«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2012-12-22 | #231, 2012-12-25 | #232, 2012-12-26


ՏԱՐԵՄՈՒՏԻ ԿՍՄԻԹՆԵՐ 2013. ԱՆՀՆԱՐԻՆՆ ԱԿՆՀԱՅՏ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՏԱՐԻ

2012-ն իր անցած տաք ու սառն օրերով հայաստանաբնակների մի զգալի մասի համար այդպես էլ հիշարժան չի դառնում: Դե, տարի էր, ինչպես նախորդը, անկոչ հյուրի պես եկավ ու գնաց, վերհուշի առումով ոչինչ չթողեց: Թերեւս հիշվողը Սարկոզի անունն էր, որով իր զավակին կոչեց գյումրեցի մեր հայրենակիցը: Սա տողերիս հեղինակի դիտարկումը չէ, այլ ընկերոջս 30-ամյա տղայինը, որը հարկ է որ առավել տպավորիչ հիշողություններ ունենար. սաՙ իմիջիայլոց: Անցնող տարվա քիչ թե շատ հիշարժանը կապված է արդեն նրա ընկերոջ կողմից իր առաջնեկի անվանակոչման հետ. Սկեսուր: Երբ հետաքրքրվել է, թե ինչու են հատկապես այդ անունն ընտրել, ընկերը բացատրել է, թե ընտրությունը կապված է կնոջ եւ իր մոր միջեւ տիրող ջերմ հարաբերությամբ: Պատկերացնել կարելի է, թե ինչպես է տատիկն իր հասակակիցներին երդվելու, թե իր «Սկեսուրիկ»-ին ինչքան շատ է սիրում, իսկ երիտասարդ մայրը լացող փոքրիկի տուտուզիկին տալով բարկացած «Սկեսուր, ձայնդ կտրիր» խոսքերն արտասանելու: Բայց առավել տարօրինակն այն է, որ երբ ընկերը տարակուսել է, թե երեխան մի՞թե տղա չէ, հայրը հանգիստ պատասխանել էՙ իհարկե տղա է:

Երբ այս մասին պատմեցի ծանոթներիցս մեկին, հարցրեց, թե մերօրյա Հայաստանում ի՞նչը կարելի է անհավանականների շարքին դասել: Ասենք, երշիկեղենի մեջ մսի 16 տոկոս պարունակությո՞ւնը, դիետիկ հացը սուրճի նստվածքի օգնությամբ պատրաստե՞լը, պանիրն անվտանգ սնունդ համարե՞լը, թե՞ ատոմակայան կամ Հայաստան-Իրան երկաթգիծ կառուցելը, նավթավերամշակման գործարան հիմնելը, Գյումրին տեխնոքաղաք դարձնելը... բայց վերադառնանք անցնող տարվան, մեր առօրյային:

Նոր հարեւան ունեցանք, անունը Պետրոս: Անկեղծ ասած, չգիտեմՙ ինչ հնչեղ ազգանուն էլ նա ունենաՙ ասենք Աղազարյանից մինչեւ Արյան, այս անվան հանդեպ վերաբերմունքս դրական չէ: Այն կապված է 50-ամյա վաղեմության մի դեպքի հետ, երբ դասարանցիս ոտքով հարվածեց փողոցի փոքրիկ փիսիկին: Տասնամյակներ շարունակ Պետրոսին նմանեցնում էի ՆԱՏՕ-ի հետ, որն ուզում էր կործանել մեր սիրելի ԽՍՀՄ-ը: Հիմա, ճիշտ է, այլ ժամանակներ են, բայց մեր նորօրյա հարեւանն էլ հարեւաններիս հանդեպ է տեռորի դիրքորոշում ընտրել: Մեկ երիտասարդներին է հանդիմանում, թե ինչո՞ւ են 15 տարվա «Օպել»-ով շրջում, մեկ տեսար ծերերին կպավ, թե ինչո՞ւ են մինչ կեսգիշեր բակում զրույցի տրվում, այլեւայլ դիտողություններ անում: Հեր օրհնած, քեզ երգիծաբանի տեղ ես դրել, գյուղական ակումբներում երեխաներին ես ծիծաղացնում, հետն էլ քո պահվածքով մեզ բոլորիս զայրացնում: Մեր այսօրվա վիճակում սիրել-չսիրելը որն է, երբ մեզ ազգովին հանրային հանգստություն է անհրաժեշտ, եթե երկրում չի ստացվում, թող գոնե մեր բակում լինի, մեր շքամուտքում, մեր հարթակում: Հայտարարել է, թե հանրային պահանջ կար, որ ինքը Ազգային ժողովում լինի, դե պահանջվածն այս անգամ հայտնի աներորդին դուրս եկավ, ինքն ուրեմն պարտադրված փետրվարյանին կմասնակցի, բազմաբնակարան շենքն իր ներկայացուցիչը հարկ է որ ունենա համապետական միջոցառմանը: Բազմակարծության ժամանակներ են, մեր շենքն ումի՞ց է պակաս, որ հավակնորդ չունենա: Անունդ փոխել եմ, Պետրոս, որ չսիրողներդ քեզ աչքով չտան:

Հայաստանյան միջավայրում որեւէ մեկը դժվար հերքի, որ շարադրված համեստ կենցաղային դրվագներից մինչեւ քաղաքական հռետորաբանության այլկերպ դրսեւորումները 2012-ի մեր առօրյայում տեղ չեն գտել, որ դրանք վախվորածի ու հոռետեսի երեւակայության արդյունք են: Նայելով մեր չորսբոլորը, վերհիշելով անցած օրերը, դրանք հիմնականում գնահատում ենք մարդու մեր տեսակին անարժան ու անպատվաբեր, եթե այլ, առավել խիստ գնահատական չտանք: Բայց յուրաքանչյուրս նաեւ վստահ է, որ դա չէ մեր կերպին հատուկն ու սազականը, առավել եւսՙ արժանին: Թերեւս մեն-մի բանում միակարծիք ենքՙ հայերիս օրրանը, որը մեր նախնիները դրախտավայր են հռչակել, այսօր առավել է պետք մեզ արժանապատիվ բնակատեղի դարձնել, մեր ջանքերով ու մեր աշխատանքով: Ուստիՙ 2013-ը դիմավորենք պարզ ու հասարակ այս ցանկությամբ ու մտադրությամբ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4