ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2007-07-28 | #16, 2007-08-25 | #17, 2007-09-08


ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

21-րդ դարի սկզբից մոլորակը ցնցող համընդհանուր աղետները եւ ահաբեկչությունը կործանարար կերպով աղճատում են մարդու ներաշխարհը: Ստեղծարար ուժի նկատմամբ ավերիչ ուժի գերակշռությունը, տարերքների անկանխատեսելիությունը, ապագայի հանդեպ վախն առաջ են բերում արժեքների նոր համակարգ եւ բարոյական նոր վարքականոն, մարդկային հարաբերությունների նոր հոգեբանություն:

Դրա հիմքում ընկած է սեփական անձի պաշտպանության սկզբունքը կամ, այլ կերպ ասած, անձնական փրկության եւ անձնական բարօրության ու շահի սկզբունքը: Մեքենայությունները, անդրկուլիսյան դավերը, զրպարտչական մատնությունները դառնում են ինքնապաշտպանության հուսալի զենք:

Ի դեպ, վարքագծի այս ձեւն աշխարհի չափ հին է: Երկրի վրա հումանիզմի նոր դարաշրջան բացած Աստվածահայտնությունը եւ Քրիստոսի զոհաբերման խաչելությունը մարդուն պետք է որ ներշնչեին հակառակը. իրեն փրկելովՙ չի կարելի մատնել ուրիշին: Բայց, ավա՜ղ, օրհասական ժամանակաշրջաններում homo sapiens-ը վերստին ի հայտ էր բերում իր հակառակ կողմը. ինքնապահպանման բնազդը: Այժմ, երբ ճգնաժամը համաշխարհային ընդգրկում է ստացել, նման մարդկային տեսակներն ավելի ու ավելի են շատանում Երկրի բոլոր անկյուններում, ներառյալ Հայաստանը...


Հասարակությունՙ գիտություն եւ մշակույթ

Այսօրվա մեր հասարակությունը, թվում է, այնքան էլ չի դիմադրում բարոյական գիտակցության այդ համընդհանուր վերակառուցմանը: Մինչդեռ բացասական երեւույթների կուտակումը տեղի է ունենում այնքան ինտենսիվորեն, որ դրանց պասիվ, լուռ հայեցողությունը դառնում է անուղղելի սխալ, յուրօրինակ մեղք: Ինչպես 20-րդ դարի կեսերին իրավացիորեն նշում էր ավանդական ուսմունքի հետեւորդ Թեյար դը Շարդենը, «եթե քրիստոնյան ուզում է ամբողջ էությամբ ապրել իր հավատքով, ապա նա չպետք է խուսափի չարին դիմադրելու պարտականությունից»:

Ինձ, որպես հումանիտար գիտության ներկայացուցչի, հոգեհարազատ է հայր Թեյարի հորդորը, քանզի արվեստը, ինչպես եւ արվեստագիտությունը, կազմում են հասարակության դրական, բարոյական գործունեությունը: Եվ դրանք փոխկապակցված են. չի կարող առաջընթաց լինել այս գիտության մեջ, եթե արվեստի զարգացումը հետադիմում է: Խոսքը ոչ թե գիտության առարկայի, այլ բուն գիտական մտքի մակարդակի մասին է: Եվ եթե արդի երաժշտական արվեստը Հայաստանում ընդհանուր առմամբ ապրում է ակնհայտ անկում, նորարարական մտածողության կորուստ, իսկ կոմպոզիտորական ստեղծագործության մեջ տեղի ունեցողը կարելի է բնորոշել «remake» (հայտնի գործի վերափոխում) մոդայիկ տերմինով, ապա համանման երեւույթ դիտվում է նաեւ երաժշտագիտության մեջ: Եվ այստեղ առկա է ոչ միայն վերափոխություն. հաճախ դա ուրիշի մտքերի եւ դրույթների պարզեցված (ադապտացված) փոխադրումն է, որոնք ժամանակակից շուկայի վաճառասեղանին են դրվում որպես սեփական գիտագործնական փորձ:

«Remake»ը մեր երաժշտագիտության մեջ նոր-նոր է ուժ հավաքում: Ինչպես ասում են, սա դեռ սկիզբն է, վերջը դու տես: Առայժմ առանձին ձայներ են հնչում մամուլում (այդ թվում «Ազգ» թերթում), քննարկումներում, ամբիոններից, բայց հեռու չէ այն ժամը, երբ գիտության հակառակ կողմը (ասենք այլեւս չի կարելի «գիտություն» անվանել գիտելիքից եւ օբյեկտիվ ճշմարտությունից զուրկ այդ երեւույթը) կդառնա ոչ թե բարոյականությունը կամ հոգեւոր պահանջմունքը, այլ բիզնեսը եւ կարիերամոլությունը:

Գիտական կոչումներով պրագմատիկ շահագրգռությունը վերաբերում է ոչ միայն շաբլոնային, գիտական առումով կասկածելի աշխատանքները միաձայն պաշտպանող «ատենախոսներին» (Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ձեւավորվել է աչքին թոզ փչելու համար երբեմն անմտորեն հայերեն թարգմանվող նման աշխատանքները մեքենայորեն հաստատող մանկավարժների մի ամբողջ բրիգադ): Ըստ երեւույթին, պատվիրված «բանակային» ատենախոսություններով շահագրգռված է նաեւ պետությունը. հանրապետության Պաշտպանության նախարարությունը գիտական աստիճան ստանալը համարում է զինվորական ծառայությունից ազատելու պայման: Իսկ շինծու ատենախոսությունների տերերը, միամտորեն հավատալով իրենց արժեքավորությանը (ինչում նրանց օգնում են նախ ատենախոսությունների պաշտպանության Մասնագիտական խորհուրդը, ապա հանրապետության ԲՈՀ-ը), շարունակում են ազգային գիտությունն աղտոտելու գործունեությունը, ի դեպՙ նաեւ արտերկրում:

