Այս 1963-ի օգոստոսին էլ, ահա երկրորդ անգամ, եկել եմ Յալթաՙ Գրողների ստեղծագործական տունը, որովհետեւ անցյալ տարի սիրեցի Յալթայի կլիման, որ իմ մանկության Աթենքի կլիման հիշեցրեցՙ ծովային ու ոչ խոնավ, բոլորովին տարբեր Գագրայի կողմերից, ուր խոնավությունը ճնշում էր ինձ հաճախ, ազդում տրամադրությանս վրա: Եվ այստեղ, մանավանդ, այս եռահարկ նարնջագույն շենքը բարձունքի վրա է, միջերկրականյան տիպի սոճիներով, նոճիներով, նույնիսկ ձիթենիներով ու նաեւ շագանակենիներով շրջապատված, երրորդ հարկում իմ սենյակն էլ նայում է իմ սիրած կողմըՙ արեւելք, հեռու ներքեւում երեւում է նավահանգիստը, դիմացս ծովի անհուն կապույտ տարածությունն է: Տրամադրությունս միշտ լավ է եղել այստեղ, մերթ ընդ մերթՙ գերազանց: Այս տարի, արդեն անցած քսան օրերին (ավսո՜ս, չորս օր մնաց), մի քանի հրաշալի երեկոներ էլ ունեցա ծերունի, հիվանդկախ, բայց միտքը զարմանալի աշխույժ, բնավորությունը սիրալիր Սամուիլ Մարշակի հետ, երբ ինքը զրույցի էր հրավիրում իր «լյուքս» հարկաբաժնում, ուր ամեն ամառ, ասաց, ապրում ու աշխատում է խնամքի տակ, եւ նստում էինք լոջայաձեւ պատշգամբում երկուսով:
Երեկ, սակայն, հենց առավոտից վատ էր տրամադրությունս: Արտաքին պատճառը, անշուշտ, այն էր, որ երբ զարթնեցի վաղ առավոտյան սովորական ժամիս, ամպամած էր, արեւելք նայող սենյակումս արշալուսային զվարթ մթնոլորտը չկար, եւ հիմարությունն արեցի, հակառակ իսկույն վեր կենալու սովորությանս, իբր թե մի քիչ էլ քնելու: Շատ հազվադեպ է պատահում, որ հանձնվեմ այդ ավելորդ թմբիրին,. որ թուլացնում է, ինչպես պիտի ասեր Մարշակը, ներքին աղեղդ, ու մանավանդ, այդ վիճակում, կյանքի գեշ բաներն են պղպջում կիսագիտակից հիշողությանդ խորքից, սեւ մտքերն են սկսում պաշարել: Գիտեի էլ, որ այդպես է լինելու, եւ ի վերջո վեր կացաՙ հոգեպես ու ֆիզիկապես էլ թուլացած արդեն, առավել եւս ջղայնացած նաեւՙ գիտնալով հանդերձ արած հիմարությանս դեմ, դժգոհ ինքս ինձնից ու աշխարհում ամեն ինչից: Մռայլվել էի, այսինքնՙ թեպետ ժամանակավորապես, անշուշտ, գիտեմ, բայց մեջս մարել էր բնավորությանս մանկուց ի բնե շնորհված մեծագույն պարգեւըՙ ներքին ժպիտիս լույսը:
Այնքան էլ հեշտ չէ ազատվելը պաշարած սեւ մտքերից, այսինքն վատ տրամադրությունից: Բայց նաեւ պետք չէ քչփորել այդ հոգեվիճակը, խորքից ավելի ու ավելի գլուխ կցցեն խռովիչ հարցեր ու հարցեր, մի ամբողջ լեգեոնՙ անձնական կյանքից, հասարակական կյանքից մինչեւ... դե՜հ, սատանան գիտե: Մի քիչ էլ, այսպես ասած, ծիծաղելի չի՞ թվում այդ «տրամադրություն» կոչված հոգեվիճակների հարահոլով փոփոխականությունը մարդկային կյանքում: Այս կամ այն պատճառով կամ երբեմն չգիտես ինչու վատանում է տրամադրությունը, դառնում անկումային, հետո մի ուրիշ հայտնի կամ անհայտ պատճառից թեւ առած լավ տրամադրությունը նույնիսկ երկինք էլ է թռչում, եւ ի՞նչՙ հարցե՞րն էլ են շտկվում, լայբնիցյա՞ն է դառնում այս աշխարհըՙ «հնարավոր աշխարհներից լավագո՞ւյնը»:
Համենայն դեպս, ինչպես էլ նայենք, շատ բան, ըստ երեւույթին, հենց տրամադրությունից է կախված: Մերթ լավ, մերթ վատ, ալիք առ ալիք, եւ կարծես այդ ալիքների խաղալիք ենք դառնում: Մերթ իջնում, տեսնում ենք բուն կեցության դաժան, մեր գոյության կամ չգոյության հանդեպ անտարբեր իրականությունը, մարդկային ստորություններն էլ դրա հետ: Մերթ վերանում ենք այդ դաժան իրականությունից, օրորվում բարձր գաղափարներով, գեղեցիկ ու վսեմ ապրումներով, այս աշխարհում մեր գոյությունը եւ նույնիսկ մահից անդին չգոյությունն էլ իմաստավորելով ու արժեւորելով: Գուցե սա՞ է մարդ էակին ճակատագրված «բնականոն» վիճակը, լայն իմաստով տրամադրությունների հարահոլով օրորման մեջ, որ մարդկության կյանքն է թե՛ իր առօրյայով, թե՛ Ժամանակի ընթացահոսքում պատմական ճակատագրով: Արդյոք կեցության այդ բուն դաժան իրականությունից խուսափելու ձգտում չէ՞, կամ ասենքՙ ինքնախաբեության պատրանային, անգամ նվիրական թվացող մի խաղ չէ՞, օրինակ, Ստոիկյան կամ Էպիկուրյան ատարակսիան էլ, Լայբնիցի լավատեսությունն էլ, Շոպենհաուերի հոռետեսությունն էլ, Գյոթեի օլիմպիական անդորրությունն էլ, Սպինոզայի amor Dei intellectualis*-ն էլ, Մեծարենցի անանձնական... չէ, չեղավ. այս առումով Մեծարենցի անունը տալն իսկ սրբապղծություն է, գոնե ինձ համար: Ահա, հակառակ «պետք չէ» ասելուս, քչփորել սկսեցի դատողության քերիչով, որ հանկարծ սիրտս ծակեց: Ծիծաղելի չէ: Գուցե դատողությունը չգիտեմ ինչ անճշտությա՞ն հասավ, մոռանալով տիեզերական այն մեծ խորհուրդը, որի... ստո՛պ:
Գրիչս վերցրել էիՙ նախ պարզապես ասելու, որ երեկ առավոտ վատ էր տրամադրությունս, եւ թե հետո ինչ եղավ:
Վատ տրամադրությանը պետք չէ հանձնվել, պետք է հաղթահարել: Կամքի ուժով դժվար է դա, կարծում եմՙ անհնար նույնիսկ: Ավելի օգնում են արտաքին բաներ, ամեն մարդու ըստ բնավորության: Հաղթահարելու լավ միջոց է, ինձ համար, քայլելը, թափառելը, դիտելը, հենց ֆիզիկական շարժումն իսկ: Որեւէ մարդու հետ չեմ ուզում լինել այդ հոգեվիճակում: Մանավանդ որ, գիտեմ, ակամա բերանս կբացվի սեւ մտքերով, կարող եմ հոռետես տրտնջացողի տհաճ տպավորություն թողնել, իսկ դա ճիշտ չէ, ես այդպիսին չեմ իմ բուն խառնվածքով: Եվ ինչո՞ւ մի ուրիշի էլ տրամադրությունը փչացնելու մեղքը գործեմ...
Շուտ իջա ճաշարան, դեռ իմ սեղանակիցներից առաջ, հազիվ մի պատառ հաց կերա թեյի հետ ու իսկույն, ետեւի կողմով, հեռացա դեպի վեր: Յալթայի վերնամասում երկրորդական, գրեթե ամայի փողոցներով, բարձրանալով նաեւ մոտակա բլուրները, տեղ-տեղ կանգ առնելով, նստելով, ծխելով ու դիտելով բացվող տեսարանները, թափառեցի մի քանի ժամ, հետո իջա մինչեւ հայոց եկեղեցին: Այնտեղ բավական նստեցի Վարդգես Սուրենյանցի շիրիմի մոտ...
Եղանակը պարզվել էր արդեն, բայց արեւը շղարշված լիներ կարծես, տոթ էր: Տրամադրությունս էլ ոչ թե պարզվել, այլ վերածվել էր մի տեսակ բթացման, ինչպես տոթը այդ ճնշիչ ամպամածությունից հետո: Չկա մտքի շարժում, ներսումս փակ է մի բան, հազիվ կաթում է մի միտք ու ճապաղում կարծես, չի հստակվում, դառնում է համեցող հայեցողություն, հոսք չկա, շարունակություն չկա: Գիտեմ այդ հայեցողական տարտամ վիճակն էլ, անօգուտ է կենտրոնանալու, միտքը հստակեցնելու, շարունակելու ճիգը, ինքնիրեն պետք է բացվի հոսքը...
