Տարին միստիկ խորհուրդ ուներ իր մեջ` վիշապի տարին աշխարհի վերջի լեգենդները հրապարակ նետած բիզնես-պլանում ռեպտիլոիդների բացասական էներգիայի կրողն էր: Սակայն, փառք Աստծո, հերթական լեգենդը հաղթահարեցինք, ու ողջ մնացինք, տարոսը հաջորդ լեգենդը վերապրողներին: Ու վիշապի անկանխատեսելիությունից հանձնվում ենք օձի հանգիստ, հավասարակշռված, իմաստնության նշանի ներքո վարքագծին, հուսով ենք` խիստ պայմանական-նշանային մտածողության այս իներցիան, այնուամենայնիվ, կաբստրահվի իրական կյանքում, որպես անհատ մարդկանց պատկերացումների հավաքական մտքի նյութականացում :
Քաղաքական տարին սկսվեց «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի` խորհրդարանական կարգը վերացնելու նախաձեռնությամբ` խորհրդարական ընտրությունների նախաշեմին, ավարտվեց համարյա նույն նախաձեռնությամբ` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ մյուս ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ: Երկու դեպքում էլ ՀՀԿ-ն իշխանություն էր:
«Ազատ դեմոկրատների», Վարդան Օսանյանի հայտնություն, խորհրդարանական ընտրությունների աժիոտաժ. այն ժամանակ ԲՀԿ-ն խաբս տվեց այնպես, որ ընդդիմությանը թողեց շփոթմունքի մեջ, վերջիններս այդպես էլ դաշինք չկազմեցին, ընտրողի քվեն մանրատվեց, եւ այսօր ունենք այս խորհրդարանը, որտեղ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը միասին կարողանում են անցկացնել բոլոր օրենքները, որոնք իրենց պետք են: Ընդհանրապես` տարվա առաջին կեսի խորհրդարանական ընտրությունները կանխորոշեցին շատ բան` եւ քաղաքական դաշտի հետագա աղավաղումը, եւ ԲՀԿ-ի ներկա ճակատագիրը, եւ ՀԱԿ-ի տարեվերջյան անհետացումը քաղաքական դաշտից: Չնայած ԲՀԿ-ն, տարվա առաջին կեսին խորհրդարանական ընտրությունների վստահ հայտի համեմատ, տարեվերջին նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելով եւ ոչ մեկին չպաշտպանելով` սպառնալիք ստեղծեց իր ապագայի հանդեպ, սակայն այս ուժի հետ կապված ինտրիգի ինչ-որ մաս, այնուամենայնիվ, մնում է չպարպված` նախագահական ընտրութունների առումով:
Սակայն այս անգամ լուրջ-լուրջ վերլուծությունների փոխարեն` այս տարեվերջին առաջարկում ենք սոսկ պարզ համեմատություն, ինչն առավել ակնառու կցուցանի տարվա իրադարձահոսի պատկերը:
Եվ այսպես`
Տարվա սկզբին իշխանական կոալիցիան եռակողմ էր, տարեվերջին` երկկողմ:
Տարվա սկզբին «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն էին խոսում խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտությունից, տարեվերջին` ԲՀԿ-ն ու մյուսները, «խորհրդարանական համակարգ» բառերը, կարելի է ասել, տարվա հերոսներն էին:
Տարվա սկզբին Օսկանյանը կողմնորոշվում էր` ո՞ւմ հետ քաղաքականություն վերադառնա, կողմնորոշվեց դեպի ԲՀԿ, տարվա վերջին զղջացել է դեպի ԲՀԿ կողմնորոշվելու եւ այդ պատճառով քրեական գործ շալակելու համար:
Տարվա սկզբին ՀԱԿ-ը դեռ հույս ուներ գեներացնել ընդդիմադիր զանգվածներին, տարվա վերջին ՀԱԿ-ը մահացավ (կներեք փոխաբերության համար):
Տարվա սկզզբին ոնց ուրվագծվում էր Քոչարյանի ուրվականը, տարվա վերջին նույն կերպ շարունակում է ուրվագծվել:
Տարվա սկզբին խորհրդարանն էթիկայի հանձնաժողով չուներ, տարվա վերջին ունի` եւս մի թամաշաշատ սուբյեկտ:
Տարվա սկզբին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ախպեր էին, տարվա վերջին իսկի հեռու ազգական էլ չեն, տարվա սկզբին ԲՀԿ-ն իշխանական էր, տարվա վերջին` ընդդիմադիր, տարվա սկզբին դեռ դիմում էին գրում ԲՀԿ մտնելու համար, հիմա դիմում են գրում ԲՀԿ-ից դուրս գալու համար:
Տարվա սկզբին ԲՀԿ-ն էր օրենք տապալում խորհրդարանում («Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին»), տարեվերջին ՀՀԿ-ն է ընդդիմության, այդ թվում ԲՀԿ-ի նախաձեռնած նիստը տապալում:
Տարվա սկզբին Սամվել Նիկոյանն էր ԱԺ նախագահ, տարվա վերջին` Հովիկ Աբրահամյանը:
Տարվա սկզբից քաղաքական դաշտի ֆավորիտ էին Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը, հիմա ոչ մի բանի ֆավորիտ չեն:
Տարվա առաջին հատվածում երկրի նախագահն ասում էր` «Էս երկիրը երկիր է», տարվա վերջում` «Սա Հայաստանն է, ու վերջ»:
Տարվա սկզբին Մաշտոցի պուրակն էր երկրի գլխավոր հասարակական հարթակը, տարվա վերջում` ֆեյսբուքը:
Տարվա սկզբում Վարդան Ղուկասյանն էր Գյումրիի քաղաքապետը, տարվա վերջում` Սամվել Բալասանյանը:
Այս օրերին մոդա է զանազան թոփ տասնյակների հորինումը, նախապես մենք էլ ուզում էինք կազմել 2012-ի մեր ընկալած քաղաքական թոփ տասնյակը, սակայն ավելի խոր մտածելով` մեր քաղաքական գործիչներից ամենից տարբեր առիթներով ու պատճառներով աչքի ընկածների համար մոգոնեցինք մեր անվանակարգերը: Ահա դրանք, արեք դրանց հետ` ինչ ուզում եք.
