ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 0000-00-00 | #12, 2007-06-16


ՄԻ ՓՈՔՐԻԿ ԵԿԵՂԵՑԻ ՄԻ ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Անատոլիայում գտնվող մի լճի կղզու վրա կանգնած էր ավերակ դարձած հայկական Աստծո տաճարը: Այժմ Թուրքիան այն վերականգնել է եւ սա «վերին քաղաքականություն» է:


Գերմանիայում մեծ հեղինակություն վայելողՙ «Բեռլիներ Ցայթունգ» օրաթերթն իր ապրիլ 2-ի համարում հրապարակել է լրագրող ՎՈԼՖԳԱՆԳ ՔՈՀՐԹԻ հոդվածը: Նա այն 10 թղթակիցներից մեկն է, որին Թուրքիան հրավիրել էր Սուրբ խաչ եկեղեցու բացման արարողությունը լուսաբանելու համար:

Հոդվածը հստակորեն ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունը «մշակութային» ձեռնարկումը փորձում վերածել քաղաքական հաղթանակիՙ հակահայկական քարոզչության: (Ու պատկերացնե՜լ, որ մեր մշակույթի նախարարությունը կամա թե ակամա մասնակիցը դարձավ այդ սցենարի): Բարեբախտաբար, ինչպես երեւում է գերանացի լրագրողի հոդվածից, դա այդ երկրի կառավարությանը ամբողջովին չի հաջողվում: Բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան:


Վան: Թուրքիայի ամենաարեւելյան ծայրամասըՙ եւս 100 կմ եւ սկսվում է Իրանը: Սա ամենածայրագույն Արեւելյան Անատոլիան է, ուր կանգնած է այս եկեղեցին` մի ժայռոտ կղզու վրա, խաղաղ Վանա լճում: Շուրջբոլորը տարածվում է դարչնագույն, քարոտ մի երկիր: Մարդկանց այստեղ հազվադեպ կհանդիպես: Միայն այս օրն է, որ իրավիճակը մի քանի ժամով փոխվում է:

Ձյունածածկ Արտոս լեռան շվաքում հավաքված երկուսից երեք հարյուր մարդ ցանկանում է նավերով ցամաքից տեղափոխվել Աղթամար կղզի: Այնտեղ է կանգնած Սուրբ Խաչ եկեղեցին: Այն կառուցվել է 10-րդ դարում եւ հայերի ամենակարեւոր սրբավայրերից մեկն է համարվում: Այսօր առանձնահատուկ օր է նրանց համար: Թուրքիան վերականգնել է վաղուց քանդված Աստծո տունը: Այսօր առանձնահատուկ օր է թուրքերի համար: Բազմաթիվ երկրներից թղթակիցներ են ժամանել երկրի այս վերջին անկյունը եւ սա իր պատճառն ունի:

Պատճառը հեռու անցյալում է, բայց ոչ այնքան հեռու, որ կատարված իրադարձությունները, մարդկանց հուշերում եւ պատմության գրքերում հանգիստ թողնվեն: 1915-16 թթ.-ին, ներկայիս Թուրքիայի հանրապետությանը նախորդած Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ հայ ժողովրդի ողբերգությունը: Տեղահանություններն ու զանգվածային կոտորածները հայերն անվանում են ցեղասպանություն, թուրքերը` պատերազմական պայմաններում տեղահանություններ կամ «դեպքեր»: Զոհերի թիվը տատանվում էՙ նայած տեսանկյան: Պոլսո հայոց Պատրիարք Մեսրոպ Բ-ն նշում էՙ «նվազագույնը` 1 մլն», ուրիշներն էլ խոսում են 1,5 միլիոնից: Թուրքերն այլ տեսակետ ունեն դեպքերի վերաբերյալ. «Այո՛, զոհեր եղել են, բայց ոչ ավելին»: Նրանք հրաժարվում են խոսել ցեղասպանությունից, մի բան, որ պահանաջում են հայերը: Այս հակասության փակուղու մեջ աշխարհի ծայրամասում գտնվող մի փոքրիկ եկեղեցու վերականգնումը, այսպիսով, կարող է չափազանց մեծ նշանակություն ունենալ:

Իրավիճակը երկու երկրների միջեւ բարդ է:

Հայերի ազգային խորհրդանիշը` Արարատ լեռը, գտնվում է Թուրքիայի տարածքում` Վանա լճից ոչ հեռու: Թուրքիան եւ Հայաստանը սահմանակից են, բայց սահմանը վաղուց ի վեր փակ է: Հայաստանի մայրաքաղաք Երեւանից Սուրբ Խաչ եկեղեցու բացման հանդիսությանը ժամանած հայկական պատվիրակությունը եկել էր Վրաստանի տարածքով: Խմբի մեջ էր մի երիտասարդ կին գիտնական, որը կանգնած էր եկեղեցում, այդպիսովՙ ներկայի ու մութ անցյալի միջեւ: Նա մոմ ուներ իր ճամպրուկում:

Մի մեծ ծրագիր

Վանա լճից նայելիս Թուրքիայի մյուս ծայրումՙ Ատամբուլի Սուլթան-Ահմեդ թաղում գտնվում է Օսմանյան արխիվը: Եկեղեցու բացման նախօրեին կարելի էր հանդիպել տնօրեն Մուստաֆա Բուդաքին: Նրա գրադարակներում ծավալուն թղթապանակներ կան, որոնցում շատ պատմություն է թաղված: «1915-16 թթ.,- ասում է նա,- հարկավոր էր հեռացնել հայերին իրենց բնօրրաններից, քանզի նրանք դավադրաբար համագործակցում էին մեր պատերազմական հակառակորդ Ռուսաստանի հետ: Ընդամենը 200-300 հազար հայեր են մեռել, այն էլ պատերազմական իրավիճակներում: Թեյ կցանկանա՞ք»,- հարցնում է Բուդաքը եւ ցույց տալիս սկուտեղը, որը սպիտակ ձեռնոցներ հագած սպասավորը ներս է բերում այդ պահին:

Օսմանյան արխիվը կազմակերպված կոտորածների մասին ոչ մի փաստաթուղթ չունի: Ընդհակառակըՙ նա ունի փաստաթղթեր այն մասին, որ Օսմանյան կայսրությունում հայերին օգնում էին վերաբնակվելու եւ պաշտպանում էին նրանց վայրի քուրդ ցեղերի ոտնձգություններից: Մարդ այլ կերպ պետք է նայի եղելություններին,- ասում է տնօրեն Բուդաքը,- բացի այդ, այն ժամանակ հայկական հրոսակները սպանեցին 500 հազարից ավելի թուրքերիՙ «դուք դրա վրա պետք է կենտրոնանաք»:

Այս խորհուրդը տվյալ դեպքում ուղղված է այն 10 թղթակիցներին, որոնց Թուրքիան 10 եկրներից հրավիրել է Աղթամար կղզի այդ փոքրիկ եկեղեցու պատճառով: Հյուրընկալողները մեծ ջանք են գործադրումՙ դեպքերի վերաբերյալ իրենց տեսակետը հայտնելու: Առաջին գրությունները թղթակիցներին արդեն բաժանել էին նրանց երկրներում գտնվող Թուրքիայի դեսպանատներում: «Մի ցեղասպանության առասպել» կամ «Հայկական պնդումները եւ պատմական իրողությունները»ՙ մի ավստրիացու հեղինակած գիրք հայ ծայրահեղականների մասին: Թուրքիայում դրան հետեւում են զանազան հանդիպումներ Ազգային ժողովի պատգամավորների, տնօրենների, թղթակիցների եւ պրոֆեսորների հետ, որոնք հայկական հարցի մասին մեզ ճիշտ պատասխաններ փոխանցելու հանձնառություն ունեն: Օրեց-օր աճում է գրականության ծավալը թղթակիցների ձեռքերում եւ այդպես էլ ավելանում է գրականությամբ լցված տոպրակների թիվը, որոնք մնում են ավտոբուսի նստարանների տակ: Այստեղ կան գրքերՙ «Հայերի վերաբնակեցումը», «Հայկական հարցը» գերմաներենովՙ մի հեղինակից, «Հայկական հարցը» անգլերենովՙ մի այլ հեղինակից եւ էլի ուրիշներՙ «Հայերը Օսմանյան փաստաթղթերում», «Մեծ պատերազմը եւ ողբերգությունը Անատոլիայում»: Բայց դա դեռ բոլորը չէ:

Սա կարող էր մի մեծ ծրագիր լինել, հավանաբար, ռազմական գլխավոր շտաբի պլանՙ մշակված մի երկրում, որը ցեղասպանություն բառով իր արժանապատվությունը պղծված է տեսնում եւ, վերջապես, ցանկանում է ամեն ինչ ճիշտ անել: Մի բան, որ, հավանաբար, իրեն չի հաջողվում:

Թուրքիայի հեռուստատեսությունը տոնական օրվա առիթով կղզու վրա, եկեղեցու դիմաց տեղադրել է տեսախցիկի երկար շարժաձողը: Այս պահը պիտի լինի ոչ միայն լոկ հանդիսություն, այլ այստեղից աշխարհին մի պատգամ պետք է հղվի:

Քումքափին Իստամբուլում մի թաղամաս է, ուր նախկինում հայերն էին բնակվում, բայց հիմա շատ քչերն են մնացել: Խոսքը վերաբերում է տասնհինգ ընտանիքի: Բայց կա մի հայկական դպրոց, որը 1830 թ.-ից այստեղ է, ուր վաթսունական թվականների վերջին այցելել է Հրանտ Դինքը` այն հայ թղթակիցը, որը սպանվեց 2007 թ.-ի հունվարի 19-ին Ստամբուլում: Տնօրենուհին է Մարգարիթ Եսիլթեփեն, մի փոքրիկ, նիհար հայ կին, որը մեզ պիտի պատմեր, թե ինչքան է Թուրքիայում հարգվում հայկական մշակույթը: Ուսուցիչների մեծ մասը հայեր են, բայց պատմության ուսուցիչը թուրք է: «Պատմությունը ուսուցանում ենք ըստ կրթության նախարարության ծրագրերի»,- ասում է տնօրենուհին: Ողբերգություն կամ ցեղասպանություն բառերը չեն հնչում այս դպրոցում:

Տիկ. Եսիլթեփեն, դպրոցի մասին պատմելու ողջ ժամանակամիջոցում նստած է աթոռի եզրին: Նրա աչքերն անհանգիստ են ու անվստահ: Մի անկյունում ինքնավստահ կեցվածքով բազմած է նրա տեղակալը` ծագումով թուրք Սինան Սիվաշը: Նա հաճախ ընդhատում է տնօրենուհուն, ու վերջինս էլ տեղի է տալիս դրան: Տեղակալը ջանում է հաղորդել, որ աշակերտները ծանոթանում են իրենց ժողովրդի գրականությանը ու կրոնին, որ ամեն ինչ լավ է, ու հայերը թուրքիայում հարգված են:

Այդ օրը Ստամբուլում պաղ երեկո էր: Սակայն ընթրիքի արարողությունը զանգվածային լրատվամիջոցների եւ պատմության գիտակների մեծապատիվ ներկայացուցիչների հետ, տեղի ունեցավ մի ջերմ, ապակեպատ ռեստորանումՙ Բոսֆորի ափին:

Դա, կարելի է ասել, քաղաքական ընթրիք էր: Դրսումՙ Եվրոպայից Ասիա տանող կամրջի դիմաց, կանգնած է լուսավորված Օրթաքոյ-Մզկիթը, ու ջրերի վրա մթության մեջ լողում են նավթատար նավերը: Սա գեղեցիկ վայր է ուտել-խմելու եւ դիտելու համար, սակայն այս պահին դա երկրորդական է: Այս հանդիպումը առաջին հերթին հայկական հարցը արծածելու առիթ է տալիս: «Ինչու՞ են եվրոպացիներն անընդհատ ցեղասպանությունից խոսում»,- հարցնում է մի հանրածանոթ հեռուստալրագրողուհիՙ նախքան առաջին կենացն ասվելը: «Ինչպե՞ս է հաջողվում հայկական Սփյուռքին ներազդել այդքան մեծ թվով խորհրդարանների վրաՙ ըստ իրենց մտայնության,- եւ միաժամանակ, ինքն էլ տալիս է պատասխանը,- ցեղասպանության տեսությունը միակ բանն է, որ այս ժողովրդին համախմբում է: Նրանք, դրանից բացի, էլ ոչ մի բան չունեն համախմբող»: Բայց, արդյո՞ք հայերը չունեն մի ընդհանուր լեզու, մի մշակույթ, մի կրոն ու նաեւՙ մի ծագում:

Գործողության վայրերը Թուրքիայում փոխվում են, բեմերն ու դերակատարներըՙ նույնպես: Վերջում մենք կգտնվեք Վանա լճի ափին, բայց պատասխանները, փաստորեն, մնում են նույնը: Արտաքին գործերի նախարարության անվտանգության պետը ցույց է տալիս պատմական լուսանկարներ, որոնք վերաբերում են հայերիՙ մի մաքուր վրանային ճամբարում վերաբնակեցմանը: «Ուշադրություն դարձրեք «Կարմիր խաչի» դրոշին»: Թուրքիայի պատմաբանների ընկերության նախագահն ասում է, որ Թուրքիայի արխիվներում ոչ մի բան չի հուշում այն մասին, որ որեէ ցեղասպանություն է տեղի ունեցել:

Սակայն կան այլ արխիվներ, օրինակ, Արտաքին գործերի նախարարության արխիվըՙ Բեռլինում: Գերմանիան եւ Թուրքիան զինակիցներ էին առաջին համաշխարհային պատերազմում: 1915 թ. հուլիս 16-ին, օրինակ, դեսպանությունը Ռայխսկանցլերին է հղում մի տեղեկագրություն, ըստ որի օսմանները շարունակում են «Հայերին տեղահանել եւ նրանց վերաբնակեցնելով անապատային տարածքներումՙ ոչնչացման են մատնում»: «Հայերի տեղահանումը օրըստօրե ավելի է զանգվածային կոտորածների բնույթ կրում»,- 1915 թ. սեպտեմբեր 6-ին փոխանցում է Ադանայում Գերմանիայի հյուպատոսը: 1916 թ. դեկտեմբեր 4-ին Գերմանիայի հյուպատոսը Էրզրումում գրում է իր մտահոգությունը, «որ հայերի տեղահանությունը նրանց ոչնչացումն է նշանակում եւ դժբախտաբար իրականություն է դարձել»: Եթե մեկը Թուրքիայի պատմաբանների ընկերության նախագահին խնդրում է մեկնաբանություններ տալ այս մասին, նա ասում է, որ գերմանական փաստաթղթերի մեծ մասը խարդավանքի են ենթարկված:

Հայկական «Ակօս» թերթի խմբագրությունը գտնվում է Իստամբուլի աշխույժ փողոցներից մեկում: Դռան դիմացի մայթին երեւում են մուգ հետքեր: Այս վայրում թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց թուրք ազգայնամոլի հրազենից: Տան միջանցքն այժմ 4 զինված ոստիկաններ են հսկում: Դինքը միշտ հստակ դիրքորոշում ուներ հայկական հարցի վերաբերյալ եւ, այդ պատճառով էլ, դատապարտվել էր «թուրքականության դեմ վիրավորանքի» հոդվածով: Իր վերջին հոդվածներից մեկի վերնագիրն էրՙ «Արդյո՞ք վստահ եք: Արդյո՞ք սա Ձեր վերջին որոշումն է»:

Բովանդակությունը վերաբերում էր Վանա լճում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հանդիսավոր բացման թվականին: Սկզբում նախատեսված էր ապրիլի 24-ը, որը համայն հայության սգո օրն է, քանզի 1915 թ. ապրիլի 24-ին սկսվեցին հայերի տեղահանությունները: Թուրքերը զգացին, որ այդ օրը ոչ մի հայ չի մասնակցելու տոնակատարություններին: Սա լավ տպավորություն չէր թողնի, այդ պատճառով էլ նրանք առաջարկեցին ապրիլի 11-ը: Ապրիլի 11-ը, ըստ Հյուլյանոսի օրացույցի համընկնում է Գրիգորյան օրացույցի ապրիլի 24-ի հետ: Թուրքերը հասկացան, որ նաեւ այդ օրը ոչ մի հայ Վանա լիճ չի այցելի:

Ուղղաթիռներ ժայռերից վեր

«Ակօս» թերթի նորանշանակ խմբագրի անունն է Էթիեն Մահչուպյան: Նրա նստավայրում, մի նեղլիկ գրասենյակում, տեղադրված են թերթերի կապոցներ, իսկ պատերից հայկական մոտիվներով պատկերներ են կախված: Նա ասում էր, թե տակավին չի կարողանում ըմբռնել, որ իր ընկերն այլեւս չկա: «Այդ սպանությունը այս երկրի քաղաքական մթնոլորտի մի մասն է կազմում: Դուք նկատած կլինեք, որ դրսումՙ տան ճակատին, «Ակօս»-ի ներկայությունը ոչնչով չի նշմարվում: Սա մեզ մոտ ավանդական պահվածք է դարձելՙ մեզ չցուցադրել բացահայտորեն»:

Վանա լճի ափին` այնտեղ, որտեղ դեպի Աղթամար տանող նավերի նավամատույցներն են գտնվում, մի ցուցանակ հայտարարում էՙ «Աղթամար եկեղեցու մոնումենտալ թանգարանը աշխարհին բարի գալուստ է մաղթում մի ընդունելությամբ, որին իր ներկայությամբ պատվելու է մշակույթի նախարար Աթթիլա Քոչը»:

Նավերը պատրաստվում են մեկնելու, նրանց ուղեկցում է սուզակների ներկայությամբ մի արագնթաց նավ: Նրանք բոլորը զարդարված են դրոշներով, բացի հայկական դրոշից: Տեսարանի վրա ճախրում է զինվորական մի ուղղաթիռ, ժայռոտ կղզին, նույնպես վերահսկում են մուգ համազգեստ կրող անվտանգության ծառայողները: Սուրբ Խաչ եկեղեցու մուտքի ձախ կողմում զետեղված է Քեմալ Աթաթուրքի պատկերըՙ աջում մի հսկա թուրքական դրոշ: Այդ օրը մեծ օր է խոստանում դառնալ:

Պոլսո Պատրիարք Մեսրոպ Բ-ն ասում է. «Թուրքերը համոզված են, որ աշխարհով մեկ ճիգեր են գործադրվում վարկաբեկելու նրանց: Մեր եկեղեցու վերականգման միջոցով նրանք ցանկանում են գերիշխող պատասխան տալ աշխարհին: Նրանք ուզում են ասել, որ այդ ամենով հանդերձ, հայերի կրոնական սրբավայրերի հանդեպ խնամակալ վերաբերմունք ունենք»:

Հարցը նրանում է, թե արդյո՞ք այդ պատասխանը գերիշխող ազդեցիկ կլինի: Եկեղեցին չի վերաբացվում որպես Աստծո տուն, այլՙ որպես թանգարան: Չկա ոչ մի քրիստոնեական ծիսակատարություն, այլ առկա է լոկ հանդիսություն: Վերականգնված եկեղեցին խաչ չունի իր գմբեթին, քանզի թուրքերն ասում են, որ այնտեղ երբեւիցե խաչ չի եղել, սակայն կան լուսանկարներ, որոնք փաստում են այդ եղելությունը: Երեւանից ժամանած երիտասարդ գիտնական աղջիկը կանգնած է դարերից եկած որմնանկարների առջեւ եւ չգիտի, ուրախանա՞ արդյոք, թե՞ ոչ: Եկեղեցին վերըստին կանգուն է, սակայն խաչը բացակայում է: Սա մի փոքրիկ քայլ է միմյանց մերձենալու ուղղությամբ, բայց նա գիտի նաեւ իր ընտանիքից իրեն ժառանգված բանահյուսությունները: Նա կանգնած է այնտեղ եւ, այսպես ասենքՙ նա ցնցված է: Երիտասարդ կինը իր հետ բերել է սպիտակ մոմեր, նա առաջիններից է, որ իր բերած մոմերը վառում է եկեղեցու մի անկյունում:

Գերմաներենից թարգմանությունըՙ ՇԱՀԵՆ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4