ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2007-08-25 | #17, 2007-09-08 | #18, 2007-09-21


«ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ, ՎԵՊ» ԿԱՄ ՄԱՅՐԱՄՈՒՏԻ ԼՈՒՅՍԸ

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Յուշիկ փախչող իրիկուան ծիրանի լոյսն է զըւարթ...»

Մեծարենց

Տերենտիուս Մավրի` այլեւս թեւավոր դարձած հայտնի խոսքը դրդում է մտածելու ոչ միայն գրքի ու գրքերի, այլեւ գրական ստեղծագործության ու իր հեղինակի ճակատագրի մասին. քի՞չ է պատահում, որ գրողի ճակատագրի թեւի ստվերը խաչի պես ընկնում է գրքի ու ստեղծագործության վրա: Եվ կամՙ հակառակը:

...Կարպիս Սուրենյանը ստեղծագործական սխրանք է գործել, ամբողջացնելով եւ հրատարակելով շուրջ 1600 էջ կազմող իր նոր գիրքը երկու հատորով, որ կրում է « Օրագիր. 1943-2001 » խորագիրը: Իրապես սխրանք է Կարպիս Սուրենյանի արածը, մեզանում իր նախադեպը չունեցող իրողություն:

Հետաքրքրական է գրքի, ավելի ճիշտՙ գործի ստեղծման պատմությունը: Կարպիս Սուրենյանը ծնվել է Աթենքում, նախակրթարանից հետո կրթությունը ստացել է Կիպրոսի Մելգոնյան նշանավոր վարժարանում: « Մելգոնյան կրթ. հաստատության դասարանակարգը սկսվում էր չորրորդից, ութերորդը համապատասխանում էր միջնակարգի ավարտականին, իններորդը եւ տասներորդը մասնագիտական էին համարվում, կիսաբարձրագույն »: Եվ այստեղ էլ, Մելգոնյան նշանավոր դպրոցում էլ պատանի Սուրենյանը ձեւավորվում է իբրեւ էություն, իբրեւ բնավորություն ու նկարագիր, իբրեւ մտածող ու զգացող անհատ: Մելգոնյան կրթական հաստատությունը իր պատմության մի շրջանում հայկական եզակի այն կրթօջախներից մեկն էր, ուր սովորողը կարող էր ձեւավորվել իբրեւ անհատ, իբրեւ մարդ եւ քաղաքացի: Հավանաբար, բազմաթիվ հանգամանքների բարենպաստ հանրագումար է անհրաժեշտ նման կրթական հաստատության ծնունդի եւ գոյության համար: Եվ ահա Մելգոնյանում ուսանելու տարիներից սկսած, իր ողջ կյանքի ընթացքում, թեեւ որոշ ընդհատումներով, դպրոցի աշակերտ Կարպիս Սարկավագյանը, հետագայում` արդեն գրող Կարպիս Սուրենյանը օրագիր է պահել: Սա ինքնին արդեն եզակի երեւույթ է: Թվում էՙ անցել են էպիստոլյար գրականության ժամանակները եւ անցել են շատ վաղուց. օրագիրն ու նամականին ոչ միայն իբրեւ գրական ժանր, այլեւ առօրյա կենսական իրողություն, թվում է, այլեւս պատկանում են պատմություն դարձած հեռավոր ժամանակների եւ իրականության:

Բայց անգլիացի գրողն ասում է, որ բոլոր իսկական գրողները միշտ խոսում են, միշտ ասելիք ունեն: Եվ եթե նույնիսկ ունկնդիր չկա, խոսում են իրենք իրենց հետ: Ահա, պատճառներից մեկը սա է, կարծում եմ, որ Կարպիս Սուրենյանը օրագիր է պահելՙ ինքը դառնալով իր զրուցակիցը, խոսելով ինքն իր հետ, գրելով միայն ի՛ր համար... Հայտնի եւ անհայտ օրագրությունների առաջին եւ ամենամեծ հատկությունը պետք է լինի անկեղծությունը: Հավատում ենք, որ այդպես են գրված նշանավոր մտածողների ու գրողների հայտնի երկերըՙ Ավգուստինուս Ավրելիուսի «Խոստովանություն»-ից մինչեւ Ժան-Ժակ Ռուսսոյի «Խոստովանությունը», Տոլստոյի «Խոստովանանք»-ից մինչեւ Մահաթմա Գանդիի «Իմ կյանքը»... Բայց դրանք մի, եթե չասեմ տարակուսելի, ապա պիտի ասեմ երկբայական բան ունեն իրենց մեջ. դրանք բոլորը հասցեագրված են ընթերցողին, մանավանդ նոր ժամանակների հեղինակների գործերը, որոնք գրված են տպագրության համար... Մելգոնյան վարժարանում սովորող դպրոցականի մտքով անգամ չէր անցնի, որ իր գրառումները մի օր տպագրվելու են:

Հետո գալիս են հայաստանյան կյանքի տարիները, որոնք փաստորեն հոգեկան դիմակայության եւ դիմադարձության, իսկ ընդհանուր առմամբՙ պարզապես դիմանալու տարիներ ու տասնամյակներ են եղել, ուրեմնՙ այստեղ էլ խոսք չէր կարող լինել տպագրվելու մասին: Այսինքնՙ կասկածել անգամ անկարելի է Կարպիս Սուրենյանի օրագրային գրառումների անկեղծությանը եւ շիտակությանը, մանավանդ որ օրագրողը, դրսի իրականությունից շփոթահար ու անօգնական կամ թե խոցված ու վիրավորված, ապավինել է սպիտակ թղթի մաքրությանը: Ես քանիցս առիթներ եմ ունեցել տեսնելու ձեռագրերի այդ վիթխարի դեզը, այդ անչափելի ծավալը: Այդ գրառումները արված են եւ՛ ընդհանուր կոչվող տետրերում, եւ՛ զանազան առանձին թղթերի վրա, եւ՛ հաշվապահական մատյանների նմանվող «դավթարներում», եւ՛ աշակերտական վանդակավոր սովորական տետրերումՙ Մելգոնյան հաստատության բաժանած դպրոցական տետրակներում... 1993 թե 1994 թվականներին դրանցից ամբողջական հատվածներ տպագրվեցին «Վարուժան»-ում: Այնքան հասուն էին դրանք իբրեւ գրական գործ, իբրեւ գրական մտածողություն, այնքան բարձր ու ամբողջական, որ ընթերցողի հնարավոր տարակույսները ցրելու համար որոշեցի իր աշակերտական տետրի մի հատվածը, ձեռագրով հանդերձ, տպագրել թերթում...

Գրողի օրագրությունը սկիզբ է առնում Մելգոնյանում եւ շարունակվում է իր հետագա ողջ կյանքի ընթացքում: Ինչպես արդեն ասացի, սա զարմանալի եւ աննախադեպ երեւույթ է, որովհետեւ եղել են տարիներ, երբ գրողը խիստ ծանրաբեռնված է եղել ստեղծագործական աշխատանքովՙ իր գրքերը գրելով եւ իր հոյակապ թարգմանություններն անելով: Եվ թե՛ իր գրքերն են ծավալուն եւ թե՛ մանավանդ իր թարգմանությունները... Այդքանից հետո եւ այդքանի հետ ե՞րբ է հասցրել գրողը թղթին հանձնել հազարավոր էջեր կազմող իր մտածումներն ու խորհրդածությունները, դժվար է պատկերացնել... Եվ դեռ մտաբերենք այն կյանքն ու կենցաղը, որով ապրել է Կարպիս Սուրենյանը, տարիներ շարունակ իր ապրուստը հոգալով իբրեւ երգչախմբի երգիչ:

Ես պատահական բառ չասացիՙ իրոք հազարավոր էջեր են կազմում իր օրագրությունները: Իրոք այդպես է: Եվ երբ մի քանի տարի առաջ միտք է հղանում դրանք առանձին գրքով հրատարակելու (այդ մասին նա մանրամասնաբար պատմում է «Նախաբան»-ում), հեղինակը դժվարության առաջ է կանգնում, որի մասին նա պատմում է իր կրտսեր բարեկամներին. ի՞նչ անել, պահե՞լ օրերի ու ամիսների անունները, ինչպես որ գրվել է օրագիրը, թե՞ գնալ ընդհանրացումների եւ կրճատումների ճանապարհով: Գրողը ընտրում է վերջին տարբերակը: Եվ սկսվում է մի ծանր, իրոք տառապալից աշխատանքՙ կարգի բերելու, երբեմն պարզապես վերծանելու արագորեն գրի առնված, հապճեպորեն թղթին հանձնված անմիջական ապրումների ու տպավորությունների պատմությունները... Ձեռագրերը խունացած էին, երբեմն մատիտով գրված եւ գրեթե անընթեռնելի... Կարպիս Սուրենյանը հաղթահարեց այդ վիթխարի աշխատանքըՙ ի մի բերելով, միասնական գրողական հայացքի ներքո ամբողջացնելով իր կյանքի պատմությունը, որն, ըստ իս, իր կյանքի մեծագույն գործը եղավ... Թերեւս իր ոչ մի գրքում Կարպիս Սուրենյանը այնքան ամբողջական, կատարյալ ու հստակ չէ, որքան այս գրքում:

Այս գրքի ժանրային ընկալման վերաբերյալ ես իմ մտածումներն ունեմ: Մտածումս հստակելու համար մի օրինակ պիտի բերեմ ֆրանսիական գրականությունից: Ֆրանսիացի հանրահայտ գրողն ու բանաստեղծը մի գիրք է գրել քսաներորդ դարի մեծ նկարիչներից մեկի մասին: Ավելի ճիշտ` ոչ թե գրել է, այլ գրելով կազմել-կառուցել-ստեղծել է: Շատ անսովոր գիրք է: Գիրքը նշանավոր գրողի ու բանաստեղծի` տասնյակ տարիների ընթացքում նկարչի մասին գրված տասնյակ հոդվածներն են, նրան նվիրված բանաստեղծությունները, հիշողությունները, հուշերը, գրողի մտածումները, դատողություններն ու տեսական վերլուծումները... Եվ այս բոլորը մի անսովոր, գրեթե գաուդիական կառույցի մեջ-կառույցի տեսքով: Եվ այդ տեսքով գիրքը զարմանալի միասնականություն եւ ամբողջականություն ունի եւ թվում է, թե հատկապես այդպես է հղացված ու ստեղծված, այդպես գրված է մի շնչով: Հեղինակը իր գիրքը համարում է վեպ: Ավելին, պնդելով գրքի ժանրային ըմբռնման վրա, կարծես թե կանխելով ընթերցողին եւ ցրելով նրա տարակույսները, հեղինակը ժանրի անվանումը դարձրել է գրքի խորագրի մաս: Եվ գիրքը հենց այդպես էլ կոչվում է` «Անրի Մատիսս, վեպ»: Դառնամ իմ բուն ասելիքին: Թեպետեւ գործը վերնագրված է «Օրագիր» եւ գրված է իբրեւ օրագրություն, սակայն այն ամենը, ինչը այսօր գրքի տեսք է ստացել, ամենեւին էլ օրագիր չէ սովորական առումով: Իմ ըմբռնումով, Կարպիս Սուրենյանի այս գիրքը վեպ է, յուրատեսակ մի վեպ, որ իր մեջ ամփոփում է իրոք օրագրության, հուշագրության, փաստագրական պատումի բնորոշ գծեր, պատկերում է իրական մարդկանց ու իրական անձնավորությունների, ներկայացնում է իրական կյանքի իրական ժամանակ, այնուամենայնիվ այս գիրքը վեպ է, գեղարվեստական վեպ: Վեպ է, որովհետեւ իրական դեպքերը, եղելությունները, մարդիկ նկարագրված են գեղարվեստական միասնական-ամբողջական հյուսվածքի մեջ, գեղարվեստական խոսքի հարթության վրա, վիպական արձակի լեզվի տիրույթում: Եվ իրական մարդիկ իրոք դառնում են գեղարվեստական հերոսներ: Վեպի գլխավոր հերոսը իհարկե ինքը հեղինակն է, Կարպիս Սուրենյանը: Բայց, ի պատիվ գրողի, տեղնուտեղը պետք է արձանագրեմ, որ լինելով անձնական-անհատական կյանքի եղելությունների ու իրողությունների վրա կառուցված ստեղծագործություն, մեկ մարդու մասին պատմող գործ, այս գիրքը ամենեւին էլ սոսկ մի անհատի կյանքի պատմություն չէ, այլ իրոք գեղարվեստական մեծ ընդհանրացումների ու ընդգրկումների հասած, հրաշալի կերպարներ, ճշմարտացիորեն պատկերված կյանք եւ անցյալից հստակորեն կորզված-որսված ժամանակ ներկայացնող ստեղծագործություն: Վեպի գլխավոր հերոսը մեր աչքերի առջեւ մանրամասնորեն բացում է ոչ միայն իր կյանքն ու ներաշխարհը, այլեւ մեզ ուղեկից դարձած քայլում է մեզ հետ ժամանակների միջովՙ մեզ հասու դարձնելով այդ ժամանակների հարուստ, երբեմնՙ շատ խառն ու խրթին բովանդակությանը, կյանքի այն իրողություններին, որոնց ականատեսն ու մասնակիցն է եղել ինքը եւ որոնք երբեք էլ գրականության նյութ ու թեմա չդարձան մեր երկրի քաղաքական ռեժիմի, կյանքի ու հանրության կազմակերպման խորհրդային ձեւի պատճառով, երեւույթներ, կյանք, իրականություն, որոնց մասին չէր կարելի խոսել, առավել եւսՙ ճշմարիտ խոսք ասել կամ դատողություն անել Կարպիս Սուրենյանի այս գործը, ինչպես որ իր նախորդ գրքերը, մեզ համար, մեր գրականության եւ մանավանդ մեր գրականագիտության համար մի տեսակ «անսովոր» գրականություն են: Հեղինակը իր անձնական-անհատական ընկալումներով ու մտորումներով դառնում է կենտրոնական դեմք, գլխավոր հերոս, բայց խոսում է հիմնականում կյանքի ու ժամանակի մասին: Ի՞նչ է սա, գեղարվեստական գրականությո՞ւն, թե՞ մի այլ բան... Կարպիս Սուրենյանը դա անվանում է խոհագրություն, մի տեսակ միջին մի ժանր էսսեի եւ գեղարվեստական գործի միջեւ, փորձելով միեւնույն ժամանակ բացատրել թե արդարացնել իր գրականությունը: Իզո՛ւր: Դա զուտ գեղարվեստական գրականություն է, որ շատ բնորոշ է 20-րդ դարին: Եվրոպա չհասնելու համար բավական է վկայակոչել ռուս ընտիր գրողների գործերըՙ Բորիս Պիլնյակ, Յուրի Օլեշա, Կոնստանտին Պաուստովսկի, ուրիշներ... Բայց ինչու հասա մինչեւ ռուսները, երբ մենքՙ ինքներս, փառահեղ օրինակներ ունենք այդօրինակ գրականությանՙ Եղիա Տեմիրճիպաշյան, Տիրան Չրաքյան (Ինտրա), Կոստան Զարյան... Ուղղակի տասնամյակներ շարունակ մենք սովորել ենք - մեզ սովորեցրել-ընտելացրել են «Հացավանի» կարգի հակագրական գրականության:

Եվ իբրեւ վեպ, Կարպիս Սուրենյանի այս գործը ունի կառուցվածքային, գեղագիտական եւ գեղարվեստական իր յուրահատկություններն ու արժանիքները, որոնց մասին խոսք կլինի ստորեւ:

Գիրքը բաղկացած է չորս մասից, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում է ոչ միայն թեմայով ու բովանդակությամբ, այլեւ նյութի պատկերմամբ ու մատուցմամբ, գրողական մոտեցումով ու գեղարվեստական հյուսվածքով: Մասերից յուրաքանչյուրը այնքան ամբողջական է, որ կարող էր առանձին վեպ կոչվել ու համարվել եւ ամբողջ գիրքը կընկալվեր իբրեւ մի էպոպեա, ասք, ժամանակների, կյանքի ու մարդկանց մասինՙ գրված վեպերի շարքի ձեւով: Ինչեւէ, առանց վիպական անվանումների էլ Կարպիս Սուրենյանի վեպը մի պատկերավոր գեղարվեստական պատմություն է հինգ-վեց տասնամյակների մեր կյանքի մասին (մեր սփյուռքն էլ մեր կյանքն է)ՙ մեր անկումներով ու մեր վերելքներով, մեր հավատով ու մեր հույսերով, մեր սպասումներով ու մեր տագնապներով, վերջապեսՙ մեր կյանքի ներքին դրամատիզմով եւ իրականությամբ:

Դառնամ բուն գործին:

***

Գրքի առաջին մասը կարելի է կոչել «Տենչահույզ սրտի խոստովանանքՙ երաժշտությամբ եւ գրականությամբ»: Այս առաջին մասում պատանի Սարկավագյանի կյանքի պատմությունն էՙ Մելգոնյան դպրոցի Թ դասարանից մինչեւ 1947 թվականը, երբ մի տարի է, ինչ Սարկավագյան ընտանիքը Հունաստանիցՙ Աթենքից ներգաղթել է Հայաստան: Բնականաբար, այս առաջին մասում մեծ տեղ են զբաղեցնում Մելգոնյան կրթական հաստատության կյանքին ու ժամանակին վերաբերող էջերը: Զանազան հանգամանքների բերումով պատանի Սարկավագյանը, դեռեւս տղեկ, պետք է բաժանվի,- եւ բաժանվում է,- ծնողներից եւ ընտանիքից եւ հասնի այս կղզինՙ Կիպրոս, ուր պիտի ապրի գիշերօթիկ սաների հետ բարեգործական դպրոցում: Այն տարիքում, երբ երեխան երեւի թե առավել կարիք ունի ծնողների եւ ընտանիքի ներկայության, ընտանեկան տաք ու ջերմ միջավայրի, խանդաղատանքի ու սիրո, ահա այդ տարիքում դեռահաս պատանին զրկվում է այս բոլորից եւ հայտնվում է գիշերօթիկ դպրոցում: Եվ դպրոցն էլ բնակավայրից այդքա~ն հեռու փակ հաստատություն է, իր խիստ կարգուկանոնով, խստակյաց կյանքով: Ի՞նչ պետք է անի դպրոցում հայտնված դեռահասը. կա՛մ պիտի հարմարվի դպրոցական կյանքին, պարտադրված ապրելակերպին, կա՛մ վաղաժամ պիտի թողնի-հեռանա, ինչպես շատերը, ինչպես գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը, կա՛մ պետք է որեւէ այլ ձեւով փախուստ տա այդ իրականությունից... Կարպիս Սուրենյանը ընտրում է վերջին տարբերակը եւ փախուստով է փրկվում Մելգոնյան հաստատության պարտադրված իրականությունից: Բայց նրա փախուստը սովորական փախուստ չէ, ուղղակի իմաստով փախուստ չէ: Դա փախուստ էր դեպի իր ներսը, դեպի մտածող ու զգացող մարդու նուրբ ու լռին ներաշխարհը (ահա, վերջապես հայտնվեց Ինտրան), փախուստ դեպի գրականություն եւ արվեստ: Սա թեեւ բնականոն չէ ամեն դեռահասի համար, բայց իբրեւ բացառություն հասկանալի է եւ բացատրելի: Այս եղանակով պատանի Սարկավագյանը Մելգոնյան դպրոցում ապրում է երջանիկ առանձնության մեջ, մի ներփակ աշխարհում, որ լեցուն է հմայքով ու գեղեցկությամբ, երանությամբ եւ անդորրով, այլ խոսքովՙ բնության գեղեցկությամբ ու մաքրությամբ, գրականության տված հարստությամբ եւ երաժշտության տված ներդաշնակությամբ եւ անդորրով: Առհասարակ ամենամեծ փախուստներից մեկը ընթերցանությունն է, գիրքը, կարդալը: Սեփական իրականությունից անբավական լինելն է, որ ստիպում է փակել աչքերը իրականության դեմ, գիրքը բացել այնպես, ինչպես ուրիշ մի, կանչող, հեքիաթային աշխարհի դուռն են բացում, եւ մտնել մի այլ, շուրջը եղած իրականությունից տարբեր իրականություն:

Գրքի այս առաջին մասում գլխավոր հերոսը ինքն էՙ պատանի Սարկավագյանը եւ ամբողջ Մելգոնյան դպրոցը: Ինչ խոսք, հրաշալի է պատկերված դեռահասի մուտքը դպրոց, նրա կյանքը դպրոցում եւ դպրոցական միջավայրում, դեռահասի մեջ օր-օրի կատարվող փոփոխությունները, այն ընթացքը, որ դեռահաս պատանուն տանում է դեպի մեծ, նոր միայն հայտնագործվող, բոլորովին նոր հարաբերությունների աշխարհը, հասակ առած ու կյանք մտած մարդկանց աշխարհըՙ մանկության երազ աշխարհից եւ պատանեկան գունագեղ իրականությունից բոլորովին տարբեր մի իրականություն: Այս տարիներին, երբ դեռահասը նոր-նոր միայն հայտնագործում է շրջապատող առարկայական աշխարհն ու մարդկային հարաբերությունների անճանաչելի ոլորտները, բնականաբար, առաջանում են հարցեր, որոնք տարակույսներ են ծնում եւ տվայտանքներ պատճառում մեծ կյանքի շեմին հայտնված դեռահաս պատանուն: Դրանք հարցեր են, որոնք բնորոշում-բնութագրում են մարդ-արարածին իր գոյության անհիշելի ժամանակներից ի վեր, թվում են առեղծվածային, ուղեկցում են մտածող ու զգացող ամեն մի անհատի եւ ոչ միայն անհատի, այլեւ միմյանց հաջորդող սերունդների, տեւում են մարդկային կյանքի հետ եւ պատասխան են հայցում ու պահանջում մարդու գոյությունը, նրա գոյության առեղծվածը հասկանալու, այդ գոյությունը իմաստավորելու համար: Եվ դեռ կա « հարցերուն հարցը. արդեօ՞ք մարդ էակն ալ ընդհանրապէս, գոյելով ժամանակ-տարածութեան առեղծուածին մէջ, հին ատեններէ ի վեր խարխափումներով, վայրիվերումներով բարձրացած է այդ նախնական բնազդական ապրումէն այս ներզգացման խորհուրդին, ու ներզգացման մէջ զարմանքի ու հիացիկ երկիւղի պահին չէ արդեօ՞ք, որ խորըմբռնած է համընդհանուր ոգեկան նոյնութեան Գերագոյն Ճշմարտութիւնը, զոր իր սիրտին եւ միտքին հարազատեցնելով կոչած է Աստուած կամ Արարիչ կամ Պրահման կամ Դաօ, եւ կամ, ապագային, թերեւս ուրիշ անուններով ալ պիտի կոչէՙ չեմ գիտեր Ինչ... »:

Ինչպես նկատեցիք, ինչպես այս մեջբերումից երեւաց, գրքի առաջին մասը գրված է արեւմտահայերեն եւ դասական ուղղագրությամբ, այսինքնՙ ճիշտ ու ճիշտ այնպես, տառացի հարազատությամբ այնպես, ինչպես որ իր աշակերտական տետրակների էջերին գրի է առել Մելգոնյան դպրոցի սան պատանի Սարկավագյանը: Ուղղագրությունըՙ դեռ մի կողմ: Նկատեցի՞ք նաեւ, որ գրքերի ու իր օրագրի վրա հակված դեռահասի թիկունքում երեւում է մի այլ դեռահասի ստվերՙ Դոստոեւսկու Ալյոշա Կարամազովը:

Աշխարհում, իհարկե, գրքեր կան, որ կարող են մարդու ճակատագիր փոխել, առհասարակ փոխել մարդու կյանքի ուղին: Կարպիս Սուրենյանի համար թերեւս այդպիսի հեղինակ է եղել Դոստոեւսկին, որին նա «հայտնագործել է» վաղ պատանության տարիներին, եւ իր համար թերեւս այդպիսի գիրք է եղել «Կարամազով եղբայրներ» վեպը: Որքա~ն հարցեր եւ որքա~ն պատասխաններ կան այդ վեպում: Գիրքը գտել էր իր իսկական, ճշմարիտ ընթերցողին: Սարկավագյանի հետագա ողջ կյանքը անցնելու է այլեւս Դոստոեւսկու աստղի ներքո, նրա հուզավառ եւ տեսանող հերոսների թելադրիչ ներկայությամբ:

Պատանի Սարկավագյանը ընթերցողի առջեւ խոստովանանքային անկեղծությամբ բացում է իր ներաշխարհի բոլոր անկյունները, բոլոր ոլորտները, ընթերցողին է պարզում իրեն տանջող բոլոր տեսակի հարցերըՙ հոգեբանական, բնազանցական, ճանաչողական, խոստովանում է իր տարակույսներն ու տվայտանքները, իր պատանեկան վերելքներն ու անկումները: Օր-օրի նա փոխվում է մեր աչքերի առջեւ, հասունանում-ձեւավորվում է իբրեւ հայ մարդ, իբրեւ անհատ, իբրեւ ստեղծագործական բնավորություն: Անկեղծությունը խոսքին տալիս է հավաստիություն, ճշգրտություն եւ համոզչություն: Շատ հետաքրքիր է ներկայանում պատանի Սարկավագյանը դպրոցական կյանքի ու հարաբերությունների մեջ: Առհասարակ, դպրոցը բարդ եւ դժվար ճանաչելի մարմին է, դժվար բնութագրելի երեւույթ, որովհետեւ այն, ի վերջո, անընդհատՙ ամեն օր, ամեն ժամ փոփոխվող աշխարհ է, հարյուրավոր անվերջ փոփոխականների դժվար ու բարդ միասնություն: Այս առաջին մասում իբրեւ հերոս Սարկավագյանը ամենեւին էլ միայնակ չէ. իր գրառումներում հայտնվում են իր դասընկերներն ու ընկերները, իրենից տարբեր, բայց եւ իրեն նման պատանիներ: Եվ, իհարկե, իր ուսուցիչները, որոնցից երկուսը վստահաբար մանկավարժ են, իսկական ուսուցիչՙ պրոֆեսիոնալ մանկավարժ եւ հոգեբան Պողոս Գեւորգյանը եւ գրող ու թարգմանիչ Հովհաննես Շյոհմելյանը: Նրանք մեծ ազդեցություն են թողել պատանի Սարկավագյանի նկարագրի ձեւավորման վրա, եւ աշակերտ Սարկավագյանը հրաշալի է պատկերել նրանց: Հրաշալի ներկայություն է դպրոցում Գերսամ Ահարոնյանը, ապագա նշանավոր խմբագիրն ու հանրային գործիչը: Այս մարդկանց կողքին կար նաեւ պրն. Սարգիս Ապտալյանը, մասնագիտությամբՙ բնագետ, բայց առավել հայտնի իբրեւ բանաստեղծ Վահե-Վահյան: Նրան էլ է հրաշալի պատկերել Սարկավագյանը, իր գրառումներում նրան առանձնակի տեղ է հատկացրել: Ինչ արած, նման դասատուներ մեր դպրոցներում միշտ եղել են, կան ու կլինեն:

Ըստ պատանի Սարկավագյանի գրառումների, Մելգոնյան դպրոցի աշխարհը եղել է մի թովիչ ու գրավիչ միջավայր, որ ամենեւին նման չէ նույն դպրոցի սան Հակոբ Հակոբյանի հիշողության մեջ մնացած Մելգոնյան դպրոցին: Ըստ ամենայնի, Մելգոնյանը եղել է իրական կյանքից ու սոցիալական միջավայրից առանձնացած, իր ներքին կյանքով ապրող կրթական փակ հաստատություն: Բայց այնուամենայնիվ պատանի դպրոցականի գրառումների մեջ անուղղակիորեն թափանցում են սփյուռքի հայկական կյանքի ողջ դրամատիզմն ու բարդությունները, համայնքային ներքին հակասություններն ու ջլատումները, որոնք արթնացնում են պատանու հոգում նիրհած կամ իր ժամին սպասող հանրային անհատին-գրողին-մտածողին:

Պատանի Սարկավագյանը իր միայնության մեջ ապավինում է նախ եւ առաջ բնությանը: Բնության նախնականությունը տրամադրում է պատանուն հայեցողական ընկալումների եւ մտածումների, որոնք նրան հասցնում են, իր խոսքով ասած, Բնությունից մինչեւ Բնէություն: Սքանչելի հատվածներ կան գրքում արեւածագը, առավոտը, տիվանդորրը, իրիկունը կամ գիշերը պատկերող, առարկայական աշխարհիՙ ծառերի, խոտերի, թփերի եւ այլնի, զարմանահրաշ նրբերանգային կերպափոխություններով, որոնք ուղղակիորեն առնչվում-հարակցվում են հերոսի հոգեկան ապրումներին, թարգմանում-նկարազարդում-բացատրում իր հոգեկան վիճակներն ու ապրումները:

Իր երկրորդ ուղեկիցը երաժշտությունն է: Հին չինացիներն ասում էինՙ եթե ուզում եք մարդուն կրթել, մարդ դաստիարակել, նրան երաժշտություն սովորեցրեք: Երաժշտությունը իր մեջ միավորում է մաթեմատիկական ճշգրտությունը բարձրագույն վերացարկման հետ եւ բնության կատարյալ ներդաշնակության, բնության խորհրդավոր ու գրավիչ բազմաձայնության լավագույն թարգմանիչն է: Իր կարդացած գրականությունը կարծես այդ նույն երաժշտության, ավելի ճիշտՙ աշխարհի երաժշտական ընկալման եւ երաժշտական մտածողության շարունակությունն է: Մտահայեցողական կենսակերպը, աշխարհի հին փիլիսոփայություններից մինչեւ Հերբերթ Սփենսըր եւ մյուսները իրենց մտածողությամբ եւ աշխարհընկալումով միավորվում են ապագա գրողի մեջՙ դառնալու հետագայում գրողական նրա աշխարհի նախահիմքերը:

Իր գրքի առաջին մասը կարելի է ասել գովք եւ փառաբանություն է Մելգոնյան կրթական հաստատության: Կարպիս Սարկավագյանը փաստորեն օրագրել է Մելգոնյան դպրոցի մի շրջանի գեղարվեստական պատմությունը: Եվ առավել հուզիչ է, որ այդ պատմությունը գրողը տասնվեց-տասնյոթամյա սանն է այդ դպրոցի: Իր գրքով Կարպիս Սուրենյանը անհայտությունից եւ մոռացումից տառացիորեն «փրկել է» Մելգոնյան հաստատության մի քանի սերունդների հիշատակը: Եվ, թվում է, նախախնամության ձեռքը կա այս ամենի մեջ. այն ժամանակներում, երբ դպրոցը վաղուց արդեն կորցրել էր իր երբեմնի փառքը, կրթական հոյակապ հաստատության իր ուժն ու կարողությունը եւ հասավ օրը, երբ այդ դպրոցի զանգը հնչեց վերջին անգամ, ընթերցողի սեղանին դրվեց Կարպիս Սուրենյանի գրքի առաջին հատորը իբրեւ գովք եւ ջատագովություն Մելգոնյան դպրոցի. այդ դպրոցը ետայսու, միշտ դռները բաց, գործելու է այս գրքի էջերում եւ այս գրքի էջերում միշտ ապրելու են եւ՛ դպրոցը իր զույգ շենքերով ու մոտակա անտառով, եւ՛ գիշերապահը « իր քարիւղի լամբ »-ով, եւ՛ աշակերտներըՙ իրենց տարբեր զբաղումներով, եւ՛ ուսուցիչներըՙ իրենց գործով ու հոգսերով, եւ՛ Կիլիկյան դիտարանը, եւ՛ Սուրբ Մակարա վանքը, եւ՛ Մխիթարա բլուրը... Ամեն-ամենը, ինչ Կարպիս Սուրենյանի Մելգոնյանն է...

Կարպիս Սուրենյանի « Օրագիր. 1943-2001 » գրքի այս առաջին մասը, փաստորեն, ինչպես ասում են, « խորքին մեջ », նաեւ մանկավարժական վեպ է: Խորհրդահայ գրականությունը ունի խորհրդահայ դպրոցի մասին գրված գործեր, որոնց բոլորին միավորում է մի ընդհանուր բանՙ գաղափարական պարտադրանքից եկող գրական կեղծիքը: Եթե խորհրդային դպրոցը այդքան լավն էր, հապա ո՞ւր են նրա դաստիարակած քաղաքացիները, ուրեմն որտեղի՞ց է գողերի, սրիկաների, ավազակների եւ կողոպտիչների այս ահռելի ու անհաշիվ բազմությունը: Եվ վերջապես դա ի՞~նչ դպրոց է, որտեղ մարդը տասը տարի իր մայրենի լեզուն եւ գրականությունն է սովորում, եւ այդ տասը տարուց հետո դեռ մարդ են վարձում շրջանավարտ աշակերտին մի քանի ամսում գոնե կիսագրագետ թելադրություն սովորեցնելու համար: Կարծեմ, խոսքերն ու դատողություններն ավելորդ են:

Կարպիս Սուրենյանը գրել է մանկավարժական վեպՙ ամենաբարձր իմաստով, այնպես, ինչպես վայել կլիներ լուսավոր ժամանակների լուսավորիչների գրչին: Եթե հանգամանքները այլ կերպ դասավորվեին, ինքը, ինչպես որոշել էր, մեկներ Բրյուսել ուսանելու եւ վերադառնար իբրեւ ուսուցիչ աշխատելու Մելգոնյան դպրոցում, ապա, չգիտեմ, մենք կունենայի՞նք գրող Սուրենյան թե չէ, բայց որ իսկապես տաղանդավոր եւ խոշոր մանկավարժ կունենայինք, պարզից էլ պարզ է:

