ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ
Խոսելով Ֆրանսիայում Հայաստանի տարվա շռնդալից հաջողության մասին, անարդար կլիներ չհիշել անցյալում տեղի ունեցած հայ-ֆրանսիական մշակութային մեծ դրսեւորումների մասին: Դրանց շարքում, թերեւս ամենանշանակալին «Հայ արվեստը Ուրարտուից մինչեւ մեր օրերը» 1970-71 թթ. փարիզյան Լուվրում, ավելի ճիշտՙ Լուվրի պալատում տեղակայված դեկորատիվ արվեստների թանգարանում անցկացրած ծավալուն ցուցահանդեսն էր:
Հայրսՙ Հենրիկ Լիլոյանը (1932-99) նոր էր նշանակվել Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար, եւ մեր ընտանիքի փարիզյան առաջին շաբաթներն էին, երբ օրերից մի օր հայրիկս առաջարկեց այցելել այդ ցուցահանդեսը: Երեխա էի, եւ տասնամյակներ են անցել այդ ժամանակներից, սակայն ցայսօր հիշողությանս մեջ պահպանվել են տոնական վառ տպավորությունները...
Իսկ Լուվրում նման ցուցահանդեսի գաղափարը հորս նախորդՙ Մարատ Խարազյանինն էր (1931-2006): Բնականաբար, այդ ժամանակներում նման միջոցառումը կարող էր անցկացվել միայն ԽՍՀՄ-Ֆրանսիա մշակութային համագործակցության շրջանակներում: Մեր զրույցների ժամանակ պրն Խարազյանը հիշում էր, որ հայ արվեստի ցուցահանդեսի հարցը 1968 թվականի մարտին դարձել էր ԽՍՀՄ դեսպան Վալերիան Զորինի ու Ֆրանսիայի մշակույթի նախարար, անվանի գրող ու մտավորական Անդրե Մալրոյի զրույցի թեման:
- Ուրարտուի գանձերի ցուցահանդե՞ս: Նման բանի համար վաղօրոք տալիս եմ իմ համաձայնությունը,- բացականչել է գեներալ դը Գոլի հավատարիմ զինակիցը: - Անպայման բերեք ոսկե իրեր. չգիտես ինչու, ֆրանսիացիներին շատ դուր են գալիս հին ոսկե զարդեր. տեսեք, ինչ հաջողությամբ է անցնում Թութանհամոնի գանձերի ցուցահանդեսը:
Նախաձեռնությունը հավանության արժանացավ Հայաստանի այն ժամանակվա ղեկավար Անտոն Քոչինյանի կողմից:
Սույն տողերը գրելու նպատակով ուսումնասիրելով արխիվային նյութերը, պարզեցի, որ սկզբում Փարիզի ցուցահանդեսը նախատեսվում էր 1969 թվականի չորրորդ եռամսյակի համար, սակայն հետո «խորհրդա-ֆրանսիական միջկառավարական համաձայնության արդյունքում» այն տեղափոխվեց 1970 թ. չորրորդ եռամսյակ եւ հանդիսավոր պայմաններում բացվեց 1970 թ. հոկտեմբերի 16-ին ու տեւեց մինչեւ հաջորդ տարվա հունվարի 11-ը:
Այդ միջոցառումը, հիրավի, բացառիկ էր, քանի որ ճեղքեց ժամանակի գաղափարախոսական հակամարտության արգելքները, փաստորեն նախորդեց միջազգային լարվածության նշմարվող թուլացմանը, որի առաջնեկներն էին Խորհրդային Միությունն ու Ֆրանսիան: ԽՍՀՄ եւ Ֆրանսիայի կառավարությունների բարձր հովանավորությամբ անցկացված փարիզյան ցուցահանդեսի յուրատիպ խորհրդանիշն էր Զվարթնոցի խոյաքանդակի արծիվներից մեկը, որով եւ սկսվում էր ցուցադրությունը: Թանգարանի մեծ ցուցասրահը ցուցապատով բաժանված էր երկու մասի, ուր աջ հատվածում ներկայացված էր հայ մշակույթի նախաքրիստոնեական շրջանը: Այստեղ ներկայացված էին հնագիտական իրեր, քարե գործիքներ, ամանեղեն, սափորներ եւ այլն: Նույն բաժնի մաս էր կազմում ուրարտական շրջանըՙ ոսկյա եւ բրոնզե իրերով ու պաշտամունքային արձանիկներով, Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությամբ, Էրեբունու ու Թեյշեբաինիի մանրակերտերով եւ, վերջապես, Լճաշենի պեղումների ժամանակ հայտնաբերված երկանիվ սայլով:
Զվարթնոցի մի քանի հոյակապ խոյաքանդակները, տաճարի երեք մետր բարձրությամբ մանրակերտը, Գեղարդի վանքի մանրակերտը, միջնադարյան երեք խաչքարերը, կոթող-հուշարձանների տասնյակ գունավոր լուսանկարներն ու առանձին ապակեպատ ցուցափեղկերում զետեղված մեր մանրանկարչության գոհարները կազմում էին ցուցահանդեսի հաջորդ բաժինը:
Թանգարանի կենտրոնական ցուցասրահը երիզում էին շուրջ 15 համեմատաբար փոքր ցուցասրահներ, որոնք այցելուին հաջորդաբար ծանոթացնում էին հայ արվեստինՙ ուշ միջնադարից մինչեւ 20-րդ դարը: Այստեղ կարելի էր տեսնել Սեւանի վանքի քանդակազարդ դուռը (15-րդ դար), Սուրբ մյուռոնի բրոնզե կաթսան (13-րդ դար), միջնադարի յուրատիպ գրակալներ ու արվեստի այլ նմուշներ: Ապա գալիս էին եկեղեցական սյուժեներով արված մեծադիր պատկերներ, դրանց հաջորդում էին ազգային տարազներ (Զանգեզուր, Վան, Էրզրում, Երեւան, Զեյթուն եւ այլն), ժողովրդական արվեստըՙ կարպետներ, գորգեր, ասեղնագործություն, ոսկերչական իրեր: 19-րդ դարը սկսվում էր Հակոբ Հովնաթանյանի հինգ դիմանկարներով, Հովհաննես Այվազովսկու «Արարատ» կտավով եւ ավարտվում Վարդգես Սուրենյանցի պատմական կոմպոզիցիաներով:
Առանձին սրահ նվիրված էր քաղաքամայր Երեւանի ժամանակակից ճարտարապետությանը: Այնուհետեւ գալիս էր խորհրդահայ կերպարվեստի բաժինըՙ Մարտիրոս Սարյան, Հովհաննես Կոջոյան, Երվանդ Քոչար եւ շատ ուրիշներ, ինչպես նաեւ այն ժամանակվա երիտասարդ արվեստագետների գործերից: Այստեղ պիտի մեջբերեմ արխիվում պահպանվող մի փաստաթուղթ, ուր թվարկվում են ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հարցերը: Մինաս Ավետիսյան անվան կողքին ինձ անհայտ մնացած հեղինակն ավելացրել է. «Այս նկարիչը շատ դուր կգա փարիզյան այցելուներին. հարկավոր է ավելացնել եւս մեկ կտավ, որպեսզի ներկայացված լինի գոնե երկու ժանր»:
Ցուցահանդեսի կազմակերպման համար կառավարության որոշմամբ ստեղծվել էր կազմկոմիտեՙ Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, խոշոր պետական գործիչ ու մտավորական Սուրեն Մովսեսյանի գլխավորությամբ: Ցուցանմուշները տրամադրել էին Մաշտոցյան մատենադարանը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Հայաստանի պետական պատկերասրահը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Երեւանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը: Հայ արվեստի գլուխգործոցներ տարվեցին Էջմիածնից, Զվարթնոցից, հանրապետության տարբեր շրջաններից ու սփյուռքից, նույնիսկ Լենինգրադի Էրմիտաժից:
Փարիզ հասնելու համար ցուցահանդեսի ցուցանմուշները Երեւանից գնացքով տեղափոխվեցին Ռիգա, այնուհետեւՙ ծովով Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Հավր նավահանգիստ, ապաՙ չորս հսկայական բեռնատարներով մինչեւ Փարիզ: Ողջ ցուցադրանքի ապահովագրական գումարը կազմում էր 5,96 մլն արտարժութային ռուբլիՙ ապահովագրական վկայականը պահպանվում է ազգային արխիվում:
«Կարելի է ասել, որ Փարիզի կենտրոնում ապրում էր մի փոքր Հայաստան, այնտեղ շնչում էր մեր պատմությունը, մեր մշակույթի ոգին, եւ ցուցահանդեսի յուրաքանչյուր այցելու հաղորդակից էր դառնում իր համար դեռեւս անծանոթ նաիրյան փոքր երկրի մեծ պատմությանըՙ նրա հեռավոր անցյալից մինչեւ լուսավոր ներկան»,- հիշում է Հայկական ԽՍՀ մշակույթի 1967-72 թթ. նախարար Կամո Ուդումյանը: (Ի դեպ, այս տարվա դեկտեմբերի վերջին լրանում է այդ արժանավոր գործչի ծննդյան 80-ամյակը):
«Առաջին անգամ հայ ժողովրդի պատմության մեջ մեր մշակույթը դուրս եկավ համաշխարհային ասպարեզ»,- ասում է Կ. Ուդումյանը, որին վիճակվել էր Հայաստանի կառավարության անունից բացել այդ պատմական ցուցահանդեսը: Մեծաթիվ հյուրերի մեջ էին Ֆրանսիայի մշակույթի նշանավոր գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ:
Ինչպես գրում է Փարիզում ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակից Օլեգ Կարասյովը,« դեպի կենտրոնական ցուցասրահ տանող մարմարե լայն աստիճանների երկայնքով շարվել էր Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի պատվո պահակախումբը: Գվարդիականների սեւակարմիր համազգեստը, նրանց փայլուն սաղավարտները եւ մերկացված թրերը ստեղծում էին հանդիսավոր մթնոլորտ, ընգծում իրադարձության տոնականությունը»:
- Բացվող ցուցահանդեսը ֆրանսիացիներին հնարավորություն կտա ծանոթանալու այն գեղարվեստական արժեքներին, որոնք ստեղծվել են հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում, կօգնի ճանաչել ու հասկանալ նրան,- ըստ ՏԱՍՍ-ի, իր խոսքում ասաց Կ. Ուդումյանը,- դա առավել եւս կարեւոր է, քանի որ ներկա ժամանակներում գտնվում են երկրներ, որոնք անվայելուչ փորձեր են անում իրենց վերագրելու հայ ժողովրդի ստեղծագործական աշխատանքով կերտված նյութական ու հոգեւոր արժեքները: (Համաձայնենք, այն ժամանակՙ խորհրդա-թուրքական հարաբերությունների ծաղկման շրջանում, նման բան ասելու համար որոշակի համարձակություն էր պետք- Տ. Լ.):
Ֆրանսիայի վարչապետին առընթեր պետական քարտուղար Լեո Ամոնն իր խոսքում նշեց, որ իրեն մեծ ուրախություն է պատճառում ներկա գտնվել այս ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է այնպիսի մի հնադարյան մշակույթի տեր ժողովրդի, ինչպիսին հայերն են: Պետքարտուղարն ընդգծեց ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող պատմական վաղեմի կապերը: «Հայ մշակույթը մոտ ու հասկանալի է մեր ժողովրդին»,- ասաց նա: Ըստ Լ. Ամոնի, Հայաստանի համար դժնդակ տարիներին, երբ մեծ թվով հայեր զոհ գնացին ցեղասպանությանը, ֆրանսիական խորհրդարանի ամբիոնից հնչում էին ցասումնալի ձայներ, պահանջելով վերջ տալ արյունոտ եղեռնին, հաղորդում էր թղթակիցը:
Լ. Ամոնն անդրադարձավ նաեւ մարտական այն մեծ բարեկամությանը, որը երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆրանսիական Դիմադրության շարժման շարքերում միավորում էր ընդհանուր թշնամու դեմ մարտնչած ֆրանսիացիներին ու հայերին: Վերջում բանախոսը վստահություն հայտնեց, որ խորհրդային հանրապետություններից մեկի մշակույթի ու արվեստի մասին ցուցահանդեսը կծառայի երկու երկրներիՙ Ֆրանսիայի ու Խորհրդային Միության բարեկամության ամրապնդման գործին:
Հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը դիտեցին ցուցադրությունը, որը նրանց ֆրանսերեն ներկայացրեց ցուցահանդեսի գլխավոր կոմիսար, Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանը: «Ցուցահանդեսի այցելուների առջեւ կհառնի հայ ժողովրդի երեւակայությունը, միտքն ու հոգին»,- այսպիսի խոսքերով է եզրափակվում ՏԱՍՍ-ի թղթակցությունը:
Հավելենք, որ ցուցահանդեսի բացմանը Փարիզ գործուղված հանրապետության պատվիրակության կազմում էին ՀԿԿ կենտկոմի մշակույթի բաժնի վարիչ Կիմ Պողոսյանը, Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն Մորուս Հասրաթյանը, պետական պատկերասրահի տնօրեն Էդվարդ Իսաբեկյանը, դրամատուրգ Գրիգոր (Գիգի) Տեր-Գրիգորյանը: Իսկ ցուցահանդեսի անցկացման ողջ շրջանում Փարիզում էր ցուցադրության տնօրեն, հանրապետության նախարարների խորհրդի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Արամայիս Սարգսյանը (1920-2004): Իբրեւ ցուցահանդեսի փորձագետներ Ֆրանսիայի մայրաքաղաք էին մեկնել թանգարանային եւ մշակույթի ոլորտի նշանավոր աշխատողներ Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, Բաբկեն Չուքասզյանը, Լավրենտի Բարսեղյանը, Շահեն Խաչատրյանը, Կոստանդին Հովհաննիսյանը, ուրիշներ:
Հայ արվեստի ցուցահանդեսը շատ մեծ հաջողություն ունեցավ: Դրանում համոզվելու համար բավական է ընթերցել խստապահանջ ֆրանսիական մամուլի արձագանքները, որոնք գտա հորս գրառումների մեջ:
«Հայկական արվեստի ցուցահանդեսը մի յուրատեսակ համաշխարհային բեմել է, որովհետեւ ժողովրդի հեռավոր անցյալից մեզ հասած արվեստի գործերը դեռ երբեք չեն ցուցադրվել Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս»,- գրել է հեղինակավոր «Ֆրանս-սուարը»:
«Այս ցուցահանդեսը վկայում է այնպիսի մի մշակույթի գոյության մասին, որի որոշ կողմեր հայտնի են, բայց որն Արեւմուտքում ապրող մարդկանց դեռ երբեք չի ներկայացվել ամբողջությամբ»,- փաստում էր «Նուվել լիտերերը»:
«Հայաստանը, երեք հազարամյա պատմություն ունեցող այդ հին երկիրը, այնքան ողբերգություններ է ապրել, որ մի մեծ հրաշք էր հարկավոր, որպեսզի նրա արվեստը հասներ մինչեւ մեր օրերը» , - գրում էր «Ֆիգարոն»:- Այդ արվեստը, որի մասին շատ քիչ բան է հայտնի, մեր առջեւ հառնեց 900 ցուցանմուշների տեսքով, որոնք դեռ երբեք իրենց թանգարանների պատերից դուրս չեն եկել: Այդ ցուցադրության միջոցով, որոնք մենք դիտում ենք հուզմունքով եւ հետաքրքրությամբ, դիտարկում ենք այդ երկրի ողջ պատմությունը... Հաստատակամություն, նրբություն, մարդկային ջերմությունՙ ահա հայ ժողովրդին բնորոշ գծերը, որի արվեստը նրա գոյության լավագույն երաշխիքն է»,-նշում էր թերթը:
«Այժմ, երբ արդեն ամեն ինչ դիտել ենք, հայկական արվեստը, որը գործնականորեն անծանոթ էր Արեւմուտքում, ամենամեծ հետաքրքրույթուն է առաջացնում» , - հիանում էր «Էքսպրես» ամսագիրը:
Ըստ պատկառելի «Մոնդի», «Հայ արվեստը հրաշք է թվում. հայ ժողովուրդը կարողացել է ոչ միայն կամրջել Արեւմուտքն ու հին Ասիայի արվեստները, այլեւ գտնել այն հիմնահարցերի ինքնատիպ լուծումները, որոնք վճռելու համար տառապալից որոնումներ է կատարել հռոմեական արվեստը»:
Նույն միտքը զարգացնում է ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկըՙ արեւելյան արվեստների փարիզյան թանգարանների տնօրեն Վադիմ Ելիսեեւը (մոսկվացի հայտնի վաճառական Ելիսեեւի թոռն է. հիշենք Տվերսկոյ փողոցում գտնվող Ելիսեեւսկի հանրահայտ խանութը, որը հենց այդպես էլ անվանում էին նույնիսկ խորհրդային տարիներին):
«Հաճախակի նկարագրված կամ հիշատակված, սակայն լայնորեն չճանաչված մի ուրույն արվեստի պերճախոս վկան է առաջին անգամ կազմակերպվող այս ցուցահանդեսը,- գրել է հեղինակավոր արվեստագետը: - Դարեր տեւած օտարերկրյա տիրապետությունները եւ «Արեւելյան հարցի» քաղաքական անընդհատ արծարծումները ստիպել են մոռանալ, որ գոյություն է ունեցել մի ինքնատիպ քաղաքակրթություն, որը ժամանակին սարսափեցրել է Ասորեստանը եւ հետագայում առաջնակարգ դեր է խաղացել Եվրոպայի քրիստոնեական ճարտարապետության զարգացման գործում» , - ընդգծել է Վ. Ելիսեեւը, որն, ի դեպ, ֆրանսիական կողմից ցուցահանդեսի գլխավոր կոմիսարն էր: Մ. Խարազյանի վկայությամբ, Ելիսեեւին Հայաստան այցելություններից մեկի ժամանակ առանձնահատուկ հուզել է Հաղպատի վանքը:
Իսկ «Ժուռնալ դյու դիմանժ» կիրակնօրյա թերթը խոստովանում էր, որ «այցելուների մեծ մասի համար հայ արվեստի ցուցահանդեսն իսկական հայտնագործություն էր»:
Շարունակում եմ թերթել հորս արխիվը: Ահա Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Հայրենիքի ձայն» պաշտոնաթերթի 1971 թ. փետրվարի 10-ի համարում «Նամակ Փարիզից» խորագրի տակ տպագրված նրաՙ «Վառ էջ հայկական մշակույթի պատմության մեջ» թղթակցությունը (ստորագրված է Հ. Տիգրանյան, քանի որ դիվանագիտներն իրավունք չունեն զբաղվել լրագրությամբ):
«72 օր շարունակ թանգարանի սրահներում չէր դադարում մարդկանց հոսքը դեպի մեր ժողովրդի անգին գանձերը, մի ժողովուրդ, որը կարողացավ աներեւակայելի զոհողությունների գնով դարերից փրկել ու պահպանել իր անկապտելի հարստությունըՙ ինքնատիպ ու բազմակողմանի հայ մշակույթը» , - գրում էր Հ. Լիլոյանը: 72 օր շարունակ ֆրանսիական ու խորհրդային դրոշակների կողքին ծածանվում էր Հայկական ԽՍՀ պետական դրոշը,- նշվում է հորս թղթակցության մեջ:
«Այսօր կարելի է ասել, որ «Հայ արվեստն Ուրարտուից մինչեւ մեր օրերը» ցուցահանդեսը հայ մշակույթի պատմության մեջ կմտնի որպես նրա վառ, սքանչելի էջերից մեկը,- գրում էր Հ. Լիլոյանը: - Ցուցահանդեսն այցելեց ավելի քան 30 հազար մարդ, մի՞թե ցուցահանդեսի ունեցած մեծ հաջողության փայլուն հաստատումը չէ: Փարիզի բազմալեզու բազմությունը երկար կանգ էր առնում հայ ժողովրդի տառապանքների ու վշտի, ուրախության ու ցնծության այդ հավերժական վկաների առջեւ...
Ցուցահանդեսի համբավը հասել էր մինչեւ հարեւան Շվեյցարիան, ուր «Նացիոնալ ցայտունգ» թերթն այն անվանել էր «Փարիզյան գեղարվեստական սեզոնի գագաթնակետը»:
Ինչպես վկայում է հայրս, հայկական ցուցահանդեսում եղան Փարիզի ու արվարձանների բոլոր գեղարվեստական դպրոցների ու ուսումնարանների աշակերտները, արվեստագիտություն ու պատմություն ուսումնասիրող ուսանողները:
«Ցուցահանդեսը մեծ տոն էր, հպարտության մեծ պահ էր ֆրանսահայ համայնքի, առհասարակ ողջ սփյուռքի մեր հայրենակիցների համար: Նրանք ընտանիքներով, համայնքի, հայրենակցական ու այլ ամբողջական կազմակերպություններով, ընդ որումՙ մի քանի անգամ, այցելում էին Լուվր, ուրախության ու հպարտության արցունքներն աչքերին դիտում իրենց հայրենիքից եկած գանձերը»:
«Հայ արվեստն Ուրարտուից մինչեւ մեր օրերը» խոր հետք թողեց մարդկանց հիշողության մեջ, դրան անդրադարձը շարունակվում էր դեռ երկար տարիներ: Կատալոգից բացի, մնաց ցուցահանդեսի հուշամեդալը (հեղինակՙ նկարիչ Ռուբեն Ղեւոնդյան), կրծքանշանը:
Ցուցահանդեսն այնքան տպավորիչ էր, որ 1971 թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ մշակույթի նախարար Կամո Ուդումյանն ու Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանին հղած գրությամբ առաջարկում են «Հայ արվեստն Ուրարտուից մինչեւ մեր օրերը» ցուցահանդես կազմակերպել Բեյրութում եւ «համապատասխան ատյանների միջոցով ձգտել նշված միջոցառումը մտցնել 1972-73 թթ. Լիբանանի հետ ԽՍՀՄ մշակութային համագործակցության ծրագրի մեջ» (ինչ-ինչ պատճառներով նման ցուցահանդես տեղի չունեցավ):
Հետաքրքրական է, որ նախատեսվում էր փարիզյան ցուցահանդեսի ավարտին Ֆրանսիայի մայրաքաղաքին նվիրել աղբյուր-հուշարձան, եւ որը պատրաստելու, տեղափոխելու եւ կանգնեցնելու հարցերն արծարծվել են մեր ուսումնասիրած արխիվային նյութերում: Քննարկումների որոշ փուլում այդ հարցը մեզ անհայտ պատճառներով այլեւ չի շոշափվել:
... Վերջերս Փարիզում այցելեցի «Սրբազան Հայաստան» սքանչելի ցուցահանդեսը: Երբ հատում էի Ռիվոլի փողոցը, որ մտնեի Լուվրի բակը, հուզմունքով հիշեցի գրեթե 37 տարվա վաղեմության պահը, երբ աշնան մի օր լուսահոգի հորս հետ գնում էինք դիտելու «Հայ արվեստն Ուրարտուից մինչեւ մեր օրերը»...
Բնությունըՙ արվեստների դպրոցների դպրոց
... Մեր ժամանակներում ժողովուրդներն արվեստի միջոցով ավելի ու ավելի են մերձենում, ճանաչում իրար ու տոգորվում սիրով միմյանց նկատմամբ: Այդ երեւույթը 20-րդ դարի մեծ հաղթանակներից մեկն է:
Այսօր պատմության մեջ առաջին անգամ, Փարիզումՙ արվեստների դարբնոցում, կազմակերպվում է հայ արվեստի ցուցահանդես: Այդ ցուցահանդեսը մեծ ուրախություն, եւ, միաժամանակ, մեծ փորձություն է հայ ժողովրդի համար: Ցուցահանդեսը ներկայացնում է հայ մշակույթի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Սակայն, ընդհանուր առմամբ, դժվար է այս ցուցահանդեսով դատել հայ արվեստի մասին, բայցեւ մասնիկի մեջ էլ կարելի է տեսնել ամբողջի էությունը:
Իր կյանքի ուղին հայ ժողովուրդը հաղթահարել է անսահման սիրո ու անսասան հավատի եւ իր բնության շնորհիվ: Նա միահյուսվել է իր բնության հետ: Եվ հենց բնության հետ մարդ արարչի միասնության մեջ է հարկավոր որոնել հայ արվեստըՙ հասկանալու նրա աշխարհիկ ու լուսավոր բնույթն ընկալելու բանալին:
Արվեստների դպրոցների դպրոցը բնությունն է: Եվ ես չեմ կասկածում, որ հոգեւոր մշակույթի իր վառ արտահայտված դպրոցն ունեցող ֆրանսիացի ժողովրդին ավելի մոտ կդառնա Հայաստանի արվեստը:
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ, 1970 թ.-ի Փարիզի ցուցահանդեսի համացուցակիՙ կատալոգի ներածականից