ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2007-06-16 | #13, 2007-06-30 | #14, 2007-07-14


ԳՈՒՅՆԻ ԵՎ ԳԾԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ուրախալի է, որ սփյուռքի սիրտ Լիբանանից ստանում ենք նաեւ լավ լուրեր, հատկապես` մշակութային: Ընդամենը 3 օր առաջ, հուլիսի 11-ին, Բեյրութի Հայկազյան համալսարանում բացվեց գեղանկարիչ Հրաչ Այնթապլյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Երիտասարդ գեղանկարիչն ավարտել է Երեւանի պետական գեղարվեստական ինստիտուտի գեղանկարչական բաժինը, ուսում ստացել անվանի ու բազմավաստակ նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի եւ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի մոտ: Նրա մասին խոսեցին արդեն իսկ իր աշխատանքների անդրանիկ ցուցադրումից հետո, երբ 1997-ին Երեւանում, Հայաստանի նկարիչների միության սրահում բացված համահավաք ցուցահանդեսին նա ներկայացրեց իր գեղանկարներից մի քանիսը: Ուշագրավ էին թե՛ նկարչի ընտրած թեմաները, թե՛ արհեստավարժ կատարումը:

Երեւանցիներից ո՞վ չի հիշում «անցումային» դժվարին տարիներին մայրաքաղաքի փողոցներում նվագող թավջութակահարին: Ամենքս էլ հիշում ենք սրտի խոր ցավով: Ժամանակին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն անդամներից մեկը, ճանաչված տարեց երաժիշտն այդ օրերին իր հանապազօրյա հացն էր հոգում փողոցներում նվագելով Բախի, Սեն-Սանսի, Խաչատրյանի մեղեդիները: Եվ մենք գնում էինք լսելու նրան, մանավանդ, որ մթության եւ ցրտահարության կողպեքով էին կողպված շատ համերգասրահների դռները: Այդ օրերին խուլ չմնաց լիբանանահայ երիտասարդ նկարչի հոգին ու վրձինը արձագանքեց հայրենիքը խորհրդանշող նման պատկերին: Հիշում եմ, ինչպիսի տխուր հիացմունքովՙ երկար կանգնում էր հանդիսատեսը Երեւանի նկարիչների տանը ցուցադրված Հրաչ Այնթապլյանի «Թավջութակահարը» գեղանկարի առջեւ:

Այդ ցուցահանդեսում Հրաչ Այնթապլյանի ներկայացրած մյուս երկու գործերը` հայրենիքի աշնան բնապատկերներ էին: «Շատ իմաստասեր, հայրենիքի մշակութային արժեքները հատուկ ջանադրությամբ ուսումնասիրող, անխառն հայեցի ապրումով տոգորվող երիտասարդ է Հրաչ Այնթապլյանը»,-այս ցուցահանդեսի առիթով ասել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը: «Հրաչը օժտված գեղանկարիչ է, աստվածատուր շնորհով»,--այսպիսին էր նրա մասին Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի կարծիքը: Այո՛, միանշանակ էր գեղարվեստական ինստիտուտի դասախոս-նկարիչների գնահատանքը. «Բոլոր սփյուռքահայ մեր ուսանողներից առանձնանում է Հրաչ Այնթապլյանը: Մեծապես օժտված երիտասարդ է»,- վկայել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վարդան Վարդանյանը: Իսկ հիշյալ ինստիտուտի ամբիոնի վարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը ասել է. «Հրաչը, որպես մեր ինստիտուտի շրջանավարտ ունակ է բարձր պահելու սփյուռքում Հայաստանի այս կրթամշակութային օջախի պատիվը»:

Ի հաստատումն նկարչին տված այս գնահատանքներին, միմյանց հաջորդեցին հավաքական եւ անհատական ցուցահանդեսներ Երեւանում, Հալեպում, Դամասկոսում, Բեյրութում, Լոնդոնում, Ստոկհոլմում, Նյու Յորքում, Ֆրեզնոյում: Գեղանկարիչը առանձնահատուկ նշանակությամբ է հիշում իր անհատական ցուցահանդեսները: «Pastoral Symphony»` այսպես էր անվանել նա Բեյրութի Հայկազյան համալսարանում «Արթուր Մաթոսյան» պատկերասրահի կողմից կազմակերպած իր գործերի ցուցահանդեսը 2001-ին: 2003-ին Ֆրեզնոյի Հայ մշակութային կենտրոնում ցուցադրված նրա 36 գեղանկարները եւ 2004-ին Բեյրութի Սբ. Եղիա հայ կաթողիկե եկեղեցու սրահում զետեղված 48 աշխատանքները նույնպես հավուր պատշաճի ներկայացրին հանդիսականներին Հրաչ Այնթապլյան նկարչի անհատական ձեռագիրը, ասելիքի խորությունը: Հիշատակելի է, որ Բեյրութում Հայկազյան համալսարանում բացված ցուցահանդեսին ողջույնի ջերմ խոսքով հանդես եկավ հայտնի լրագրող, անցյալ տարի դավադրաբար սպանված Ժուբրան Թուեյնին, որը տպագրվեց նրա խմբագրած «Ան Նահար» ազդեցիկ թերթում (13.06.2001): Այն է. «Ուրախալի է, որ Հրաչ Այնթապլյանը իր ոգեղեն գեղանկարներով կարողանում է բարձրացնել մարդուն հողեղեն առտնին հոգսերից դեպի վեհը ու գեղեցիկը»:

Բացահայտ է, որ Հրաչ Այնթապլյանի անունը ծանոթ է նաեւ արաբ արվեստասեր մտավորականության շրջանակներին: 2004-ին նրա անհատական ցուցահանդեսի բացմանը Լիբանանի մշակույթի նախարար Ռազի Արիդին շեշտեց այն փաստը, որ «Հրաչ Այնթապլյանը մշակութային արժեք է նաեւ Լիբանանի արաբ շրջանակների համար»:

Գեղանկարիչ Հրաչ Այնթապլյանը հավասարապես ազատ է զգում իրեն տարբեր ժանրերում, լինի դա դիմանկար, բնապատկեր, նատյուրմորտ թե կենցաղային տեսարան: Նրա վրձնի հիմնական նյութը մարդը եւ բնությունն են:

...Իսկ այսօր ես դիտում եմ Հրաչ Այնթապլյանի գեղանկարները: Ես մուտք եմ գործել մի զմայլելի աշխարհ, որի անունն է` գույն, պատկեր, կերպար եւ հոգի: Ես նայում եմ նրա գեղանկարներին եւ զգում, թե որքան ներդաշնակ են գույնը, գիծը եւ երաժշտությունը: Գույնը, գիծը եւ պոեզիան: Որովհետեւ նրա գեղանկարների մեջ թե՛ երաժշտական մեղեդայնություն կա, թե՛ բանաստեղծականորեն քնարական խորք: Եվ իմ մեջ այս պահին, նայելով նրա գեղանկարներին, ինքնաբերաբար ծնվում են այդ գեղանկարներին համահունչ բանաստեղծական տողեր: Նրանք դառնում են այդ գեղանկարների անվանումներ եւ հարազատորեն ուղեկից բանաստեղծություններ: «Եկեղեցին ժամանակի մեջ», «Մեկը պիտի գա», «Ճերմակ ճախրանք», «Մարած կանթեղի լույսի տակ», «Դեղին շշուկ»... Այս տողերը, որ ներդաշնակորեն միահյուսվում են նկարչի կտավներին, նույնքան իրապաշտական են, որքան եւ տեսլական: Որովհետեւ, երբ նա նկարում է դատարկ, լքված բակ, միեւնույն է, նշմարում ես նրա վրձնի տակ շունչ առած մարդուն: Որովհետեւ, երբ նա նկարում է ճերմակ թափանցիկ զգեստով պարուհուն, տեսնում ես ճերմակ ճայի նրբասլաց ճերմակ ճախրումը: Որովհետեւ, երբ նա նկարում է նարգիզների փունջ, լսում ես նազուն գլխիկները քով-քովի տված ծաղիկների շշուկը: Որովհետեւ, երբ նա նկարում է նատյուրմորտ, որի ետին հենքի վրա իր խոսուն կեցվածքով պապանձվել է մարած կանթեղը` գիտակցում ես, որ նկարչի խորաթափանց մտահղացման գլխավոր «հերոսը» այստեղ, այնուամենայնիվ, առերեւույթ մարած, սակայն ներքին լույսով լուսավորված կանթեղն է: Որովհետեւ՜... Եվ այսպես շարունակ:

Այո՛, ճշմարտացի է արվեստաբան, լրագրող Սարո Գյումրեցին (Գյոդակյան), որը գրել է. «Եվ ինչ էլ վրձնի Հրաչ Այնթապլյանը, միեւնույն է, երեւում է նրա ծիածան-ներկապնակի այն զարմանալի ու հրաշալի ութերորդ գույնը, որին պարզապես անվանում են Կարոտ» («Հայք», 02.07.1997):

Գունեղ, հարուստ հոգեաշխարհ է ապրում Հրաչ Այնթապլյանի գեղանկարներում: Ապրում է իր ուրույն ոգեղեն գոյով եւ իր ազդեցիկ ներկայությամբ առնում է քեզ իր մեջ, տանում իր խորքը, շաղախվում է հոգուդ մեջ ծնվող բանաստեղծությանը:

Բեյրութ-Երեւան


Նկար 2. Լիբանանյան գյուղական բակ

Նկար 3. «Գաղտնի ճամփա մը»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4