Դպրոցը ավարտելուց հետո Սարկավագյանը մի տարի պաշտոնավարում է Մելգոնյանում, այլեւս «պարոն» է իր երեկվա կրտսեր դասընկերների համար: Բրյուսել գնալը չի հաջողվում, եւ նա վերադառնում է Աթենք, ծնողների մոտ: Մելգոնյանի լուսավոր աշխարհը փոխարինվում է դառն ու տագնապալի իրականությամբ: Ընտանիքի ծանր կյանքը պատերազմի տարիներին, եղբայրըՙ երկու տարի համակենտրոնացման ճամբարում, Բրյուսել գնալու եւ համալսարանական կրթություն ստանալու իղձերի անկատար մնալը, առաջին պաշտոնավարումը «դրսի» աշխարհում եւ առաջին բախումը կյանքի արտաքին երեսիՙ կեղծիքի հետ... Մի կարճ ժամանակ պաշտոնավարում է մի ինչ-որ գրասենյակումՙ բախվելով կյանքի հակասություններին ու ներքին բարդությանը: Հետո ներգաղթիՙ հայրենադարձության հնարավորության լուրը... Սկիզբը ինչպե՞ս եղավ, ի՞նչ ապրումներ ունեցան մարդիկ, սփյուռքը ինչպե՞ս է վերաբերվել Հայաստան գալու մտքին, վերջապես, ինչպե՞ս եկան... Ի՞նչ կատարվեց մարդկանց հոգում. փողոցից փողոց տեղափոխվելը դյուրի՞ն է, որ երկրից երկիր, այն էլՙ քաղաքական մի համակարգից մի այլ ռեժիմի երկիր գնալը դյուրին լինի... Բայց մարդիկ եկան... Մենք շա՞տ բան գիտենք այս ամենի մասին, մեր գրականությունը արձանագրել-պատկերե՞լ է այս բոլորը: Ինչեւէ: Կարպիս Սարկավագյանի պաշտոնավարելը կարճ է տեւում, որովհետեւ 1946 թվականին «երկրորդ կարավանով» ընտանիքով ներգաղթում է Հայաստան...

***

Եթե «Օրագրի» առաջին մասը կարելի էր կոչել նաեւ «Տվայտանքներ ըստ Մելգոնյան դպրոցի», ապա այս երկրորդ մասը, որ նույնպես ինքնին առանձին ու ամբողջական ստեղծագործություն է, կարելի է կոչել «Տառապանքներ ըստ հայրենադարձության»:

Մենք հայրենադարձների առջեւ մեղավոր ենք: Մենք իզուր չասացի. եւ՛ պարզ ժողովուրդը, եւ՛ Խորհրդային Հայաստանի իշխանություններն ու խորհրդային ռեժիմը: Մարդկանց տեղահան արեցին, երկրե երկիր բերեցին եւ մատնեցին կատարյալ անտերության: Ոչ միայն իրենքՙ հայրենադարձ հայերը, այնուամենայնիվ չէին պատկերացնում, թե ինչ երկիր էին գալիս, մենք էլՙ տեղացիներս, չէինք պատկերացնում, թե ովքե՞ր են գալիս, ի՞նչ ճակատագրի, ի՞նչ հոգեբանության եւ նկարագրի տեր մարդիկ են գալիս եւ որտեղից: Անշուշտ, կային մարդիկ, որ շատ լավ գիտեին հայկական սփյուռքի գոյացման պատմությունը, Արեւմտյան Հայաստանի կորուստն ու Հայոց Մեծ եղեռնը: Արեւմտյան Հայաստանիցՙ Վանից, Մուշից, Ալաշկերտից, Սասունից, այլ վայրերից հրաշքով փրկվածներ եւ Արեւելյան Հայաստան հասած մարդիկ կային, որոնք այլեւս ապրում էին Հայաստանում: Բայց Արեւմտյան Հայաստանի եւ Եղեռնի մասին խոսելը, համենայն դեպսՙ հրապարակավ, խստիվ արգելված էր, առնվազն հակասովետականություն եւ նացիոնալիզմ պիտի համարվեր: Արեւմտահայ գրականություն գրեթե չէր հրապարակվում, Մեծարենց, Վարուժան, Սիամանթո միայն 50-ական թվականների վերջերին հրատարակվեցին: 1915-ից ի վեր ժամանակներ էին անցել, սերունդներ էին փոխվել, հիմա 1946 թվականն էր: Եվ Հայաստանի մարդիկ, համենայն դեպսՙ քաղաքային բնակչության մի զգալի մասը, հոգեբանորեն եւ գիտակցականորեն պատրաստ չէր ճիշտ ընկալելու եւ արժանավայել վերաբերվելու հայրենադարձությանն ու հայրենադարձներին: Մյուս կողմիցՙ պատերազմը նոր էր ավարտվել, տեղացիները ապրում էին մեծ կորուստների եւ մեծ թշվառության մեջ, գյուղերում մարդիկ ուղղակի ծայրահեղ չքավոր էին: Լեռնային գյուղերում մարդիկ ուղղակի սովի էին մատնված, երեխաները պարզապես սովամահ էին լինում: Եվ ահա գալիս են հայրենադարձներըՙ Հայաստանի մարդկանց հագուկապից տարբերվող իրենց քիչ թե շատ ճաշակավոր հագուկապով, իրենց կենցաղով, նիստուկացով, սովորություններով, այլ երկրից բերած հոգեբանությամբ եւ մարդկային հարաբերություններով... Բնական է, որ հակասություններ պիտի լինեին: Հակասությունըՙ հակասություն, բայց չինովնիկների ու երբեմն նույնիսկ պարզ մարդկանց վերաբերմունքը այս մարդկանց կյանքը հաճախ վերածում էր մղձավանջի:

Մեր գրականությունը պարտք ունի հայրենադարձության առաջ: Հայրենադարձության մասին գրքեր գրվեցին, բայց գրվեցին խորհրդային ռեժիմի եւ գաղափարախոսության տեսանկյունից: Իրական կյանքի ճշմարտությունը այդպես էլ չերեւաց այդ տխուր հորինվածքների էջերում: Այո, հայրենադարձները եւ՛ շաբաթներով անձրեւների տակ մնացին, եւ՛ ախոռներում պատսպարվեցին, եւ՛ անսիրտ ու անհոգի վերաբերմունք տեսան: Եղան մարդիկ, որ չդիմացան մղձավանջին եւ ինքնասպանությամբ վերջ տվին իրենց կյանքին, ինչպես օրինակ, տաղանդավոր նկարիչ Պետրոս Կոնտրաջյանը: Շատերը հոգեկան ծանրագույն ապրումներ ունեցան եւ նույնիսկ հոգեբուժարան ընկան: Սարկավագյանը գրում է խորհրդային չինովնիկների դաժան, անհոգի ու անմարդկային վերաբերմունքի մասին: Միայն թե, ըստ իս, Սարկավագյանը մի փոքր սխալվում է` կարծելով,- առաջին տարիներին դա բնական է ու հասկանալի,- թե միայն հայրենադարձներին են այդպես վերաբերվում: Բանն այն է, որ սովետական եւ մանավանդ սովետահայ չինովնիկի, պաշտոնյայի համար ոչ մի տարբերություն չկար ու չի եղել. իր համար մեկ էր, թե ով կընկնի ձեռքըՙ հայրենադա՞րձը, թե՞ տեղացին: Ավելի սարսափելի գիշատիչ, ավելի ահավոր ու պժգալի արարած, ավելի անմարդկային կենդանի, քան սովետական չինովնիկը, բնությունը դեռ չի ստեղծել: Սա ես չեմ ասում, սա ասում է մեծատաղանդ Վասիլի Շուկշինը: Եվ այդ չինովնիկը կա այսօր էլ, նույնությամբ եւ նույն կերպարով ու նկարագրով եւ, թվում է, տեւելու է այլեւս անվերջորեն:

Հայաստանում փորձությունները շատ-շատ էին ու երբեմն անսպասելի: Նախ, աշխատանք Ակադեմիայի տնտեսագիտական մասնաճյուղում, հատուկ հարցաթերթիկ եւ հատուկ բաժին, բայց եւ կյանքում առաջին հոնորարըՙ քարտեզագրության համար: Երեւանի Սեւ շուկան իբրեւ մի անհասկանալի եւ անիմանալի վայր, եւ Օպերայի բակում, Նիկողոս Թահմիզյանի հետ միասին, առաջին հանդիպումը, առաջի՛ն բախումը ռըսախոս հայ քաղքենիության հետ... «Մոխրագույն կոստյումով» ռըսախոս հայը հայրենադարձ երիտասարդներին ուղղակի սպառնում էՙ «Սիբիր աքսորել կը տամ ձեզ, սրիկաներ...»: Աքսորը դեռ հեռու է, 1949-ի հունիսի 14-ի օրը դեռ չի հասել, բայց տագնապն ու վտանգը կան, օդի մեջ են, կյանքի եւ իրականության մեջ են, եւ սպառնալիքը, աքսորից առաջ, ի վերջո, բարձրաձայն հնչում է...

Անշուշտ, լավ բաներ էլ կային Հայաստանում, եւ շատ լավ բաներ: Հողամաս են ստանում Կոզեռնի տարածքումՙ սեփական տուն կառուցելու համար, պետությունը վարկ է տալիս, թեեւ ոչ այնքան, որքան անհրաժեշտ էր մի պարզ տուն կառուցելու համար: Շատ հուզիչ է այս տան կառուցման պատմությունը: Առհասարակ, շատ հուզիչ բան է, երբ հայը տուն է կառուցում: Մեր գյուղում, երբեմն տեսնում եմ, մի նորաստեղծ ընտանիք տուն է կառուցում իր ձեռքերովՙ երիտասարդ ամուսինը պատն է շարում, երիտասարդ կինըՙ դեռատի մի արարած, օգնում է նրանՙ ջուր, ցեխ է հասցնում, մեկ-երկու մանր երեխա դես ու դեն են վազվզում, ոտքի տակ են ընկնում: Դա ամենամեծ երջանկությունն է: Այդ տուն կառուցողն է երկիր պահողը: Եվ նա պետք է լինի իր երկրի լիիրավ տերն ու քաղաքացին եւ ոչ թե ճորտն ու ստրուկը:

Այս բոլորը գրքի առաջին մասի մեջ են, առաջին մասի ավարտն են կազմում, թեեւ կարծում եմ` ճիշտ կլիներ, որ երկրորդ մասում լինեին, կամ, ավելի ճիշտ, լինեին իբրեւ միջերգանքՙ երկրորդ մասին անցնելու համար:

Հայաստանյան իր կյանքի կարեւորագույն իրադարձությունը, անշուշտ, 1947-ին Հայաստանի պետական երգչախմբի երգիչ դառնալն է: Սարկավագյանի համար սկսվում է նոր կյանք եւ նոր իրականություն: Այս աշխատանքը նրան հնարավորություն է տալիս մշտապես լինելու երաժշտության մեջ, երաժշտության աշխարհում ու նաեւՙ շրջագայելու Հայաստանով մեկ, տեսնելու եւ ճանաչելու Հայաստանը:

Խորհրդային իրականության տառապանքներն ու տվայտանքները, ընտանիքին բաժին ընկած փորձությունները բերում են կյանքի խոր ճանաչողության: Ճշմարտությունը բացվում է սեւ վիհի պես, բայց ելք կամ վերադարձ չկա:

Մարդիկ իրենց զգում են ինչպես թակարդում: Բայց թակարդը քիչ է, վրա է հասնում 1949-ի հունիսի 14-ի օրըՙ հայաստանյան աքսորի դժնդակ օրը: Մեր գրականությանը նայեքՙ չի էլ եղել, այդ աքսորը չի՛ եղել: Մեր մարդասիրական գրականությունն ի՞նչ է գրել 1937-ի ողբերգության մասին, ինչպե՞ս է պատկերել հայոց երկրորդ Մեծ եղեռնը... Մկրտիչ Արմենի «Պատվիրեցին հանձնել ձեզ» պատմվածաշարը, մասամբՙ «Ժիրայր Գլենց» վեպը, Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարերը», «Գիշեր» անզույգ պատմվածքը, «Սեւ մարդը» եւ մի քանի այլ գործեր, Վալտեր Արամյանի ընտիր պատմվածքները... Ուրի՞շ: Ուրիշ չկա: Դուրս է գալիս, որ 1937-ի մասին եւ առհասարակ խորհրդային ռեժիմի բռնատիրական էության եւ բնույթի մասին գրել են միայն բռնադատվածները: Մնացյալ գրողների համար ո՛չ առանց այն էլ թշվառ հայ գյուղացիության ոչնչացումըՙ այսպես կոչված կուլակաթափումն ու կոլխոզացումը, ո՛չ 1937-ը (թեպետեւ խորհրդային կյանքի ամեն տարին յուրովի 1937 էր), ո՛չ 1949-ի աքսորը չեն էլ եղել: Փոխարենը` այդ տարիների մասին կեղծ ու խաբեբա գրական հորինվածքներ: Ի՞նչ է, ամեն ինչ այլեւս անդարձ վերջացա՞վ... Մեր մեղքը սա՛ է հայրենադարձության առաջ: Մարդիկ ի~նչ նվիրումով, ի~նչ երազներով Հայաստան եկան, այստեղ նրանց լցրին ստոլիպինյան վագոնները եւ քշեցին Սիբիր: Ո՞ր մեղքի համար, ո՞ր հանցանքի համար: Իսկ հետո երբ համընդհանուր ներումն հայտարարեցինՙ «հանցակազմ չլինելու պատճառով», ներողություն խնդրեցի՞ն: Մեղավորները քավեցի՞ն իրենց մեղքերը: Հե~յ գիտի հա, Հայաստանի գրողների միություն եւ ժողովրդի անունից ամբիոններից սրտաճմլիկ ու վերամբարձ ճառեր ասող եւ տպավորիչ հեծկլտացող մրցանակակիր եւ ոչ մրցանակակիր պանծալի գրողներ...

Գրողական ձիրքն ու խոսքը պարզ խոտի նման ամեն տեղից ելք են փնտրում, խոտի նման կարող են ճեղքել քարն ու ապառաժը: Եվ Սարկավագյանի մեջ արթնանում է գրողը: Գիշերները, առայժմ միայն իր համար, վեպ է գրումՙ «Նաեւ այստեղ եւ այսօր»: Հետո մի ուրիշ վեպՙ «Դոն Ախպար» խորագրով: Բայց Նեռի ժամանակներ էին, հսկող անքուն եւ արթուն աչքեր կային, մտքումդ մտածածդ եւ բարձրաձայն չասածդ անգիր գիտեին, էլ ո~ւր մնաց թեՙ վեպ... Իսկ որ կասկածելի բառ ու նախադասություն գտնե՞ն... Ֆինբաժնի տեսուչն էլ անվերջ գնում է ու գալիս... Ի՞նչ է ուզում, ի՞նչ է որոնումՙ չգիտես: Եվ, « Տեր Աստված, շառից, փորձանքից հեռու »: Եվ կյանքից ու իրականությունից վախեցած ու սարսափահար մարդը իր ձեռքով այրում է իր վեպերը:

Բայց այս ցավոտ վիճակը եւ առհասարակ հայրենադարձության պատմությունը շարունակություն ունի, ինչպես որ գրքի էջը` երկու երես: Ժամանակ է անցնում, եւ հայրենադարձ հայերը, ֆանտաստիկ հնարքներ բանեցնելով, ինչպես որ ֆրանսահայերը 60-ականների սկզբին, ելք են որոնում, հնար են գտնում Հայաստանից հեռանալու, եւ հեռանում են: Ժամանակ է անցել, սերունդ է փոխվել: Հեռանում են ոչ միայն հայրերը, այլեւ զավակները: Հեռանում են, երբեմն կազմակերպելով նաեւ իրենց հայաստանցի խնամի-կնքահայր-բարեկամների հեռացումը, մարդկանց, որոնք երբեւիցե ո՛չ Ամերիկայի երեսն են տեսել, ո՛չ Ֆրանսիայի եւ ո՛չ այլ որեւէ երկրի... Սա նույնպես շատ ցավոտ, նույնիսկ` ողբերգական խնդիր է, բայց եւ վերլուծելի եւ բացատրելի իրողություն: Շատ հետաքրքրական կլիներ մի իսկական, ստույգ, ոչ խորհրդային ու կեղծ, վիճակագրություն անել` պարզելու համար, թե 1946-ին եւ դրանից հետո ներգաղթած ընտանիքների քանի՞ տոկոսն է հեռացել Հայաստանից: Եվ, մանավանդ, ինչո՞ւ: Մեր գրականությունը այս մասին ոչինչ չի ասում, ոչինչ չի ասում նաեւ ազգային-հանրային միտքը, չկա խորունկ վերլուծությունն ու պատասխանը ցավոտ հարցի: Կարպիս Սուրենյանը նույնպես այս մասին չի խոսում, թեպետ ասում է, օրինակ, որ սիրելի ընկեր Նիկողոս Թահմիզյանը հիմա Հայաստանում չի ապրում Ինչեւէ:

Տարիներ են անցնում: Նեռը այլեւս չկար: Թվում էՙ ինչ-որ բան այնուամենայնիվ փոխվում է կյանքում: Նորից գրիչ եւ գրականություն: Առաջին տպագիր գործը Հայաստանում, Ավետիք Իսահակյանի դրվատանքը, Ռաֆայել Արամյանի եւ այլոց ընկերական ջերմ քաջալերանքը... Սարկավագյանը այլեւս Սուրենյան է, գրող Կարպիս Սուրենյան:

Գրքի լավագույն հատվածներից մեկը հորը նվիրված էջերն են: Հայ մարդու այդ տեսակը բացառիկ էՙ մարդկային եւ բարոյական բարձր սկզբունքների հետեւող, հոգեկան առանձնակի մաքրություն ունեցող, գլուխը կախ լուռ աշխատավոր, որ չի սիրում իր ապրումներն ու զգացումները ցուցադրել, բայց ներքուստ ոչ մի բանի հանդեպ անտարբեր չէ: Այդպիսին են եղել, որ կարողացել են դիմանալ, ապրել, դիմակայել ամեն տեսակի փորձություններիՙ ապավինելով Բարձրյալի կամքին եւ հայի իրենց ճակատագրին... Հրաշալի գրված էջեր են դրանք, սքանչելի է հայրըՙ ճակատագրին հպատակված, Աքշեհիրից Աթենք, Աթենքից Հայաստան հասած, բազում փորձություններ տեսած հայ պարզ արհեստավորը... Եվ հրաշալի է ինքն էլ, դեռեւս Սարկավագյան, Կարպիսը` իր առաջին տպագիր պատմվածքով հոր դատաստանին ու վերաբերմունքին սպասելիս...

Գրքի այս մասն էլ հրաշալի հերոսներ - գործող անձինք ունիՙ հայ ժողովրդական երգի անգերազանցելի վարպետըՙ ադանացի Թաթուլ Ալթունյանը իր մի հատիկ նետած « օլդու » խոսքով, թիֆլիսցի, Ներսիսյան դպրոցի սան, « փոքրամարմին, չորուկ, վոլտերյան դեմքով, արտաքուստ զվարճախոս, բայց խորքում շատ լուրջՙ մանավանդ ազգային խնդիրներով մտահոգ » Էդվարդ Խոճիկը, Ռաֆայել Արամյանըՙ « միշտ էլ դեմքին կա՛մ ոգեւորված, կա՛մ զարմացած կիսաժպտուն արտահայտությամբ էջմիածնեցի Ռաֆոնՙ բարեհոգի, ռոմանտիկ, իմ ճանաչած գրողներից միակ համակրելին », Արամ Տեր-Հովհաննիսյանըՙ « կարճահասակ, ջլուտ, սպիտակահեր, դեմքը թռչնանման, աչքերը լայնադիր, միշտ լուրջ, անժպիտ մարդ էր Արամ Տեր-Հովհաննիսյանը, առօրյայում հեզաբարո թվացող, բայց ներքուստ ջղային, իսկ գործի մեջ, երբ իր ձեռքով փակում էր փորձասենյակի դուռը, ցատկելու նման կանգնում պատվանդանին գրակալի առաջ եւ սկսում պարապմունքը, կերպարանափոխվում էր բացարձակ տիրակալի, հասակն էլ երկարում էր կարծես, հայացքը արծվային », Մելգոնյան դպրոցի իր երբեմնի ուսուցիչ դոկտոր Մելքոն Քրիշչյանը, ուրիշներ...

Խորհրդային իրականության բուն պատկերն են տալիս ընտանեկան հանգամանքների բերումով խորհրդային օրինապահ մարմինների ու դատարանի հետ առնչությունը ներկայացնող էջերը: Ծանր, ուղղակի քստմնելի, պարզապես անմարդկային իրականություն, որ հիմնված է կեղծիքի, կաշառքի, խաբեբայության վրա: Ու այդ ամենի հետՙ անհուսության, անելանելիության զգացում: Մարդ Արթուր Հեյլիի նման օրը, դեպքը, իրադարձությունը, տեղն ու ժամանակը մանրամասնորեն` միլիմետր առ միլիմետր եւ վայրկյան առ վայրկյան, արձանագրող լիներ ու վեպ գրեր «Դատարան» խորագրով, ասենք, Նոր Նորքի դատարանում մի պարզ, հստակ, ծիծաղելիության չափ անհեթեթ քաղաքացիական գործի ուղիղ երեք տարի տեւած դատավարության մասինՙ բնորոշ բոլոր հանգամանքներովՙ կաշառք, «ես ինչ անեմ, ինձ վերեւից ասել ենՙ այսպես արա», «հետո կգաք», «չգիտեմ», «տեսնենք»... Ցնցող վեպ կլինի իրականության մասին... Բայց ի՞նչ պիտի անի նույնիսկ ցնցող վեպը նման որեւէ իրականության դեմ:

Շատ հրաշալի է պատկերված կակազող Կարպիս Սուրենյանը կակազող Ավետիք Իսահակյանի եւ կակազող Դերենիկ Դեմիրճյանի առջեւ, ուղղակի պարոնյանական տեսարան: Սակայն գերակշռողը վերլուծական էջերն են, խոհական ներքին մենախոսությունները, մտածումները, մանավանդ երաժշտությանը եւ առհասարակ արվեստին ու մշակույթին նվիրված իր ըմբռնումներն ու նուրբ մասնագիտական եւ բարձր զգացական բացահայտումները:

Երկրորդ մասի ավարտին Սարկավագյանը այլեւս փոխարկված է Սուրենյանի, եւ երգչախմբի երգիչը իր տեղը զիջել է գրողին: Հետո Կարպիս Սուրենյանը մեկնում է Մոսկվաՙ դառնալու գրական երկամյա բարձրագույն դասընթացների ունկնդիր: Մոսկվայում երկու տարի ապրելը շատ բան է փոխում գրողի կյանքում: Այլեւս անցյալում են մնում ամսագրում տպված պատմվածքներն ու վիպակը (« աղճատված վեպը »): Խորհրդային իրականության մեջ սյուժետային ազնիվ գրականության երկ չէր կարող լինել: Այլ ելք էր հարկավոր: Մոսկվայում Վիլյամ Սարոյանի հետ պատահական հանդիպումը եւ այդ հանդիպումից ծնված « Հանդիպումներ Վիլյամ Սարոյանի հետ » էսսեն նոր ճանապարհի սկիզբ են դառնում գրողի համարՙ կանխորոշելով իր հետագա անցնելիք ուղին եւ իր հետագա գրականության բնույթն ու դիմագիծը:

Ինձ թվում է, որ ճիշտ տեղին է այստեղ ասել, որ Մոսկվա է մեկնում Կարպիս Սարկավագյանը եւ Մոսկվայից Երեւան է վերադառնում գրող Կարպիս Սուրենյանը, թեեւ բանը, իհարկե, Մոսկվայի մեջ չէ, այլ անձի ու ժամանակի:

Եթե գրքի առաջին մասը գրված է պատանեկան ապրումներին բնորոշ հախուռն զգացականությամբ, կաշառող անկեղծությամբ, հեղինակի` էջից էջ բացվող, ծավալվող, ընդարձակվող հոգեկան նկարագրով ու ներաշխարհով, ապա երկրորդ մասում ակնհայտորեն սառն է գրողի հայացքը, վարանած, շփոթահար, նկարագիրը ներփակ է, հոգին նախկինի պես չի բացվում ամեն մի նոր երեւույթի եւ անձի առաջ: Կյանքն ու իրականությունը սառը ջուր են լցնում նրա ներքին ոգեւորության, աշխարհի ու բնության դեմ բաց էության, նրա երազների ու հոգեկան նկարագրի վրա: « Երիտասարդ ոգեշունչ հայրենադարձ, հավերժական Գեղեցկության սիրահար, երգիչ, գրող ու նկարիչ, նա հետամուտ էր որոնելու, ըմբռնելու, յուրացնելու իր ազգային դարավոր մշակույթի իդեալը, որն օտար ափերից տեսլականորեն կանխազգացել էր որպես ուրույն բաղկացուցիչը համամարդկային իդեալի, բայց այս մութ իրականության այլազան հանգամանքներում շարունակ ընկնում էր նման երկիմաստ վիճակների մեջՙ ողբերգության ու զավեշտի վտանգավոր սահմանագծին... »:

***

« Օրագիր. 1943-2001 » գրքի երրորդ մասը թերեւս պատումի ամենախաղաղ մասն է, երբ գրողը իր գրական ամառն է վայելումՙ հրաշալի հանդիպումներ, նոր ծանոթություններ, մարդկային շփման անափ հարստություն, փոքր ու մեծ ճամփորդություններ, մեծ եւ երկյուղածություն առաջացնող անուններՙ Մարտիրոս Սարյան, Սամուիլ Մարշակ, Արամ Խաչատրյան, Վահրամ Փափազյան, Օհան Դուրյան, Ալան Հովհաննես, հարգելի եւ ծանրակշիռ անհատականություններՙ գրականագետներ Եֆիմ Էտկինդ, Ստանիսլավ Ռասսադին, ուրիշներ... Հարստացնող, մարդուն բարձրացնող հանդիպումներ... Հետոՙ առօրյա պարզ կյանքի վայելքՙ ճամփորդություններ ընտանիքով, նոր հոգեվիճակներՙ հիմա արդեն նոր իրավիճակ, նոր իրադրություն` հայր Հովհաննեսի փոխարեն որդի Հովհաննեսի հետՙ հոր եւ որդու Աստծո տված հարաբերություն, ծնողի եւ զավակի ընկերություն-մտերմություն-հարազատություն... Ծովի, ճանապարհի, բնության պարզ ու հրճվագին վայելք, լինելու եւ ապրելու գերագույն ուրախություն, ստեղծագործական հրճվանք... Այդպիսի մի պահի եւ վիճակի մեջ են գրվում լավ գործերը, ինչպես որ իր « Ուրախություն » պատմվածքն է: Հետոՙ առօրյա աշխատանք «Սովետական արվեստ» ամսագրում, երբեմն գոհունակություն ու բավականություն պատճառող, երբեմն տաղտուկ ու ձանձրույթ բերող, բայց մշակութային միջավայրում, մշակութային մթնոլորտի մեջ...

Ընդհանուր կյանքն ու մթնոլորտը անշուշտ նույնն է, « նույն սովետական գավառամտությունըՙ լայն առումովՙ պետական-գաղափարաբանական համահարթող, միապաղաղ, ամեն ինչ գորշացնող մտայնությունը կյանքի բոլոր ասպարեզներում »: Եվ կային այդ մտայնությունը կրողներն ու իրագործողները, հակամշակութային եւ անտիինտելեկտուալ իրականության գրոտեսկային «գործիչները», ստեղծագործ անհատականությունների արյունը պղտորող ճիզվիտ չինովնիկներ, տգետ, սահմանափակ, ստոր ու անազգ-անմշակույթ մարդիկ, որոնք նույնպես հայտնվում են այս վեպի էջերումՙ մշակույթի նախարար ոմն Մարգարյան, մի ուրիշ ոմնՙ Սամսոն Գասպարյան, մի երրորդ ոմնՙ Հակոբ Խանջյան... Պատմությունը մշակույթի այսօրինակ «գործիչներին» վաղուց նետել է իր աղբանոցը... Հոմո-սովետիկուսի այս կատարյալ տիպարները եզակի անհատներ չէին, այլ ամեն մի ասպարեզում իշխող խավ:

Բայց ստեղծագործական մղումը ավելի զորավոր է: 1968-ին Կարպիս Սուրենյանը գրում-ավարտում է « Բնիկ որտեղացի՞ եք » հիրավի մնայուն գիրքը, 1969-ին ավարտում է իր մի այլ բացառիկ գործըՙ դասական մակարդակով, դասական արվեստով թարգմանելով Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վեպը: Իր գիրքըՙ որ իրենն է, իր գիրքը ինքը արդեն շատ բան է ասում հեղինակի մասին, բայց «Կարամազով եղբայրներ»-ի թարգմանությունըՙ ուրիշ... « Երեք տարի, հակառակ կենցաղային եւ այլ բոլոր անհաճություններին, ըստ էության շատ լավ էի զգում ինձ, գրեթե երջանիկ, երբեմն հենց ուղղակի երջանիկ, որովհետեւ ամեն առավոտ զարթնում էի կրկին վեպի աշխարհը մտնելու, օրվան որոշակի գործս անելու ուրախ անհամբերությամբ, ներքին աղեղս լարված էր միշտ ստեղծագործական բերկրալի-տանջալի աշխատանքովՙ հոգու միակ իսկական փրկությունը »:

Եվ այդ վիթխարի ստեղծագործական աշխատանքը կատարված է Խնկո-Ապոր անվան խուլ մի փողոցի կիսանկուղային հազիվ 16 քառակուսի մետր մակերեսով մի սենյակում, որտեղ Սուրենյան ընտանիքը տարիներ շարունակՙ 1960-ից մինչեւ 1971 թվականը ապրել է վարձով: Ի դեպ, շատ հուզիչ է, դաժան ու տպավորիչ այդ նկուղային փոքրիկ սենյակի մանրամասն նկարագրությունըՙ « a la Բալզակ կամ Զոլա »: Ձեւը հրաշալի է գտնվածՙ « Այդպիսին է մեր հյուսիսային կողմը», «Մեր արեւելյան կողմն էլ այդպիսին է ուրեմն », « Մեր հարավային կողմն էլ այսպիսին », « Դառնանք արեւմտյան կողմին »: Եվ տիկին Մարիամը դառն, հեգնական, կենցաղային ծանր ու անել վիճակի մեջՙ ներքին հումորովՙ « Նկարագրե՛, նկարագրե՛, ա՛ս մեկն ալ գրե: - Ի՞նչ է:- Տե՛ս, ամբողջ սոխը բորբոսնել է... »: Այս նկուղային փոքրիկ սենյակի նկարագրությունը, սենյակ, ուր ամեն մի միլիմետրը հաշված է, ուր երրորդ աթոռի տեղ չկա, ուր երկու-երեք մարդ չեն կարող միաժամանակ նստել, ավելի շատ բան է ասում խորհրդային իրականության մեջ մտավորական մարդու կյանքի ու ճակատագրի մասին, քան ժամանակին չգրված տասնյակ վեպերն ու այսօր գրվող հատ ու կենտ կցկտուր գրությունները: Եվՙ լա՛վ է գրված իբրեւ գրականություն: Բայց չէ՞ որ հարյուրավոր արժանավոր մարդիկ իրենց կյանքը անցկացրին այդպիսի նկուղներումՙ այդպես էլ մարդկային պատշաճ կացարանի երես չտեսնելով:

Գրքի այս երրորդ մասը կարելի էր կոչել «Տառապանքներ ըստ գրական կյանքի», բայց իր հաղթանակները ավելի շատ են, քան իր պարտությունները եւ տառապանքները: Ոչինչ, որ Հրաչյա Քոչարը գողացել է իր պատմվածքը. ինչ մեծ բան է, երբ ժամանակին ուրիշների կյանքն է գողացել, ապրելու իրավունքը: Պատմությունը, ի վերջո, զանազան հրաչյաքոչարներին ու նաիրիզարյաններին իրենց արժանի տեղը կդնի, որքան էլ այսօր երեկվա «ազնիվ կոմունիստները» ծաղկեպսակներ դնեն նրանց շիրիմներին եւ դիֆերամբներ երգեն նրանց, հասկանալի է, իրենց կոմունիստական ողորմելի գրությունները եւ իրենց կոմսոմոլային նկարագիրը փրկելու համար:

Գրողը սկսում է թարգմանել Դոստոեւսկու «Դեւեր» վեպը, թարգմանում է մոտ 250 էջ, բայց մեր գրական կերբերոսները արթուն էին եւ պապից ավելի կաթոլիկ: Նրանք թույլ կտայի՞ն, որ Դոստոեւսկու այդ « ծայրահեղ ռեակցիոն » վեպը տպվի հայերեն: Մի օր մեկը մի լուրջ վիճակագրություն անի, թե այդ տարիներին գրական այդ գեներալների կամքով ովքե՞ր եւ ի՞նչ էին թարգմանում, այն էլՙ միջնորդ լեզվից եւ ի~նչ գրագիտությամբ: Եվ այդ վիթխարածավալ աղբի համար արժե, որ այդ ամենի պատասխանատուների անունները գրվեն, եւ նրանց տրվի այն, ինչին նրանք արժանի են:

Նրանք բոլորն էլ ոչ թե մեղավոր, այլ պարզապես հանցագործ են հայ գրականության եւ մշակույթի առաջ:

Գրողը մտադրվել էր թարգմանելու Դոստոեւսկու հինգ թե վեց մեծ վեպերը (վերաթարգմանելով «Ոճիրն ու պատիժը» եւ «Ապուշը»): Սակայն իր այդ մեծ մտահղացումը չէր իրագործվելու: Պատմելով այս մասին, գրողը էջեր է նվիրում թարգմանական արվեստի գործին եւ նրբություններինՙ պարզելով իր մոտեցումներն ու ըմբռնումները: Ինձ թվում էՙ դրանք շատ կարեւոր էջեր են թարգմանության գործի ուսումնասիրության, թարգմանության դժվարին գործին լծվող գրողների ու թարգմանիչների համար: Գրողն ընդունում է Պետհրատի առաջարկըՙ թարգմանելու Ջոն Գոլսուորդիի «Ֆորսայթները»ՙ « վիթխարի վիպաշար, երկու եռագրությունՙ վեց վեպ, չորս միջերգանք վեպերի միջեւ »: Իսկապես որ տաղանդավոր գրողի ստեղծագործական ամառն է. գրում է « Արեւորդիներ » հիրավի արեւով լեցուն, լուսավոր գիրքը եւ, մոտ հինգ տարում, թեեւ ընդմիջումներով եւ դադարներով, ավարտում է «Ֆորսայթների» թարգմանությունը: Իրոք տաղանդավոր եւ հսկայածավալ աշխատանք: Ու դեռ պտույտներ Հայաստանումՙ այսօր Թեղենյաց վանք, վաղը, ավտոբուսով, Արթիկՙ Լմբատավանք, երրորդ օրըՙ Հայաստանի մի այլ ծայրըՙ Մակարավանք ու Գոշավանք, չորրորդ օրըՙ մի այլ ուղղությամբ... Հայաստանի բնությունն ու հայ կառուցողական ոգին մշտապես թովում են գրողին: Եվ դեռ կամա թե ակամա այլ բնույթի շրջագայություններ, այսօր, ասենք, հնդիկ գրողների, վաղըՙ ֆրանսիացի գրողների, երրորդ օրըՙ հյուրերի մի այլ խմբի հետ (այս պարագային իբրեւ ներկայանալի հայ գրող Կարպիս Սուրենյանը միշտ հիշվում է եւ անփոխարինելի է): Եվ այս բոլորի հետՙ նաեւ այլ գրություններ, այլ գրական աշխատանքներ, էսսեներ, հոդվածներ...

« Օրագիր. 1943-2001 » գրքի երրորդ մասը կարելի է համարել նաեւ ուղեցույց գրական ու գրողական աշխատանքի: Տասնյակ ու տասնյակ էջեր են նվիրված գրական-ստեղծագործական աշխատանքի յուրահատկություններին: Կարպիս Սուրենյանի ամբողջ գիրքը, եւ մասնավորապես այս երրորդ մասը շատ կարեւոր է ստեղծագործական վիճակի եւ ստեղծագործության հոգեբանության ուսումնասիրության համար: Գրողի ներկայացրած պահերն ու հոգեվիճակները, մի կողմից, կապվում են իրականության, առարկայական հանգամանքների եւ իրողությունների հետ, մյուս կողմիցՙ բացահայտում են ստեղծագործող անհատի ներաշխարհի յուրահատուկ կողմերը, ստեղծագործական վիճակի եւ ընթացքի առանձնահատկությունները: Այս առումով էլ Կարպիս Սուրենյանի գիրքը մեզանում առանձնացող գիրք է: Ռուսները նման գրականության ընտիր, գրեթե դասական օրինակներ ունենՙ Կոնստանտին Պաուստովսկու «Ոսկե վարդը», Յուրի Օլեշայի «Ոչ մի օր առանց տողի» ոչ սովորական վեպը...

Գրողը իր գրքի երրորդ մասը ավարտում է 1979 թվականով: Ինչո՞ւ: Պատճառաբանությունը չգիտեմ: Արդյոք գալիս է իր գրքերի ժամանա՞կըՙ « Ոգու ամրոցներ », « Երանության կղզին » եւ այլն, եւ գրողը գլխովին տարված է միայն դրանցով, եւ օրագրային իր գրառումները այս տարիներին զուտ անձնական են... Դժվար է ասել, Կարպիս Սուրենյանը այն գրողը չէ, որ իր գրականության մեջ մնա զուտ անձնականի սահմաններում:

Ըստ ամենայնի, այստեղ դեր է խաղացել ասելիքի ավարտվելը: Գրողը ինչ ցանկացել է ասելՙ ասել է: Մնացյալը պատկանում է դեռեւս գրասեղանի գզրոցում մնացող օրագրերի հարյուրավոր էջերին...

***

Գրքի չորրորդ մասը կարող էր կոչվել «Տվայտանքներ ըստ մեր ժամանակի եւ այսօրվա կյանքի»:

Վիթխարածավալ գրքի երեք մասերը ընթերցողի մեջ հարց կարող են առաջացնելՙ անհատը, իր ներաշխարհը, իր գրականությունը, երկրի ռեժիմըՙ լավ, բայց նվազ չէ, արդյո՞ք, գրողի քաղաքացիական վերաբերմունքը զուտ հայկական կյանքի եւ իրականության հանդեպ: Գրքի չորրորդ մասը ասես պատասխանում է այդ տարակույսին, ամբողջությամբ լցված ու շաղախված լինելով հայության եւ հայկականության խնդիրներով:

Վաղուց է ասված, որ հայ լինելը ճակատագիր է, եւ հին հույները գիտեին, որ աստվածներն անգամ չեն կարող խուսափել ճակատագրից:

Գրքի չորրորդ մասի առաջին էջը նա սկսում է 2005 թ. օգոստոսի 21-ով, իր ծննդյան ութսունամյակի օրով, ...որպեսզի մի քանի էջ հետո վերադառնա հայոց նոր թվականության ճակատագրական 1988 թվականը: Զարմանալի, ուղղակի անհավատալի կլիներ, որ Կարպիս Սուրենյանի նման գրողը մի կողմ մնար այն ամենից, ինչ անցավ մեր ժողովրդի գլխով 1988-ից ի վեր: Եվ գրողը դիտմամբ, հատկապես բաց է թողնում 1979-ից հետո եկող տասնամյակի օրագրությունը, որպեսզի դառնա 1988-ից ի վեր մեր հոգսերի, մեր տառապանքների, մեր տվայտանքների, մեր մոլորությունների, մեր հույսերի, մեր հաղթանակների, մեր անպարտելի ոգու եւ մեր ազգի հոգեկան ու ոգեկան ուրույն նկարագրի պատմագիրն ու կենսագիրը:

Իր մանկության աշխարհին, իր ծննդավայրին առժամանակ վերադարձածՙ շրջագայությամբ Աթենքում գտնվող գրողին ցնցում են Հայաստանում կատարվող իրադարձությունները: Եվ նա ամեն ինչ անում է շուտափույթ Հայաստան վերադառնալու համար: Իսկ մեր մեծ աղետի լուրը նրան հասնում է Կիպրոսում, հեռուստացույցի էկրանիցՙ «Բիբլիական աղետ Հայաստանում»: Եվ գրողի մեջ արթնանում է մեծ դիմակայությունըՙ Բիբիլիական աղետի դիմացՙ Բիբլիական հույս:

Հայաստանում գրողը մեր ծանր օրերի ու տարիների ժամանակագիրն է, նախկին օրագրություններից շատ բան բնականաբար ետնախորք է մղվել: Եվ իր մանրամասն գրառումների մեջ հառնում է մի ամբողջ ժողովրդի հոգեկան բարձր նկարագիրըՙ մարդ մնալ բոլոր փորձությունների մեջ եւ դրսեւորել ցեղի ներուժն ու ոգեկան բարձր հատկությունները: Եվ իզուր չեն թվում զանազան անցուդարձերի, տարբեր իրադարձությունների մանրամասն նկարագրությունները, առանձին միջադեպերը, մասնավոր դիպվածները, պատահական թվացող մանրամասները:

Մեր կյանքի այդ տարիների մասին գրվել է եւ դեռ գրվելու է: Եվ նյութը ոչ ոք չի սպառելու, որովհետեւ անհուն էր ժողովրդի կրած տառապանքը, ժամանակըՙ չար ու ճակատագրական: Բայց մի բան է լրագրողական նկարագրությունն ու թեկուզ վավերական արձանագրությունը, մի այլ բանՙ գրողական վերլուծող եւ ամփոփող, տարրալուծող եւ ընդհանրացնող հայացքը: Անշուշտ, ժամանակ պետք է անցնի կամ թե ժամանակը պետք է շերտ-շերտ նստվածք տա, պետք է աստիճանաբար ցրվի իրականության խաբկանքային մշուշը, որպեսզի ամեն ինչ երեւա հստակ ու անառարկելի:

Զարմանալիորեն փոխվում է գրողի խոսքի տոնայնությունը գրքի այս վերջին մասում: Ներքին կիրք կա խոսքի թվացյալ հանդարտության մեջ, հայության հարցերի եւ խնդիրների բուռն ու հախուռն արծարծում, առաջացած տարիքին եւ մանավանդ իր մարդկային ու գրողական նկարագրին անհարիր թվացող սեւեռյալ հետեւողականություն առանձնապես մեր ժողովրդի պատմական ճակատագրի եւ ազգային նկարագրի առանձին խնդիրների հետ կապված:

Բայց այդ ամենը միշտ էլ եղել է իր գրականության մեջ, հետեւաբար նաեւ իր էության ու նկարագրի մեջ, միայն թե չընդգծված ձեւով, իբրեւ ստորջրյա հոսանք, իբրեւ էության ներքին անտրոհելի մաս: Եվ պատահական չէ, որ գրքի այս մասում համեմատաբար քիչ են մարդիկ եւ անուններըՙ մեկ-երկու ընկեր եւ բարեկամ, եւ, իհարկե, մտերիմ ընկեր Վադիմ Մելիքսեթյանը, գրական-մշակութային մի քանի հանդիպում եւ... վերջ: Մնացյալը Հայաստանն էՙ իր բախտով ու ճակատագրով, իր պատերազմով ու իր արդար ցասումով, իր առօրյայով եւ ծայրահեղ ծանր կյանքի տարիներով... Եվ այս ամենի խորքից դուրս է լողում-պատկերվում է մի հոյակապ հայրենիք, իր սահմաններն է տարածում մի ազնիվ ու արժանապատիվ հայրենասիրություն, որ խոհական հայ մարդու իսկական էությունն էՙ մարդկայնություն առանց պատրանքների:

Թվում էՙ գրքի չորրորդ մասը իր բովանդակությամբ ու իր արծարծած խնդիրներով շատ հեռու է Մելգոնյան դպրոցի այն Սարկավագյան տղեկի հուզավառ երազներից ու ներաշխարհից: Չէ, ամենեւին էլ այդպես չէ: Թվում էՙ գրողը շատ է հեռացել իր ասած « հարցերի հարցից »: Բայց իսկապես, ո՞ւր մնաց « հարցերի հարցը », եւ ո՞րն է պատասխանը « հարցերի հարցի »: Մինչեւ պատասխանին հասնելը չեմ կարող գայթակղությունս զսպել եւ չբերել գիրքը եզերող-փակող վերջին էջերից խորհրդանշանակ, իմաստավոր, գեղեցիկ եւ խորունկ մի հատված: Գրողը նորից բնության մեջ է, բնության հետ, հազար թելերով կապված այդ բնությանը եւ մայրամուտի մեջ, թվում է, դուրս է գալիս-գնում է միասնանալու բնությանը, դառնալու նրա այլեւս անտրոհելի, անմահ, անխորտակ, անկործանելի, անկորնչելի մի մասը: « Արեւը բավական իջել է արդեն, գնամ իմ սիրելի մասրենուն իրիկնային «լույս զվարթ» բարեւս ասելու: Ահա, իր բարեձեւ կազմվածքի պչրանքով, իր զմրուխտ կանաչի մեջ հարյուրավոր հակինթ-հակինթ կլոր փայլուն մասուրների կարմիրով ժպտում է նա, ոչ միայն արեւին, ահա ժպտաց ինձ էլ, ճանաչում է իր մտերիմին: Իր ետեւում լեռնադաշտերի այն հեռաստանն էՙ իրիկնացած ավելի խոր կապույտ երկնակամարի տակ: Փամբակի լերկ լեռնաշղթան ձախին, ցերեկվան արեւի տակ միշտ դեղնավուն, իրիկնային նուրբ մանուշակագույնի երանգն է հագել իր դեղինի վրա, ստվերոտած ձորերն ասես ի հայտ են եկել վերից վար մուգ կապույտ պատմուճանված, ու ամբողջ լեռնաշղթան կարծես քանդակայնացել է: Ստորոտին ահա այն ամենամեծ գյուղն է Դդմաշենը, 7-րդ դարի տաճարը ծոցում, մի քանի պատուհան, գյուղում, վերջալույսի դիմաց փայլփլում են ոսկի աստղերի նման: Ի~նչ լռություն, խաղաղություն ամեն կողմ, կովի բառաչներ միայն լսվում են ներքեւիցՙ Ծաղկաձորից:

Այստեղ արդեն, ահա, արեւն իջավ Թեղենիսի ետեւ, մասրենին մարեց իր հակինթների փայլը, իրիկնային հովից մեղմ թրթռաց: Իսկ լեռնադաշտերի ամբողջ խաղաղ հեռաստանը դեռ լուսավոր է այնտեղՙ մայրամուտի արեւից թունդ ծիրանագույն դարձած: Մայրամուտի~ արեւ: Դա էլ իր խորհուրդն ունի, հայրիկ, ինչպես արշալույսի արեւը, որի խորհուրդն էիր ցույց տալիս ինձ մանկությանս: Քիչ հետո մութն է իջնելու այս խաղաղության վրա, բայց վաղը կրկին ծագելու է արեւը... »:

Այո, « քիչ հետո մութն է իջնելու այս խաղաղության վրա, բայց վաղը կրկին ծագելու է արեւը », այո, վաղը նոր օր է բացվելու եւ, այո, վաղը կրկին ծագելու է արեւը...

Եվ ո՞ւր մնաց «հարցերի հարցը» եւ գրողի պատասխանը այդ մեծ հարցին: Հինգ թե վեց տարեկան երեխայի սրտի հմայված զարմանքի ժպիտը իր առաջին, մեծ, իսկական Արեւածագին, այդ Արեւածագի արթնցրած ուրախությունըՙ ապրելու հրճվանքը, կյանքի հեքիաթը, մարդու ներքին գեղեցկությունը, որ կարող է տեւել,- տեւում է,- իր ողջ կյանքի ընթացքում մինչեւ իր մայրամուտի արեւը, որն էլ իր խորհուրդն ունի...

Եվ ահա պատասխանը «հարցերի հարցի»ՙ

« Եվ ուրախության այդ ներքին ժպիտը մաքուր, պայծառ մնաց սրտիս մեջ իմ ամբողջ կյանքում, որքան էլ այդ հարցերը ստվերում էին հոգիս: Մաքուր այն ուրախությունը, թեկուզ խավարի մեջ մի շողն իսկ, որով լուսահայտվում է կյանքի, ապրելու նախնական բուն ճշմարտությունըՙ անհունորեն թանկագին: Որով մարդը ի բնե օժտվում է գոյության գալով այս աշխարհում, որքան էլ առեղծվածային լինի թե՛ աշխարհը, թե՛ իր գոյությունը դրա մեջ: Ու իրիկնային ժամին, մի քիչ թախծերանգ ուրախության ժպիտով սիրտս ջերմացած, իմ սարահարթից ահա իջնում եմ զվարթ ընթրիքի եւ զրույցիՙ մարդկանց հետ, մարդկանց կարոտ, իմ ազգակից թե օտարազգի, այստեղ, այս ստեղծագործական տանը, իմ Ծաղկաձորում: Կյանք է: Ուր էլ լինի, ինչպես էլ որ էՙ

ՃԻՇՏԸ ԿՅԱՆՔՆ Է... »:

Պատասխանը մի կյանք է, հարուստ, ճիշտ եւ հոգեւին ապրված, ստեղծագործությամբ եւ ներքին գեղեցկությամբ, առօրյա կյանքի հեքիաթային գեղեցկությամբ եւ մերձավորների սիրով լեցուն մի կյանք... Այսպես ամեն ինչ հասնում է իր լրումին, եւ շրջանը փակվում էՙ ճիշտը կյանքն է եւ միակ ճիշտը կյանքն է...

Աշխարհաճանաչ գրող, գիտնական, փիլիսոփա, մտածող, սովետական ռեժիմի ամբողջ ծանրությունը կրած եւ վտարանդի դարձած, ապա երկու տասնամյակ անց Ռուսաստան վերադարձած Ալեքսանդր Զինովեւը 2005 թվականին «Լիտերատուրնայա գազետա»-ին տված մի հարցազրույցում նշանակալի խոսքեր է ասել. «Ամեն ինչ է եղելՙ մղձավանջային նյութական պայմաններ, ձերբակալություններ, պատերազմի բերած ծանրագույն կյանք: Եվ միեւնույն էՙ իմ այդ ժամանակվա ծանր կյանքը ես չէի փոխի ոչ մի այլ կյանքի հետ»:

Չեմ կարծում, թե Կարպիս Սուրենյանը ուզենար երբեւիցե իր ապրած կյանքը փոխել մեկ ուրիշ կյանքի հետ: Այս հոյակապ գիրքը այդ է վկայում ու հաստատում:

***

Կարպիս Սուրենյանի « Օրագիր. 1943-2001 » գիրքը Ոգու կայացման պատմություն է, մի Հայ մարդու պատմություն, Աստծո եւ Բնության հանդեպ մարդ արարածի` իմացական սիրո հասած մարդու պատմություն: Գրքի առաջին իսկ էջերից աստիճանաբար ուրվագծվում է զգացական ու իմացական նուրբ ու խոր անհատի նկարագիրը, որն իր մեջ ունի ինչպես իր ցեղի, ազգի, այնպես էլ համընդհանուր-մարդկային գծերը: Այդ անհատը երկար, երկար մի ճանապարհ է անցնում, եւ այդ ճանապարհը մեր ժողովրդի մի հատվածի ճանապարհն է, նրա բախտն ու ճակատագիրը:

Գրքի հերոսը իր կյանքի ճանապարհին երկու ուղեկից ունիՙ Գիրքը եւ Երաժշտությունը: Երկու թեմա, էության երկու դրսեւորում անցնում են գրքի առաջին էջերից մինչեւ վերջին էջըՙ Միտքը եւ Սիրտը, Մտածումը եւ Զգացումը, Գիրքը եւ Երաժշտությունը: Դրանք են ձեւավորում Մարդ-անհատին, ոչ թե կյանքի մակերեսին սահող, մակերեսը քերող, պարզ նյութափոխանակությամբ զբաղված - միայն դրան ընդունակ արարածին, այլ Աստծո նմանությամբ կերտված-ստեղծված, Աստծո եւ Բնության գեղեցկությանը հաղորդ բարձր եւ վսեմագույն անհատին: Եվ պարզ արհեստավորի որդին է, որ պիտի անցնի իր ճանապարհըՙ առաջին Արեւածագից-Արեւագալի ոսկելույս երգերից մինչեւ Մայրամուտի արեւը, մինչեւ Մայրամուտի լույսը...

Հայ գրավոր եւ բանավոր մշակույթի գլխակործան անկումի մեր այս ժամանակներում Կարպիս Սուրենյանը գրել է հայոց լեզվի լավագույն գրքերից մեկը: Թեւաթափ անող իրականության մեջ, երբ գռեհկությունն ու անճաշակությունը զավթել են գրականության եւ արվեստի բոլոր ոլորտները, երբ մեր շուրջը կործանվում է գրեթե ամեն բան, լույս է տեսնում Հայ գիրն ու Հայոց լեզուն է՛ն կատարյալ գեղեցկությամբ ներկայացնող գիրք: Կարպիս Սուրենյանի գրքում ծավալվում եւ տարածվում-ընդարձակվում է մի հրաշք լեզու, որ ընթերցողի առջեւ բացում է մեր լեզվի բացառիկ հարստության վսեմական գեղեցկություններն ու հարուստ շերտերը... Մարդ մտածում է, թե այդ ի~նչ գեղեցիկ, հզոր եւ ուժեղ երկիր ու հայրենիք է, ի~նչ կարող ու զորեղ ժողովուրդ է, որ այդպիսի լեզու ունի, որ այդ լեզվով է ապրում եւ ստեղծագործում: Կարպիս Սուրենյանի գիրքը արդարացնում է մեր այսօրվա գրական կյանքի գոյությունը:

Գիրքն ու երաժշտությունը մարդ են կրթում-դաստիարակում-ձեւավորում, Հավատն ու Ցեղային ինքնագիտակցումը ազգ են կերտում, Ոգին է միայն, որ եթե փչի կավի վրա, կարող է մարդ ստեղծել: Իսկ ո՞վ է ստեղծում ազգի նկարագիրը, ազգի ոգին, ո՞վ է, որ կարող է կարդալ իր ազգի ճակատագրի խորհրդավոր գրերը: Հնուց անտի եւ միշտ` իսկական գրողը եւ ճշմարիտ արվեստագետը, իր ժողովրդի մերժված ու հալածված զավակը, չճանաչված ու չգնահատված Մարգարեն, անտեսված Տեսանողը, արհամարհված նվիրյալը, միայնակ ու մերժված անհատը... Միայնակ, բայց կյանքի ու մարդկանց, գրականության եւ արվեստի, մշակույթի, Ոգո՛ւ հետ: Այսպես է, որ այս գիրքը դառնում է Ոգու պատմություն: Մեր արդի արձակի գրեթե ամայի տափաստանում, մեր մտավոր խեղճության, մեր գավառական հավակնոտության, մեր սնապարծ հիմարության, մեր աղքատիմաց թշվառության, մեր հուսահատ պարապության մեջ Կարպիս Սուրենյանի « Օրագիր. 1943-2001 » գիրքը երեւույթ է, իրադարձություն...

Հայ մարդը այս գրքի էջերում պարզապես անցնում է իր կյանքի ճանապարհըՙ վաղ պատանեկությունից մինչեւ ծերություն, առաջին Արեւածագից-Արեւագալի ոսկելույս երգերից մինչեւ դեպի Մայրամուտ թեքվող արեւը, մինչեւ Մայրամուտի լույսը:

Մայրամուտի~ արեւը, Մայրամուտի~ արեւըՙ իր շոյող ջերմությամբ, ցրվող ու փափուկ լույսով, որ ոսկեզօծում է ամեն ինչ ու դարձնում մտերմական ու սիրելի, անցնող օրվա-ժամանակի իր խորհուրդով եւ երկարող ճառագայթների մի այլ զորությամբ, երկարող ստվերների մի այլ գեղեցկությամբ...

« ...Եկեալքս ի մտանել արեգականն տեսաք զլոյս երեկոյիս... »:

Մայրամուտի~ արեւը, մայրամուտի արեւի լույսը, երեկոյի~ լույսը...

Մայրամուտի արեւի խորհրդավոր զորությունն ու գեղեցկությունը, որ այս գիրքն է...

14-16 հուլիսի 2007 թ., Փարիզ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4