Արդեն երկրորդ տարին «Ազգ» օրաթերթը տարեվերջին ներկայացնում է այն անձանց տասնյակը, ովքեր տարվա ընթացքում հայտնվել են որեւէ սկանդալի կենտրոնում, եւ նրանց անձն ու գործողություններն առավել հաճախ են քննարկվել զանգվածային լրատվամիջոցներում: Այս ցանկում չեն հայտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որոնց այցելությունները, ելույթներն ու հարցազրույցները հրապարակվել ու քննարկվում են ի պաշտոնե:
Top 10. Արմեն Աշոտյան VS Սուրեն Զոլյան
Նախարարն ընդդեմ ռեկտորի: Սա գարնանը քննարկված ամենաթեժ թեման էր: Ռեկտորը նախարարին հրապարակավ անվանեց ոչնչություն, հետոՙ ստախոս եւ վախկոտ, Աշոտյանն էլ նրան բարեկրթության դասեր տվեց: Նախարար-ռեկտոր վեճի արդյունքում Զոլյանը նախ նկատողություն, հետո խիստ նկատողություն ստացավ ու պաշտոնանկ եղավ: Սակայն սրանով կրթական ոլորտի ամենաթեժ սկանդալը չավարտվեց, բրյուսովցիները սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել, բուհը բաժանվեց երկու հատվածի: Երկշաբաթյա դասադուլից հետո նախարարն այցելեց համալսարան, հանդիպեց ուսանողներին, սակայն դա էլ իրավիճակը չփրկեց: Երկար ժամանակ Զոլյանը դուրս չէր գալիս ռեկտորի իր սենյակից: Ստացվել էր իրավիճակ, երբ մեկ բուհում երկու ռեկտոր կար: Ավելի ուշ արդեն Զոլյանն ընդդեմ Աշոտյանի գործը հայտնվեց դատարանում: Տարվա ընթացքում Արմեն Աշոտյանն ամենահասանելի քաղաքական գործիչն էր: Օրվա մեծ մասը նա օնլայն է, գրում էր ստատուս, մեկնաբանում եւ կրթական խնդիրներից դուրս չէր զլանում պատասխանել նաեւ այլ քաղաքական ուժերին:
Top 9. Ֆլորա Մարտիրոսյան
Տարվա ամենամեծ կորուստներից մեկը: Կյանքից անժամանակ հեռացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի անձն ու գործողությունները նույնպես ամենաքննարկվածն էին: Տարվա ընթացքում բազմիցս լուսաբանվեց Ֆլորա Մարտիրոսյանի նախաձեռնած «Never again» համերգային նախաձեռնությունը, որը միտված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Տարվա ընթացքում տիկին Ֆլորան Երեւանում համերգ տվեց, ասուլիս հրավիրեց, ինչն ամենաբուռն կերպով լուսաբանվեց: Ցավոք, տիկին Ֆլորայի մասին պետք է գրենք անցյալով: Նոյեմբերի 20-ին 55 տարեկան հասակում ԱՄՆ-ում կտրվեց նրա կյանքի թելն ու նա մեկնեց մշտական հյուրախաղի դեպի երկինք: Նրա ֆեյսբուքյան էջում հազարավոր ցավակցություններն էին, ափսոսանքի ու երախտիքի խոսքերՙ ուղղված նշանավոր երգչուհուն:
Top 8. Արթուր Աբրահամ
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի գործունեությունն էլ չվրիպեց հասարակության եւ մամուլի ուշադրությունից: Այս տարի Աբրահամը չորս հաղթանակ է տարելՙ նվաճել եւ վերանվաճել WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը, այնուհետեւ WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ դեկտեմբերի 15-ին Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի դեմ մենամարտի 8-րդ ռաունդում Աբրահամը տեխնիկական նոկաուտով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Գերմանական «Boxsport» ամսագիրը 3-րդ անգամ Աբրահամին ճանաչել է «Տարվա լավագուն բռնցքամարտիկ»: Բացի մարզական գործունեությունիցՙ այս տարի Աբրահամը խաղացել է գերմանացի ռեժիսոր Թիլ Շվայգերի «Դեպքի վայր» ֆիլմում: Այն էկրան կբարձրանա 2013-ին. Աբրահամը մարմնավորում է հանցագործի:
Top 7. Տարոն Մարգարան
