«Ցավալիորեն մարդկային բան եմ տեսնում անցած-գնացած հերոսների նամակներում», գրում է հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսքը, որը վերջերս այցելելով Փարիզի «Գրականության եւ ձեռագրերի թանգարանը»1, իր խոհերն է հանձնել «Ինդիփենդենտ» թերթի հուլիսի 7-ի համարի էջերին:
Ստորեւ թարգմանաբար այդ հոդվածի հիմնական մասերը:
Ռոբերտ Ֆիսք
Հայրս միշտ բողոքել է իմ ձեռագրից: Նրա գեղագիտական բարձրագույն նմուշի հաշվետվությունները չափված-ձեւված էին, խնամքով գրված: Իր լիվերպուլյան զորագնդի 12-րդ գումարտակի պատերազմական գրառումներըՙ նույնպես:
Իմ ձեռագիրը եղել է չափազանց անփույթ, փնթի: Ժամանակի ընթացքում ավելի է վատացել: 1976-77 թթ. գրած լիբանանյան քաղաքացիական պատերազմի իմ գրառումները դեռեւս ընթեռնելի են, բայց մեր օրերում ես կարող եմ մի հարցազրույցից վերադառնալ եւ նոթատետրիս մեջ գտնել ոչ թե բառեր, այլ բառերի նմանակները կամ փոխակերպումներըՙ միահյուսված սղագրության որոշակի նշաններով: Ես, իհարկե, մեղքը բարդում եմ համակարգչի վրա: Աներեւակայելի արագությամբ աշխատող նման սարքի առկայության պայմաններում ձեռագրին վերադառնալն ուղղակի կատաղեցնում է ինձ:
Փարիզում այս թանգարանն այցելելը մեծապես թեթեւացրեց ձեռագրիս հանդեպ ունեցած իմ վերաբերմունքը: Պարզեցի, որ մեծ մարդիկ եւս գրել են անընթեռնելի ձեռագրով: Ինձ զարմացրեց Նապոլեոնիՙ այդ համառ զինվորի ձեռագիրը, որը երբեմն սոսկ «Նապ» էր ստորագրել իր գրությունների տակ: Չերչիլը երբեմն խոզեր է նկարել իր կնոջը ուղղված նամակների վրա:
Մեծ արվեստագետներն իրենց նամակները հաճախ են նկարներով զարդարել: Նկատեցի օրինակ, որ Ժան Կոկտոն իր նամակները գունազարդում էր զարմացած մարդկանց դեմքեր նկարելով: Մատիսը Մարտին Ֆաբիանիին 1943 թվի մարտ ամսին գրած նամակում նկարել էր թերթ կարդացող մի աղջկա դիմանկարը: Գոգենը նամակներից մեկի էջատակում նկարել էր մի հսկայական ներկապարկուճ: Ասում են ձեռագրերը մարդու բնավորությունն են մատնանշում: Իմ ձեռագիրը անհավասար է, ինչպես նշեցի, կցկտուր եւ շտապողական: Բայց նկատեցի, որ Եկատերինա Մեդիչիի2 եւ Ռոբեսպիերի3 ձեռագրերը նույնպես գրեթե անընթեռնելի էին:
Ցավալիորեն մարդկային բան եմ տեսնում անցած-գնացած հերոսների նամակներում, եւ դրանցում առկա հումորի կամ ծաղրի նուրբ շերտերում:
Ֆրանսիական այս թանգարանում այժմ գործում է «Տիտանիկին» նվիրված մի ցուցահանդես: Այն խորտակվեց 1912 թվի ապրիլի 14-ինՙ հորս 13-րդ ծննդյան օրը: Ցուցափեղկերից մեկի տակ մի ահավոր հեռագիր գուժում էր այդ ժամանակների խոշորագույն լրագրողներից մեկիՙ Թոմաս Սթիդի մահը: Կարճ, պաշտոնական ձեռագիր հաղորդագրությունը «խոր վշտով» տեղեկացնում էր, որ «բոլորովին անհույս էր» նրան վերապրողների մեջ գտնելը: «Անհույսը» ինքնին սպանիչ է, բայց «բոլորովին» բառի հետ, իրոք դաժանորեն ճակատագրական է դառնում եւ պատկերացնում եմ, թե ինչ ազդեցություն պետք է թողած լինի ստացողի վրա:
