ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 0000-00-00 | #12, 2007-06-16 | #13, 2007-06-30


Armenia Sacra- ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Ժան-Պիեռ Մահե. հայագետ, Փարիզի հին ձեռագրերի ու գրականության ազգային ակադեմիայի անդամ: Հայաստանին նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, թարգմանել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը»:


2007 թվականի փետրվարի 19-ը բացառիկ օր էր, Լուվրում բացվելու էր «Սրբազան Հայաստան» ցուցահանդեսը:

Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահները ժամանել էին Լուվր` բացելու Հայաստանի տարվա ամենափառավոր ցուցահանդեսը: Ներկա էին նաեւ Ֆրանսահայ համայնքի կրոնական եւ աշխարհական ներկայացուցիչներ:

Լուվրի թանգարանի տնօրեն Անտրե Լուարեթը ներկայացրեց հայ կրոնական արվեստի փառավոր նմուշները. խաչ, խաչքար, եզակի ձեռագիր մատյաններ, եկեղեցական զգեստներ եւ բազմաթիվ այլ աշխատանքներ:

Մեկ այցով հնարավոր չէր ծանոթանալ հայ մշակույթի գոհարներին, որոնք զարդարում էին Լուվրի փառավոր սրահները, պատմելու ֆրանսիացիներին ու նաեւ մյուս ազգերին հայ ժողովրդի անցյալի մշակութային գանձերի մասին: Թե կեսօրին եւ թե երեկոյան լեփ-լեցուն սրահում հնարավոր չէր մոտենալ Ժան-Պիեռ Մահեին, որը բացատրություններ էր տալիս այցելուներին:

Ահա թե ինչու իմ հանդիպումը գիտնականի հետ տեղի ունեցավ մի քանի օր անց, Սորբոնի մոտակայքում գտնվող իր բնակարանում:

- Պարոն Մահե, ամբողջ սրտով շնորհավորում եմ Լուվրի այս հոյակապ ցուցահանդեսի բացման առթիվ: Բազմաթիվ այցելուներ զարմացած միմյանց էին հարցնում, թե ինչպե՞ս են Փարիզ տեղափոխվել այս հսկա խաչքարերը` շոգենավո՞վ, թե օդանավո՞վ:

- Հեշտ բան չէ, անշուշտ, տեղափոխել նման խաչքարերը. Հայաստանն է օգնել, նրանք վաղուց էին սկսել այդ գործը, Փարիզ բերվեցին օդանավով: Ես շատ մեծ վախ ունեի, որ եթե խաչքարերը իրենց բնական շրջապատը չունենան, կարող են չդիտվել: Փառք Աստծո, դրանք թանգարանում կարծես բնության գրկում են. տեղադրված են միջնադարյան բերդի հին աշտարակի կողքը, թվում է քարը քարից է դուրս գալիս, այդպիսին է տպավորությունը: Բացի այդ ճիշտ են ընտրված խաչքարերը. երբ ի մի ես բերում, անմիջապես նկատում ես, թե քանի տեսակներ կան, նրանք նման չեն մեկը մյուսին եւ ստեղծված են տարբեր տարածաշրջաններում:

- Ինձ վրա ցնցող տպավորություն թողեց Լուվրի նման մի թանգարանում հայկական խաչքարեր տեսնելը: իսկ ինչպե՞ս ընդունեցին ֆրանսիացիները, ընդհանրապես` եվրոպացիները:

- Ես ճշգրիտ չեմ կարող ասել, բայց այս ցուցահանդեսը բաց է Լուվր թանգարան այցելողների համար, նրանք հավելյալ գումար չպետք է վճարեն. նրանք ովքեր հունական քանդակագործություն տեսնելու համար են գալիս, անցնում են սրահով եւ ակամայից կարող են մտնել եւ տեսնել հայկական ցուցահանդեսի իրերը: Դժվար է ասել, թե որքան մարդ է մտել թանգարան, միայն գիտեմ, որ ինչպես բացման առաջին օրը, առավոտից երեկո թանգարանը լիքն է այցելուներով: Լուվր են գալիս ոչ միայն ֆրանսիացիներ, այլեւ եվրոպացիներ, ուրեմն հազարավոր մարդիկ են այցելել թանգարան: Իմ կարծիքով սա բացառիկ ցուցահանդես է, այսինքն երբեք չի եղել, որ Հայաստանն այսքան շատ հարստություն դուրս բերի իր երկրից: Այնուամենայնիվ, ուշագրավն այն է, որ միջնադարյան արվեստի բոլոր ճյուղերը ներկայացված են: Նախ ձեռագրերը. նրանք քանիցս ցուցադրվել են Ֆրանսիայում, սակայն այս անգամ ներկայացված են նաեւ բացառիկ ձեռագրեր, որոնք մինչեւ այժմ չեն եղել Ֆրանսիայում:

Ներկայացված է Էջմիածնի մագաղաթյա Ավետարանը` ամբողջությամբ: Անցյալում` Մատենադարանում ներկայացնում էին Ավետարանի փղոսկրյա կազմը առանձին, մյուս կողմում` բուն Ավետարանը 10-րդ դարի մանրանկարչությամբ, այս ամենին ավելացված է 7-րդ դարի մեր ամենահին մագաղաթյա ձեռագիրը: Այժմ Լուվրում ցուցադրվում է ամբողջական Ավետարանը` ողջ շքեղությամբ: Սա աննախադեպ է այն իմաստով, որ Լոնդոնի թանգարան ուղարկված էր միայն փղոսկրյա կազմը, բայց ոչ Ավետարանը:

Շուտով Ֆրանսիայի ու Հայաստանի գիտնականները կողք-կողքի են դնելու, համեմատելու համար միմյանց հետ երկու երկրների փղոսկրյա Ավետարանները, որոնք բոլորովին տարբեր ոճեր ունեն եւ գիտականորեն մեծ հետաքրքրություն են ներկայացնում:

- Պարոն Մահե, երկու տարի առաջ, երբ մենք հանդիպեցինք նորից Փարիզում, Դուք նախագծում էիք, թե ինչպիսին կցանկանայիք տեսնել Լուվրի այսօրվա ցուցահանդեսը` ձեռագրերի եւ մյուս հազվագյուտ հնությունների հետ մեկտեղ, քարերով, լեռներով, խաչքարերով լեցուն մի սրահ: Կարծում են իրականացել է Ձեր երազանքը:

- Մենակ չէի կարող իրականացնել այսպիսի միջոցառում: Լուվրի թանգարանը եւս մեծ միջոցներ է տրամադրել, բացի Հայաստանի թափած ջանքերից: Հուսով եմ, որ ցուցահանդեսը դրական ազդեցություններ կունենա: Մենք գիտենք, որ հայերը մեծ դեր են կատարել պատմության մեջ: Հիմա եվրոպացիներն ավելի լավ կըմբռնեն անկախ Հայաստանի դերն ու նշանակությունը, ճիշտ եւ իրական կողմնորոշում կունենան: Հայոց այսօրվա իրավիճակը լուրջ վկայություն է այդ տեսակետից: Հնադարյան ավանդական հայ արվեստի այս առարկաներն ավելի հստակ վկայություններ են: Բարեբախտաբար, Փարիզում այս օրերին բազմաթիվ թանգարաններ ցուցադրում են, լուսաբանում, թե հնադարյան եւ թե ժամանակակից հայ արվեստը: Հիացմունքով են խոսում Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի մասին, ներկայացված են նաեւ Փարաջանովի աշխատանքները, պատմական իրադարձություն է Հայոց մայրաքաղաքներին նվիրված ցուցահանդեսը եւ մյուսները:

Շուտով Մոնմարտրը կներկայանա հայասեր շարժմանը` Ֆրանսիայում ցուցահանդեսով: Դուք լավատեղյակ եք, որ դարասկզբին, այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք էին Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը, Ժորժ Կլեմանսոն եւ ուրիշներ, ֆրանսիական կառավարության խոշոր դեմքերը մեծ ջանք են թափել, որ ֆրանսիական կառավարությունը թուրքերին օգնելու փոխարեն` օգնի հայերին:

Ճիշտ է, այդ ջանքերն ի զորու չեն եղել, սակայն նրանք կարեւորել են հայկական հարցի լուծումը, ֆրանսիացիներն առաջիններից են եղել հասկանալու հայերին:

Զրուցեց` ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆԸ, Փարիզ, 21 մարտի 2007 թ.


Նկար 2. Ջուղայի խաչքար (1599), Հայաստանի պատմության թանգարան

Նկար 3. Խարաբա վանքի խաչքար, Հայաստանի պատմության թանգարան, վարդագույն տուֆ

Նկար 4. Պատարագչի սաղավարտ, Մայր Աթոռի թանգարան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4