Բարիշնիկովըՙ նաեւ հաջողակ լուսանկարիչ
ՄԻԼԹՈՆ ԷՍԹԵՐՈՈՒ
Միխայիլ Բարիշնիկովը գուցե այնքան էլ լավ մերենգե չպարի, բայց Դոմինիկյան Հանրապետությունում այլ ազգային պարերի շարքում նաեւ այդ պարի նրա կատարած լուսանկարների առանձնահատկությունը ոմանք կոչում են «խորասույզ սիրով» կատարված արվեստ: Այդ արվեստով նա զբաղվում է 1980-ականների կեսերից: ARTnews հանդեսի մայիսյան համարում պարբերականի խմբագիր եւ հրատարակիչ Միլթոն Էսթերոուն հանդիպել է նրան, վերջերս Նյու Յորքի Էդվին Հուք պատկերասրահում բացված նրա առաջին խոշոր ցուցահանդեսի առթիվ: Ստորեւ թարգմանաբար այդ հոդվածըՙ որոշ կրճատումներով:
Երբ մի քանի տարի առաջ Միխայիլ Բարիշնիկովն իր սեւ ու սպիտակ լուսանկարները ցույց է տալիս վաղամեռիկ լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնին, վերջինս մեծապես տպավորվում է դրանցով: Եվ չնայած Բարիշնիկովը 1980-ականների կեսերից է զբաղվում այդ արվեստով եւ մի քանի վայրերում (Վաշինգտոնի Քենեդի կենտրոնում, Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանում) ցուցադրել է իր գործերը, սա իր առաջին հանրային խոշոր ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված են Դոմինիկյան Հանրապետությունում կատարված լուսանկարները:
Բարիշնիկովը 59 տարեկան է, լավ մարզավիճակումՙ կարծես պատրաստ կատարելու իր նախկին ցատկերն ու շրջադարձումները, որոնցով չի զբաղվել արդեն 15 տարի:
Մեր հարցազրույցը տեղի ունեցավ Մանհեթենի արեւմտյան 37-րդ փողոցի վրա գտնվող իր «Բարիշնիկովի արվեստի կենտրոն» գրասենյակում, որի պատերից կախված են ինչպես ռուսական, այնպես էլ արեւմտաեվրոպական արվեստագետների կտավներն ու գծանկարները: Այնտեղ են Լեոն Բաքստի, Պավել Չելիտչեւի, Ալեքսանդր Յակովլեւի, Դավիթ Սալի, Ժան Կոկտոյի, Մերսե Կանինգհեմի եւ Օլիվեր Սմիթի ստեղծագործությունները:
Բարիշնիկովը ծնվել է Ռիգայում (Լատվիա), որն այդ ժամանակ Խորհրդային Միության մաս էր կազմում: Հայրը զինվորական էր:
Իրՙ Միխայիլի մասին տարիներ առաջ «Նյու Յորքեր» պարբերականում հայտնված մի հոդվածում Ջոան Ակոչելլան գրում էր, որ «նա այն երեխաներից է, որոնք հանգիստ նստել չգիտեն: Ասում են, որ ուտելու ժամանակ նրա ոտքերը սեղանի տակ պարում են»:
«Ճի՞շտ է այս մեջբերումը», հարցրեցի նրան:
«Հավանաբար: Չեմ հիշում կոնկրետ, բայց ենթադրում եմ, որ այդպես է եղել, որովհետեւ շատ էներգիա ունեի, աշխույժ էի», պատասխանեց ժպտալով:
«Դուք հիմա էլ շատ էներգիա ունեք»:
«Դե, այո, տարիքիս համեմատ»:
«Իսկ ճի՞շտ է, որ դուք շատ մտահոգված եք եղել, որ բալետ պարելու համար չափազանց կարճ եք եղել եւ պառկել եք փայտե գերանների վրա, որպեսզի ձեր հասակը երկարի», հարցրեցի:
«Ճիշտ է: Այդ ժամանակ տասը-տասնմեկ տարեկան էի: Դա ամիսներ տեւեց, բայց այնքան էլ չօգնեց: Երեւի գեների խնդիր էր, ծնողներս բարձրահասակ չեն եղել», պատասխանեց:
Նա Լենինգրադի Կիրովի անվան բալետի դպրոցում աշխատող լեգենդար ուսուցիչ Ալեքսանդր Պուշկինի աշակերտն է եղել 1964-ին:
«Թերթերում ամեն օր հայտնվում էին նկարներ պատերազմի հետեւանքները վերացնելու, վերակառուցման աշխատանքների վերաբերյալ: Դա պրոպագանդա էր: Տպագրում էին Եվգենի Խալդեյի Ռայխստագի վրա ռուս զինվորների դրոշ բարձրացնելու եւ Դմիտրի Բալտերմանցի Բեռլինի ավերակների վրա ռուս զինվորի դաշնամուր նվագելու պատմական պահերը ներկայացնող լուսանկարները: Մշակութային փոխադարձ համագործակցություն կար ռուսական, ֆրանսիական եւ իտալական կոմկուսների միջեւ: «Կոմեդի ֆրանսեզը» եկավ, ապա ծանոթացա Անտոնիոնիի, Բերգմանի եւ Պոլանսկու ֆիլմերի հետ: Լուսավորության էֆեկտներն այդ ֆիլմերում այնքան տարբեր էին այն ամենից, ինչ մենք սովոր էինք տեսնել ռուսական ֆիլմերում: Պոլանսկու «Դանակը ջրում» ֆիլմն արտակարգ էր: Բերգմանի «Յոթերորդ կնիքը» ֆիլմի խոշոր պլանով կադրերն ու սեւ ու սպիտակի նրբություններըՙ առինքնող: Արեւմտյան արվեստը կամաց-կամաց թափանցում էր ներս: Բոլորս շատ էինք հետաքրքրված, որովհետեւ բացարձակապես անտեղյակ էինք այդ ամենից: Պետք է ամեն ինչ այբուբենից սկսեինք: Սկսեցի լեհական, չեխական ամսագրեր ձեռք բերել, ապա նաեւ «Հարպերզ բազար» պարբերականը, որը Ալեքսեյ Բրոդովիչի, Ավեդոնի եւ Իրվինգ Փենի նման աստվածներին ծանոթացրեց մեզ», սկսեց պատմել Բարիշնիկովը:
Երբ ես Իրվինգ Փենին նշեցի Բարիշնիկովի «աստվածների» բնութագրման մասին, նա ասաց. «Աստվածնե՞ր: Դե, երեւի Ռուսաստանի աղքատիկ լուսանկարչության ֆոնին մենք աստվածներ էինք, բայց խոստովանեմ, որ այստեղ մենք չափազանց լարված էինք աշխատում: Նշեմ նաեւ, որ նրանՙ Բարիշնիկովին լուսանկարելիս, շատ դյուրահաղորդ էր եւ կրթված: Պարողներն ընդհանրապես այդպիսին չեն: Նա հրաշալի անձնավորություն է»:
Բարիշնիկովն իր դեբյուտը որպես պրոֆեսիոնալ մենակատար կատարել է 1967-ին Կիրովի բալետային խմբի «Ժիզել» ներկայացման մեջ:
«Ես շատ էի տարված պարարվեստով: Բայց միաժամանակ հետաքրքրվում էի լուսանկարչությամբ: Տեսել էի Ավեդոնի կատարած Մայա Պլիսեցկայայի դիմանկարը, Իրվինգ Փենիՙ Ստրավինսկու եւ Ջորջ Բալանչայնի լուսանկարները, Կարտիե-Բրեսոնի եւ մյուսների նկարները: Դիկ Ավեդոնից, Իրվինգ Փենից եւ Անի Լիբովիցից սովորեցի, որ լուսանկարողը պետք է փորձի գտնել իր սեփական տեսողության սահմանները, փորձի չընդօրինակել ուրիշներին, ինչքան էլ սիրահարված լինի այս կամ այն լուսանկարչի գործերին: Նախ պետք է պատկերացնել, թե ի՞նչն է գրավում քեզ եւ ի՞նչն է առանձնահատուկ այդ տեսարանում: Ապաՙ ինչպե՞ս որսալ այդ պահը եւ ամրագրել այն:
Ամեն արվեստագետ էլ իրեն առաջ է մղում մինչեւ որոշակի աստիճան, որից հետո կամ հաջողության է հասնում, կամ ձախողվում: Բայց բոլոր դեպքերում, նույնիսկ ամենաաղետալի վիճակում, տեղի է ունենում մի պրոցես, որն ինքնաբացահայտում է կոչվում եւ որից դասեր պետք է քաղել», շարունակում է Միխայիլը:
Բարիշնիկովը հեռացավ Խորհրդային Միությունից 1974-ին, Տորոնտոյում (Կանադա) «Բոլշոյ» բալետի խմբի հետ «Դոն Քիշոտը» ներկայացնելուց հետո:
«Մոտ քսան տարի առաջ, երբ Ճապոնիայից պատրաստվում էի Թայլանդ մեկնել, վերհիշում է Միխայիլը, մի լուսանկարիչ ընկեր խորհուրդ տվեց ապարատը վերցնել եւ լուսանկարել հետագայում հիշողություններ ունենալու նպատակով: Նա ինձ նվիրեց 12-15 ֆիլմ, որոնց մեծամասնությունը ես փչացրի, սակայն մի քանի հաջողվածները գլխապտույտ առաջացրին, եւ ես գիտակցեցի, ավելինՙ հաճույք զգացի այն գիտակցումից, որ ես ավելին կարող եմ անել, քան սոսկ հանդիսատեսի առաջ պարելը:
Սկսեցի նկարել ճանապարհորդություններս, ընկերներիս, երեխաներիս, բնությունը: Սկսեցի հաճախել լուսանկարչական ցուցահանդեսներ, սովորել լույսի եւ ստվերի գաղտնիքները»:
Բարիշնիկովի լուսանկարների մասին ահա թե ինչ է գրել Սյուզան Սոնտագը:
«Նա իր լուսանկարչական աշխատանքներում ներդնում է այն նույն հատկանիշները, որ նրան դարձրել էին այնքան ոգեշնչող եւ ականավոր մի ներկայություն պարային արվեստում: Նրա պատկերները խոսուն են, ջերմ, խորաթափանց, հետաքրքրական եւ բացՙ աշխարհին»: Իսկ կուրատոր Պիեր Ափրաքսին, որը «Հոուըրդ Գիլման թղթի ընկերության» կարեւոր լուսանկարներն է դասակարգել, առաջին անգամ 90-ական թվերին տեսնելով Բարիշնիկովի նկարները, գրել է.
«Դրանք սիրողական լուսանկարչի սոսկ հաջողված գործերը չեն: Դրանցում սուր դիտողականություն եւ հմուտ ունակություններ են զգացվում: Նա զգայնությամբ եւ խորասույզ սիրով է ընկալում շրջապատը»:
Բարիշնիկովը Ավեդոնին լուսանկարել է 2004-ին, նրա մահվանից մեկ ամիս առաջ: «Ես նրան ասացի, հիշում է Միխայիլը, որ 30 տարի շարունակ նա է ինձ նկարել, այժմ իմ հերթն է: Երբ նրան հարցրեցի, թե որտեղ կնախընտրի նստել, ասացՙ լուսանկարիչը ես եմ, ես էլ պետք է որոշեմ: Նա հասկացավ, որ նյարդայնանում եմ: Մատներս դողում էին: Սեանսը, կարծեմ, երեք րոպե տեւեց»:
Դոմինիկյան Հանրապետությունում Բարիշնիկովն ամառանոց է գնել 7 տարի առաջ:
«Առաջին տպավորությունս այդ ժողովրդից այն էր, թե ինչպես էին նրանք հաղթահարելով դժվարությունները պահպանել իրենց արտակարգ ոգին, որն իր արտահայտությունն է գտել իրենց երաժշտության մեջ եւ պարարվեստում: Նրանց մշակույթն այնքան տարաբնույթ է: Այնտեղ կան աֆրիկյան, կարիբյան, եվրոպական եւ հարավամերիկյան տարրեր: Նրանում առկա են բացահայտ զգացմունքայնությունը եւ նվիրվածությունըՙ կյանքին ու երջանկությանը: Այնտեղ առկա են մերենգեն, սալսան, բաչատան, ռեգեյը եւ բոլոր, բոլոր մյուս պարերը: Նրանքՙ դոմինիկցիները չափազանց արագ են արձագանքում երաժշտությանն ու պարին եւ գերազանց են երկուսում էլ: Հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որ պարում են անգամ ավտոբուսին սպասելիս, կանանց, որ ծափահարում են եւ շարժում իրենց կոնքերը: Բոլորը, բոլորն անխտիր պարում են այնտեղ, եւ լավ է դիտորդ լինել եւ տեսնել, թե ինչպես է այդ ժողովուրդն արտահայտվում: Ես տարիներ շարունակ լուսանկարում եմ նրանց մայթեզրերի սրճարաններում, պարասրահներում, գիշերային ակումբներում, էլիտար երեկոներում եւ այլուր: Ես էլ իմ թվային լուսանկարչական ապարատով եմ պարում... փորձելով բացահայտել նրանց»:
Ափրաքսինի կարծիքով, այդ լուսանկարները «բացահայտ ընկերասիրական կենսուրախություն են պարունակում: Նրա հիանալի սեւ ու սպիտակ լուսանկարներում ինքը, որոշ առումով, հեռավորության վրա էր գտնվում, իսկ դոմինիկյան պատկերներում այսպես ասած գործողության կիզակետում է, մասնակից է: Դրանք ուղղակի հիանալի են»:
Էդվին Հուք պատկերասրահում ներկայացված են դրանցից 15-ը, որոնց չափսերը տատանվում են 60 X 75 սմ-ի եւ 110 x140 սմ-ի միջեւ: Գներըՙ 8.500-ից 16 հազար դոլարի միջեւ:
«Մեծ ծավալի գունավոր այդ լուսանկարներն ամենատարբեր պարերի հայրենիք ճանաչված Դոմինիկյան Հանրապետությունում հանպատրաստից սկիզբ առած պար են հիշեցնում: Ակնհայտորեն մարդկային մարմնի շարժումներին գերակայություն տվող Բարիշնիկովն իր «հերոսներին» ընտրում է հասարակության ամենատարբեր խավերից: Նրանց դեմքերն աղոտ են ներկայացված, մշուշի մեջ: Կարեւորը մարմնի շարժումներից բխող էներգիայի ուղղվածությունն է եւ լույսի խաղերը: Գերակշռում են կարմիրն ու ծիրանագույնը», գրում է արվեստագետ Էդվին Հուքը ցուցահանդեսի վերաբերյալ իր գրախոսականում:
Ավելացնեմ, որ երկու տարի առաջ Բարիշնիկովը հիմնեց իր անշահութաբեր արվեստի կենտրոնը, որը զբաղեցնում է կատարողական արվեստի մի նոր համալիրի երեք հարկերը: Կենտրոնը ծառայում է երիտասարդ ուսանողներին, հնարավորություն է տալիս նրանց ինքնարտահայտման եւ թիմային աշխատանքով զբաղվելու:
Անցյալ տարի Բարիշնիկովի ջանքերով ստեղծված «Հելլի Քիչըն դենս» խումբն իր ելույթով հիացրեց բոլորինՙ ստիպելով «Նյու Յորք թայմսի» պարարվեստի գրաքննադատին խոստովանել թերթի էջերում, որ նրաՙ Բարիշնիկովի «սկսած գործը կայուն ապագա է խոստանում»:
Խումբը շրջեց մի քանի երկրներումՙ ցուցադրելով իր արվեստը: «Այս տարի եւս շարունակելու ենք շրջագայությունները», ասում է Միխայիլը, նշելով նաեւ, որ ինքը «Նյու Յորքի թատերական արվեստանոցում» վերստին զբաղվելու է դերասանական գործունեությամբ, դերեր ստանձնելով Սամուել Բեքեթի մեկ գործողությամբ չորս պիեսներում: Հիշեցնենք, որ 1970-80-ական թվերին նա դերեր էր ստանձնել «Սեքսը եւ քաղաքը» հեռուստատեսային սերիալում, ինչպես նաեւ «Շրջադարձային կետը» (1977), «Սպիտակ գիշերներ» (1985) եւ «Պարողները» (1987) գեղարվեստական ֆիլմերում:
Իմ այն վերջին հարցին, թե մերենգե կարո՞ղ է պարել, նա պատասխանեց.
«Մի քանի անգամ փորձել եմ: Մի քիչ կարող եմ: Շատ շնորհալի պար է, բայց չափազանց դժվար: Դու պետք է լրջորեն ուսումնասիրես շարժումները: Երբ ես եմ պարում, փորձում եմ ընտրել փորձառու մի զուգընկերոջ եւ հետեւում եմ նրա շարժումներին»:
Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Նկար 1. Բարիշնիկովը Լիբովիցի լուսանկարում
Նկար 2. Բարիշնիկովի լուսանկարներից` «Սքեյթբորդով սահելիս Լոնդոնում»
Նկար 3. ... եւ «Ռիչարդ Ավեդոնը 2004-ին»