Ճաշից հետո, սենյակս քաշված, փորձեցի կարդալ: Չեղավ: Դեռ բթացած վիճակն էր, չգրավեց ո՛չ Պլատոնը, որի «գեղարվեստական» տրամախոսությունների ընտրանին հետս բերել ու վերընթերցում եմ այստեղ, ո՛չ էլ Ստեֆան Ցվայգը, որի մի հատորը գտա Ալուպկայի գրախանութումՙ «Հանդիպումներ մարդկանց, քաղաքների, գրքերի հետ» սքանչելի էսսեների շարքը պարունակող: Երբ ներսում փակ է այդ չգիտեմ ինչը, ոչ միայն դեպի դուրս միտք չի հոսում, այլեւ դրսից էլ չի ընդունվում մտքերի հոսք: Բթացած վիճակում ընթերցելը հանցանք է հեղինակի հանդեպ, նաեւ ինքնզինքիդ, այդ վիճակում կաշկանդված հոգուդ հանդեպ: Թեեւ բավական հոգնած, դեռ ֆիզիկապես շարժվելու պահանջ էի զգում: Անկողնի վրա մեկնված նայում էի առաստաղին. էլ չեմ ուզում թափառել, ի՞նչ անեմ, գնա՞մ մի տեղ, ո՞ւր գնամ...
Հանկարծ մի ցանկություն կայծ տվեց. նավակ քշեմ: Տեսել եմՙ նավակով զբոսնում են ծովում, բայց հատուկենտ, ու մտքովս չէր անցելՙ այստե՞ղ էլ վարձու նավակի կայան կա. չէ՞ որ գետ կամ լիճ չէ երկրի ներսում, բաց ծով է, ի՞նչ իմանաս: Բայց գուցե կա՞ իրոք: Կայծը բոց տվեց, վեր թռա իսկույն: Արագ իջա ծովափ, ուղղակի կարճ ճամփով, տների միջեւ նրբանցքներով, Սպենդիարյանի հին տան մոտով: Հարցրի մեկին: Ցույց տվեց աջ կողմը հեռուն: Գտա. խճողված լողափի ծայրին էր, առանձին անկյուն, ահա մի տասնյակի չափ նավակներ շարված ափին, ծովին ուղղված: Աստված իմ, ինչո՞ւ չի անցել մտքովս, ի՜նչ մեծ հաճույք եմ կորցելՙ ահա քսան օր արդեն, ու անցյալ ամառ էլ գրեթե մի ամբողջ ամիս այստեղ: Այդ հաճույքը քանիցս վայելել եմ Մոսկվա գետի վրա Սերեբրյանի Բոր զբոսայգում, Ռիգայի մոտ Դուբուլտիում էլ Լիելուպե գետի վրա, իսկ այժմ ահա ծովո՜ւմ կվայելեմ դարձյալ, ինչպես տարիներ առաջ, երբ Կիպրոսից վերադարձել էի Աթենք, եղբորս հետ նավակ էինք վարձում Պարասկեւայի գողտրիկ ծովածոցում եւ ժամերով բացվում դեպի ա՜յն ծովի վճիտ կապույտըՙ ատտիկյան ոսկեշող կապույտ երկնքի տակ...