Հետաքրքրական է, որ ներկայումս ոմանց համար խորհրդային ժամանակների համեմատությամբ շատ ավելի հեշտ է (ճամփորդական հովանավորների առկայության դեպքում) ամեն տեսակ թեմաներով արտերկրում գործեր հրապարակել, դասախոսություններ ու զեկուցումներ կարդալ, ճարպկորեն տեքստեր բանաքաղելով խորհրդային (այդ թվում հայկական) հարուստ գիտական գրականությունից: Արտասահմանյան ամեն հրատարակություն չէ, որ ի վիճակի է «գիտական աշխատության» հեղինակի սեփական խոսքը տարբերել գողացվածից: Նույնը տեղի է ունենում (եւ անցյալում էլ տեղի է ունեցել) հակառակ կարգով: Կարելի է գրքերից ամեն թեմայով ճարպկորեն արտագրել զեկուցումներ, հոդվածներ, ատենախոսություններ, քողարկման նպատակով դրանք «համեմելով» հայկական անվանումներով, ազգանուններով: Կարելի է նաեւ ամեն օտարը թարգմանել պետական լեզվի. հարազատ մայրն էլ չի կռահի:

Նոր տեխնոլոգիաներՙ կողմ եւ դեմ

Դրան ավելացնենք նոր տեխնոլոգիաների, մասնավորապես ինտերնետի լայն հնարավորությունները: Այժմ ընդամենը մի քանի ամսում ատենախոսություն կարելի է պատրաստել ինտերնետի միջոցով: Տեքստերն այստեղ անչափ շատ են, ամեն ճաշակի համար եւ տարբեր լեզուներով: Եթե ատենախոսը մի քիչ տիրապետում է օտար լեզվի, ավելի լավ էՙ անգլերենի, ապա ունի տարբեր տեքստերի զուգակցման ավելի մեծ հնարավորություններ: Երեւանում ինտերնետային տեքստերի մոնտաժման իր խնդիրը (առանց քրեագետ-տեքստաբանների էլ տեսանելի է, որ տեքստերը գրված են տարբեր հեղինակների կողմից եւ տարբեր ժամանակներում) հաջողությամբ կատարեց նորահայտ «գիտնականներից» մեկը, որը մի կերպ ատենախոսություն պաշտպանեց 20-րդ դարի երաժշտության մեջ (այդ թվում հայկական) ձեն-բուդդիզմի մասին: Հայաստանի ազգային բանակից շտապ կարգով փրկված 25-ամյա երիտասարդը (նրա մայրը կոնսերվատորիայում ինձ ասում էր, որ որդին մեծանում է առանց հոր, եւ որ ինքը չի կարող երկու տարի զրկված մնալ որդու խնամքից) որպես իր «գիտական» դիրքորոշման փաստարկներից մեկը վերցրել է կոմպոզիտորների կողմից չինացի եւ ճապոնացի բանաստեղծների գործերի օգտագործման փաստը... Իսկ գուցե դա նույնպես «պատվիրված» աշխատանք է, բայց պատվիրատուներն ինչ-որ տեղ Արեւմուտքում են, նրանց հարկավոր են սեփական կրոնի եւ հավատքի հանդեպ ժխտարարությունը խորացնող այդպիսի թեմաներ:

Այն, որ ինտերնետն արդեն ձեւավորել է խնամակալների մի ամբողջ սերունդ, խնդիր է դարձել հետազոտական աշխատանքին լրջորեն վերաբերվող երկրներում: Օրինակ, այս տարի Լոնդոնում լույս տեսավ Էնդրյու Քինի «Սիրողի կուռքը» գիրքը (Andrew Keen. The Cult of the Amateur), որը նվիրված է կայքէջերի պատճենմանը, այսինքն ինտերնետային տեքստերից կատարվող գրագողությանը: Մոսկվայում այդ խնդրի հետ է կապված 21-րդ դարում պաշտպանված ատենախոսությունների տեքստերի ստուգմանը վերաբերող ՌԴ կրթության նախարարության որոշումը: ՌԴ մշակույթի նախարար, արվեստագիտության դոկտոր, Մոսկվայի կոնսերվատորիայի ատենախոսությունների պաշտպանության Մասնագիտական խորհրդի նախագահ Ալեքսանդր Սոկոլովն ինտերնետն անվանում է «աղբանոց»: «Մինչդեռ» հաղորդաշարի մի հաղորդման ժամանակ («Կուլտուրա» ալիք, 20 մարտի 2007 թ., հաղորդավար Ալեքսանդր Արխանգելսկի) հրավիրյալ գիտնականները համատեղ նշում էին, որ «ինտերնետի տեքստերի 90 տոկոսը երկրորդային գրական արտադրանք է», եւ որ դիլետանտային տեքստերի համար որոշակի միջավայր ստեղծելովՙ ինտերնետը հարուցում է անհատական աշխատությունների հեղինակների երկյուղները, որոնք էլեկտրոնային տարբերակը համարում են իրենց հեղինակային իրավունքներին սպառնացող վտանգ:

Այսպիսով, հումանիտար գիտություններում տեխնոլոգիաների առաջընթացը կարող է վերածվել համընդհանուր չարիքի, քանզի ձեւավորում է գրագողություն, դիլետանտություն, ուրիշի տեղեկատվության նկատմամբ սպառողական վերաբերմունք: Արդի գրագողերը, վարկաբեկելով հեղինակի մտավոր սեփականությունը, նպաստում են հասարակության բարոյական նշաձողի կտրուկ անկմանը:

Չէի ուզենա այնպես հասկացվել, թե յուրաքանչյուր հետազոտող պետք է վերստին «հեծանիվ հայտնագործի»: Ընդհակառակը, գիտությունը գիտելիքների համակարգ է, որը հիմնվում է գաղափարների, վարկածների, հայտնագործությունների, նվաճումների ժառանգորդության վրա: Գիտական ճշմարտությունը բնավ էլ ոչ միշտ է բացահայտվում պայծառացման պահին: Այն առավելապես դառնում է տեսական ու գործնական երկարատեւ աշխատանքի, ընդհանրական դարձած նախորդների փորձի քննադատական վերլուծության արդյունքը, վերլուծություն, որն անհատական դրույթ է ծնում: Գիտական ճշմարտության օբյեկտիվությունը հաճախ ապացուցում է միաժամանակ տարբեր գիտնականների կողմից առաջադրվող կանխադրույթների ընդհանրությունը: Գիտական պրոցեսի գիտակցական եւ անգիտակցական գործընթացները հավասարապես կառավարում են գաղափարների շրջանառությունը գիտության տարբեր ճյուղերում, ապահովելով նրա ընդհանուր առաջընթացը:

Անցյալի փորձից

Ասվածը հիշեցման նպատակ ունի: Հարկ է նաեւ հիշել, որ երաժշտագիտությունը հատուկ հումանիտար բնագավառ է: Տրամաբանական-տեսական գիտելիքների համակարգը, օբյեկտիվ պատմական գործընթացների արձանագրումն ու նկարագրումն այստեղ հարեւանում են սուբյեկտիվ-կամայական դատողությունների եւ գիտականակերպ տեսաբանության հետ: Ուստի երաժշտագիտության մեջ որքան շատ են ակադեմիզմն ու ճշգրտությունը, այնքան նա մոտ է գիտության ընդհանուր նորմատիվներին:

Կոմիտաս-գիտնականի (Սողոմոն Սողոմոնյան) մեծությունն այն է, որ նրա պատմական-տեսական աշխատությունները (սկսած 1893 թ. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանն ավարտելիս ներկայացված «Շնորհալին, Նորա դարը եւ Նորա ժամանակ յուզուած կրոնական խնդիրները» ծավալուն դիպլոմային աշխատանքից), ակադեմիական դաստիարակությունը եւ ներքին կարգապահությունն օգնեցին նոր լույս սփռել հայկական երաժշտության պատմության վրաՙ դրա տարբեր ժանրերում ու բնագավառներում: Կոմիտասին բնորոշ ճշգրտության եւ համակարգման հակումը, Գերմանիայում կատարելագործվելու տարիներին հղկվելովՙ դարձավ ազգային երաժշտագիտության չափանիշը: Այսօր մենք իրավամբ կարող ենք հպարտանալ 20-րդ դարի հայ երաժշտագիտության մակարդակով:

Դրա հետ մեկտեղ վերջին հարյուրամյակի երաժշտագիտության պատմությունը բնավ էլ ոչ միշտ է հանդիսանում նվաճումների եւ պատվի շքերթ: 20-րդ դարի առաջին կեսի որոշ անհատների ավանդը տարբեր պատճառներով մնում է ստվերում: Այսպես, մեր երկրում մինչեւ վերջ չի գնահատված Արշակ Ադամյանի բացառիկ կարեւորությունը ինչպես ընդհանուր եւ երաժշտական գեղագիտության, այնպես էլ ընդհանուր առմամբ հայ երաժշտական մշակույթի համար: Հակոբ Հովհաննիսյանի եւ Արամ Քոչարյանիՙ ազգի համար պատմական աշխատությունները բարեհաջող գրանցում են գտել մի շարք հայ երաժշտագետների հոդվածներում ու գրքերում, բնականաբարՙ առանց աղբյուրների նշման: Մինչեւ օրս հայերեն (նաեւ անգլերեն, ինչը, ի դեպ, պետք է անեին Անգլիայում Կուշնարյանի գործի նվիրյալները, բայց մտահղացումն այդպես էլ չիրականացրին) չի թարգմանվել եւ հայրենիքում համաժողովրդական սեփականություն չի դարձել Քրիստափոր Կուշնարյանի «Հայ մոնոդիկ երաժշտության պատմության եւ տեսության հարցեր» հիմնարար գիրքը (Լենինգրադ, 1958):

Ուղղակի փոխառության, այսինքն գրագողության (պլագիատի) խնդրին բախվել է ինքըՙ երիտասարդ Կոմիտասը, հայտնաբերելով, որ իր «Հայոց եկեղեցական եղանակները» հոդվածը (1894) Սահակ վարդապետ Ամատունու հոդվածի հետ մեկտեղ պարբերություններով (Կոմիտասը դրանք անվանում է «հոդված») նույնությամբ կամ փոփոխություններով արտագրված է, իր իսկ խոսքերով, երաժշտական օրեքներին անտեղյակ Դ. Խաչկոնցի կողմիցՙ վերջինիս «Հայոց կրոնական բանաստեղծությունը» հրապարակման մեջ: 1901-ին «Արարատ» հանդեսում (Էջմիածին) Կոմիտասը հրապարակում է «Մի համեստ բանագող» պատասխան հոդվածըՙ զուգահեռաբար բերելով սեփական հոդվածի հատվածները եւ Խաչկոնցի «խմբագրած» հոդվածը: Կոմիտասի «Մի համեստ բանագող» հոդվածը 1941-ից սկսած արտատպվել է նրա հոդվածների բոլոր ժողովածուներում:

Բարեբախտաբար, հայկական երաժշտության հանճարը գիտեր դեռ իր կենդանության օրոք կատարված ոչ բոլոր գրագողությունների մասին: Կոմիտասի ողբերգական կենսագրության մեջ կա նաեւ այսպիսի փաստ. Թիֆլիսում «Կավկազսկի վեստնիկ» հանդեսի 1900-ի առաջին համարում գերմաներենից ազատ թարգմանությամբ հրապարակվեց Կոմիտասի «Հայկական հոգեւոր երաժշտությունը» հոդվածըՙ առանց հեղինակի անունը նշելու: Հրապարակման հեղինակը հանրահայտ երաժշտագետ Վ. Կորգանովն է, որն այդ հրապարակումը մտցրեց իր «Կովկասյան երաժշտություն» հոդվածների ժողովածուի մեջ (Թիֆլիս, 1908): Միայն տասնամյակներ անց Կոմիտասի այդ հոդվածը գերմաներենից կրկին ռուսերեն թարգմանած Նիկողոս Թահմիզյանը «Սովետսկայա մուզիկա» ամսագրի 1969-ի 10-րդ համարում «Կոմիտասի գրական ժառանգությունից» նախաբանում հայտնում է Վ. Կորգանովի արարքի մասին (տե՛ս էջ 85):

