Զարմանահրաշ թատրոն
1938 թ. Ստամբուլում ծնված Սարգիսը հայազգի թերեւս ամենանշանավոր արվեստագետն է: Ներկայումս փարիզաբնակ արվեստագետն այս տարի Լուվրի թանգարանի եւ «Բուրդել» թանգարանի հրավիրյալն է: Այս կապակցությամբ նա ընտրել է երկխոսությունն անցյալի գործերի հետ:
Առաջին հայացքից նրա կացարանն այնքան էլ ռոմանտիկ չէ եւ հիշեցնում է մի քիչ դատարկ եւ թեթեւակի լուսավորված ընդգետնյա կայանատեղ: Վերեւից ընկնող լույսի պատճառով այդ նախկին տպարանը սառը եւ մռայլ տեսք է ստանում: Առաջ շարժվելիս կիսախավարից դանդաղորեն առանձնանում են ինչ-որ ուրվապատկերներՙ շարժուն դարձնելով տարօրինակ թատրոնի կուլիսները: Որպես սեփական միջավայրի հմուտ գիտակ, Սարգիսը փուլ առ փուլ բացահայտում է այդ ընդարձակ պահեստարանի պարունակությունն ըստ իր որոշած ռիթմի: Նա ուղեկցում է այցելուին, վառում լույսերը կամ գունավոր նեոնային լամպերը, մեկնաբանում է, բացատրում: Խոսում է քիչ, արագ, բայց մեղմ ձայնով, եւ այցելուին կամաց-կամաց տանում դեպի առարկաների ուրիշ խմբեր:
Մթնոլորտն անպատմելի է, թեթեւակիորեն մահաշունչ, ասես այնտեղ թաղված լինեն թափառող կրակներ: Սարգսի արվեստանոցը նման է պահեստի, որտեղ հավաքված են կործանվող ինչ-որ քաղաքակրթության գանձեր, որտեղ կուտակված են դեռեւս անբացատրելի խորհրդավոր ձեւեր, ցավատանջ հիշատակներ, զգայացունց ռազմաավարներ: Ենթադրվում է նաեւ, թե սովորաբար արվեստի գործեր պարփակող այդ արկղներում, ինչպես դագաղներում, ամփոփել են մումիաներ եւ հրաշագործ քսուքներ: Նկատելի է մեկուսամասերում իշխող կանխորոշված եւ գրեթե մտագարային կարգուկանոնը, ըստ որի իրար հաջորդում են շոշափելիորեն սահմանազատված ծակուծուկ երի առարկաները, ռինգի պես կտրուկ լուսավորվող բեմական տարածքները եւ կինոնկարահանման հարթակը, երեւում են փոքր «ցուցահանդեսների» սաղմերը, մանրակերտների փորձարկումները:
Հատվածներից յուրաքանչյուրն ուրույն է, եւ բոլոր մասերն ի մի են բերված ինչպես նռան հատիկները: Պատերի երկայնքով շարված երկար գրապահարանների դարակներում կան առարկաներ, որոնք երբեմն անճանաչելի են: Ավելի հեռվում գտնվող ցուցափեղկերը եւ պահարանները գործում են երբեմնի գանձապահարանների պես: Երեւակայությանը լիակատար ազատություն է տրված: Երբեմն թվում է, թե հակաատոմային «թաքստոցում» ես, որը սարքված է ինչ-որ անհայտ գլուխգործոց պահպանելու համար: Թվում է նաեւ, թե ինչ-որ մութ սենյակում ես կամ բացօդյա ուղեղի ներսում, որը տրոփում է, մեզ ցուցադրելով ծնունդ առնող, նորացվող, սեփական մոխիրներից մշտապես հառնող ինչ-որ ստեղծագործության արարումը: Խոսքը թերեւս մեծն Պատմության մոխիրների, այն բուսահողի մասին է, որի վրա Սարգիսն աճեցնում է իր պաշտամունքի առարկաները:
Վիթխարի գլուխկոտրուկի հատվածները կամաց-կամաց հայտնվում են իրենց տեղերում: Այն առարկաները, որոնք մենք կարծես թե ճանաչել էինք, այստեղ իրականում լոկ մի մեծ ամբողջության մասեր են եւ այժմ սպասողական վիճակում են... Սպասում են, որ կիրառվեն որպես գործիքներ կամ կենդանանան Պինոքիոյի պես: Արվեստանոցը գործում է ինչպես մի խոշոր, քնած մարմին, որին արվեստագետն ամեն անգամ պետք է արթնացնի, հին գործերի մնացորդներ հանելով վերօգտագործելու կամ մեկ այլ տեղում «տեղադրելու» նպատակով, որպեսզի «վերընթերցի» հավերժական շարժման մեջ գտնվող գործը:
Արվեստագետի դիմանկարի փորձ
Սարգսի ստեղծագործությունը դժվար է ընկալել եւ վերծանել: Այն կազմված է իրար կցված եւ այդուհանդերձ տարածության եւ ժամանակի մեջ առանձնացված կղզյակներից, որոնք պատրաստված են ինչպես հնօրյա իրերից (օրինակՙ անտիկ բրոնզե արձանիկներից), այնպես էլ ժամանակակից առարկաներից (հեռուստացույցների էկրաններ եւ այլն): Այդ բոլոր իրերը կապված են ինչպես սեւ շուկայի, այնպես էլ արվեստի պատմության հետ: Կարելի է մտածել Վալտեր Բենժամենի վերստեղծած Բոդլերի «Հնոտիավաճառի» եւ նրա զամբյուղում կուտակված անպետք իրերի խառնաշփոթ, քաոսային վիճակի մասին: Նրա պես, Սարգիսը մետաֆիզիկական աշխարհ է տեսնում յուրաքանչյուր առարկայի մեջ, որքան էլ փոքրիկ կամ սովորական լինի այն, եւ իր «տեսարաններում» առարկաներին էներգիա եւ գործառույթներ է հաղորդում ներկայացման բազմապիսի համադրությունների շնորհիվ:
Օգտագործվում են մաշված ձայնասկավառակներ, դրվագազարդ շրջանակներ, արձակված երկար մագնիսաժապավեններ, արեւելյան հին գորգեր, երկաթեղեն, Մատանիների տիրակալի պլաստիկե արձանիկներ, թրծակավե կառք, նեղոսյան կոկորդիլոսի գանգ, Բենինի վոդուական արձանիկ, պատի ժամացույցներ եւ շատ ու շատ այլ բաներ: Արվեստագետն այդ առարկաները գործի է դնում Մարսել Բրուդթաերսի բնորոշած «բեմահարդարանքը» գտնելու, իր մտահղացած պատկերը կամ «սրբապատկերը» ստեղծելու նպատակով:
Սարգիսը տեսիլքների արվեստագետ է: Նրա առարկաներն արձակում են անտեսանելի ճառագայթներ, որոնք դառնում են հաղորդափոկեր եւ նպաստում են նրա մտային վիճակի վերականգնմանը: Արվեստագետի վարքագիծը որոշ իմաստով հիշեցնում է Անդրեյ Տարկովսկու «Ստալկեր» ֆիլմի ուղեկցորդի գործողությունները կամ Ջոչեֆ Բեյսի շամանությունը: Սարգիսը կանոնավորապես դրան է դիմում իր ցուցափեղկերի, բազմաշերտ թաղիքների օգտագործման միջոցներով... Բեյսը մշտապես ներկա է. նրա էներգիան թաքնված է արվեստանոցի խավարում կամ արվեստագետի ուսին է, երբ նա զմայլվում է Կոլմարում Գրյունեվալդի նկարած «Քրիստոսի» տառապալի արտահայտչականությամբ:
Սարգիսը դառնում է միջնորդ, կախարդ, հրաշագործ, պայծառատես, մի խոսքով արվեստագետ: Նա ասես համակված լինի իր հովանավորյալ կերպարներով կամ իր վրա ազդած, գրեթե «շանթահար» արած գլուխգործոցներով: Նա ապացուցում է դա Լուվրի թանգարանում, որտեղ, ի թիվս այլ աշխատանքների, ցուցադրում է «Անավարտ գունավոր երազ» գործը: Գունավոր թաղիքների այդ կույտը հարգանքի տուրք է Բեյսի «Werkkomplex» հայտնի ստեղծագործությանը, որը նրա կենդանության օրոք տեղադրվել էր Դարմշտադում, եւ որի գորշ թաղիքը «ծիածանի բոլոր գույների խտացումն» էր, պարզաբանում է Սարգիսը:
Նա ցուցադրում է նաեւ «Ի սկզբանե էր շոշափելիքը» գործը: Վերջինս կազմված է խաչաձեւ դասավորված վեց էկրաններից, որոնք «զրուցում» են Բեյսի «Իսենհայմի» հետնաբեմի հետ: Սարգիսը հարգանքի տուրք է մատուցում նաեւ Մունքի հանրահայտ «Ճիչը» կտավին, որը Ստամբուլում երիտասարդական տարիներին մեծ տպավորություն է գործել իր վրա:
Իր ուղեկիցները դարձած անձանց գործերն այս ձեւով հիշատակելովՙ Սարգիսը հաճախ վկայակոչում է որեւէ անձնավորության կյանքը, ինչպես նա արեց, օրինակ, Պոր-Բու բնակարանում, Վալտեր Բենժամենի շիրիմի վրա:
«Լավ հարեւանի» օրենքը
Սարգսի սարվածքները (ինտալացիա), վերամոդելավորումները, կարճ միացումները, «սրբապատկերները», լուսավոր հեծանները, նեոնային լույսերը եւ տեսաերիզները կազմում են տաղավարների օդային շղթա: Նրա մեթոդը կերտում է վիրտուոզ թանգարան, ինչպես արվեստի պատմաբան Աբի Վարբուրգն էր «բեմադրել» հիշատակի շարժուն գրադարան: Կից լինելու շնորհիվ Սարգսի առարկաները «զրուցում» են: Այդ համակեցությունը մերձեցնում է Վարբուրգի համակարգին, որն իր գրքերը դասավորում էր ըստ իր մտայնության եւ ամեն անգամ դասավորությունը փոխում էր ըստ հետազոտության թեմաների փոփոխման:
«Նա ղեկավարվում էր լավ հարեւանի օրենքով, որի համաձայն իր խնդրի լուծումը ոչ թե փնտրած գրքի մեջ էր, այլ դրա կողքինի մեջ: Այդ ձեւով նա գրադարանը դարձրեց իր անձի յուրօրինակ լաբիրինթոսյան պատկերը» (Ջորջո Ագամբեմ):
Ամեն տեսակ հանդիպումներից Սարգսի արած գյուտերը միաձուլվում են այդ հիբրիդային ալքիմիայի շնորհիվ. Արեւելքը խառնվում է Արեւմուտքին, Կրիշնան հարեւանում է Աստվածամոր հետ, հեթանոսական պատկերը «սիրախաղ» է անում սրբազան պատկերի հետ... Եվ այդ ամբողջությունը կազմում է սարգսյան լեզուն: Անցյալը եւ հավաքական հիշողությունը ներկայի մեջ վերակենդանացնելովՙ Սարգիսը յուրովի է հավատում արվեստի միջոցով հոգու ապաքինմանը, արարման միջոցով մեղքերի քավությանը: «Ես լսում եմ ծնված ստեղծագործության կյանքը», ասում է նա:
Անրի-Կլոդ Կուսոն Սարգսին առաջարկել էր «զրուցել» Հռոմի Սեն-Լուի-դե Ֆրանսե եկեղեցում գտնվող Կարավաջոյի կտավների հետ: Այդ այցելությունից ծնունդ առած ֆիլմում արվեստագետը մասնավորապես զարգացնում է իր ամենահին եւ առավել նշանակալի զբաղմունքներից մեկըՙ գրանկարչությունը: Ջրաներկը ջրում լուծված մաքուր ներկն է: Լուծումը ոչ այլ ինչ է, քան դիալեկտիկա երկու նյութերի միջեւ: Տեսաֆիլմն Անատոլիայում ինչ-որ տեղ գտնվող մի տաճարի ավերակների հովվերգական դրվագում ներկայացնում է մարմարյա հատակի վրա գոյացած անցքը: Արվեստագետն այնտեղ ջուր է լցնում, ապա վրձնով շատ զգուշորեն մի կաթիլ կարմիր ներկ է կաթեցնում: Ներկը տարածվում է, ապա կամաց-կամաց լուծվում, ինչպես արյան ամպն ուղեղի մեջ, ի վերջո կազմելով գանգի, ապա դեմքի պատկեր: Կարմիր գույնի եւ լույսի համերգում, քամու եւ ծղրիդների տաղտկալի երաժշտության ուղեկցությամբ, մենք ականատես եղանք մի «սրբապատկերի»ՙ մի ունայնության ծննդին: Սա է Սարգսի պատասխանը Կարավաջոյին:
Արվեստանոցն ինքնին ստեղծագործության պատկերն է: Եվ արտաքուստ տարատեսակ իրերով լցված ու շարժուն ստեղծագործություն-արվեստանոցն իր մթին ընդերքով հիշեցնում է ընկնող աստղ, որն իր հետ տանում է աշխարհի հիշողության բեկորները, որոնցով ծածկում է երկրաշուրջ խավար երկինքը:
ԷԼԻԶԱԲԵԹ ՎԵԴՐԵՆ, «Connaissance des Arts»