Վարձեցի մեկ ժամով, նավակը հրեցինք դեպի ջուրը այն տղայի հետ, ինքս ընթացքում ցատկեցի նավակի մեջ: Տղան զգուշացրեց, որ այն հեռվում ծովի վրա կարմիր սահմանագնդեր են ծփում, անդին չանցնեմ, արգելված է, ու վարձի տոմսս տալովՙ անձնագիրս էլ վերցրեց մոտը: Օհո՜, հասկացա. է՛հ, գոնե մինչեւ սահմանը հո կարո՜ղ եմ ազատ քշել: Իսկ ծովը հանդարտ, մեղմ ծփծփուն էր, ու խայտալից թափով սկսեցի թիավարել, ուղիղ դեպի բաց տարածություն, հեռանալով արագորեն: Զարմանալի է. երբ այդպես արագ հեռանում ես, մեկուսանում ջրային բաց տարածությունում, դիմացդ ինչպես փոքրանում է ամեն ինչ, լողափը մերկ մարմինների մի երկար մրջնանոց է թվում կարծես, հետո նույնիսկ հազիվ է երեւում: Մի քառորդ ժամ հետո կանգ առա: Մեղմ օրորվող նավակում նստած, ձեռքերս թիերին, դիտում էի Յալթայի համայնապատկերը:
Ահա վերեւում մեր նարնջագույն շենքը ծառերի մեջ, երեւի Մարշակը հիմա նստած կլինի իր պատշգամբում, ի՞նչ է անում արդյոք: Մի նոր քառյա՞կ է գրում, կամ Ուիլյամ Բլե՞յք է թարգմանում, կամ էլ կարդո՞ւմ էՙ գիրքը մոտեցրած աչքերին: Անշուշտ, նա էլ ունենում է վատ տրամադրության պահեր: Անցյալի այն դաժան տարիներին, մանավանդ, երեւի շատ է ունեցել: Հաղթահարելու նրա միջոցն էլ իր մոլեռանդ աշխատասիրությո՞ւնն է, այս ծերունական տարիքին անգամ, հիվանդկախ, գիրուկ մարմնով հազիվ շարժվելու չափ տկար, բայց միտքը չափազանց աշխույժ...
Ահա այն աջում լավ երեւում է հայոց եկեղեցին իր բնորոշ հայկական գմբեթով: Կեսօրին այնտեղ նստել էի բակում Վարդգես Սուրենյանցի շիրիմի մոտ, ու թեպետ այն բթացած վիճակում տակավին, այն տոթին, բայց հենց այնտեղ էլ մի ներքին անդորրություն սկսել էր արդեն իջնել հոգուս, իմ այն սիրելի բազմաբեղուն նկարչի մոտ, որից էլ... վերցրել եմ իմ «Սուրենյան» գրական ծածկանունս, երբ 1951-ին, ամսագրում առաջին պատմվածքիս տպագրությանը, հակառակ դիմադրությանս, ինձ ստիպելու նման «խորհուրդ տվին» որպես գրող հրաժարվել իբր կրոնաշունչ իմ բուն տոհմային ազգանունիցՙ Սարկավագյան: Որը սակայն ընդմիշտ պահպանել եմ անձնագրիս մեջ ու, բնական ընթացքով, փոխանցել եմ պապերիցս եկող տոհմական շղթայի հաջորդ օղակինՙ որդուս: Չէ՞ որ դեռ մանկուց, Աթենքում, երբ գիտակցության եմ եկել, ինքս ինձ զգացել եմ իմ այդ ուրույն, զուտ հայաշունչ ավելի, քան թե կրոնաշունչ ազգանունովՙ տանը, դպրոցում, աշխարհում...
Ու հանկարծ փոխվեց համայնապատկերը: Աթենքն էր դիմացս, իմ մանկության Աթենքը, երբ նայում էի ծովիցՙ շուրջն այն Իմիտոս, Պենտելի, Պառնիթա, մեր գաղթականական հայաշատ արվարձանի մոտ էլ Ասպրախոմատա լեռներով, մեջտեղում Ակրոպոլիսի գլխին Պարթենոնի տաճարով: Եվ մանկությանս խորքից, երբ հինգ կամ վեց տարեկան էի երեւի, եկավ կրկին կյանքիս այն մի պահը, այնքան վառ տպավորված, որ երբեք չեմ մոռանա, քանզի դա կարեւորագույն մի սկիզբ էր. այն ամառային առավոտը, երբ շապիկ-վարտիքով դուրս էի գալիս փողոց եւ դռնից նայեցի աջՙ հեռվում Արեւն էր նոր ծագած եւ Պարթենոնը ոսկելույսի մեջ, ու թվացՙ դա հեռու էլ չէ, մոտ է, այնքան մոտ, իմ մեջ իսկ, եւ այնպիսի՜ ուրախություն զգացի հանկարծ, գուցե առաջին անգամ գիտակցելով նույնիսկ, որ դա Ուրախություն է: Եվ այդ պահի հետ, ինչպես միշտ, եկավ այն հիշատակն էլ, թե այդ տարիքում կամ չէ, ավելի առաջ, մի անգամ հարցրել էի հորսՙ ի՞նչ է բլրի վրա այն շատ սյուներով զարմանալի տունը, եւ նա ասել էրՙ դա աստվածների տուն է, կամ այդպես էր տպավորվել նրա ասածը մտքիս մեջ: Հիշեցի նաեւ այն երեկոն, այդ նույն տարիքում, երբ գնացի ու գնացի մեր արվարձանային հողահատակ փողոցովՙ իբր հասնելու աչքիս մոտ թվացող այդ Պարթենոնին, փողոցից հետո էլ շարունակեցի գնալ այգիների մեջ երկարող ճանապարհով, բայց մի հորթուկ տեսա ցանկապատի ետեւ ու սկսեցի «խոսել» նրա հետ, եւ մութն ընկավ: Դարձա տուն վերադառնալու, բայց մի էլեկտրասյան վառված լամպի տակ նստեցի ու չգիտեմ ինչու լաց եկա, եւ մեր հույն հարեւանը ինձ տեսավ, ձեռքիցս բռնեց ու տարավ տուն: Հիշեցի նաեւ, երազի նման, ինչ-որ գիսաստղի մասին խոսակցությունը մեր բակում, թե աշխարհը կարող է վառվել այդ գիսաստղի պոչից, եւ ինչպես գիշերը երկինք էի նայում ահով ու ափսոսանքով, ու «Հայր մեր» ասելով խնդրում էի Աստծուն, որ չվառվի աշխարհը...
Այդ հիշատակները կապվեցին իրար, մի պատմություն սկսեց կազմվել մտքումս: Թե գիսաստղի մասին այն խոսակցությունը մեր բակում եղել էր հենց այն երեկո, եւ ես մեր փողոցն ի վար գնում էի հասնելու Պարթենոնՙ աստվածների տունը, խնդրելու Աստծուն, որ չվառվի աշխարհը, եւ երբ մութն ընկավ, էլեկտրասյան տակ նստեցի ու լաց եղա աշխարհի համար, ինձ ու ծնողներիս, տատիս, մորեղբորս, փոքր եղբորս, հարեւանների, այն հորթուկի, ամեն ինչի համար, ու գիշերն էլ «Հայր մեր» ասելով խնդրեցի, խնդրեցի, որ չվառվի աշխարհը եւ քնեցի մանկական խոր քնով: Իսկ հաջորդ առավոտ տեսա լուսամուտից կապո՜ւյտ երկինքը, տեսա, որ կա, չի վառվել աշխարհը, շապիկ-վարտիքով վազեցի փողոց, տեսա, որ արեւը ոսկելույս ծագել է Պարթենոնից, եւ այդ ոսկելույսն զգացի սրտիս մեջ ու այնպե՜ս, այնպե՜ս ուրախացա: Սքանչելի պատմվածք կլինի, գրեմ անպայման:
Գուցե ոչ մի մտահղացում այդպես չէր հորդել միանգամից, այդպես արագ չէր զարգացել: Պատմվածքի մանրամասները կենդանի գալիս էին աչքիս, կարծես շտապեցնում ինձՙ գրի՛ր, գրի՛ր իսկույն: Ու այդպեսՙ մինչեւ նավակը հանձնեցի, մինչեւ եկա սենյակս ու նստեցի գրասեղանի առաջ: Ու առաջին իսկ տողից հոսեց, ասես պատրաստ ծնվեց պատմվածքը միանգամից, չգիտեմՙ երկո՞ւ ժամ տեւեց թե ինչքան. մոռացել էի ժամ ու ժամացույց:
Ահա սեղանին է հիմա, բլոկնոտից պոկված թերթերՙ իմ մանրատառ ուղիղ տողերով, գրեթե ոչ մի բառ չէ ջնջված: Երբ տանը մեքենագրեմ, գուցե դեռ մշակվի, կոկվի մի քիչ: Բայց ինձ թվում էՙ սա լավագույն բանն է, որ գրել եմ կամ գրելու եմ երբեւիցե: Թվում է նույնիսկ, որ ոչ թե պատմվածք հորինեցի այդ հիշատակները շաղկապելով, այլ հենց այդպես էլ եղել է, ենթագիտակցությունը հանկարծ մատուցեց բուն եղելությունը, որի դրվագներն աստանդել է հիշողությունն իր քմահաճությամբ. այդ երեկո «աստվածների տունն» էի գնում հենց խնդրելու Աստծուն, որ չկործանվի աշխարհը, իսկ հաջորդ առավոտ Պարթենոնի վրայից ծագած ոսկեհորդ արեւին նայում էի մանկական սրտիս ընդոծին զմայլված ժպիտով, եւ սրտիս մեջ էլ ծագում էր ու արդեն բացվող գիտակցությանս երկինքը լուսավորում այս գեղեցիկ աշխարհը սիրելու անանձնական Ուրախության արեւը:
Պատմվածքը վերնագրեցի... «Ուրախություն»:
12 սեպտեմբեր 1963, Յալթա
ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ
*Իմացական սեր առ Աստված (լատ.):