Ազատությունՙ կամայականությանը հպատակ

Պատմությունն ամեն ինչ դնում է իր տեղը, քանզի, ինչպես հայտնի է, «չկա անհայտ բան, որը հայտնի չդառնա»: Ներկայումս ապրողներից յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր երկրային գործունեության, հանուն կամ ընդդեմ մարդու կատարած յուրաքանչյուր արարքի համար: Շահավետ գործարքի կամ հաջող խաբեության պատճառած հրճվանքը ժամանակի ընթացքում վերածվում է խայտառակության: Ուզում եմ պատմել նման փաստերից մեկի մասին:

Խոսքը մինչեւ 2005 տարբեր քաղաքներում 5 անգամ հրատարակված իմ «Ավետ Տերտերյանը եւ Գերմանիան» հոդվածի մասին է, որը «համեստ բանագող» Նարեկ Թովմասյանը որպես հիմք է օգտագործել առեւտրային եւ կարիերիստական շահի համար: Գերմանական DAAD կազմակերպությունից (մասնաճյուղ ունի Երեւանում) 5520 եվրո թոշակ ստանալով Գերմանիայում եռամսյա կեցության եւ Ա. Տերտերյանի ստեղծագործության հետազոտման համար, նա, որպես կատարված աշխատանքի արդյունք, «Գերմանիան Ավետ Տերտերյանի ստեղծագործություններում եւ Ավետ Տերտերյանի ստեղծագործությունները Գերմանիայում» հոդվածը հրապարակեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական առաջին նստաշրջանի նյութերում: Ժողովածուն լույս տեսավ 2006 նոյեմբերի 16-17-ը կայացած բուն գիտաժողովից մեկ շաբաթ առաջ (Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտ):

Բայց ավելի լավ է ամեն ինչ պատմել հերթականությամբ: 1994 դեկտեմբերի 11-ին Եկատերինբուրգում հայ ականավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի (որի հետ կապված էի երկարատեւ ստեղծագործական բարեկամությամբ) հանկարծահաս վախճանից հետո նրան նվիրված իմ առաջին հոդվածը դարձավ «Ա. Տերտերյանի խաղաղ ապաստանը» («Ռեսպուբլիկա Արմենիա», 8 փետրվար 1995): Կարճ ժամանակ անց ինձ դիմեց Հայ-գերմանական ընկերության նախագահ Էդուարդ Սարոյանըՙ առաջարկելով հայկական երաժշտության մասին ինչ-որ բան գրել Երեւանում պատրաստվող, բայց Բեռլինում հրատարակվող «Armenien Aktuell» նոր հանդեսի համար: Ես գրեցի «Ավետ Տերտերյանը եւ Գերմանիան», հաշվի առնելով հանդեսի առանձնահատկությունը: Բացի այդ, դա համապատասխանում էր կոմպոզիտորի կենսագործունեությանը, որը մշտապես կապված է եղել Գերմանիայի, գերմանական մշակութային ավանդույթի հետ:

Հոդվածը փոքր էր, բայց հայեցակարգային: Գրելն ինձ համար դժվարություն չէր ներկայացնում, քանի որ 1960-ական թթ. հայկական երաժշտությանը նվիրված թեկնածուական ատենախոսությունից հետո (1974 թ., պաշտպանությունը 1975 թ. հունիսի 10-ին Լենինգրադի կոնսերվատորիայում), որտեղ «Կրակե օղակ» օպերայի վերլուծությունը եւ թատերական տարբեր զուգահեռները (հատկապեսՙ Բ. Բրեխթի գեղագիտական հայացքների հետ) զբաղեցնում էին աշխատության 1/4-ը, եւ ապա Լենինգրադում (1977), Երեւանում (1982), Մոսկվայում (1990), Լոնդոնում (1992) Տերտերյանի թատերական ստեղծագործություններին վերաբերող հոդվածների հրապարակումից հետո Տերտերյանի կյանքում «գերմանական գծի» խնդիրն ակնհայտ էր: Դրան ավելացրեք Գերմանիայի, օրինակ, Դույսբուրգի (1990) իմ հրապարակումները, ծանոթությունն ու նամակագրությունը կոմպոզիտորին նվիրված մի քանի հոդվածների հեղինակ, երաժշտագետ Հանելորա Գերլահի, Տերտերյանի երաժշտության գնահատող, դոկտոր, պրոֆեսոր Հելգա դե լա Մոթ-Հաբերի եւ այլոց հետ: Այդուհանդերձ ես Տերտերյանի այրունՙ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Տիգրանովային խնդրեցի ինձ պակասող տեղեկատվությունը հայտնել Գերմանիայում սիմֆոնիաների կատարման մասին (մի շարք փաստեր արդեն հրապարակվել էին): Տիգրանովան ինձ տրամադրեց մի քանի տարեթիվ եւ քաղվածքներ երկու նամակիցՙ ոչ ավելի եւ ոչ պակաս...

Մինչ տպագրության էր պատրաստվում գերմաներեն հոդվածը (լույս տեսավ «Armenien Aktuell» հանդեսի 1996 թիվ 1-ում), ես նրա մահվան տարելիցի առիթով այն հրապարակեցի «Հայք» թերթի 1995 դեկտեմբերի 13-ի համարում: Ինչպես սովորաբար լինում էր, այդ հոդվածն արտատպեց «Ազդակը» (13 հունվար 1996), որի մասին տեղեկացա Բեյրութից եկած գործընկեր Աննա Արեւշատյանից:

Հաջորդ հրապարակումըՙ «Ավետ Տերտերյանը եւ Գերմանիան» հոդվածը, արդեն ընդլայնված տեսքով էր, քանի որ նախատեսված էր «Ա. Տերտերյան: Հոգեւոր միավորման ճանապարհին» ժողովածուի համար (Նիժնի Նովգորոդ, 2000): Ես հոդվածը համալրեցի գիտական ապարատով, այսինքն հղումներով, այդ թվումՙ Երեւանում արդեն հրատարակված իմ թեկնածուական թեզի տեքստից: («Արդի հայ երաժշտության հարցեր: 60-ական թվականներ», 1983, էջ 62-100): Հոդվածի այդ տարբերակում շեշտվում է «էպիկական թատրոնի» (թատերագիր Բրեխթի արտահայտությունն է) գաղափարների կարեւորությունը Տերտերյանի առաջին օպերային հաջորդած բեմական երկերի համար:

Հենց այդ հրապարակման պատճենը 2001-ին անձամբ նվիրել եմ Նարեկ Թովմասյանին, որին այդ ժամանակահատվածում զգալի չափով օգնել եմ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի պատմությանն առնչվող նյութով, իսկ 2002 թ. հուլիսին այդ թեմային նվիրված նրա ատենախոսության ընդդիմախոսն էի: Վերջապես, Թովմասյանի Գերմանիա ուղեւորությանը նախորդած վերջին հրապարակումը լույս տեսավ Մյունխենում 2003 թ. մարտին «Երկրաշարժ» օպերայի պրեմիերայի ծրագրային գրքույկում... Այդ գրքույկը Թովմասյանին նվիրեց ներկայացման դիրիժոր Է. Կլեմը: Իմ բոլոր հոդվածներն ավարտվում էին հետեւյալ բառերով. «Տերտերյանը եւ Գերմանիան» թեման մնում է բաց, այն կլրացնի պատմություն դարձող կյանքը»: Ըստ էության այդպես էլ լինում է: Միայն թե չպետք է շրջանցել առաջին հեղինակին, նամանավանդ եթե նա ինչ-որ ժամանակ եղել է քո ուսուցիչը:

Հարկ է ասել, որ Ն. Թովմասյանի հոդվածը տեսնելով (գիտաժողովում նա ելույթ չունեցավ, քանի որ այդ ժամանակ հերթական արտասահմանյան «ճամփորդության» մեջ էր), ես խոր ցնցում ապրեցի տվյալ անձի լկտիությունից: Ինչպե՞ս կարելի է պահպանել պատումի ամբողջ սյուժետային գիծը եւ թեմայի հայեցակարգը, կրկնել միեւնույն խոսքերը, ձեւակերպումները, շեշտադրումները, գերմանական աղբյուրները, նույնիսկ կոմպոզիտորի ոճի բնութագիրը, ոչ մի անգամ չհիշատակելով իմ անունը: Ինչի՞ վրա էր հույս դրել այդ գրագողը. որ ես չե՞մ կարդա կամ չե՞մ հասկանա: Մի՞թե նա այդքան շուտ մոռացել է հայերեն գրված իր ատենախոսության մեջ արածս բոլոր ուղղումները:

Մտավոր սեփականությունը առանց հեղինակային իրավունքի

Ես դիմեցի «Հայ հեղինակի» տնօրեն Սուսաննա Ներսիսյաննին եւ խնդրեցի փաստաբան գտնել: Վիճակն ընկավ երիտասարդ, սկսնակ Սասուն Շահնազարյանի վրա, որը համեստ վճարով պիտի վարեր գործը: Բոլոր հոդվածները զննելովՙ Սասունը հաստատեց գրագողության փաստը: Բայց մեկ ամիս անց, երբ գործը հասավ DAAD կազմակերպությանը, նա հանկարծ հրաժարվեց առանց պատճառաբանելու:

Այդ ժամանակ իմ ներկայացուցիչը դարձավ Իզաբելլա Մուրադյանը, որը Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշի 1-ին ատյանի դատարան դիմեց 2006 թ. ապրիլի 10-ին: Առաջին ատյանի դատավոր պրն Ռուբեն Ներսիսյանին իմ գործն ակնհայտորեն դուր չեկավ եւ նա պահանջեց անհնարին, ՀՀ օրենսդրությամբ դեռ չնախատեսված մի բան. հարկավոր էր նոտարական կարգով վավերացնել արդեն հրատարակված հոդվածների թարգմանությունը (չէ որ հարկավոր է ամեն ինչ դատարանին ներկայացնել բացառապես հայերեն լեզվով): Չստանալով այդ փաստաթղթերը ու նաեւ չուզենալով գլուխը հոգնեցնելՙ Ռ. Ներսիսյանը մերժեց:

Հրատարակված հոդվածների նոտարական վավերացման թույլտվություն ստանալու համար հարկ եղավ դիմել արդարադատության նախարարությանը: Անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելովՙ ես 2006 թ. հուլիսի 6-ին դիմեցի Երեւանի վերաքննիչ դատարանին:

Այստեղ անհրաժեշտ է շեղում կատարել: Իրենից ի՞նչ է ներկայացնում Թովմասյանի հոդվածը: Կրճատ ձեւով դա իմ հոդվածի շատ անհաջող թարգմանությունն է: Կրճատումները հիմնականում վերաբերում են ընհանրացված բնութագրումներին: Մի բանից Թովմասյանն այնուամենայնիվ չի ուզեցել հրաժարվել: Նրա բախտը չբերեց, որ չգիտեր «Հայք» թերթում 1995 թ. իմ հոդվածի գոյության մասին: Համեմատության համար ուզում եմ առաջարկել մեկ պարբերություն ռուսերեն բնագրով, «Հայքում» Շ. Մկրտչյանի թարգմանությամբ եւ Ն. Թովմասյանի անվարժ թարգմանությամբ. «МузыкадляТертерянабылаискусствомнестолькопсихическихсостояний,сколькоинтеллектуальногопознания.Иэтоблизкоавстро-немецкойтрадиции,гдемыслительнаяэнергиясловновбираетвсебязвуко-акустическиесвойствамузыкальнойматерии» (c.34):

«Հայք» թերթ. «Տերտերյանի համար երաժշտությունը ոչ այնքան հոգեվիճակների արվեստ է եղել, որքան բանական ճանաչման: Եվ դա հարազատ է գերմանա-ավստրիական ավանդույթին, որտեղ մտածողական էներգիան ասես իր մեջ է կլանում երաժշտական նյութի հնչյունային-ակուստիկ հատկությունները»:

Թովմասյանի հոդվածը. «Տերտերյանի երաժշտությունը հոգեկան վիճակ չէ միայն, այլեւ մտավոր բացահայտում. սա էլ հենց գերմանական ավանդականին հարող երեւույթ է, ուր մտավոր էներգիան կարծես թե իր մեջ ներառում է երաժշտական նյութի ձայնահնչողական հատկությունները» (էջ 83):

Իր անազնիվ «աշխատանքը» ստեղծելով «սույն ուսումնասիրությունն իրականացվել է DAAD)ի գիտնականների երկկողմանի փոխանակման ծրագրի շրջանակում» հավելագրումով, Թովմասյանը, իմ տեքստով ճարպկորեն ձեռնածություն անելով, այդուհանդերձ անտեղի ներածում է իր միամիտ եզրահանգումները եւ նույնիսկ վկայակոչում Մ. Ռուխկյանիՙ Տերտերյանին նվիրված մենագրությունը (2002): Ինձանից արտագրելով գերմանական աղբյուրների հղումները, որոնցից մի քանիսը նշված են բուն տեքստում, Թովմասյանը մատնեց իրեն, երբ չնշեց ժողովածուի եւս մեկ հրապարակում Տերտերյանի մասին, որը ես բաց էի թողել: Այլ կերպ չէր կարող լինել. չէ որ «գիտնականը» գիրքը ձեռքն անգամ չէր առել: Ճիշտ է, նա նշում է երաժշտագետ չհանդիսացող գերմանացիների մի քանի փոքր հոդվածներ: Դրանք Հ. Ե. Գյոդեկեի եւ Կ. Կունի հոդվածներն են 2000 թվականից, այսինքն նովգորոդյան ժողովածուից հետո: Բայց Թովմասյանն ամենուրեք նշում է «Deutsch-Armenische Korrespondenz» հանդեսը, մինչդեռ դա «Armenisch-Dentsche Korrespondenz»-ն է: Ի դեպ, այդ հանդեսի 2006 թ. թիվ 1-2-ում հեղինակային իրավունքի հաստատման նպատակով ես կրկնել եմ իմ հոդվածը: Այն հրապարակել է խմբագիր Պետեր Հալֆթերը, որի հետ Թովմասյանն իբր շփվել է...

Փոխարենը Թովմասյանը 2005 թ. հուլիսի 8-ին Մյունխենում ազնվորեն ունկնդրել է Տերտերյանի 8-րդ սիմֆոնիան, քանի որ այդ կապակցությամբ խորամտորեն եզրակացնում է. «Հայտնվում ես հավերժական էնիգմայի առջեւ» (էջ 86): Թե որտեղից են առնված այդ տողերը, չգիտեմ, բայց չթարգմանված «Էնիգման» մատնում է Թովմասյանին:

Այժմ եւս մեկ սադրանքՙ դոկտոր Նարեկ Թովմասյանի հաշվետվությունը «Էկկեհարդ Կլեմի գործընկերությամբ», որի մասին դիրիժորը չէր էլ ենթադրում (եւ այդ մասին ինձ գրել է Դրեզդենից 2006 թ. հունիսի 11-ին): Հաշվետվությունն անգլերեն է, կազմված 19 էջից եւ երկու հավելվածիցՙ հոդվածի պատճենից եւ Տերտերյանի վերաբերյալ երաժիշտների հետ անցկացված հարցազրույցներից: Դրանք հրապարակված են մի հանդեսում, որտեղ խմբագիրներից մեկը գիտնականի հայրն է: Դա 2004 թ. համարներից է, բայց իր պատճենի վրա Ն. Թովմասյանը ջանացել է վերջին թիվն անփութորեն տեղաշարժել, որպեսզի նման լինի 2005-ի:

Տիտղոսաթերթից եւ 3-րդ էջի վերնագրից հետո կա կենսագրական տեղեկանք Տերտերյանի վերաբերյալ: Դրան հաջորդում է կոմպոզիտորիՙ Գերմանիայի հետ կապված երկու օպերաների բնութագիրը: Այստեղ Թովմասյանը բառ առ բառ (դա հաստատեց նաեւ ներկայիս գլխավոր խմբագիր Լորա Մեյսին) կրկնում է մի քանի նախադասություն իմ «Տերտերյան Ավետ» հոդվածից, որը հրապարակված է The Ntew Grove Dictionary of Opera-ում (Լոնդոն, 1992 թ. հ. 4, էջ 700-701) եւ ունի 6 անվանում մատենագրություն, այդ թվում Գերմանիայում հրատարակվածՆ. Պարոնյանի հոդվածը:

Ապա 4-10-րդ էջերում Թովմասյանը բերում է Գերմանիայում Տերտերյանի եւ նրա երաժշտության, ինչպես նաեւ Հայաստանում նրա գործերը տարածողների փոխադարձ շփումների ժամանակագրությունը, բնականաբար, չհիշատակելով իմՙ այդ նյութն առաջինն ամփոփածիս անունը: Այստեղ Թովմասյանն օգտագործում է տարբեր աղբյուրներ, հատկապես ակտիվորենՙ ինտերնետի բազմաթիվ կայքէջեր: Հաջորդՙ 11-16-րդ էջերում բերվում է կոմպոզիտորի բոլոր ստեղծագործությունների ցանկըՙ բոլոր տվյալներով. այստեղ Թովմասյանն ազնվորեն հայտնում է, որ օգտագործել է «Հանս Սիկորսկի» հրատարակչության անվանական կայքէջը:

Վերջապես, 17-18-րդ էջերում նշված են այն անձինք ու կազմակերպությունները, որոնց հետ Թովմասյանը շփվել է, ինչպես նաեւ երկու գիտաժողովներ (24-28-ը օգոստոսի, Քյոլն եւ 9-11-ը սեպտեմբերի, Դրեզդեն), որոնց իբր ներկա է եղել:

«Տերտերյանը եւ Գերմանիան» թեմայի վրա աշխատելու համար DAAD-ի թոշակ ստանալու իր հայտի պատասխանը Ն. Թովմասյանն ստացել է 2005 թ. հունիսի 5-ին: Գերմանիայում մնալու ժամկետը 2005 թ. հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն էր: Թովմասյանը, ինչպես եւ հայ երիտասարդ արվեստաբանների երեւանյան Առաջին նստաշրջանի բոլոր մասնակիցները, պետք է նյութը հանձներ 2005 թ. օգոստոսի առաջին կեսին: Այդ փաստը եւս վկայում է Թովմասյանի դեմ. նա արդեն ուղարկելու բան ուներ:

Քաղաքացիական օրենսգիրքը անկա՞խ է բարոյական նորմերից

Այժմՙ դատավարության շարունակության մասին: Վերաքննիչ դատարանում ինձ կարծես արդեն սպասում էին եւ կտրկանապես չէին ուզում 2006 թ. հուլիսի 6-ի դիմումի հետ մեկտեղ վերցնել սահմանված պետական տուրքը: Հիմնվելով տուրքի բացակայության վրա, շուտով գործը քննող (՞) դատավորներըՙ Կարինե Հակոբյանը (նախագահ), Վ. Ավանեսյանը եւ Ա. Խառատյանը ինձ ծանուցում ուղարկեցին, որ իմ հայցը մերժված է: Բայց տուրքը վճարված էր, իսկ ժամանակը ձգվում էր: Դատավորների կազմը փոխվեց. Կ. Հակոբյանն սկսեց նախագահել Լեւոն Գրիգորյան-Լարիսա Սոսյան կազմում, որը, դատելով ամեն ինչից, չէր ուզում խորամուխ լինել խնդրին:

Այդ ժամանակ իմ ներկայացուցիչ Ի. Մուրադյանն առաջարկեց անկախ փորձաքննության նպատակով դիմել Արվեստի ինստիտուտին, վստահ լինելով, որ իսկական գիտնականները չեն կարող հաշիվներ մաքրել: Ինստիտուտի գիտաշխատողներ Կ. Խուդաբաշյանը, Մ. Ռուխկյանը, Ա. Արեւշատյանը քանիցս դիմել են Տերտերյանի ստեղծագործությանը: Ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը Ի. Մուրադյանին ակնարկեց. «Խուդաբաշյանը Սարգսյանին լավ է վերաբերվում, ուստի նրան չենք ընդգրկի փորձագիտական հանձնաժողովի կազմում»: Բայց գործն ամիսներով տեղից չէր շարժվում: Ա. Արեւշատյանը տեւականորեն բացակայում էր: Այդ ժամանակ հանձնաժողով կազմվեց ստալինյան վարչակարգի ոգով, ինձ հալածող հատկապես չարամիտ անձանցից. Աննա Ասատրյան (նախագահ), Մարգարիտ Ռուխկյան եւ Արթուր Ավանեսով:

Ս. թ. հուլիսի 11-ի դատական նիստում Ի. Մուրադյանը հայտարարեց, որ Ա. Ասատրյանը, որպես գիտաժողովի նյութերի ժողովածուի խմբկոլեգիայի անդամ եւ հետեւաբար պատասխանատու անձ, չի կարող անաչառ լինել: Դատավոր Կ. Հակոբյանն այդ հայտարարությունը չլսելու տվեց: Ապա Ի. Մուրադյանը հայտարարեց, որ Ա. Ավանեսովը եւս աչառու է, քանզի Սարգսյանը բացահայտորեն դեմ է եղել ձեն-բուդդիզմին վերաբերող նրա ատենախոսությանը, եւ հաստատելու համար ներկայացրեց ՀՀ ԲՈՀ-ի փաստաթուղթը: Դատավորը, զայրույթը չթաքցնելովՙ չընդունեց փաստաթուղթը:

Նկատենք, որ 27-ամյա Ավանեսովը թե դաշնակահար է, թե երկրոդային մտածողությամբ կոմպոզիտոր, եւ թե երաժշտագետ, որն ատենախոսությունը գրել (եւ ինտերնետից արտագրել) է բանակից ազատվելու համար: Հիմա նա արդեն «գիտնական» է, որը համարձակվում է լկտի տոնով, դատարանում ձեռքերը թափահարելով դատել ինձ: Նրա անպարկեշտ տոնը եւ դատավորների լուռ հավանությունը ձայնագրված են դատական նիստի ձայներիզի վրա:

Ինչ վերաբերում է Մ. Ռուխկյանին, նա որեւէ մեկից ավելի լավ գիտե Տերտերյանին վերաբերող գրականությունը: Նաեւ գիտե, որ նրա ստեղծագործության վերլուծությունը ես գիտական շրջանառության մեջ եմ մտցրել Լենինգրադի ասպիրանտուրայում իմ ատենախոսության մեջ (1971-1974), այսինքն հենց Ռուխկյանից առաջ, որը 1972 թ. թեզ պաշտպանեց առանց Տերտերյանի անունը հիշատակելու: Միայն 1980 թ. հայկական սիմֆոնիային նվիրված գրքում Ռուխկյանը նրան հատկացնում է իրեն արժանի տեղը... Իմ հանդեպ բազմամյա թշնամություն ունենալով (ինստիտուտի տնօրենը դա հիանալի գիտենալովՙ նրան այնուամենայնիվ ընդգրկեց «փորձագետների» կազմում)ՙ Ռուխկյանը նաեւ ծանոթ էր իմ «Ա. Տերտերյանը եւ Գերմանիան հոդվածին. նույն նովգորոդյան ժողովածուի մեջ նա ունի Տերտերյանին նվիրված երկու հոդված: Բայց հայերենով լրիվ կարդացե՞լ է արդյոք Թովմասյանի հոդվածը: Եվ առհասարակ «փորձագետները» համեմատության համար կարդացե՞լ են արդյոք երկու հոդվածները, թե՞ՙ միայն դատարանի ուղարկած տեքստի առանձին հատվածները: Եթե այո, ապա անհասկանալի է.

