Մեր այս զրույցը Հենրիկ Հովհաննիսյանի հետ մտավորականի նկարագրի եւ առհասարակ օրինապահության ու համոզմունքների մասին է:
Արվեստագիտության դոկտոր, պրոֆ., գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի աշխատանքային գրեթե կեսդարյա կենսագրությունն անցել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Մտավորականի ուղղամիտ ու անաչառ կեցվածքը գիտությանը, արվեստին, իր նվիրվածությունը նաեւ առօրյայում է դրսեւորվում` դառնալով ապրելակերպ, չափանիշ հասարակական եւ առօրյա հարաբերություններում: Իր կյանքի ճանապարհը այսպես է անցնում մեր հարգելի մտավորականը: Բայց ահա գիտական համակարգի ներկա բարքերն ու ընդունված սովորությունները փորձության են ուզում ենթարկել 70-ամյա շեմն անցած գիտնականի սկզբունքները, որոնք նա իր կյանքի հարստությունն է համարում:
- Հիշում եմ Իսահակյանի պատմածը Ղեւոնդ Ալիշանի մասին: «Պատմեցեք ձեր կենսագրությունը», դիմում է Ալիշանին: «Ես կենսագրություն չունիմ: Կենսագրություն ունիք դուքՙ աշխարհականներդ. դատ կբանաք, կիյնաք, կելլաք: Գիրքե-գիրքՙ իմ կենսագրությունը սա է»:
Իր կենսագրության վերաբերյալ իմ հարցի պատասխանը սա եղավ: Բայց մեր խոսակցության ընթացքում իր գիտական ու աշխատանքային կյանքի մասին որոշ բաներ ասաց: Հենրիկ Հովհաննիսյանը ԳԱԱ Արվեստի ինստիտուտում աշխատում է արդեն 47 տարի, վերջին 3 տարին ղեկավարում է թատրոնի բաժինը: 1958-ից մի որոշ ժամանակ աշխատել է պետական ռադիոյում որպես հաղորդավար, 1973-74-ին ղեկավարն է եղել հաղորդավարական բաժնի: Թատերագիտությամբ սկսել է զբաղվել ասպիրանտական տարիներից (1961-ից)ՙ Վահրամ Փափազյանի ուսուցչիՙ Մարտիրոս Մնակյանի մասին թեկնածուական ատենախոսությամբ: Հետագայում որպես գիտական ուսումնասիրության նյութ ընտրել է հին եւ միջնադարյան թատրոնի պատմությունը: 1978-ին հրատարակել է «Թատրոնը միջնադարյան Հայաստանում» մենագրությունը, մինչ այդ 1973-ին «Բեմական խոսքի պոետիկան», 1990-ինՙ «Հայ հին դրաման եւ նրա պայմանաձեւերը»: Ավելի ուշ տպագրվել են «XIX դարի հայ թատրոնի պատմությունը», «Միջնադարյան բեմ. թատրոն, եկեղեցի հարաբերություն եւ հայ հոգեւոր դրաման», «Դերասանի արվեստի բնույթը», «Թատրոն. հին եւ նոր արժեքները»: Գիտական ուսումնասիրություններին զուգահեռ զբաղվել է նաեւ թատերական քննադատությամբՙ բծախնդիր, մասնագիտական պահանջկոտ հայացք ժամանակի հայ թատերարվեստին: Զուտ արվեստագիտական շահագրգռություն ունեցողները վկայում են, որ Հովհաննիսյանի թատերական հրապարակումները մշակեցին թատերական քննադատության չափանիշներ եւ կանոն, եղանակ ստեղծեցին այս ոլորտում:
Արվեստաբան Ռուբեն Զարյանը «Բեմական խոսքի պոետիկան» աշխատությունը համարել է բեմական խոսքի գիտության հիմքը մեզանում: Հ. Հովհաննիսյանը նաեւ դերասանական արվեստի տեսության, միջնադարյան թատրոնի եւ XIX դարի հայ թատրոնի ուսումնասիրության գիտական հիմքերի սկզբնավորողն է:
- Ինձ թվում է, առհասարակ գիտության մարդու, մտավորականի պատասխանն է դա,-ակնարկում է իմ զրուցակիցը վերը հիշված Ղեւոնդ Ալիշանի պատասխանի մասին:
- Պրն Հովհաննիսյան, ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա հայ մտավորականին, մարդու, որից շատ բան ակնկալում ենք, գուցե արդենՙ ոչ ըստ հարկի:
- Մեր իրականության մեջ ամեն ինչ չափվում է գնելիությամբ: Սա կյանքը սպանող չափանիշ է: Չի կարելի մտքի, ոգու արդյունքը շուկայի ապրանք դարձնել: Մեծ մոլորություն է դա, անբարոյական մոտեցում կյանքին: Մարքսի ու Էնգելսի «Մանիֆեստն» եմ վերջին տարիներին հաճախ մտաբերում: Սա սովետական փաստաթուղթ չէ, եւ խնդիրը դրա կոմունիստական բնույթը չէ, այլՙ այնտեղ արծարծված որոշ մտքեր: Այստեղ ասված է, որ բուրժուազիական հասարակարգը մարդուն թողել է միայն առեւտրի անխիղճ ազատությունը: Այն, ինչ 150 տարի առաջ ասվել է, այսօրվա մեր իրականության մեջ ենք տեսնում: «Եսամոլ հաշվի սառցաջրի մեջ խեղդեցին ասպետական խանդավառության, կրոնական էքստազի, ընտանեկան սենտիմենտալության սրբազան սարսուռները»: Այսօր հրապարակ է իջել մի սերունդ, որը պատկերացում չունի որեւէ սրբության մասին: Նրանց համարում են կոմպլեքսներից ազատ մարդիկ: Ի՞նչ է այս երեւույթը. սեփական անձի նկատմամբ կասկածի, քննադատական վերաբերմունքի բացակայություն, եւ զարմանալի, անհիմն ինքնավստահություն: Կյանքի այս ընթացքն է, որ պիտի անհանգստացնի մեզ: Եթե ոչինչ փոխել չենք կարող, եւ իսկապես չենք կարող, գոնե պետք է կարողանանք ընթացքի մեջ ճիշտ որոշել մեր տեղը: Այն ազգերի համար, որոնք պետականության մեծ պատմություն ունեն, ավելի հեշտ է, թեպետ նրանք էլ շատ առումներով կանգնած են փակուղիների առաջ: Այդ փակուղին եվրոպական ազգերի համար շատ ավելի վաղ երեւացՙ 1-ին համաշխարհային պատերազմից հետո, երբ Շպենգլերը Եվրոպայի մայրամուտն էր տեսնում, երբ հոլանդացի փիլիսոփա Յոհան Հայզինգան 1935-ին գրեց «Վաղվա օրվա ստվերում» գիրքը: 1938-ին դա արդեն թարգմանված էր եվրոպական շատ լեզուներով, այդ թվում ռուսերեն, բայց չտպագրվեց: Հայզինգայի կյանքն ընդհատվեց մինչ պատերազմի ավարտը. 1945-ին համակենտրոնացման ճամբարից նոր էր դուրս եկել եւ աքսորական էր հեռավոր մի գյուղում: Այս աշխատության մեջ տեսնում է XX դարավերջի մարդու ապագան, նրան սպասող իրականությունըՙ սրբությունների ոտնահարման, անառակության պաշտամունքի, կրոնական զգացմունքների սրման. մի ժամանակաշրջան, երբ մարդիկ իրենց փրկությունը սպասելու են օտար մոլորակներից, ծաղրվելու է գիտության մարդը:
- Այն, ի՛նչ կատարվում է: Մտավորականը, գիտնականը հայտնվել է սոցիալական ամենացածր սանդուղքին, երրորդական նշանակությամբ: Պրն Հովհաննիսյան, մամուլից հայտնի է ձեր ղեկավարած գիտական աստիճանաշնորհման խորհրդին ներկայացված դոկտորական մի ատենախոսության պատմությունը, որը փաստորեն դարձել է խորհրդից հեռանալու ձեր որոշման պատճառը:
- Մեր իրականության մեջ շատ են մարդիկ, որոնց նպատակը գիտական աստիճան ձեռք բերելն է, բայց ոչ գիտությունը, կան եւ աստիճան չունեցող ու դրան չձգտող մարդիկ, անհամեմատ բարձր իրենց մտավոր կարողություններով ու իմացությամբ: Այսօրվա նոր սերնդի մեջ էլ, չնայած հազվադեպ, կարելի է հանդիպել այդպիսիների, որոնք շատ ավելի կրթված են, քան մենք էինք իրենց տարիքում: Ես նրանց ասում եմՙ գիտությունը չի կարող նյութական ապահովություն տալ մարդուն, գիտությունը միջոց չէ, նպատակ է:
- Ձեր նախորդ հրապարակման մեջ («Ազգ») Դուք անդրադառնում եք ԲՈՀ-ի կանոնադրական փոփոխությունների անհրաժեշտությանը, ո՞րն է դրա առիթը եւ մինչ այսօր ինչպե՞ս է աստիճանաշնորհման խորհուրդը առաջնորդվել:
- Այս մասին բավական խոսվել է, գրել է «Երկիրը» (ապրիլ 27), ասել եմ «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում (ապրիլ 27), նաեւ ձեր ասած հոդվածում: Ես ուզում եմ վերջ դնել այդ անխորհուրդ պատմությանը, բայց թույլ չեն տալիս: «Երկիրը» (հունիս 28), տպագրել է ոմն Ռ. Դավթյանի զրպարտագիրն իմ հասցեին, իհարկե, բացասական հանձնարարականով, բայց տպագրել է: Ի՞նչ ասեմ: Հիշում եմ Շեքսպիրի խոսքը. «Եղիր զգաստ ինչպես սառույց, մաքուր ինչպես ձյուն, դարձյալ զերծ չես մնա զրպարտությունից»:
Ես չեմ բանավիճի ինձ զրպարտողի, ինձ վրա ցեխ շպրտողի հետ: Նա մեղավոր չէ, որ այդպես է ծնվել: Նա մեղավոր չէ, որ տհաս է ու տգետ: Մեղավորն այն գիտական հաստատությունն էՙ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, որ նրան թույլ է տվել ներկայանալու արվեստագիտության դոկտորի հայցով, մի մարդու, որ կապ չունի բնագավառի հետ, որ կարող է իր շարադրանքի տիտղոսաթերթին գրել «Երաժշտական արվեստ-ԺԷ.00.02», չունենալով անգամ տարրական երաժշտական կրթություն, որ կարող է Չարենցի անունը կեղեքելով հավակնել թատերագետ լինելու, նաեւ կերպարվեստագետ, լինելով բացարձակ անտեղյակ թե մեկից, թե մյուսից: Մեղավորն այն գիտական խորհուրդն է, որ չի կարողանում մարդուն ասել ճշմարտությունը: Մեղավորը ԲՈՀ-ի նախագահ պրն Ա. Թռչունյանն է, որ հունիսի 6-ին հրահանգ է ուղղում աստիճանաշնորհման խորհրդի նախագահ Հ. Հովհաննիսյանինՙ ինձ, թե կազմակերպեք Ռ. Դավթյանի ատենախոսության պաշտպանությունը: Այս պարոնը չի էլ ուզում թերթել ԲՈՀ-ի կանոնակարգը եւ իմանալ, որ թեմայի հաստատման հիմնավորում է պետք, քաղվածքի ձեւով, եւ գիտականորեն հիմնավորված եզրակացություն, որ խորհրդի նախագահն իրավունք չունի ընդունելու հիշյալ գործն անգամ նախնական քննարկման: Ես չեմ խոսում Ռ. Դավթյանի շարադրանքի որակի մասին, որ կապ չունի արվեստագիտության հետ: Արդեն վեց ամիս այդ պարոնը լուտանք ու սպառնալիք է թափում, եւ Արվեստի ինստիտուտի տնօրենությունն ու գիտական խորհուրդը լուռ հանդուրժում են:
Այս իրավիճակն ինձ հասցրեց սրտամկանի սուր ինֆարկտի: Մարտին ես հիվանդանոցում էի (մարտի 8-16-ը) եւ բժշկական հսկողության տակ մինչեւ մայիսի 10-ը: Մարդիկ օգտվեցին իմ հիվանդությունից եւ անգամ պաշտպանության օր որոշեցինՙ ապրիլի 26-ը, հետո հետաձգեցին: Չեմ շարունակում: Ես հրաժարվում եմ աստիճանաշնորհման խորհրդի նախագահի պարտականություններից եւ գիտական աստիճանաշնորհման համակարգում ծառայելու որեւէ ձեւից: Իմ հրաժարականն ուղարկել եմ պրն Թռչունյանին (հունիսի 21): Ես ինձ դուրս եմ համարում նաեւ Արվեստի ինստիտուտից: Արեք, ինչ ուզում եք, միայն առանց ինձ: Ես ձեզ հետ գործ չունեմ:
Այս աշխարհում ամեն մարդ իր հարստությունն ունի. իմը սկզբունքայնությունն է: Ոմանք դժգոհում են, թե իմ սկզբունքայնությունը ծայրահեղ է: Ես դա չեմ հասկանում: Սկզբունքըՙ այո-ն կամ ոչ-ն է, դրա միջինը, հարմարեցնելը չկա: Ես չեմ կարող 70 տարեկանից հետո այլ կերպ ապրել, բայց ես իմ գործից չեմ հրաժարվում. շարունակում եմ գիտական աշխատանքներս` տանը: 1991-ից Արվեստի ինստիտուտն իմ գրքերը չի հրատարակել: «Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրենըՙ Սերգեյ Խաչիկօղլյանըՙ այդ ազնվական մարդը, նա է իմ բարեկամը եւ նրա նեղ սենյակն է այսօր կենտրոնը իսկական մտավորականության: Նա ջանքեր է գործադրում, միջոցներ հայթայթում, ես էլ երբեմն իմ միջոցներով, գիրք ենք հրատարակում, եւ մենք ոչինչ չենք շահում: Հոնորար չեմ ստացել եւ իմ աշխատանքի արդյունքը երբեմն գնում եմ խանութից: Ամենեւին չեմ բողոքում, բայց ինձ չպետք է խանգարեն անխորհուրդ պարտականությունները, կեղծ վիճակները եւ ինչ-որ հրահանգներ:
Ոչինչ չի փոխվելու իմ կյանքում: Ասպիրանտներիս հետ շարունակելու եմ աշխատանքները, դա իմ կյանքն է, կենսաձեւը, ապրելու կերպը, ոչ թե միջոցը: Ես ոչ մի պահանջ աշխարհից չունեմ: Պատմության մեջ գիտությամբ զբաղվող այդ ո՞ր մեկն է վարձատրվել, մեր դասական հայագիտության երախտավորները Աբեղյանը, Աճառյանը ավելի վատ պայմաններում են աշխատել:
Եթե իմ կյանքում այլ նպատակ չեմ ունեցել, բացի գիտությունից, նյութական շահ չեմ հետապնդել ու չեմ դժգոհում ճակատագրից, ինչո՞ւ են ինձ վիրավորում իմ առջեւ դնելով արվեստագիտության հետ կապ չունեցող գործ, չհաշված հոխորտանքները, վիրավորանքները, սպառնալիքներն ու զրպարտիչ խոսքերը: Ես ուրիշ ի՞նչ ունեմ կարծիքից, տեսակետից բացի: Ու եթե դա էլ պիտի անտեսվի, ի՞նչ է մնում ինձ, եթե ոչ հրաժարվել ու հեռանալ:
Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ
Խմբագրության կողմից
Վերջին շրջանում մեր թերթի էջերում եղած հրապարակումները, ինչպես նաեւ սույն հարցազրույցը կարող են տպավորություն ստեղծել, թե գիտական աստիճանների շնորհման բնագավառում տիրող բարքերի ու գործելաոճի մեր քննադատության թիրախը կոնկրետ մի քանի մարդիկ են միայն, ովքեր փորձում են անօրինականությամբ կամ ինչ-ինչ սողանքների օգտագործմամբ հասնելՙ ստանալ կամ տալ գիտական աստիճաններ: Դա միայն մասամբ է ճիշտ: Մեր բուն թիրախն ընդհանրապես այդ համակարգում տիրող իրավիճակն է, որը ոմանց համար դարձել է դասալքության, ուրիշների համար սնափառության եւ, ըստ ամենայնի, կաշառակերության ֆաբրիկա: Այլ խոսքով, շատ քիչ բացառությամբ, համապատասխան մարմինների գործունեությունը չի ծառայում գիտության զարգացմանը, փոշիացնելով նաեւ պետական բյուջեի հատկացումները: Կարծում ենք, եկել է ժամանակը, որպեսզի կառավարությունն իր ուշադրությունը սեւեռի այս խնդրի վրա եւ ձեռնարկի համընդհանուր պետական ստուգումներՙ անցնող 10-15 տարիների կտրվածքով, հատուկ, անկախ հանձնաժողովի միջոցով վերատեսության ենթարկի թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների պաշտպանության թղթածրարներըՙ համապատասխան եզրակացությունը հանձնելով դատարան կամ վարչական տնօրինման: