ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2007-09-21 | #19, 2007-10-06 | #20, 2007-10-20


«ՈՒ՞Մ Է ՊԵՏՔ ՀԱՅՖԵՍՏ-Ը»

ԼԱՐԻՍԱ ԹՈՓՉՅԱՆ

Տասնօրյա իրարանցում առաջացնելուց հետո արդեն հինգերորդ տարին է Երեւանում փակվեց ՀԱՅ ՖԵՍՏ միջազգային թատերական փառատոնի «վարագույրը». այս տարի սակայն - արդեն պետական աջակցություն ստացած (ի թիվս այլ գործոնների նախ եւ առաջՙ փառատոնի նախագահ, մտահաղացման հեղինակ ու նախաձեռնող Արթուր Ղուկասյանի հնգամյա համառ եւ նպատակասլաց գործունեության շնորհիվ): Կարելի է միայն զարմանք ապրել, թե ինչպես է հաջողվում ահռելի կազմակերպական եւ ստեղծագործական ծավալների աշխատանքներ իրականացնել ընդամենը 19 հոգուց բաղկացած թիմի օժանդակությամբ: Այս տարի 33 երկրից հրավիրված 40 կատարողական խմբերում ընդգրկված էր շուրջ 350 մասնակից, իսկ հավաքական «թատերաբեմը» ներառում էր քաղաքի 14 թատրոնները, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը, Գեղագիտության ազգային կենտրոնն ու Շ. Ազնավուրի հրապարակի տարածքը:

Երեւանի, Վանաձորի եւ Արտաշատի 24 թատրոններն ու թատերախմբերը նույնպես հնարավորություն ունեցան ցուցադրել իրենց լավագույն ներկայացումները փառատոնի հիմնական եւ օժանդակ ծրագրերում:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին նաեւ Տիկնիկային եւ Մանկական միջազգային թատերական փառատոններ:

Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում եւ Պետական տիկնիկային թատրոնում անցկացվեցին արդեն ավանդական դարձած վարպետության դասեր:

Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ մի շքեղ ծրագիր էր պատրաստել նաեւ Ազգային պատկերասրահի կինոծրագրերի բաժինը, որտեղ փառատոնի օրերին կարելի էր տեսնել ֆրանսիական եւ անգլիական լավագույն թատրոնների դասական եւ արդի դրամատուրգիայի նմուշների կինոտարբերակները:

Մասնակիցների ընտրության առումով այս փառատոնը միանգամայն լայնախոհ է եւ զերծ սնոբիզմից. խտրականություն չի դրվում պրոֆեսիոնալ եւ սիրողական թատրոնների եւ թատերախմբերի միջեւ, դրա շնորհիվ մասնակիցների շրջանում ստեղծվում է չափազանց բնական ստեղծագործական մթնոլորտ, իսկ հանդիսատեսին (մեծամասնորեն երիտասարդներ եւ ստեղծագործական ԲՈՒՀ-երի ուսանողներ) հնարավորություն է տրվում զգալ իրեն «գլխավոր դերում»:

2006 թվից ՀԱՅ ՖԵՍՏ-ը դարձել է կատարողական արվեստների փառատոն եւ ընդլայնելով իր ժանրային բազմազանությունըՙ ընդգրկում է բեմական արվեստի համարյա բոլոր ձեւերը, թե՛ մաքուր եւ թե՛ սինթեզված տարբերակով (դրամա, կատակերգություն, պար, մնջախաղ, տիկնիկային, շարժման թատրոն, միստերիա, ծաղրածու, մուլտիմեդիա եւ այլն):

Հետ եւ ռեմոդերնիստական ժամանակաշրջանը ստեղծում է իր նոր կուռքերին, այդ թվումՙ գրականության եւ դրամատուրգիաի ասպարեզներում, ուր իշխում են մինիմալիստական ոճը, տարբեր ժանրերի փոխադարձ ներթափանցումը, էլեկտրոնային միջոցների (վիդեոարտ, համակարգչային գրաֆիկա) ակտիվ ներխուժումը բեմահարթակ, ժամանակի, տեղի եւ գործողության աղճատումն ու տրոհումը: Դեպքերի, գործողության նարրատիվ (պատմողական) շարադրումը տեղ է տալիս «տեսաքլիփային»-ին. «տեսաքլիփային մտածելակերպը» դառնում է գերիշխող: Ժամանակին համահունչ ակնհայտ փոփոխությունների է ենթարկվում նաեւ բեմադրությունների երաժշտական (ձայնային) ձեւավորումը: Նոր պահանջներ են դրվում բեմական պլաստիկաի եւ խոշոր հաշվովՙ պարարվեստի առաջ: Ծնվում են մերօրյա Շեքսպիրներ (անգլիական եւ միջազգային մամուլում այդպես են անվանում երիտասարդ դրամատուրգ Մ. ՄակԴոնահին, որի չորս պիեսները միաժամանակ խաղում են Լոնդոնի լավագույն թատրոններում. աննախադեպ մի երեւույթ, որ Շեքսպիրից հետո չի արձանագրվել): Չափազանց հետաքրքրական է հենց ինքը արեւմտյան արդի գրական նյութը. կարճ ու դիպուկ երկխոսություններով, հագեցած գործողությամբ, համարյա զերծ որեւէ բնապատկերի նկարագրությունից-դրան փոխարինում է, որպես կանոն, տեղեկատվությունը հերոսների հազիվ ուրվագծված կերպարներով-դրանք լրացնելըՙ ընթերցողի գործն է, եւ ամենակարեւորըՙ կյանքից վերցված թեմաներով, որոնց այլազան ու միանգամայն անսպասելի խաղարկումներն ի վերջո հանգում են ավետարանական պարզ ճշմարտությունների (վառ օրինակներից են Չ. Պալանիկի լավագույն գործերը):

Ուրեմն որքանո՞վ ենք մենքՙ թե հասարակությունը (հանդիսատեսը), եւ թե ուսանող ու ստեղծագործող երիտասարդությունը պատրաստ ընկալելու այս տեղի ունեցող փոփոխությունները եւ ներկայացնել դրանք մեր «բեմահարթակից»: Որքանո՞վ ենք մենք ունակ «խոսել» արտաքին աշխարհի հետ համարժեք, հասկանալի լեզվով:

«Գլոբալացման պայմաններում թատրոնը ասես համակենտրոն շրջաններով տարածում է իր ազդեցությունը նաեւ մշակութորեն խորթ տարածքի վրա, եւ այս նոր պայմաններում հարկավոր է ջանալ լինել առավելագույնս հասկանալի տվյալ մշակույթի մարդկանց համար», ասում է «Մախտ օնե Բյունե» սիրողական թատերախմբի ռեժիսոր Յոհաննես Գրուհլը եւ երազում համատեղ նախագիծ իրականացնել այլ մշակույթից եկող կատարողական խմբերի հետ: «Մախտ օնե Բյունե»-ում այսօր կա 7-8 դերասան, բոլորն էլ ուսանողներ, խաղացանկումՙ երեք ներկայացում: Մեզ ներկայացվեց լեհ դրամատուրգ Ստավոմիր Մրոժեկի 1976-ին ստեղծված, սակայն հույժ այժմեական «Էմիգրանտներ» պիեսի բեմադրությունը (2006) «աբսուրդ» խորագրով, բայց թե երկխոսությամբ, եւ թե ռեժիսորական լուծումով միանգամայն իրատեսական տարբերակով: Պարզվեց, որ բնագիրն ստեղծվել է իսկապես աբսուրդի թատրոնի համար, բայց ռեժիսորը, ելնելով իր վերը նշված մոտեցումներից, վերախմբագրել է այն, վերածելով իրապաշտական դրամայի եւ թողնելով աբսուրդից միայն որոշ տարրեր: Դերակատարումներն (ընդամենը երկու գործող անձ) այնքան զորեղ էին, իսկ գործողությունն այնքան դինամիկ, որ նույնիսկ լեզվական պատնեշը չխոչընդոտեց հանդիսատեսի բուռն ընդունելությանը. իսկ հերոսները (Շ. Գրեբեր, Պ. «Ֆո» Բոգադտկե) տարափի պես դահլիճ էին թափում մարդկության կողմից կուտակած բարդ փիլիսոփայական հարցեր եւ փոխադարձ կատաղի հակադրման մեջ փորձում լուծումներ գտնել, մեկըՙ կառչելով իր տգիտությունից ու դժվարին կենցաղային վիճակից, մյուսըՙ աշխատելով այնուամենայնիվ պահպանել իր բարոյական նորմերը:

Այս առիթով ցանկալի կլիներ, որ հաջորդ փառատոնում օտար լեզվով հնչեցվող դրամատիկ ներկայացումները ապահովվեին նստարաններին դրված հակիրճ թարգմանությամբ, ինչը նաեւ կկանխի հանդիսատեսի որոշ մասի արտահոսքը դահլիճից:

Թուրքիայից ժամանած «Ոտաբոբիկ» ժամանակակից պարի թատրոնը ստեղծվել է 2003 թ.: Այս խմբի ազգությամբ երեք հայ եւ հինգ թուրք պարողներն ունեն մասնագիտական կրթություն եւ պարել են ժամանակին դասական բալետային ներկայացումներում, նրանցից որոշները դասավանդում են այժմ մայրաքաղաքի կոնսերվատորիայի պարային բաժնում (ժամանակակից պարի բաժինը բացվել է 1997-ին): «Սա հիմնական կազմով ամենամեծ ժամանակակից պարի խումբն է Ստամբուլում», պատմում է թատրոնի ղեկավար, բեմադրիչ եւ մենակատար Միհրան Թոմասյանը, ով տարվա մի քանի ամիսը անց է կացնում Ֆրանսիայում: Դա օգնում է միշտ մնալ նորությունների կիզակետում, ինչպես նաեւ դասավանդել ժամանակակից պարը Ստամբուլի կոնսերվատորիայում: Հիմա խաղացանկում ունեն չորս ներկայացում, այդ թվում քաղաքական եւ հակապատերազմային թեմաներով: Երեւանում ցուցադրված «Բառերը»-առանձին կոմպոզիցիաներից բաղկացած շարք է, հանդիսատեսի հետ յուրովի երկխոսության փորձ, ուր պարողներից յուրաքանչյուրը «պատմում է» իր նախընտրած խնդիրների ու թեմաների (միայնություն, հավատ եւ այլն) մասին: Այս ներկայացման հիմնական բաղադրամասերից է նրբագույն ճաշակով ընտրված եւ շարժման հետ տեղ-տեղ կամ ներդաշնակող, կամ էլ միտումնավոր հակադրության մեջ մտնող երաժշտությունը (Պլաստիկման, Ամոն Տոբին, «Լոստ հայ վեյ» ֆիլմից): Իսկ կարոտաբաղձության թեման իր բոլոր երանգներով տպավորիչ մարմնավորվել է Ուդի Հրանտի ազգագրական ոճով երգի ներքո: Որոշ պարային համարներ զուգորդվում էին տեսաշարով (վիդեոարտ):

Հիլարի Չապլինի (Նյու Յորք, ԱՄՆ) «Կյանքը նրա համար» ներկայացումը բնորոշված է որպես «կրկեսային թատրոն»: Այն պատմում է կնոջ կյանքի մի օրվա մասին: Բայց ոչ սովորական, կյանքի հորձանուտներում կորացած, այլ լուսավոր, հոգու ներսում երեխա մնացած մի էակի, ով ընդունակ է «շնչավորել» իրեն շրջապատող առարկաները, ջերմացնելով միաժամանակ եւ հանդիսատեսի հոգին: Ճիշտ էՙ որ արդեն տասնյակ տարիներ շնչավորված «առարկա-զուգընկերոջ» թեման չի իջնում բեմից, բայց Հիլարին առանձին դրվագները «բացում է» անսպասելի ձեւով: Ամենաարժեքավորը սակայն հանդիսատեսի հետ նրա շփման եղանակն է, որ կարող է նույնիսկ ուսանելի լինել: «Տվյալ ներկայացումն արդեն հինգ տարվա պատմություն ունի, եւ ես աշխատել եմ ամփոփել այստեղ իմ անձնական մարդկային փորձը», կիսվում է նա մեզ հետ: Հետո ես ուզեցի պատմել մի կնոջ մասին, ով մեծ քաղաք է գալիս դերասանուհի դառնալու նպատակով, բայց ի վերջո դառնում է ծաղրածու: Մարդիկ ծիծաղում են, տեսնելով թե ինչպես է նա բախվում կյանքի «պատերին» ու կրկին վերապրելու ուժ գտնում իր մեջ, բայց իրականում այդ կերպարում նրանք հենց իրենց են տեսնում»:

ՀԱՅ ՖԵՍՏ-ում կայացավ նաեւ ՄԻՀՐ պարային պլաստիկայի թատրոնի (Երեւան) «Գույներ» ներկայացման պրեմիերան: Թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ մենակատար Ցոլակ Մլքե-Գալստյանը նախընտրում է ժամանակակից պարի ռոմանտիկ ուղղությունը: Չափազանց ողջունելի է մեզանում այս տեսակի թատրոնի ի հայտ գալը (հիմնադրվել է 2003-ին եւ խաղացանկում ունի երեք ներկայացում), ուր սինթեզվում են շարժումը, գույնը, բեմի խորքում ցուցադրվող տեսաշարը (բեմում ուղղահայաց կախված սպիտակ պաստառները ներկայացման ընթացքում ասես վերածվում են «կենդանի» գործող անձանց, վերափոխվելով հերոսների օգնությամբ աբստրակտ նկարների):

Պետական տիկնիկային թատրոնը ներկայացրեց «Ակ Ակ» բեմադրությունը (ռեժիսորՙ Ռուբեն Բաբայան, նկարիչՙ Կարինե Եղիազարյան), որը Ն. Գոգոլի «Շինել» պատմվածքի նոր եւ շատ խորհելու առիթներ տվող մեկնաբանությունն է: Չափազանց ինքնատիպ մի ներկայացում, որ ակամայից մեղավորության զգացում արթնացրեց այս թատրոնի գործունեության մասին մեր մամուլում սակավ նյութեր զետեղվելու կապակցությամբ: Թատրոնը գործում է 1935 թվից եւ այսօր իր խաղացանկում ունի տաբեր ժանրերի 32 ներկայացում (դրամա, մնջախաղ, տիկնիկային, ձեռնոցային, տիկնիկ-դիմակներ եւ այլն): «Ակ Ակ»-ը հանձնվել է այս տարվա հուլիսին, սակայն գաղափարը ծնվել է դեռ 2002-ին, եւ սա խամաճիկներ խաղացնելու մեր առաջին փորձն է: Ներկայացումը պլանային չէր, եւ ստեղծվեց մեր ազատ երեկոների հաշվին, բայց բոլորս աշխատում էինք հոգու ներքին մղումով», ասում է թատրոնի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը: Ներկայացումն այնքան ճշգրտորեն է հաղորդում «փոքրիկ մարդու» ողբերգությունը, որ պահի տակ մոռացվում է, որ «դերակատարներն» անշունչ խամաճիկներ են: Իսկ դերասաններն իսկապես ծանրաբեռնված են. նրանցից յուրաքանչյուրին մի քանի դեր է ընկնում: Ներկայացումը գրավիչ ու դինամիկ են դարձնում դեկորներն ու առավելապես երաժշտական ձեւավորումը (օգտագործվել են 7 հեղինակների գործեր, այդ թվումՙ Էդիկ Կարապետյանի, Գիա Կանչելիի, Գորան Բրեգովիչի): Օրիգինալ է նաեւ տեքստային մասը, կազմված ռուսերեն բառահատվածներից ու որոշ բացականչություններից:

Փառատոնի ընթացքում Տիկնիկային թատրոնի երկու բեմերն ու ամբողջ տարածքը ամենաշատ օգտագործվող վայրն էին: Եվ պետք էր տեսնել թատրոնի ամբողջ անձնակազմի հոգատար եւ ջերմ վերաբերմունքը այդ թեժ պայմաններում թե՛ հյուրերի եւ թե՛ հանդիսատեսի հանդեպ:

ՀԱՅՖԵՍՏ-ի շրջանակներում մեծ անակնկալ էր պատրաստել նաեւ Ազգային պատկերասրահի կինոծրագրերի բաժինը (ղեկավարՙ Մելիք Կարապետյան), ցուցադրելով «Բեմից մինչեւ էկրան» շարքում անգլիական եւ ֆրանսիական առաջատար թատրոնների դասական եւ արդի դրամատուրգիայի ներկայացումների էկրանավորումներ, ինչպես նաեւ վավերագրական ֆիլմեր, որտեղ հռչակավոր ռեժիսորները (Փիթեր Բրուք, Քլոդ Ռեժի, Պատրիկ Շերո, Արիան Մնուշկին) պատմում են բեմիցՙ էկրան եկած ներկայացման երկար եւ բնավ ոչ դյուրին ճանապարհի մասին, բացելով իրենց ստեղծագործական խոհանոցի գաղտնիքները:

Դասական դրամատուրգիան ներկայացված էր Ժ. Ռասինի «Ֆեդրա» (ռեժ. Պատրիկ Շերո, 2003) եւ Վ. Շեքսպիրի «Համլետի ողբերգությունը» (ռեժ. Փիթեր Բրուք, 2001) պիեսներով:

«Ֆեդրա»-յում բեմադրիչը հրաժարվել է ավանդական հունական պատմուճաններից եւ դերակատարները կրում են ժամանակակից հագուստ, պարզեցված ու «ադապտացված են» դիմախաղը եւ բեմական պլաստիկան. եւս մեկ անգամ արձանագրում ենք «ամերիկյան» կատարողական ոճի ներթափանցման փաստը եվրոպական թատրոն (խաղում են շատ ավելի մարմնով քան դեմքով): Ողբերգություններում ընդունված երգչախմբի դերը տրված է հանդիսատեսին, նկարահանումը կատարել է ռեժիսոր Ստեֆան Մետժը Բերտյե ամրոցատիպ արվեստանոցում:

Փիթեր Բրուքը հավատարիմ է մնում ինքն իրեն. տարբեր ազգերի ներկայացուցիչներից համալրված դերասանակազմ, նվազագույն ռեքվիզիթ (ընդամենը հատակին գցված մի քանի բարձ), սակավ հնչող հնդկական դասական երաժշտություն, տաբլոների գերակայությամբ, ասիական նստելաձեւ ու ժամանակակից հանդերձանք... Սակայն իր ժամանակի բոլոր նորամուծություններով հանդերձ բեմադրությունն այսօրվա տեսակետից, թող որ ներվի ինձ, արդեն կարելի է դասել խիստ դասականների շարքին:

Էլ ավելի արժեքավոր էր ծանոթանալ Փիթեր Բրուքի «խոհանոցին» «Բրուքն ըստ Բրուքի» վավերագրական ֆիլմում (ռեժ. Սիմոն Բրուք, 2001):

Անհնարին է չնշել Էլեն Սիկսուի «Ջրհեղեղի թմբկահարները» պիեսի բեմադրությունը (ռեժ. Արիան Մնուշկին) «Թեատր դյու սոլեյ» թատերախմբի ուժերով Փարիզի Վենսեն արվարձանի «Կարտուշրի» թատրոնում: Դա մի առակ է, որի գործողությունը ծավալվում է ինչ-որ մի տեղ Չինաստանում, բայց ոչ իրական Չինաստանում: Այս ինքնատիպ բեմադրության մեջ միաձուլվում են ճապոնական «Նո» թատրոնի եւ ավանդական «Բունրակու» տիկնիկային թատրոնի տարրերը: Դերասանների մի մասը, գունեղ դիմակավորված, պատկերում է կենդանի խամաճիկների, նրանցից յուրաքանչյուրին ստվերի պես կպած ասես «խաղացնում է» դերասանների մեկ ուրիշ, ոտքից գլուխ սեւազգեստ մի խումբ: Այդպիսով ստեղծվում է իրականության եւ պայմանականության խաբկանք: Դրան էլ ավելի են նպաստում շատ տեսարաններում դեպի վեր ձգվող իրական լարերը, այնպես որ սկզբից հանդիսատեսը միամտորեն տրվում է այդ խաբկանքին, հետզհետե միայն սկսում է կողմնորոշվել, բայց հենց այդ պահին պարզվում է, որ այդ սահմանային վիճակը իրականության եւ երազի միջեւ դյութիչ է ու հաճելի եւ արդեն տանում է դիտողին իր հոսանքով:

2002-ին նույն ինքը Արիան Մնուշկինը նախաձեռնել է այդ ներկայացման կինոնկարահանումը, վերաբեմադրելով տեսարանների մեծ մասը. էկրանը պահանջում է միանգամայն այլ մոտեցումներ: Այդ հիրավի հսկայական աշխատանքի եւ ստեղծագործական որոնումների մասին պատմող վավերագրական ֆիլմը դիտվում է գերագույն լարվածությամբ եւ հաճույքով:

Արդի կրեոլական թատրոնի վառ ներկայացուցիչ Ժոզե Փլիայի «Թենարդյան բարդույթ» պիեսի ներկայացման (2001) եւ կինոտարբերակի (2002) ռեժիսոր Ժան-Միշել Րիբը ղեկավարում է Փարիզի հայտնի «Րոն Պուան» թատրոնը: Նա նաեւ 15 պիեսների հեղինակ է: Այս գործը գալիս է մեզ ապացուցելու, որ ժամանակակից թեման (ցեղասպանությունից փրկված մի աղջնակի որդեգրում, ով ի վերջո վերածվում է սոսկ տանտիրուհու աղախնի) կարող է ներկայացվել հին հունական ողբերգության ուժգնությամբ, մնալով միաժամանակ բնական արդի համատեքստում (դրան էլ ավելի են նպաստում երկու հերոսուհիների տարբեր խաղաոճերը եւ արտաքին տեսքի մանրամասները): Որտե՞ղ է ուրեմն անցնում սահմանը մարդկային երախտագիտության ու մարդուն ստրկացնելու միջեւ: Կինոտարբերակը հավերժացրել եւ մեզ հասու է դարձրել նաեւ անզուգական Մարիլու Մարինիի (տիրուհի) փայլուն խաղը:

Այս աստեղային շարքն ամբողջությամբ հիրավի արժանի է, որ հաջորդ 6-րդ փառատոնի կատալոգում Ազգային պատկերասրահի կինոծրագրերի էջի ձեւավորումը կատարվի ավելի մեծ խնամքով, գրավիչ եւ շահեկան կերպով:

Պատահական չէ, որ փառատոնի տնօրենությունը որպես եզրափակիչ ընտրել էր Արթս Փրինթինգ Հաուս կենտրոնի (Վիլնյուս, Լիտվա) կողմից հովանավորվող «Սալամանդրի երազը» երկու մասից կառուցված ժամանակակից պարային ներկայացումը (ռեժ. Վալենտինաս Մասալսկիս), որի խորեոգրաֆն ու մենապարուհին է Լորետա Ջուդկայտեն: Քար լռության մեջ ասես հիպնոզացված դահլիճը շունչը պահած հայացքը գամել էր բեմին ու հետեւում էր շարժմանը: Հարցազրույցն այս վիրտուոզ, իր մարմնին բացարձակապես տիրապետող պարուհու հետ այնքան նյութ տվեց, որ կբավականացներ մի քանի առանձին հոդվածների: Առաջին մասը, ինչպես մեկնաբանեց Լորետան-մարմնի կերպարանափոխում է: Գաղափարի հիմքումՙ մարդ-կենդանի նմանության եւ մի շարք փիլիսոփայական դրույթների բացահայտումն է, ներշնչված այդ թվում նաեւ Ֆ. Կաֆկայի «Տրանսֆորմացիայով»: Երկրորդ մասում պատկերվում է մեր միապաղաղ, մեխանիկականի հասնող առօրյան եւ մարդուՙ ագրեսիվ միջավայրից պաշտպանող, հարմարավետ «կոկոնի» մեջ պարփակվելու բնական ցանկությունը: Բայց կոկոնը նաեւ դիմակ է, կամ էլ մահի եւ նոր ծննդի խորհրդանիշ: Մարդը պետք է միշտ կարողանա տերեւների նման թափել իր վրայից այդ կոկոնները եւ մաքրազերծել իր ներաշխարհը: «Իմ խորեոգրաֆիկ մտածողությունը ժամանակին ձեւավորվել է Աննա Բաուշի, ճապոնական «Սանքայ Ջուքի» եւ այլ հայտնի պարուսույցների եւ պարախմբերի ազդեցության ներքո, բայց հիմա ես գերադասում եմ մտածել ինքնուրույն եւ համարյա չեմ դիտում ուրիշների գործերը», ասում է Լորետան: Ներկայացումն անցյալ տարի ստացել է Լիտվայի գլխավոր բեմական մրցանակը-«Բեմական խաչը»: Արթս Փրինթինգ Հաուս կենտրոնի «Բաց տարածություն» նախագիծը (պրոդյուսեր Վիկտորաս Կորպուշենկովաս) երիտասարդ կատարողների եւ արվեստագետների հետ արդեն իրականացրել է մոտ 20 ծրագիր ու ներկայացում:

... ՀԱՅՖԵՍՏ-ի օրերին ցուցադրվեց շուրջ 90 ներկայացում: Հայ լրագրողների շրջանում կատարված հարցախույզի արդյունքում փառատոնի լավագույն դերակատար կոչվեց ռուս դերասան Եվգենի Գրիշկովեցը, իսկ օտարերկրյա հյուրերի կողմից որպես փառատոնի լավագուն ներկայացում ճանաչվեց Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի ռեժիսոր Վահան Բադալյանի «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացումը:


Նկար 1. «Սալամանդրի երազը»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4