«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2012-12-22 | #231, 2012-12-25 | #232, 2012-12-26


ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՐԱՎԱԿԱՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն 25 մլն դրամ է ներդրել կրթական 2 ծրագրի աջակցելու նպատակով

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարեւոր է համարում սերունդների կրթությանն ուղղված ջանքերը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությունն այդ տրամաբանության արդյունք է:

Երեկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացած համատեղ ասուլիսում ներկայացվել են դպրոցների եւ բուհերի վարկանշավորման ուղղությամբ` Հայաստանում առաջին անգամ իրականացվող քայլերը: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը եւ նախարարության զարգացման ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:

Արդյունավետ կրթության վերաբերյալ վարկանիշի ձեւավորումը ներկայում իրականացվում է հասարակական կարծիքի հիման վրա, ինչը կարող է լինել նաեւ սուբյեկտիվ: Վարկանշավորման այդ եղանակը փոխարինվում է մասնագիտական մեթոդաբանությամբ: Այն, ի դեպ, արդեն մշակվել եւ հաստատվել է: Նման բարեփոխման հիմքում Հանրակրթության մասին օրենքն ու Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու պահանջներն են:

Վարկանշավորման ազգային մոդել մշակելու արդյունավետ տարբերակը միջազգային լավագույն փորձի տեղայնացումն է: Հայաստանն ընդգրկված է այն 10-15 երկրների ցանկում, որոնք հավակնում են այդ նորարարության ներդրմանը: Տարվա ընթացքում մշակված գործիքները հաջորդ տարի փորձարարական եղանակով կներդվեն եւ միայն դրա ավարտին` վերջնականապես կբանաձեւվի ամբողջ մեթոդաբանությունը:

Առաջին անգամ ներմուծվող այս գործիքները հավակնում են ստեղծել օբյեկտիվ հիմք` բուհերի եւ դպրոցների գործունեության գնահատման համար: Այն կարեւոր է հասարակության առջեւ հաշվետու լինելու եւ թափանցիկության ապահովման տեսակետից:

«Ժամանակակից աշխարհին հատուկ ինֆորմացիոն առատությունը պարտավորեցնում է գտնել որակյալ կրթություն ստանալու առավել արդյունավետ ուղիները: Երկրի մրցակցային առավելությունն ընդգծելու ամենախոստումնալից միջոցը գիտելիքն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ն կրթական նախաձեռնություններին աջակցել է հետեւողական պատրաստակամությամբ: Նպատակը` գիտական ներուժը երկրի առաջընթացին ծառայեցնել է », - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ) ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը , իսկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգը` նախարարության զարգացման ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4