Ամենից շատ լուսաբանվածը` Գագիկ Ծառուկյան:
Ամենից անհաջողակը` Վարդան Օսկանյան:
Ամենից շատ հումոր անողըՙ Գալուստ Սահակյան:
Ամենից բարկացածը` Նաիրա Զոհրաբյան (բոլոր քննադատողներին իրենց տեղը դնելու պատճառով):
Ամենահավասարակշիռը` Սերժ Սարգսյան:
Ամենաերկար լռողը. այս անվանակարգում կարող են մրցակցել Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը (հատկապես վերջինը):
Ամենից ուրբաթախոսը կամ ուրբաթագիրը` Ռոբերտ Քոչարյան:
Ամենից շատ արձագանքողը` Էդուարդ Շարմազանով:
ԱԺ-ում ամենից շատ խոսողը` Արծվիկ Մինասյան:
Սարերն ամենից հաջող շարժածը` Րաֆֆի Հովհաննիսյան:
Ամենաընդդիմախոսը` Նիկոլ Փաշինյան:
Ամենաուրախը` Դավիթ Հակոբյան:
Ամենադասախոսողը` Տիգրան Սարգսյան:
Ամենահոռետեսը. այս անվանակարգերի նախնական մրցույթում հաղթողները շատ էին, առաջին տեղ ոչ մեկին չտվեցինք:
Ամենամոռացվածը` Ստեփան Դեմիրճյան (առողջություն նրան)
Ամենախաբվածը` կրկին Վարդան Օսկանյան:
Ամենասկանդալայինը` Վարդան Ղուկասյան եւ Ռուբեն Հայրապետյան:
Ամենաարեւմտյանը` Ալիկ Արզումանյան:
Ամենառուսամետը` Արտաշես Գեղամյան:
Ամենաբողոքավորը` Սուրեն Զոլյան:
Ամենավերահսկվածը` Վազգեն Խաչիկյան:
Ամենաէպոսայինը` Վարդան Սեդրակյան
Ամենագաղտնալսվածը` Լեւոն Զուրաբյան:
Ամենագենդերացվածը` Անուշ Սեդրակյան:
Ամենագցվածը` Հմայակ Հովհաննիսյանը (չնայած` մազ մնաց Րաֆֆի Հովհաննիսյանին էլ այստեղ տեղադրեինք):
Ամենատանջվածը` հայ ընտրողը (նա եւս հայոց քաղաքական համակարգի մաս է):
Անենաուրախ, չաղ ու բախտավորը` Սամվել Ալեքսանյանը (վայ, նա քաղաքական գործիչ չէ, մոռացանք):
Ամենացավալի դեպքի մասնակիցը, ով փոխեց հասարակությանը` Վահե Ավետյան (հետմահու եւ այն պատճառով, որ կյանքի գնով ավելի շատ բան արեց մեր հասարակության համար, քան մեր քաղաքական գործիչները):
Տարվա հակահերոսի տիտղոսին հավակնում է միանգամից մի քանի մարդ, վանդակը լրացրեք ինքներդ:
Վերը թվարկված գործիչները տարբեր մոտիվացիաներով շատ են երեւացել հասարակությանը` ըստ մեր այս դասդասման:
Շարքը շարունակեք ինքնուրույն:
Իսկ ընդհանուր առմամբ` ընթերցողի ներողամտությունն ենք հայցում, որ «Ազգի» նախաամանորյա վերջին համարում փոխանակ խոսեինք հասարակ հայ մարդու իղձերի ու ցանկությունների մասին, նրան կրկին տարանք մեր ծանծաղացած ու ձանձրալի դարձած քաղաքական դաշտի լաբիրինթներով: Երեւի թե պիտի խոսեինք լուսավոր մարդկանց ու լուսավոր կերպարների մասին, ազգ ու հայրենիք պահող սովորական հայ մարդկանց հոգսի, ապագա ուղղված նրանց հայացքի, նրանց դժվար ապրուստի ու դեռեւս չկորցրած հույսի մասին:
Կվերադառնանք 2013-ին ու այդ մասին կպատմենք: Շնորհավոր Ամանոր: Մի կորցրեք հույսը, որ մարդկային կյանքի շարժիչ ուժն է, թող նոր եկողը հուսառատ եւ խոտորն ուղղող տարի լինի բոլորիս համար, մեր երկրին էլ` խաղաղություն եւ զարգացում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