1) Ինչո՞ւ Ն. Թովմասյանի հոդվածը հորջորջվում է այլ կերպ, քան հրատարակված ժողովածուի մեջ է, 2) «Փոխառությունների» հարցում մեր բողոքներն ուղղված են ոչ թե քիչ թե շատ հանրահայտ կենսագրական փաստերի, այլ Թովմասյանի բուն հոդվածի ձեւի ու բովանդակության դեմ, հոդված, որը համանման բառային արտահայտություններով կրկնում է Սարգսյանի հոդվածը, 3) Ինչպե՞ս բացատրենք բրեխթյան թատրոնի կապակցությամբ Կ. Խուդաբաշյանի, Ն. Շահնազարովի, Գ. Տիգրանովի եւ Մ. Ռուխկյանի անունների բացակայությանն առնչվող զրպարտչությունը: Նախ եւ առաջ, առկա է հղում 1977 թ. լենինգրադյան ժողովածուի հոդվածինՙ նվիրված «Կրակե օղակ» օպերային, որտեղ նշվում են առաջին բոլոր երեք հեղինակները: Երկրորդ, Խուդաբաշյանը նշել է կապը ոչ թե Բրեխթի, այլ անտիկ ողբերգության հետ: Երրորդ, Ռուխկյանն իր «Հայկական սիմֆոնիայում» հպանցիկորեն խոսելով Բրեխթի մասին (էջ 97-98), չի հիշում նախորդ հետազոտողներին, այդ թվում ինձ, որ ավելի, քան որեւէ մեկը, գրել եմ «Կրակե օղակ» օպերայի մասին:

Չորրորդ, իմ թեկնածուական թեզը վկայակոչում է հենց Տիգրանովը «Հայկական երաժշտական թատրոնի» երրորդ հատորում (էջք 37-38 եւ 174), որը լույս տեսավ թեզի պաշտպանությունից կես տարի անց (տե՛ս էջ 252), որտեղ նշվում է, որ գիրքը ստորագրված է տպագրության դեկտեմբեր 11, 1975 թ.: Թեզի ավարտման տարեթիվը (1974) առկա է գրքի տեսքով դրա հրատարակման վերջում (Երեւան, 1983):

«Կրակե օղակ» օպերայում բրեխթյան կապերի վկայակոչմանն առնչվող այդ ամբողջ մկնային իրարանցման նպատակն էր ազատվել Թովմասյանին մեր հասցեագրած միանգամայն ուրիշ բողոքից. Բրեխթի գեղագիտության նշանակությունը կոմպոզիտորի երաժշտաթատերական հետագա ստեղծագործությունների համար: Հասկանալի դարձնելու նպատակով մեջբերենք երկու տեքստերը.

Սարգսյան. «Замысел,ксожалению,неосуществился,однакоБрехтсегоидеямиэпическоготеатраосталсяжитьвсознанииТертерянанадолгиегоды» (էջ 33): Թովմասյան (ի դեպ, նա գրում է Բերտոլդ Բրեխթ եւ ոչ թե Բերտոլտ). «Մտահղացումը մնաց չիրականացված, սակայն դյուցազներգության (Բրեխթի մոտ էպիկական դյուցազներգության հետ կապ չունի- Ս. Ս.) գաղափարը չէր լքում կոմպոզիտորին» (էջ 82): Սարգսյան. «ВпоследующихсценическихопусахТертеряна-балете"МонологиРичардаIII"» (потрагедииШекспира)иособенноопере"Землетрясение:поновеллеГ.фонКлейстаследыбрехтовскихидейтакжеочевидны" (էջ 34): Թովմասյան. «Նրան պարուրած գաղափարները հետագայում արտահայտվեցին «Ռիչարդ Երրորդ» բալետումՙ ըստ Շեքսպիրի եւ հատկապես «Երկրաշարժ» օպերայումՙ ըստ Հենրիխ ֆոն Քլայսթի «Երկրաշարժը Չիլիում» նովելի» (էջ 32):

Սարգսյան. «АветТертерянвсвоихоперахибалететакжеисходитизпрогрессивности"постановочных"идейдлядраматургиимузыкально-театральныхпроизведений.Вовторойопереон,посути,являетсянезримымрежиссером:партитурапестритрежиссерскимремаркаминеслучайно,чтоавторамилибреттонанемецкомязыкебылиГертаШтехеризГаллеисамкомпозитор» (էջ 34): Թովմասյան. «Վերջինիս լիբրետոն գրել են Գերտա Շտեխերը եւ Ավետ Տերտերյանը, որին բնորոշ էին բեմադրական արվեստի վառ եւ ինքնատիպ մեկնություններ» (էջ 82):

«Փորձագետները» ձեւացրին, թե դա չեն նկատել, եւ առհասարակ գործի նկատմամբ նրանց անփույթ վերաբերմունքն արտահայտվեց նաեւ նրանում, որ Խուդաբաշյանի եւ Շահնազարովայի հոդվածները սխալ անվանումներ ստացան: Գուցե եզրակացությունը գրվել է փչացած հեռախոսո՞վ: Մի բան անվիճելի է. բոլոր երեքը հիանալի որին լրացնում էին միմյանց եւ Ն. Թովմասյանի հետ կազմում ներդաշնակ ամբողջություն: Այս առիթով արվեստի ինստիտուտի տնօրենին իրոք կարելի է շնորհավորել...

Անշուշտ, դատավոր Կ. Հակոբյանը ցանկության դեպքում կարող էր խնդրել, որ ներկայացվեն «փորձաքննության» գրավոր հերքումներ: Կարող էր, եթե շահագրգռված լիներ ճշմարտությամբ եւ արդարությամբ: Ընդհակառակը, նրա դեմքն արտացոլում էր պատասխանողի եւ վերջինիս փողոցային առեւտրականների պես ստող ագրեսիվ պաշտպանների տրամադրությունը:

Մի՞թե մեր ազատությունը պետք է արժենա բարոյականության, մարդու արժանապատվության կորուստ, գիտնականի կորուստ: Բայց ո՞ւմ ենք խաբում: Ո՞ւմ ենք պաշտպանում: Ո՞ւմ ենք կործանում: Հանուն ինչիՙ սեփական փրկությա՞ն, թե՞ փառքի: Կամ հանուն շահառությա՞ն: Եվ մոռանում ենք, որ «մեր գլխավերեւի աստղային երկինքը» (Ի. Կանտ) Երկիրը ողողում է լույսովՙ ճշմարտության լույսով:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4