«Տարոն, սիրուն չէ»: Սա արտահայտություն է, որ շաբաթներ շարունակ տեղին ու անտեղի կրկնում էին բոլորը: Նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարումը բուռն սկսվեց: Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո Մարգարյանը պետք է ապացուցեր, որ խստապահանջ է, կամքի ուժ ունի եւ կարող է հանրային շահը գերադասել մասնավորից: Հունվարին քաղաքապետը որոշում կայացրեց Աբովյան փողոցը էժանագին բուտիկներից ազատելու ուղղությամբ: Քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժված բուտիկները տեղափոխվեցին Մաշտոցի պուրակ, կտրվեցին մի քանի ծառեր եւ սկսվեց պատերազմ հասարակության եւ քաղաքապետի միջեւ: Սկսվեցին նստացույցեր, քննարկումներ, մամուլը գրեթե ամեն օր հոդված էր գրում Մաշտոցի պուրակի մասին, քաղաքապետարանից էլ ամենատարբեր մեկնաբանություններն էին տալիս, շատ հաճախ իրար մերժող ու հակասող: Ի վերջո հունվարի կեսերից սկիզբ առած բնապահպանական պատերազմը ավարտվեց գարնանը, խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը «անակնկալ» այց կատարեց պուրակ եւ հայրաբար երիտասարդ քաղաքապետին ասաց, որ նա ամեն ինչ լավ է արել, բայց դա սիրուն չէ, աչք չի շոյում, ու բուտիկները պետք է ապամոնտաժել: Շաբաթներ շարունակ համացանցը քննարկում էր բալետի պարուհու եւ քաղաքապետի հանդիպումը քաղաքապետարանում: Ֆեյսբուքում քաղաքապետի ու պարուհու լուսանկարներն ամենատարածվածն էին: Քաղաքապետի անունը կրկին շոշափվեց, երբ Ավանի թիվ մեկ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններում հաղթեց Ռոբերտ Սարգսյանը, որը քաղաքապետի աներձագն է:
Top 6. Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան եւ մարզիչ Արշակ Պետրոսյան
Այս տարի Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ եւ գրավեց առաջին հորիզոնականը: Մեր ընտրանին վերջին տուրում պարտության մատնեց Հունգարիայի հավաքականին, եւ Ստամբուլում մտքի հայ տաղանդների շնորհիվ բարձրացավ հայոց եռագույնն ու հնչեց օրհներգը: Նրանց օդանավակայանում դիմավորեց նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետեւ նրանց պատվին համերգ կազմակերպվեց օպերայի բակում, իսկ ավելի ուշՙ նախագահական նստավայրում տեղի ունեցավ ընդունելություն: Նախագահը Լեւոն Արոնյանին եւ Արշակ Պետրոսյանին պարգեւատրեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ մյուս շախմատիստներինՙ Պատվո շքանշանով:
Top 5. Միխայիլ Բաղդասարով
Տարվա ամենաշատ քննարկված ու քննադատված գործարարն ու կազմակերպությունը «Արմավիա» ավիաընկերությունն ու նրա սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն էին: «Արմավիա»-«Զվարթնոց» միջազգային օդանավակայան վեճն ու կուտակված պարտքերը ինչպես նախորդ, այս տարի էլ մամուլի ուշադրության կենտրոնում էին: Ավիաընկերության կուտակած պարտքերի պատճառով օդանավակայանն անընդհատ զրկում էր «Արմավիա»-ին թռիչքուղուց, ինչն առաջացնում էր հասարակության դժգոհությունն ու լուսաբանվում լրատվամիջոցներով: Հետո արդեն «Արմավիա»-ն եւ Բաղդասարովը հայտնվեցին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ սիրիահայերը դժգոհեցին, որ Երեւան-Հալեպ տոմսը շատ թանկ է: Որոշ ժամանակ անց «Արմավիան դադարեցրեց թռիչքները դեպի Սիրիա: Տարեվերջին արդեն լուրեր էին պտտվում, որ «Արմավիա»-ն վաճառվում է: Բաղդասարովն այդ լուրը չի հերքել:
Top 4. Ռուբեն Հայրապետյան
Տարվա ամենաբացասական անձնավորությունը: Այս անվանակարգում հաղթողը ԱԺ արդեն նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Հունիսին նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ ողբերգություն: Հայրապետյանի աշխատողներն ու նրա անվտանգության աշխատակիցները ծեծեցին ռազմական բժշիկների: Ծեծի հետեւանքով հիվանդանոցում 11 օր անց մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Կատարվածը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության մեջ, կազմակերպվեցին բողոքի երթեր, ցույցեր, մոմավառություն ոչ միայն ռեստորանի, այլեւ Հայրապետյանի տան դիմաց: Մամուլում գրեթե ամեն օր բացասական հոդվածներ էին տպագրվում Հայրապետյանի մասին: Նախկին պատգամավորը կանչվեց նախագահական նստավայր եւ Սերժ Սարգսյանից սաստվելուց հետո հայտարարեց, որ հրաժարվում է մանդատից: Գործը նախաքննող մարմինը Հայրապետյանին երկու անգամ կանչել է հարցաքննության, եւ պարզվել է, որ դեպքի օրը Հայրապետյանը ռեստորանում չի եղել: Ավելի ուշ Հայրապետյանը հարցազրույց տվեց «Նուվել դը Արմենի» թերթին, որից հետո նրա անձի շուրջը աղմուկը շատացավ: Այժմ դատարանում է ընդդեմ Հայրապետյանի մի գործ, որի շրջանակներում քաղաքացիական հասարակության մի քանի ներկայացուցիչներ, ովքեր պայքարում էին «Հարսնաքար»-ի դեպքի բացահայտման համար, դատի են տվել նախկին պատգամավորինՙ զրպարտության եւ վիրավորանքի համար:
Top 3. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տարվա ընթացքում ամենաքննարկված անձանցից մեկն է: Նրա գեղեցիկ ելույթներն ու գոլերը հավաքականի եւ ակումբի կազմում ստիպեցին, որ հասարակությունն ու մամուլն առավել հաճախ խոսեն Մխիթարյանի մասին: Հենրիխը ճանաչվեց «Շախտյորի» լավագույն կիսապաշտպան եւ ընդգրկվեց աշխարհի լավագույն հարյուր ֆուտբոլիստների ցանկում: Հասարակությունը ցնծությամբ տոնեց Մխիթարյանի գոլը Իտալիայի հավաքականի դարպասին, եւ թեպետ մեր հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց աշխարհի փոխչեմպիոնին, սակայն լրատվամիջոցները ու հասարակությունը խոսում էին Հենրիխի խփած գոլի մասին:
Top 2. Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ տարվա ընթացքում մամուլի ուշադրության կենտրոնում էր: Օսկանյանը թերեւս իշխանություններին ամենից ուժեղ քննադատող անձն էր: Տարվա սկզբից խոսակցություններ էին շրջանառվում, որ Օսկանյանը համալրելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը: Որոշ ժամանակ անց Օսկանյանը դարձավ ԲՀԿ անդամ եւ ընդգրկվեց կուսակցության նախընտրական ցուցակում: Կուսակցության համաժողովումՙ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ամենաբուռն քննադատության ենթարկեց երկրի ներքին, արտաքին ու տնտեսական ոլորտները: Հետո արդեն Օսկանյանի անունը գրեթե ամեն օր մամուլի առաջին էջերում էր, երբ նախկին արտգործնախարարին մեղադրեցին փողերի լվացման մեջ: Մի քանի ամիս շարունակ Օսկանյանին հրավիրում էին ԱԱԾՙ ցուցմունք տալու համար, նա գրեթե ամեն օր ֆեյսբուքյան իր էջում գրառումներ էր կատարումՙ մեղադրանքը որակելով քաղաքական: Աշնանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պահանջով խորհրդարանը կողմ քվեարկեց, եւ Օսկանյանին զրկեցին անձեռնմխելիությունից: Օսկանյանի գործն այս պահին նախաքննության փուլում է:
Top 1. Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս տարի ամենաքննարկված անձնավորությունն էր: Նախընտրական քարոզաշավի ժամանակ Ծառուկյանի թեման քաղաքական ու հասարակական շրջանակներում բուռն քննարկվեց: Խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայի մաս չկազմեց, սակայն ընդդիմություն էլ չդարձավ ու խորհրդարանում վերածվեց այլընտրանքային ուժի: Մի քանի ամիս շարունակ հասարակությունն ու մամուլը քննարկում էին հարցըՙ առաջադրվելո՞ւ է արդյոք Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններին: ԲՀԿ-ում գրեթե բոլորը հայտարարում էին, որ ԲՀԿ-ն պետք է սեփական թեկնածուով հանդես գա, եւ այդ միակ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է: Հետո արդեն ամենաբուռն կերպով լուսաբանվում էր Ծառուկյանի հանդիպումը Եվրոխորհրդարանի փոխնախագահի հետ: Սակայն հանդիպումներից քննարկումներից եւ կանխատեսումներից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվում նախագահական ընտրություններին եւ չի սատարում որեւէ մեկին: Ծառուկյանի այդ որոշումն էլ բուռն կերպով քննարկվեց ու լուսաբանվեց:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