ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Լեհաստանի հոգեւոր կենտորն Չենստոխովա քաղաքում մայիսի 1-6-ը անցկացված ամենամյա «Գաուդեմատեր» («Աստվածամայր») միջազգային հոգեւոր երաժշտության փառատոնին Հայաստանից մասնակցում էր Կամերային երգչախմբի արական կազմըՙ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Այս մասին իմ ուղարկած տեղեկությունը տպագրվեց «Ազգում»: Հիմա տեղին է մի քիչ «արյուն» տալ այս չորուցամաք տեղեկատվությանը, ներկայացնել մթնոլորտն այս եղելությունների: Օրինակ, հիշել այդ ահավոր հոգնածությունը, որ «Հովերի» տղաներիս պատճառեցին գիշերային չվերթերը եւ հաջորդ օրը երթուղային տաքսիով Վարշավայից մինչեւ Չենստոխովա մի քանի ժամ տեւած ճամփորդությունը: Ինչպես հայտնի է, անքնությունը եւ հոգնությունը բացասաբար են անդրադառնում մարդկային մարմնի այդ ամենանուրբ գործիքիՙ ձայնալարերի վրա: Դեռ լավ էր, որ համերգը նույն օրը չէր նախատեսված, ինչպես եղավ անցած դեկտեմբերին, Փարիզում: Սակայն ի պատիվ «Հովերի» պետք է ասել, որ երկու քաղաքներում էլ մեր համերգներն արդարացրին ոչ միայն դասական երաժշտության մեծագույն մշակույթի տեր ֆրանսիացի եւ լեհ հանդիսականների, այլեւ մեր իսկ եւ խստապահանջ ու մշտապես կատարելության ձգտող սիրելի ղեկավար Սոնա Հովհաննիսյանի սպասելիքները:
- Դուք հրեշտակների պես եք երգում, համերգից հետո մեզ ասաց մի երաժիշտ տիկին:
Եթե այսօր տասներեք հայ տղամարդու երգեցողությունը համեմատվում է հրեշտակների երգասացության հետ, ապա լիովին փոխհատուցված կարելի է համարել ինչպես հայ երաժշտության մեծագույն սխրագործ Կոմիտասի, այնպես էլ նրա նախանձախնդիր հետնորդներիՙ հայ երգեցողությունն անխաթար պահելու գործում ներդրած ջանքերը...
Ո՞վ գիտի, գուցե Լեհաստանի սրբազան այդ անկյունն իր յուրահատուկ մթնոլորտով նույնպես նպաստել էր, որ Հայաստանից ժամանած երգիչները լիովին թոթափեն նախորդ օրվա հոգնածությունը եւ անսովոր թարմությամբ ու մեղեդայնությամբ մեկ օրով սրբազնագործեն Չենստոխովան կոմիտասյան Պատարագի աստվածառաք հնչյուններով... Չեմ կարող նաեւ չնշել, որ հատուկ այս հյուրախաղերին Կանադայից մեզ միացավ «Հովերի» անդամ, ներկայումս Մոնրեալի հայկական եկեղեցու երգչախմբի ղեկավար Վարուժան Մարգարյանը, որի` հայ հոգեւոր երաժշտությամբ անդադրում հղկված գեղեցիկ տենորը մի նոր գույն տվեց Պատարագի մեկնաբանությանը:
ՄԱՏԿԱ ԲՈԺԿԱՙ ԹԱԳՈՒՀԻ ԼԵՀԱՑ
Չենստոխովան հայտնի է դեռ 12-րդ դարից որպես ասպետական դղյակ, իսկ 14-րդ դարից որպես քաղաք: Յասնա Գուրա բարձունքում գտնվող պաուլինյանների կաթոլիկ միաբանությանը պատկանող մեծ եկեղեցական համալիրը լեհերի համար նույնն է, ինչ մեզ համար Էջմիածինը եւ իտալացիներ համար` Վատիկանը:
1382 թվականից Չենստոխովայում է գտնվում Լեհաստանի թագուհին: Թեեւ Լեհաստանը վաղուց անտի զուրկ է կայսերական գահ ու թագից, սակայն յուրաքանչյուր հավատացյալ լեհի համար իրենց ազգային թագուհին Չենստոխովայի Մատկա Բոժկան է (լեհերենՙ Աստվածամայր), մի հինավուրց սրբապատկեր, որի հրաշագործ ուժն ամեն տարի դեպ իրեն է ձգում միլիոնավոր ուխտավորների:
Լեհաստանի բոլոր կողմերից տարեկան չորս միլիոնի չափ ուխտավոր է այցելում Չենստոխովա: Քաղաքի կենտրոնական փողոցից դեպի Յասնա Գուրա է ձգվում մի երկար, ծառերով շրջապատված ճեմուղի, որ կրում է Աստվածամոր անունը (ֆաշիստների կողմից Լեհաստանի գրավման ժամանակ կոչվել է Ադոլֆ Հիտլերի անվամբ): Այդ երկար ճանապարհն անդամալույծները հիմնականում կտրում են ոտքով (շատ ուխտավորներ նաեւ ծնկաչոք), իսկ Տիրամոր սրբապատկերին հասնելովՙ հաճախ հրաշքներ են կատարվել: Ապացույցՙ եկեղեցու պատին ի ցույց դրված բազմաթիվ անթացուպերն ու ձեռնափայտերը:
Մայիսի 5-ին կաթոլիկ եկեղեցին նշում է Աստվածամոր օրը: Հարյուր հազարանոց բազմությունը լուռ կանգնած է Աստվածամոր ճեմուղիում եւ շրջակա պուրակներում ու անվրդով ունկնդրում է բարձրախոսից հնչող հոգեւորականների քարոզները եւ երգչախմբային խաղաղ, հոգեթով (եւ շատ հաճախՙ պարզունակ) երգեցողությունը: Կարգապահության գագաթնակետ: Ոչ ոք բարձր չի խոսում, ոչ ոք չի ծիծաղում, ոչ ոք արեւածաղկի սերմ չի չրթում: Կապույտ երկնքի պայծառ ֆոնին ճերմակին է տալիս Յասնա Գուրայի 106 մետրանոց կոստյոլը (լեհական կաթոլիկ եկեղեցի), իսկ Տիրամոր պատկերը դուրս է բերված դիմացի հրապարակըՙ ի տես հանրության: Փույթ չէ, որ արվեստաբաններն ու հնագետները ապացուցեն, որ այդ բյուզանդական սրբապատկերն իրականում ստեղծվել է մեր թվարկության 6-րդ կամ 7-րդ դարում, Կոստանդնուպոլսում. լեհերը հավատում են ավանդությանը, ըստ որի այդ պատկերը մեր թվարկության առաջին դարում նկարել է նույն ինքըՙ Ղուկաս ավետարանիչը եւ օրհնել է ինքըՙ Մարիամ Աստվածածինը: Մուգ շագանակագույն դեմքով Աստվածամոր պատկերի ամենատպավորիչ մասը նրա դեմքի «սպիներն» են, որը, սակայն, ոչ թե նկարչի նորամուծությունն է, այլ պարզապես 1430-ին Յասնա Գուրայի վրա հարձակված չեխ ավազակների թողած հետքերը: Այդ թրի հարվածները, սակայն, բնավ չեն պակասեցրել Տիրամոր հրաշագործ ուժը: Իսկ երբ 17-րդ դարում Յասնա Գուրայի վրա հարձակված շվեդ զավթիչներին չի հաջողվել գրավել այն, լեհերն է՛լ ավելի են համոզվել իրենց Մատկա Բոժկայի զորության մեջ եւ պաշտոնապես նրան հռչակել են Լեհաստանի թագուհի, ավելի շուտՙ երկրի խորհրդանշական հովանավորը:
Տարին մի քանի անգամ լեհաց թագուհին փոխում է իր հանդերձանքը եւ թագը: Տարբեր տոների ժամանակ սրբանկարի վրա զետեղվում է նրա ինը զգեստներից մեկնումեկըՙ կարված թանկարժեք կտորեղենից, զարդարված ոսկով, արծաթով եւ գոհարներով: Ամբողջ աշխարհից ամենատարբեր տեսակի թանկարժեք նվերներ են հոսել Յասնա Գուրա, ուր ստեղծվել է եզակի հավաքածու ունեցող մի շլացուցիչ թանգարան...
Հետաքրքրական էր նկատել, որ լեհական ոչ մի կաթոլիկ եկեղեցու ներսում շիրիմներ չտեսանք: Սովոր ենք ֆրանսիական, գերմանական եւ արեւմտաեվրոպական մյուս կաթոլիկ եկեղեցիների ներսում տեսնել թագավորների, ծիրանավորների, ազնվականների մահարձաններ եւ տապանաքարեր, իսկ այստեղ... Թերեւս խորունկ հավատացյալ լեհերի համոզմամբ ոչ մի մահկանացու արժանի չէ՞ Աստծո տանը թաղվելու: Առհասարակ, դժվարանում եմ ասել, թե լեհե՞րն են ավելի կրոնապաշտ, թե՞ իտալացիները: Բայց կարող եմ ասել, որ երկու կաթոլիկ ժողովուրդների մոտ էլ գերակայում է Աստվածամոր պաշտամունքը: Առնվազն Չենստոխովայում տիրական աստվածը Մարիամն էր, ոչ նրա որդին: Կամ, ավելի ճիշտ, նրա առասպելական սրբանկարը: Չափազանցությո՞ւն կլինի արդյոք լեհերին քրիստոնյա ասելու փոխարեն մարիամական կոչելը: Դարձյալ չափազանցություն եւ գուցե աստվածանարգությո՞ւն կլինի, եթե բարձրաձայն մտորեմ, որ կռապաշտության մի նոր դրսեւորում ինձ թվաց հրաշագործ մի պատկերի այդ աստիճան պաշտամունքը:
Կաթոլիկ աշխարհների ամենատարբեր ժամանակների սրբերն իրենց առատությամբ եւ զորությամբ չեն զիջում հին հունական Պանթեոնի աստվածներին (կամ, եթե ուզեք, չաստվածներին): Եվ նրանց շարքերը գնալով ավելանում են: Յասնա Գուրայի եկեղեցու խորաններից մեկում պատկերված էր մի ակնոցավոր մարդ` բանտարկյալի զգեստներով: Ինչպես իմացանք, Օսվենցիմի համակենտրոնացման զոհերից էր, որն իր կատարած հրաշագործությունների պատճառով սրբացվել էր: Կաթոլիկ եկեղեցու երանելիների դասի թեկնածու է նաեւ ազգությամբ լեհ Հռոմի պապըՙ լուսահոգի Հովհաննես Պողոս Երկրորդը, որի պաշտամունքը նույնպես նկատելի էր Լեհաստանում: Այս առթիվ հիշում եմ տարիներ առաջ լսածս մի դեպք, թե ինչպես Լեհաստանում առեւտրական գործունեություն ծավալած մեր հայրենակիցները, ցանկանալով արագ իրացնել իրենց բերած չամիչը, յուրաքանչյուր տոպրակի մեջ դրել են Հովհաննես Պողոսի լուսանկարը եւ գնորդներին հավատացրել, թե դա պապի կողմից օրհնված չամիչ է: Կես ժամում ամբողջ ապրանքը վաճառվել է...
Ի ԴԵՊ, ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեհաստանը Խորհրդային Միությունից դուրս գտնվող այն երկրներից էր, որտեղ հայերը համեմատաբար հեշտ էին մուտք գործում եւ հաստատվում: Մենք հայաստանցիների հանդիպեցինք ինչպես Չենստոխովայում, այնպես էլ Ռժեշովում: Ճիշտն ասած, արտասահմանյան ուղեւորություններիս ընթացքում ինձ երբեք էլ հետաքրքրական չի եղել հանդիպել նորագաղթ հայաստանցիների: Գուցե պարադոքս թվա, սակայն այսօր Լեհաստանում ապաստանած 100 հազար հայաստանցիներն ինձ նվազ հարազատ են, քան Հայաստանի 300 հոգիանոց լեհական համայնքի անդամները, որոնց հետ ես ինձ զգում եմ ընդհանուր նավի մեջ: Երեւանում ծնված-մեծացած ազգությամբ լեհ երիտասարդ երաժշտագիտուհի Նատալյա Պոդոլսկայան ինձ համար ավելի հայրենակից է, քան մեր նորօրյա լեհահայերից շատերը, որոնք սկսած հայերեն նախադասությունը, ավաղ, այսօր արդեն լեհերենով են ավարտում...
