Լավագույն թիմը շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն է
Ավանդույթի համաձայն, մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան հարցում էր անցկացրելՙ որոշելու տարվա 10 լավագույն մարզիկներին: Քանի որ 2012-ը օլիմպիական էր, ուստի կարելի էր կանխատեսել, որ հանրապետության լավագույն մարզիկների եռյակը կկազմեն հենց Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի մեր 3 մրցանակակիրները:
2012-ի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը : Հարցմանը մասնակցած 30 լրագրողների հարցաթերթիկներով Արսենը վաստակեց բոլորից շատՙ 294 միավոր:
Մրցաշրջան 2012-ը իրոք հաջող էր Արսեն Ջուլֆալակյանի համար: 74 կգ քաշային ըմբիշը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մրցանակակիր: Իսկ Լոնդոնի օլիմպիական խաղերում հայ ըմբիշը մեկը մյուսի հետեւից պարտության մատնելով մրցակիցներին, եզրափակիչում մրցեց աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովի հետ: Արսենը մոտ էր չեմպիոնի տիտղոսին, սակայն մրցակցին հաջողվեց պաշտպանվել ու վաստակած 2 միավորը պահպանել: Ջուլֆալակյանը բավարարվեց արծաթե մեդալով, որը եւս մեծ նվաճում է հայ ըմբիշի համար:
Երեկ կայացած մամուլի ասուլիսում Արսեն Ջուլֆալակյանը հետեւյալը նշեց. «Շնորհակալություն նման պարգեւի համար: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ պատիվ է իր երկրի լավագույն մարզիկ ճանաչվելը: Դրանում շնորհակալ եմ ընտանիքիս եւ մարզչիս: Սա մի մեծ թիմի քրտնաջան աշխատանքի արդյունք է: Ինձ համար տարին գերազանց էր: Իդեալական դառնալու համար չբավականացրեց միայն օլիմպիական ոսկե մեդալը: Հաջող տարի էր նաեւ անձնական կյանքումՙ ամուսնացա, ինչը շատ կարեւոր էր:
Իմ գլխավոր նպատակն է հաջորդ տարի նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իմ մեդալների հավաքածուում բացակայում են միայն աշխարհի առաջնության եւ օլիմպիական խաղերի ոսկե մեդալները»:
Լավագույն մարզիկների ցանկում 2-րդ տեղը 250 միավորով զբաղեցրել է հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշՙ մինչեւ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը : Մինչեւ Լոնդոն մեկնելն Արթուրն իրեն գերազանց էր դրսեւորել Եվրոպայի առաջնությունումՙ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Իսկ օլիմպիական խաղերում հայ ըմբիշը դարձավ բրոնզե մեդալակիրՙ 3-րդ տեղի համար պայքարում գեղեցիկ ոճով հաղթելով կուբացի Էստրադա Ֆալկոնին:
Լավագույն եռյակը 226 միավորով եզրափակել է ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը , որը Լոնդոնի օլիմպիական խաղերում 75 կգ-ից բարձր քաշայինների մրցավեճում երկամարտի 294 կգ (128+166) արդյունքով դարձել էր բրոնզե մրցանակակիր: Ընդ որում հայ մարզուհին իր անձնական քաշով զգալիորեն զիջում էր մյուս երկու մրցանակակրուհիներին: Ամառային 30-րդ օլիմպիադայում Հռիփսիմեն մեր մարզիկներից առաջինն էր, որ մեդալ նվաճեց:
4-րդ տեղում 203 միավորով հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանն է, որը գլխավորում էր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Բացի թիմային հաղթանակից, Լեւոնը մեկ ոսկե մեդալ էլ նվաճեց 1-ին խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար: Տարվա ընթացքում Արոնյանը հանդես եկավ մի քանի ուժեղագույն մրցաշարերում: Վերջերս Չինաստանում կայացած մտավոր խաղերի շախմատի մրցաշարում Արոնյանը հաղթող ճանաչվեց «կույր» շախմատում:
131 միավորով 5-րդ տեղը զբաղեցրել է մեր փորձառու հրաձիգ Երջանիկ Ավետիսյանը : Նրա համար տարին նշանավորվեց ստենդային հրաձգության Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի նվաճմամբ:
6-րդ տեղում ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանն էր, որը վաստակել է 97 միավոր: Նա Եվրոպայի առաջնությունում դարձել է արծաթե մրցանակակիր:
7-րդ տեղը զբաղեցրել է 95 միավոր վաստակած մեր ամենափորձառու գործող շախմատիստներից մեկըՙ Վլադիմիր Հակոբյանը : Նա եւս մեծ ներդրում ունեցավ մեր օլիմպիական հավաքականի մեծ հաջողությունումՙ 3-րդ անգամ արժանանալով ոսկե մեդալի:
74 միավորով 8-րդ հորիզոնականում է մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը : Նա մրցաշրջանում մի քանի մրցաշարերում հաջող մրցելույթներ ունեցավ: Ամենամեծ հաջողությանը Մերդինյանը հասավ Եվրոպայի առաջնությունումՙ նվաճելով բրոնզե մեդալ:
68 միավորով 9-րդ տեղում թաեքվոնդիստ Արման Երեմյանն է: Կազանում կայացած վարկանիշային մրցաշարում գերազանց հանդես գալու շնորհիվ Եվրոպայի նախկին չեմպիոնը Լոնդոնի օլիմպիադայի ուղեգիր էր նվաճել: Լոնդոնում նա մոտ էր մրցանակակիր դառնալուն, սակայն մարզական բախտը երես էր թեքել հայ մարզիկից, որը բավարարվեց 5-րդ տեղով:
Լավագույն տասնյակը 64 միավորով եզրափակել է Հայաստանի այս տարվա լավագույն սամբիստ ճանաչված Վաչիկ Վարդանյանը : Նա հաջող մրցելույթներ ունեցավ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններումՙ նվաճելով համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալներ: Կարծում ենք, որ այս ցուցանիշով Վաչիկը 10 լավագույնների ցանկում պետք է որ ավելի բարձր դիրք զբաղեցներ:
Բացի վերը նշված մարզիկներից, մարզական լրագրողներն իրենց հարցաթերթիկներում նշել են եւս 13 մարզիկների անուններ: Այդ ցանկում են ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Սարգիս Հովսեփյանը, Արաս Օզբիլիսը, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, սամբիստներ Մխիթար Մխիթարյանը, Տիգրան Կիրակոսյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեեւը, շախմատիստներ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը, ծանրորդ Հայկ Հակոբյանն ու բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը:
Լավագույն թիմ է ճանաչվել շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը: 2-րդ տեղը զբաղեցրել է շախմատի կանանց «Միկա» ակումբը, որը նվաճել էր Եվրոպայի ակումբային առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը: Լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, որը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը:
Այսօր «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի կունենա մրցաշրջան-2012-ում աչքի ընկած մարզիկների եւ նրանց մարզիչների պարգեւատրման արարողությունը: Դրամական պարգեւները մարզիկներին կհանձնի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն էլ իր հերթին կպարգեւատրի մարզիկներին ու մարզիչներին: