ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2007-06-30 | #14, 2007-07-14 | #15, 2007-07-28


ՊԵՐՃԱՇՈՒՔ ՓԱՐԻԶՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԻՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Շքեղ ճարտարապետության ու քաղաքաշինությանՙ մարդու իդեալ պատկերացումների քաղաք է Փարիզը. թվում է երկնային մի իրականության նյութական արտապատճենումՙ տեղադրված աշխարհի այդ կետում: Թվում էՙ այստեղ ամեն բան կա: Մի հսկայական բաց թանգարանՙ հայացքդ անընդհատորեն շոյող իրողություններով: Ասում ենՙ ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, ու Փարիզը ճիշտ այդպիսին է, ու դարձյալ թվում էՙ կախարդական փայտիկի մի հպում, ու քարե ասեղնագործ բյուր ժանյակները թրթռալու, հնչյունավորվելու ու ծփծփալու են Սենի ջրերի պես:

Այդ ամեն բանի մեջ, սակայն, գրեթե չես հանդիպի մի քանի երեւույթների, ինչպես գովազդային վահանակներ, սրճարանային երաժշտություն, տրասպորտային աղմուկ, ու հանկարծ քաղաքի ամենագեղեցիկ պողոտայիՙ Շանզ-Էլիզեի վրա աչքդ ընկնում է «Peintures-Arme՛nie 1830-1930» շարժացուցանակին: Բարձրաոճ ճարտարապետության ու նկարչության աշխարհի մայրաքաղաքում ամեն մի անկյուն գեղագիտորեն մշակված է այնքա՜ն, ու գեղեցկությունները «աչք ցավեցնելու» աստիճան շատ են: Եվ ահա վեհաշուք ու պճնված քաղաքային այս միջավայրում մի տաք ու մտերմիկ զգացում է ծնում հայկական այդ ակնթարթը: Կանգ ես առնում մի պահ ու ներսումդ սկսում փնտրել թանկ հիշողություններ. Մ. Սարյան. «Ալեքսանդր Ծատուրյանի դիմանկարը»- դիմացի ցուցանակին գտնում ես հարազատ դիմագծերՙ հայի արտահայտություն, աչքերում թավիշ-թախիծ: Փարիզի կենտրոնական հատվածներից մեկումՙ «Պըթի Պալե» թանգարանում շարունակվում էր (հուլիսի 11) XIX-XX դարերի հայ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդեսըՙ գեղարվեստական մակարդակով շատ ներդաշնակ մյուս սրահների այլ ցուցադրություններին:

Ժողովուրդների համընդհանուր խաչաձեւումների XXI դարի արագընթաց իրողությունների մեջ որեւէ երկրի մշակույթի տարի անցկացնելու նշանակությունը իմաստավորվում է փոխադարձ շփումների ու ճանաչողության առումներով: Ու հաճելի է լսել, որ Ֆրանսիայի նման մեծ երկրում Հայաստանի տարին միջոցառումների ծավալով աննախադեպ է համարվել: Այստեղ դեր ունեն, անշուշտ, դարերով ձեւավորված հայ-ֆրանսիական հարաբերությունները, ֆրանսահայությանՙ այդ երկրին բերած ծառայությունները մշակույթի ու հասարակական կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում:

Պատմական տեղեկությունները վկայում են, որ առաջին հայը Ֆրանսիայի Տուր քաղաքի մայր եկեղեցում հյուրընկալված Սիմոն եպիսկոպոսն էՙ 591 թ.-ին: Սեն Մարթ եկեղեցու լատինատառ մի արձանագրության մեջ զետեղված է եղել հայերեն այբուբենը առանց օ եւ ֆ տառերի: Հայերի ու ֆրանսիացիների մեջ առավել սերտ հարաբերություններ հաստատվել են Խաչակրաց արշավանքների եւ Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակ, մասնավորապես Լուսինյանների օրոք: Կիլիկյան հայկական գահին ծագումով ֆրանսիացի երեք թագավոր է եղել: Հայոց վերջին արքան Կիլիկյան թագավորությանՙ Լեւոն VI-ը եգիպտական երկարատեւ գերությունից հետո ապաստանել է Ֆրանսիայում եւ այստեղ էլ մահացել: Նրա աճյունը հանգչում է Սեն Դընի արքայական դամբարանում, Ֆրանսիայի թագավորների շիրիմների կողքին: XVII դարի կեսերին Պասկալ անունով մի հայ Մարսելում, ապա Փարիզի Սեն Ժերմեն թաղամասում բացել է Ֆրանսիայի առաջին սրճարաններըՙ փարիզեցիների այնքան սիրելի հանգստի վայրերից մեկը, որի մշակույթը իրենք հասցրել են բացառիկ վայելքի, տոնի, եւ դա հատկապես առավոտները...

Հայկական մշակույթի հանդեպ ֆրանսիացիների հետաքրքրությունն աճել է XVIII դարից. հայագետ Գիյոմ դը Վիլֆրան կազմել է Փարիզի արքայական մատենադարանի (այժմՙ Ազգային գրադարան) 138 հայկական ձեռագրերի ցուցակը: Մինչ այդ Փարիզում տպագրվել էր «Բառգիրք հայոցը», իսկ 1672-ին Մարսելում Ոսկան Երեւանցին հիմնել էր տպարան: Ավելի ուշ Փարիզի արեւելյան կենդանի լեզուների դպրոցում կազմակերպվել էին հայերենի դասընթացներ, իսկ Մխիթարյանները հիմնել էին «Սամուել Մուրատեան» վարժարանը: 1850-ին Փարիզում սկսեցին լույս տեսնել «Արեւելք» եւ «Մասեաց աղաւնի» պարբերականները: Իսկ Մարսելում տպագրվող Մկրտիչ Փորթուգալյանի «Արմենիա» շաբաթաթերթը (1885 թ.) մեծ դեր կատարեց հայության մեջ ազատատենչության ոգին արթնացնելու ուղղությամբ:

Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց եղեռնից մազապուրծ մեծ թվով հայեր ապաստան գտան Ֆրանսիայում: Այդ տարիներից ծավալվեց արմենոֆիլ շարժումը, մի խումբ մտավորականների, մասնավորապես Անատոլ Ֆրանսի գլխավորությամբ, Արշակ Չոպանյանի ջանքերով: 1915-ի մայիսի 24-ին Ֆրանսիայի նախագահական դեկլարացիան դատապարտում էր Օսմանյան Թուրքիայում կատարվող հայասպան քաղաքականությունը: Արմենոֆիլ շարժմանը նվիրված մի ցուցահանդես դեռ շարունակվում է Մոնմարտրի թանգարանում: Պատերազմի տարիներին հայ կամավորական ջոկատները Շանզ-Էլիզեից մեկնում էին ռազմաճակատի առաջին գծեր: Վերդենում, ուր ֆրանսիացիներն ամենաշատ զոհերն են տվել, կա մի հուշահամալիր երկու մեծ զինանշանով` հայերեն խոշոր տառերով գրված ՎԱՆ-ՍԻՍ: Զոհվածների ցուցակում հայերի անուններ եւս կան արձանագրված: 70-ական թվականներին Վերդենի հիշատակի արարողության ժամանակ ֆրանսիական բանակի մի գեներալ իր խոսքում ասել է. «Եթե Վերդենից մի բուռ հող վերցնես ու ճզմես, հայկական արյուն կկաթի»:

Երկրորդ համաշխարհայինի տարիներին էլ ֆրանսահայերն ակտիվ մասնակցություն բերեցին պատերազմական գործողություններին, դիմադրության շարժման ժամանակ ստեղծվեց ընդհատակյա հայ ազգային ճակատ: Միսաք Մանուշյանի ղեկավարությամբ գործում էր ինտերնացիոնալ չորս ջոկատ. լեգենդ դարձած անուն Ֆրանսիայում, որին ֆաշիստները գնդակահարեցին:

Այսօր հայության թիվը Ֆրանսիայում կազմում է շուրջ 450.000, որոնք գերազանցապես հաստատվել են Փարիզում, Շավիլում, Ալֆորվիլում, Իսի լե Մուլինոյում, Կլամարում, Վալանսում, Մարսելում, Լիոնում: Առհասարակ ֆրանսահայերի համախմբումը ազգային կարեւորության հարցերում, նրանց ինտեգրումը տեղի հասարակությանը եւ ունեցած դերակատարումը երկրի տնտեսական, մշակութային կյանքում, ծանրակշիռ հեղինակություն են ապահովել ազգային այս փոքրամասնության համար: Գրեթե բոլոր ասպարեզներում նշանավոր հայեր եղել են եւ կան. 20-30-ականներինՙ Ն. Ադոնց, Թեոդիկ, Շ. Շահնուր, Վ. Շուշանյան, Մախոխյան, Հ. Գյուրջյան, Լ. Թյութունջյան, Ա. Շահմուրադյան, ավելի ուշՙ Ռուբեն Մելիք, Անրի Թրուայա, Զարեհ Որբունի, Վահե Քաչա, Արթյուր Ադամով, Ժանսեմ, Գառզու, Ասատուր, Շարթ, Անրի Վերնոյ, Շառլ Ազնավուր: Փարիզի Լատինական թաղամասում Պանթեոնի հարեւանությամբ գտնվող Սեն Ժըն-յ-ի պետական գրադարանի շենքի ճակատին, աշխարհի շատ իմաստուն այրերի անվանացանկում կարդում ենք նաեւ միջնադարի հայ փիլիսոփա Գրիգոր Մագիստրոսի անունը: Փարիզում եւ Ֆրանսիայի շատ քաղաքներում նշանավոր հայերի անուններով վայրեր, Հայոց եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողներ, հրապարակներ կան: Փարիզի կենտրոնական վայրերից մեկում` Կանադայի հրապարակի մի ծառուղում տեղադրված է Կոմիտասի չորս մետրանոց բրոնզե արձանը` աջից Սենը, ձախից` Պըթի Պալեն:

Ֆրանսահայությունը դպրոցաշինության («Դպրոցասեր տիկնանց վարժարան», «Մաշտոց», «Թարգմանչաց» վարժարաններ), եկեղեցաշինության (Սբ. Հակոբ եկեղեցիՙ Լիոն, Սբ. Հովհ. Մկրտիչՙ Փարիզ, Սբ. Սահակ- Ս. Մեսրոպ Սրբոց թարգմանչացՙ Մարսել եւ այլն) մշակութային, ազգային միությունների, կազմակերպությունների (Նուբարյան մատենադարան, Սամուելյան գրախանութ, ՀԲԸՄ-ի Ֆրանսիայի մասնաճյուղ, «Կապույտ խաչ», «Ֆրանսահայ երիտասարդական միություն» «Ազնավուրը Հայաստանին», «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդ եւ այլն), տպագրության, պարբերական մամուլի («Յառաջ», «Աշխարհ», «Նուվել դ,Արմենի», «Ֆրանս Արմենի» եւ այլն) հարուստ ավանդույթներ ունի: Այս ամենը նպաստաբեր հանգամանքներ ստեղծեցինՙ 1998թ. Ֆրանսիայի Խորհրդարանի, իսկ 2001թ. Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ներկայումս քննարկման երկրորդ փուլում է Հայոց ցեղասպանության պատժելիության մասին օրենքի նախագիծը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4