«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2012-12-22 | #231, 2012-12-25 | #232, 2012-12-26


«ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՆ» ԷԼ ՉԵ՞Ն ԲԱՎԱՐԱՐՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցելությանը հաջորդած` այսպես կոչված «նոր գաղափարների» նկատմամբ ադրբեջանական կողմի ոգեւորվածությունը, որ արտահայտվում էր վերլուծական բնույթի մի ամբողջ շարք հրապարակումներով եւ «երկրորդ էշելոնի» գործիչների հարցազրույցներով, սկսել է տեղը զիջել ակնհայտ հիասթափությանը:

«Ազերթաջ» պետական գործակալությունը, որ, բնականաբար, արտահայտում է վարչախմբի տեսակետը, հրապարակել է մի «դիվանագիտական հուշաթերթիկ», ինչից կարելի է եզրակացնել, որ համանախագահների կողմից ներկայացված «նոր գաղափարները» բոլորովին էլ նոր չեն եւ վերաբերում են ուժի կիրառման բացառման, շփման գծից դիպուկահարների հետքաշման, պատահարների հետաքննության մեխանիզմներին առնչվող հարցերին: Այսինքն, միջնորդները հորդորում են հարգել բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանք ամրագրել իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրով եւ արդեն վստահության մթնոլորտում շարունակել երկխոսությունը:

«Ադրբեջանը, բնականաբար, երբեք նման անհետաքրքիր փաստաթուղթ չի ստորագրի»,- գրում է «Ազերթաջ»-ի մեկնաբանը: Նրա կարծիքով, «միջնորդների առաջարկությունը հենց այն է, ինչ իրականանալու դեպքում իրավիճակը ռազմաճակատային գոտում տասնամյակներով կսառեցվի` ինչպես Կիպրոսում»:

Հերթական անգամ մեղադրելով միջնորդներին «անսկզբունքայնության եւ անհետեւողականության» մեջ, պետական լրատվամիջոցը գտնում է, որ «ուժի չկիրառման սկզբունքին զուգահեռ պետք է ամրագրվի նաեւ սահմանների անխախտելիությունը, պետությունների տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ` ժողովուրդների այնպիսի ինքնորոշումը, որը չի հակասում առաջին երկուսին, այսինքն` ինքնորոշում տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության շրջանակներում»:

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, սակայն, իրեն դավաճանած կլիներ, եթե թույլ չտար հերթական բացահայտ հիմարությունը: Այսպես, «Ազերթաջ»-ը գրում է, որ ենթադրյալ փաստաթղթում «պետք է հստակ սահմանված լինեն տարածքների փուլ առ փուլ ազատագրման, փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադարձի ժամանակացույցը եւ Ադրբեջանի սահմանադրությանը չհակասող քվեարկության ժամկետը»:

Վերջին ձեւակերպումը, որքան կարելի է հասկանալ, վերաբերում է ԼՂ ժողովրդի «ինքնորոշմանը»: Խնդիրն այն է, սակայն, որ պաշտոնական լրատվամիջոցը չգիտի, որ Ադրբեջանի սահմանադրությունը առհասարակ չունի «քվեարկության» վերաբերյալ որեւէ նորմ: Եվ միջնորդները դա գերազանց հասկանում են, ուստի ոչ ոք Արցախի ինքնորոշումը Ադրբեջանի սահմանադրության հետ չի կապում:

Բայց Ադրբեջանում իշխող վարչախումբը շարունակում է պնդել իրենը: Բանը հասել է նրան, որ «Ազերթաջ»-ը Հելսինկիի եզրափակիչ ակտն է «յուրովի մեկնաբանում» եւ փորձում շրջանառության մեջ դնել «ներքին ինքնորոշում» հասկացություն: Ըստ այդմ, ադրբեջանցի մեկնաբանը կարծում է, որ «ինքնորոշումը պետք է լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ հոդվածի շրջանակներում»:

Իսկ ի՞նչ է ասում այդ հոդվածը. «Մասնակից պետությունները կհարգեն ժողովուրդների իրավահավասարությունը եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքը` մշտապես գործելով ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների եւ նպատակների եւ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի համաձայն, ներառյալ այն, որ վերաբերում են պետության տարածքային ամբողջականությանը»:

Սա «թարգմանաբար» նշանակում է, որ մասնակից պետությունները հարգում են ժողովուրդների իրավահավասարությունը եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքը, բայց փոխադարձաբար ձեռնպահ են մնում միմյանց ներքին գործերին միջամտելուց: Իսկ ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքի իրացմանը, ապա «բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն կատարյալ ազատության պայմաններում, երբ եւ ինչպես նրանք ցանկանում են որոշելու իրենց ներքին եւ արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության եւ սեփական հայեցողությամբ իրականացնելու իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը»:

Ասված է շատ պարզ: Ավելին, 8-րդ հոդվածը եզրափակվում է այս շեշտադրմամբ. «Մասնակից- պետությունները հաստատում են ժողովուրդների իրավահավասարության եւ իրենց ճակատագիրը տնօրինելու (իրավունքի) հարգումը եւ գործուն իրականացումը` իրենց եւ բոլոր պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման համար, նրանք հիշեցնում են նաեւ այդ (ժողովուրդների իրավահավասարության եւ իրենց ճակատագիրը տնօրինելու) սկզբունքը որեւէ ձեւով խախտելու բացառման կարեւորությունը»:

Իսկ սա արդեն նշանակում է, որ ԵԱՀԿ անդամ պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման անկյունաքարը նրանց բոլորի կողմից ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի` վերը շարադրված ձեւով, հարգումն է: Եւ եթե որեւէ պետություն դա ոտնահարում է, ինչպես Ադրբեջանը` ԼՂ հանդեպ, ապա մյուսների իրավունքը, նույնիսկ` պարտականությունն է դրա` ինքնորոշման իրավունքի խախտման, բացառման քայլեր ձեռնարկել:

Միջնորդների «ներկայացրած նոր գաղափարներն», այսպիսով, չեն բավարարում Ադրբեջանին: Ուստի «Ազերթաջ»-ի մեկնաբանը կարծում է, որ «ժամանակն է, որ Մինսկի խորհրդաժողովը հավաքվի եւ ընդունի կողմերին պարտադրող որոշում»: Եթե նկատի ունենանք, որ Թուրքիան եւս Մինսկի խմբի անդամ է, ապա թերեւս կարելի է ենթադրել, որ 2013-ի թուրք-ադրբեջանական «նախաձեռնությունները» լինելու են այդ ուղղությամբ:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4