«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2012-12-22 | #231, 2012-12-25 | #232, 2012-12-26


ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը երկրի կառավարումն ստանձնեց ՀՀ-ում եւ տարածաշրջանում ստեղծված քաղաքական դժվարին ժամանակաշրջանում, երբ երկրում առկա էր լարվածություն, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով տնտեսական հետընթաց էր արձանագրվում ՀՀ-ում, իսկ տարածաշրջանը` վրաց-ռուսական պատերազմի եւ Մեծ Մերձավոր Արեւելքում սկսված վերիվայրումների հետեւանքով հայտնվել էր նոր հակասությունների առջեւ: Այս պայմաններում ՀՀ նախագահը սկսեց համարձակ բարեփոխումների քաղաքականություն վարել թե՛ ՀՀ-ում տնտեսական իրավիճակի կայունացման եւ զարգացման, եւ թե արտաքին քաղաքականության բանագավառում` հարեւանների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Քաղաքական այդ ուղին միշտ չէ, որ ողջունվել եւ խրախուսվել է հայաստանյան քաղաքական ուժերի կողմից: Սակայն մեր կուսակցության համար հստակ է, որ սկված համարձակ եւ խորքային բարեփոխումներով է միայն հնարավոր հասնել ՀՀ-ի հետագա զարգացմանը եւ տարածաշրջանում խաղաղության, կայունության ապահովմանը:

ՌԱԿ-ը վստահ է, որ ՀՀ-ի հետագա զարգացման ու հզորացման համար շատ կարեւոր է քաղաքական այդ ուղու շարունակականությունը: ՌԱԿ-ը կարեւորում է նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության պահպանման գործում ՀՀ նախագահի անմիջական եւ շարունակական ջանքերը: Ղարաբաղյան հարցում Սերժ Սարգսյանի վճռական եւ խելամիտ դիրքորոշումը կարեւոր երաշխիք է երկու հայկական պետությունների անվտանգության եւ բնականոն զարգացման համար:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նոր որակ ստացան ՀՀ- Սփյուռք հարաբերությունները, ինչը նոր թափ ու վստահություն հաղորդեց եւ հնարավորություն տվեց սփյուռքահայությանը ավելի մեծ ներդրում ունենալ Մայր հայրենիքի կայացման գործում: Նախագահը վայելում է նաեւ Սփյուռքահայության մեծ մասի վստահությունը, ինչը կուսակցությանը հուշում է, որ գործող նախագահը ընկալվում է ոչ միայն Հայաստանիՙ այլեւ որպես համայն հայության նախագահ:

Սերժ Սարգսյանի հետեւողական քաղաքականությունը Հայ դատի պաշտպանության բանագավառում հնարավորություն տվեց ընդլայնել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող երկրների աշխարհագրությունը եւ նպաստեց այդ հարցում սփյուռքահայ համայնքների գործունեության ակտիվացմանը:

ՌԱԿ Հանրապետական վարչությունը` հաշվի առնելով երկրի ներկա կացությունը, արտաքին եւ ներքին լուծման սպասող բազում հարցերի կարեւորությունը եւ ապագայում դժվարությունների հաղթահարման անհրաժեշտությունը, հայտարարում է.

2013 թ. նախագահական ընտրություններում պաշտպանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ հնարավոր բոլոր միջոցներով սատարելու է նրա հաղթանակին ընտրություններում:

ա. ՌԱԿ-ը վստահ է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ներքին մթնոլորտի մեղմանն ուղղված իր քաղաքականությունը:

բ. Տնտեսության մեջ կապահովի իրական մրցակցություն, ներդրումային բարենպաստ միջավայր, կաջակցի ՓՄՁ-ների գործունեությանը եւ մարզերի համաչափ զարգացմանը, ինչպես նաեւ վերջ կդնի օլիգոպոլ ծայրահեղական դրսեւորումները ՀՀ-ում ինչը կնպաստի արտագաղթի նվազմանը:

գ. Արմատախիլ կարվեն կոռուպցիոն եւ նմանատիպ այլ նեգատիվ երեւույթները, որոնք ներսից քայքայում եւ խաթարում են պետության բնականոն զարգացումը:

դ. Կշարունակվեն ավելի ամրապնդվել ու հզորանալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, որոնք իրենց մարտունակությամբ անվտանգության եւ խաղաղության երաշխիք են մեր տարածաշրջանում:

ե. ՀՀ-ում կիրականացվեն համակարգային նոր բարեփոխումներ, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության եւ խոսքի ազատության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ու զարգացման համար:

զ. Կապահովվի հարկային եւ կառավարման այլ համակարգերի գործունեության արդյունավետությունը, կարվեն նմանատիպ այլ կարգի փոփոխություններ, որոնք կամրապնդեն վստահությունը եւ փոխադարձ կապը ժողովրդի ու պետական կառույցների միջեւ:

է. Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի գիտությանը եւ մշակույթին, ինչը կարեւոր է ժամանակակից աշխարհում պետության դիրքի ամրապնդման, ազգային ներուժի դրսեւորման եւ Հայաստանի հզորացման համար:

Ռամկավար Ազատական կուսակցությունը իր բոլոր հնարավոր միջոցներով սատարելու է ՀՀ նախագահի բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են ՀՀ հզորացմանը, անվտանգության բարձրացմանը, Սփյուռք-Հայաստան հարաբերությունների բարելավմանը, Հայ դատի հետապնդմանը, ԼՂՀ հարցի արդարացի լուծմանը եւ հայ ժողովրդի համախմբմանը:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4