը եւ գաղափարը վաղուց կար, եւ շնորհիվ Վահագն Հայրապետյանի, գաղափարը իրականություն դարձավ, «Հուսամ, համագործակցությունը շարունակական բնույթ կկրի,- ասաց նա:- Ես աշխատում եմ այնպիսի երաժիշտների հետ, որոնք լի են արկածախնդրությամբ եւ էնտուզիազմով, որոնք չեն վախենում ժանրային փոփոխություններից»:
Բանախոսները չբացեցին չակերտները եւ չասացին, թե ինչ է հնչելու համերգին:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