Չեմ դատում ոչ մեկի, ոչ մեկի հայրենաթողի, հայրենիքի դավաճանի պիտակ չեմ կպցնում, քավ լիցի, սակայն խոստովանում եմ, որ ինձ համար, որպես հայագետի, հետաքրքրական են հանդիպումները օտարության մեջ ծնված-մեծացած հայերի, հայկական մոտ կամ հեռավոր ծագում ունեցող անձանց հետ, եթե հատկապես նրանք էլ իրենց հերթին հետաքրքրված են իրենց արմատներով: Շատ կփափագեի հանդիպել լեհահայերի գոնե մեկ շառավղի, որը համերգից հետո կմոտենար մեզ եւ կասեր. «Գիտե՞ք, ես էլ սերում եմ Անիից Լեհաստան հաստատված հայ գերդաստանից եւ չեմ մոռանում իմ արմատները»: Եվ այդ ասողը կունենար հայկական քիթ, ազգանունը կազմված կլիներ հայկական կամ աստվածաշնչյան անվան եւ «ովիչ» վերջավորության մեկտեղումից, ինչպես սովորաբար լինում է լեհահայերի մեջ (Ներսեսովիչ, Աբգարովիչ, Յուզեֆովիչ) եւ նա հպարտությամբ կհիշեր երախտավոր լեհահայերի` բանաստեղծ Շիմոնովիչին, նկարիչ Աքսենտովիչին, դերասան Ցիբուլսկուն եւ շատ ուրիշների:
Չէ, նման հանդիպում տեղի չունեցավ: Փոխարենը հանդիպեցինք լեհերի, որոնք ունեին հայկական հետաքրքրություններ: Վարժ ռուսերեն խոսող եւ հինգ անգամ Հայաստան այցելած սոցիոլոգ Տոմաշ Մարցինիակը զբաղվում է հայ Սփյուռքի ուսումնասիրությամբ, երիտասարդ Դորոթեա Զիենտեկը` լեհահայ եկեղեցու պատմությամբ: Ի դեպ, Տոմաշը ստեղծել է Հայաստանի մասին հատուկ կայքէջՙ www.centrum-armenia.uni.torun.pl: Ռժեշովի մեր համերգից հետո մեզ մոտեցավ արտակարգ գեղեցիկ մի տիկին եւ հարցրեց, թե մեզ հայտնի՞ է արդյոք Յուզեֆ Նիկորովիչը: Բարեբախտաբար ինձ ծանոթ էր Լվովում ապրած այդ լեհահայ կոմպոզիտորի անունը, որի «Հրդեհների ծխով» խորալը 19-րդ դարում եղել է պետականությունը կորցրած լեհ ժոողվրդի հայրենասիրական ազգային օրհներգը: Հմայիչ լեհուհին ուրախացավ եւ ասաց, որ ինքը երաժշտագետ է` Կինգա Ֆինկ, եւ զբաղվում է լեհահայերի երաժշտական մշակույթի ուսումնասիրությամբ եւ աղբյուրների կարիք ունի: Ժամանակին կարդացել էի լեհ երաժշտագետ Լուիզա Բարանսկա-Գրաբարայի «Լեհ-հայկական երաժշտական կապերի պատմությունից» ռուսերեն ատենախոսության սեղմագիրը (տպագրված 1988-ին, Թբիլիսիում), ուստիեւ կարդացած գրեթե ամեն ինչը հիշող իմ խեղճ ուղեղն այս անգամ եւս կարողացավ օգտակար լինել մեր ժողովրդի մի նորընծա բարեկամ մասնագետի: Այն էլ այդպիսի գեղեցկուհու...
Ի դեպ, լեհուհիները ոչ մեկին անտարբեր չէին թողնում: «Լեհ աղջիկների պատճառով մնալու եմ այստեղ», կատակում էր մեր երիտասարդ ամուրիներից մեկը: Այս առիթով մեր ծանոթ լեհուհին հեգնանքով նկատեց. «Լեհ աղջիկներին բոլորն են հավանում` լեհ տղաներից բացի»...
ԻՍԿԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՆ
Այս անգամ չեղանք լեհական մեծ քաղաքներում: Ասում են, որ Վարշավան, Կրակովը, Լոձը, որոնք աճում են հսկայական տեմպերով, նմանվում են արեւմտաեվրոպական քաղաքներին, թարմ եւ նոր, հետաքրքրական երեւույթներով լեցուն:
Սակայն գոհ եմ, որ այս անգամ վայելեցի իսկակա՛ն Եվրոպան: Լեհաստանում մեր եղած այդ երկու փոքրիկ գավառական քաղաքների ազգային կազմը միատարր է, ներգաղթածներ գրեթե չեն ապրում: Չենստոխովայում երեք օրվա մեջ ընդամենը մեկ աֆրիկացի տեսա, թերեւս ուսանող, իսկ Ռժեշովում առհասարակ ոչ մի այլազգի չտեսանք (հայերին չհաշված):
Արեւմտյան Եվրոպան այնքան է խճողվել աշխարհի չորս կողմից հոսած այլազգի բնակիչներով, որ արդեն իսկապես կորցրել է իր իսկական դեմքը: Փարիզի փողոցում փաթթոցավոր արաբը, Ստոկհոլմի թագավորական շենքերի ֆոնին գույնզգույն չուլուփալասով քրդուհին, Պրահայում հաստատված վիետնամցիները կամ Լոնդոնի ամենակենտրոնում խուռներամ ընթացող աֆրիկյան ընտանիքները վաղուց արդեն սովորական երեւույթներ են: Նույնիսկ Նորվեգիայի ծայր հյուսիսում, Արկտիկայի նախաշեմին տեսել եմ սեւամորթ կրպակատերերի...
Լեհաստանը (ինչպես նաեւ տարիներ առաջ Սլովակիան) իր բնակչության միատարրությամբ եւ թեկուզ չափազանցված կաթոլիկ նկարագրով հանդերձ ինձ պարգեւեց իսկական Եվրոպայի գաղափարը, ինչը չափազանց սրտամոտ է մահմեդական երկրներով շրջապատված երկրի բնակչիս սրտին: Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ: Ես սիրում եմ աֆրիկացուն էլ, վիետնամցուն էլ, արաբին էլ, սակայն Եվրոպայում նրանց (նաեւ իմ հայրենակիցներին) ես կուզեի տեսնել առավելաբար որպես ուսանողներ, որոնք եկել են կրթվելու եւ եվրոպական քաղաքակրթության լույսը հասցնելու իրենց երկրներ: Դա, համենայն դեպս, շատ ավելի բարոյական է, քան աշխարհի մնացյալ մասի բնակչությանը միլիոններով տեսնել այդ փոքրիկ աշխարհամասումՙ եվրոպացիների նախնիների կերտած աշխարհում տաքուկ բնավորված եւ սեփական պահանջներն ու կենսակերպը պարտադրելիս: Լինելով բազմամշակույթ եւ ինտերնացիոնալիստ (բառի ոչ խորհրդային իմաստով)` չեմ կարող անտարբեր մնալ Եվրոպայի աղճատվող ազգային դիմագծի հանդեպ, հանգիստ ընդունել Գերմանիայում ապրող երեք միլիոնից ավելի թուրքերի մասին պաշտոնական տվյալը (իսկ որքա՞ն է արդյոք ոչ պաշտոնականը)... Չեմ կարող նորմալ երեւույթ համարել, որ 1990-2000 թվականններին փոքրիկ Դանիայում երեքից հինգ հազար էթնիկ դանիացի, իսկ Գերմանիայում մինչեւ 60 հազար էթնիկ գերմանացի մահմեդականություն են ընդունել, եւ որ Եվրոպայի քարտեզի վրա մզկիթների ցանցը տարեցտարի ստվարանում է... Չեմ կարող քմծիծաղ չտալ, իմանալով, որ ֆրանսիական մի դպրոցում հանել են ամանորյա տոնածառը` չվիրավորելու համար ոչ քրիստոնյա աշակերտների զգացումները:
Ես կրոնամոլ չեմ, սակայն Չենստոխովայի Տիրամոր տեսիլքն ինձ էլ կարծես ներշնչեց, որ Եվրոպան Եվրոպա մնալու համար պետք է փարված մնա իրՙ դարեր շարունակ դավանած արժեհամակարգին: Այլապես կսկսես հավատալ, որ հիրավի ոչ հեռու ապագայում Ելենա Չուդինովայի «Փարիզի Աստվածամոր մզկիթը» հակաուտոպիստական վեպի չարագուշակ մարգարեությունը կդադարի սոսկ երեւակայության արդյունք լինելուց...