Կողքինՙ մեկ ուրիշ գրառում պատկանում էր Հելեն Չերչիլ Քոնդի անունով 12-ամյա մի փոքրիկ աղջկա գրչին: Նա փրկվածների մեջ է եղել եւ հավանաբար գրի է առել ընդմիջումներով ողբերգության անմիջական ազդեցության տակ:
«Ես բաղնիքում էի, տաք լոգանք էի ընդունում: Շարժիչների երաժշտությունն էր լսվում, ռիթմիկ զարկերով: Հետո մի ցնցում զգացի, բախման մի ցնցում: Մտքումս անմիջապես պատկերացրի (Նոյյան) Տապանըՙ Արարատի գագաթին ամուր խրվելիս: Հարվածը ինձանից ներքեւ կատարվեց եւ ինձ վայր գցեց: Մենք բախվել էինք ծովում գտնվող մի լեռանՙ մինչ այդ անհայտ մի լեռան գագաթին: Այդպես պետք է եղած լիներ: Նավախցիս դուռը շրխկոցով բացվեց եւ 2-3 չարագուշակ բաներ պարզվեցին աչքիս առաջՙ բացարձակ լռություն, պարահանդեսային դահլիճի նմանողությամբ պայծառ լույսի առկայություն եւ մարդկային շնչի բացակայություն»:
Փրկարար նավում գրիչով հապճեպ գրված Քոնդիի գրառումների վերջին էջերում ձեռագիրը սայթաքուն է, առկա են ուղղումներ. «... նավի կողերին հավաքված ամբոխը վերջին երկու ժամերին իրենց համակած վշտի ու խիզախության զգացումներով սպասում է իր մահվան: Ես էլ եմ սպասում վճռված ավարտին: Դա անխուսափելի է: Թող աստված հետաձգի այն: Ոչ, թող նա իր գթությամբ արագացնի այն: Աշխարհի Վերջն է (Քոնդին ընդգծել էր Ա եւ Վ տառերը): (Օվկիանոսի) ջրերում լսվում է մի ծանր հառաչանք, նման հոգեվարքի վերջնակետում գտնվող մեկի, որը փորձում է մի հնչյուն արտաբերել»: Քոնդին «վերջում» բառը «վերջնակետում» բառով էր փոխարինել: Նա այդ ժամանակ հորիցս մեկ տարով փոքր էր: Բայց նրանց ձեռագրերը զարմանալիորեն նման էին իրար:
Լեփթոփը (դյուրակիր համակարգիչը) այդ ամենին վերջ է տվել: Ես հիմա հազվադեպ եմ ստանում ձեռագիր կամ նույնիսկ մեքենագիր նամակներ: Մեր երեւակայությունը ինտերնետային կայքի արագությամբ է թռչում: Եվ լավ է, որ հայրս այլեւս չի կարող տեսնել իմ ձեռագիրը:
Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Խմբ. կողմից: Տպագրելով Ֆիսքի հոդվածը, պիտի ուզեինք հատկապես երիտասարդների շրջանում բանավեճ անցկացնել նամակներ գրելու հինՙ ավանդական եւ նորՙ էլեկտրոնային ձեւերի մասին: Որո՞նք են մեկի կամ մյուսի առավելություններն ու թերությունները: Ո՞րն է իրենց կարծիքով նախընտրելի: Ինչո՞ւ: Գրեք մեզ: Հետաքրքրական է իմանալ:
1. Ռոբերտ Ֆիսքը օգոստոսի սկզբներին Հայաստանում էր: Ամերիկյան համալսարանում ներկա լինելով նրա բանախոսությանը, պարզեցի, որ ոչ միայն խիզախ ու ու անաչառ գրող է եւ հայկական դատի անխոնջ պաշտպան, այլեւ համարձակ ու պերճախոս հռետոր, որը գիտի իր ասելիքը համեմել սուր հումորով, իսկական տոնախմբություն էր նկարն ունկնդրելը:
2. Եկատերինա Մեդիչի (1519-89) Ֆրանսիայի թագուհի (Հենրի II)ի կինը):
3. Մաքսիմիլիան Ռոբեսպիեր (1758-1794) Ֆրանսիայի մեծ հեղափոխության գործիչ:
Նկար 1. Օսկար Ուայլդի ձեռագիրը: Ի դեպ, սա նրա 1894-ին գրած աղերսագրերից էՙ ուղղված ներքին գործերի նախարարին, կալանքից իրեն ազատ արձակելու խնդրանքով:
Նկար 2. Նմուշ Եղիշե Չարենցի ձեռագրերից