ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2007-09-21 | #19, 2007-10-06 | #20, 2007-10-20


ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

Մտորումներ «Մի վախեցիր» բազմասերիանոց ֆիլմի շուրջը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Պատմության չարաբաստիկ ընթացքը մեզ զրկեց XX դարի մեր երկու վճռական հաղթանակները ժամանակին եւ լիարժեք իմաստավորելու հնարավորությունից: Առաջինըՙ Սարդարապատը, մոտ հիսուն տարի մատնված էր լռության: Մի քանի սերունդ հասակ առավ, դաստիարակվեց առանց այդ վաստակած հաղթանակի գիտակցության, իսկ նրանք, ովքեր մասնակցել էին ճակատամարտին, գրեթե գլխովին դարձան քաղաքական հալածանքների զոհ:

Ամեն ինչ, գրեթե նույնությամբ պիտի կրկնվեր յոթանասունհինգ տարի հետոՙ Արցախում, հայկական գրավյալ տարածքներն ազատագրելիս. ծանր կորուստների գնով ձեռք բերված հաղթանակ, որը սակայն պիտի դառնար դիվանագիտական կազուիստիկայի նյութՙ արտաքին ճակատում եւ ճամարտակության առիթՙ ներքին ճակատում. «Մենք շահել ենք ճակատամարտը, բայց ոչ պատերազմը»:

Քաղաքականության պարագայում նման անդրադարձն, այսպես թե այնպես հասկանալի է. աշխարհի հզորների շահերն են բախվում այդ տարածքի շուրջ: Բայց կատարելապես անընդունելի էր մեր կաթվածահար գրականության եւ արվեստի լռությունն անկախությանը հաջորդող տարիներին: Խոսքը մասնավորապես կինոարվեստին է վերաբերում, երբ անախրոնիզմի լաբիրինթոսում խարխափող, գեղագիտական փակուղի մտած հայ կինոն զբաղված էր սեփական պորտի հայեցումով, երբ նկարվում էին ֆիլմեր այն մասին, թե ինչպես են ֆիլմեր նկարվում... Իսկ արցախյան հերոսամարտն, ըստ էության, գեղարվեստական-խաղարկային անդրադարձ չունեցավ էկրանին:

Գուցե լավն էլ դա էր, ուստի, իսկապես, չկա չարիք առանց բարիք: Գեղարվեստական յուրացման այս պարապն, իմ կարծիքով, դրական դեր է խաղացել «Մի վախեցիր» հեռուստատեսային ֆիլմի հեղինակների համար:

Մեկուկես տասնամյակ տեւած կինոարտադրության փրկարար պարապուրդը ֆիլմի ստեղծագործական խմբին ազատեց բազմաբնույթ գլխացավանքներիցՙ թե՛ գեղագիտական, թե՛ գաղափարական, թե՛ քաղաքական: 80-ականների կինոլեզվի իներցիան պիտի իր բացասական կնիքը դներ եւ, ամենայն հավանականությամբ, մեզ մատուցեր կես-սուտ, կես-շաքարած մի դյուցազնապատում: Ուստի, ինչ-որ առումով ես բարոյական եմ համարում հայ կինեմատոգրաֆիստների ձեռնպահ վիճակն այդ նյութի հարցում, եթե, իհարկե, դա արվում էր լիովին գիտակցված: Եթե, իհարկե, նրանք հասկանում էին, որ ո՛չ նախորդ տասնամյակների փորձը, ո՛չ ժամանակը, ոչ էլ նրանց բարոյահոգեբանական վիճակը չեն կարող թույլ տալ պատմական կարեւորագույն իրադարձությանը համարժեք կինոերկ ստեղծել:

Ուստի պատահական չէ, որ ֆիլմը նայելիս, անմիջապես նկատվում է, որ հեղինակները կանգնած են, այսպես ասած, մաքուր տախտակի առջեւ, քայլում են չտրորված արահետով, իսկ թիկունքում էլ չունեն որեւէ նկատելի ժառանգականություն: Ասես հայտնվել են մի իրադրության մեջ, երբ ծանոթ միջոցներն անկարող են ելք առաջարկել, ուստի, հընթացս, անհրաժեշտ է վիճակին համապատասխան ստեղծագործական լուծումներ գտնել: Այլ խոսքով, արտացոլվող նյութն է թելադրել իր պայմանները:

Այս ամենն ստեղծել է բացարձակ նորության մի մթնոլորտ: Նոր է ամեն ինչ այս ֆիլմում: Նոր է նախ նյութը: Կա՞ արդյոք այդ ծանր տարիներին Հայաստանում ապրած մի հայ, որն իր բոլոր զգայարաններով ապրած չլինի Արցախյան պատերազմը, վշտացած եւ հրճված չլինի կորուստների եւ հաղթանակների համար: Մենք շատ բան տեսանք, լսեցինք եւ կարդացինք:

Եվ սակայն, մի կարեւոր բան պակաս էր. չկար այդ ամենի գեղարվեստական արտացոլումը: Ես չէի ասի, թե տաղանդավոր գործեր չստեղծվեցին, մանավանդ գրականության մեջ, սակայն, այդ հատուկենտ ստեղծագործություններն անկարող էին բավարարել ահագնացած պահանջը: Մասշտաբային, ընդգրկումի ծավալով ու խորությամբ նշանակալից մի գործի պահանջը:

Կատարելապես նոր է ստեղծագործական խումբը: Ես նկատի ունեմ նախեւառաջ պրոդյուսեր-սցենարիստներ-ռեժիսոր-օպերատոր քառամիասնությունը (Հրաչ Քեշիշյան, Լեւոն Գալստյան, Գնել Նալբանդյան, Արամ Շահբազյան, Մկրտիչ Մալխասյան): Այդ ֆիլմը նրանց համար շատ բաներով ինքնակենսագրական է: Արցախյան պատերազմում մասնակցեցին ու զոհվեցին բոլոր սերունդների ներկայացուցիչները, սակայն պատերազմը նախեւառաջ հարվածեց նրանց, ովքեր նոր-նոր կյանք էին մտնումՙ 18-20 տարեկան պատանիները, եւ այդ պատերազմի ողբերգականությունն ամբողջ ուժով կհնչեր լոկ այն դեպքում, եթե ներկայացվեր այդ սերնդի աչքերով:

Ամենեւին նպատակ չունենք նսեմացնելու հաղթանակի մեջ դրված յուրաքանչյուր զինվորի լուման: Փառք ու պատիվ բոլորի՛ն: Սակայն, եթե արդեն կյանք տեսած զինվորի համար պատերազմը ճակատագրի մի մասն էր, թեկուզ ամենակարեւոր, ապա այդ երիտասարդների համար ամբո՛ղջ ճակատագիրն էր:

Ֆիլմի հեղինակներն այդ տարիքն ունեին, երբ սկսվեց պատերազմը, եւ գլխավոր հերոսին ընտրելիս, բնականաբար պիտի նախապատվությունը տային իրենց սերնդակցին: Ճի՛շտ ընտրություն, որը նրանց օգնել է լինել ավելի բնական ու հավաստի:

Սակայն ինքնապատումը դեռ բավարար չէ գեղարվեստականության հասնելու համար: Այո, հավաստիություն, սակայն ո՛չ պարզունակ փաստագրության, այլ արվեստի, հորինվածքի օրենքներով հաստատված:

Այստեղ է, որ պետք է արժանին մատուցել ստեղծագործական ողջ խմբին, որ կարողացել են հաղթահարել ինքնահայեցումի (եւ, անշո՛ւշտ նաեւ ինքնահիացումի, այլ խոսքովՙ նարգիսականության...) դյուրին գայթակղությունը եւ անցած պատերազմը ներկայացնել ոչ թե որպես իրենց կենսագրության մի դրվագ, այլ ամբողջ ժողովրդի համար մեծագույն կարեւորություն ներկայացնող իրադարձությունՙ դիտված իրենց աչքով: Այդ իրավունքը նրանք վաստակեցին: Իրավունքը եւ պարտավորությունը:

Եվ փաստորեն առաջին անգամ է, որ գեղարվեստական արտացոլմամբ տեսնում ենք 90-ականների սկզբի երկակի մթնոլորտը, երբ ժողովուրդը պատերազմ էր մղում միաժամանակ երկու ճակատումՙ արտաքին եւ ներքին թշնամու դեմ, եւ դժվար էր ասել, թե դրանցից որն էր ավելի ստոր: Երբ միաժամանակ վսեմի ու հերոսականի կողքին հայտնվեց մե՛ր, հայրենակա՜ն, մեր ծոցից ելած տականքը, որը դյուրությամբ դառնալով տանտեր (ոչ միայն փոխ-նախարար), որոշում էր ժողովրդի լավագույն մասի ճակատագիրը եւ անգամ նրանց, ովքեր արյուն էին թափում ռազմի դաշտում: Ո՞վ կհամարձակվի պնդել, թե գլխավոր հերոսիՙ Արման Արամյանի (դերասան Խորեն Լեւոնյան) կերպարն այս առումով հավաստի չէ:

Նա պիտի կռվի երկու ճակատներում, եւ հենց այստեղ մենք իմանում ենք, որ ավելի հեշտ է հաղթել դարավոր թշնամուն, քան անսպասելիորեն գլուխ ցցած «ներքին թուրքին»: Նրա կռիվն սկսվում է ներքին ճակատում, անակնկալ, առանց նախապատրաստման:

Հետաքրքրական եւ հարուստ կերպար են ստեղծել դրամատուրգն ու ռեժիսորը, անշուշտ, Խորեն Լեւոնյանի հետ միասին: Հետաքրքրական ու բազմապլան է նախ գրական հենքը: Թվում է մեր առջեւ լճացման տարիներին բնորոշ «ոսկե երիտասարդության» տիպական ներկայացուցիչն է, զորավոր հայրիկի զավակ, փողով եւ ամենաթողությամբ լցված: Արտաքուստ այդպես է: Բայց ուշադիր նայելու դեպքում տեսնում ես, որ նա լոկ նմանվում է իր սերնդակիցներին (հո չե՞ս կարող միանգամից սպիտակ ագռավ դառնալ), բայցեւ ներքին ընդվզում ունի, անհամաձայնություն նրանց հետ, ժամանակի, միջավայրի հետ: Գուցե դեռեւս չգիտակցված, տարերային, բայց արդեն հասունացող, անհանգստացնող մի դժգոհություն:

Հիշենք այն տեսարանը, երբ խմբով, մեքենա նստած գնում են Աբոյի ռեստորանը: Հիշենք Վիգենի սանձարձակ, ցուցադրական պահվածքը եւ Արմանի զուսպ դժգոհությունը: Նա է փաստորեն այս խմբի լիդերը, բայց իրեն պահում է անհամեմատ ավելի համեստ եւ, ի տարբերություն Վիգենի կեղծիքին ու բռնությանն առնչվելիս անմիջապես կողմնորոշվում է եւ ապավինում իր ներքին մաքրությանըՙ փոխ-նախարարի գլխին խփելիս կամ ադրբեջանցի օմոնականի վրա կրակելիս:

Ոմանց կարող է թվալ, թե հերթական անգամ մշակվել է կերպարային ծանոթ սխեման. հանցագործը կամ բացասական պերսոնաժն անակնկալ ընկնում է դրամատիկ իրավիճակների մեջ եւ սատանան դառնում է հրեշտակ: Կարող էր եւ այսպես լինել, մանավանդ որ արցախյան պատերազմում նման դեպքեր էլ եղան: Սխեման վտանգավոր է այն ժամանակ, երբ սխեմատիկ է ներկայացվում:

Բայց նման զուգահեռ անցկացնելու ոչ մի հիմք չունենք: Նախ, որ Արման Արամյանը ո՛չ բացասական պերսոնաժ է, ո՛չ հանցագործ: Նա հանցագործ է «բիրդան աղայի» տեսանկյունից: Պարզապես այդ կերպարն ամբողջ ֆիլմի ընթացքում ձեւավորվում ու մարմին է առնում փորձությունների հաղթահարման ճանապարհով: Նա շարունակ քայլում է անդունդի եզրով: Մաքառումների մեջ ծնված դրական հերոս, որպիսին չեմ հիշում մեր նախորդ ֆիլմերում:

Դժվարանում ես հավատալ, որ դա երիտասարդ դերասանի առաջին լուրջ դերն է կինոյում: Քայլ առ քայլ, առանց շեշտված արտահայտչամիջոցների նա խորանում է կերպարի մեջ: Առանձնապես ուժեղ է հոգեբանական բարդ տեսարաններում, որտեղ, արտաքին հանդարտության տակ նկատվում է երկրորդ պլանը, ներքին հասունացումը: Որպես կերպար նա ստեղծվում էՙ շարունակ գնալով կյանքի ծանր անակնկալներին ընդառաջ: Արտաքուստ մնում է անփոփոխ, բայց որոշակիորեն երեւում է, թե ինչպիսի կուտակումներ են կատարվում նրա ներսում:

Խորեն Լեւոնյանն այս ֆիլմի հայտնությունն է:

Զարմանալի հարազատությամբ եւ առանց անհարկի թանձրացումների են ներկայացված մյուս կերպարները: Այստեղ միակ ծանոթ դեմքը Արտաշես Ալեքսանյանն էՙ փոխ-նախարարի դերում: Սոցիալական այդ տիպը, վարչական բարձունքներին հասած այդ դուրսպրծուկը, որ անչափ ծանոթ է մեզ ոչ հեռավոր անցյալից, հարություն է առել շնորհիվ դերասանի հմուտ խաղի:

Մյուս դերակատարները, որ նվազ ծանոթ են մեզ կամ իսպառ անծանոթ (մարտիկներ եւ երկրորդական պերսոնաժներ մարմնավորողներից ոչ բոլորն են պրոֆեսիոնալ դերասաններ) իրենց բնական խաղով կարողանում են մտնել անսամբլի մեջ եւ շատ բանով նպաստում այդ տարիներին բնորոշ միջավայրը վերստեղծելուն:

Գլխավոր հերոսների «շրջապատը» որոշակիորեն երեւում է, որ ընտրված է բնականության, կյանքին առավել մոտիկ լինելու, ես կասեի նույնիսկ տիպաժային սկզբունքով: Նրանք փաստորեն խաղում են իրենք իրենց: Չնչին բացառությունները չհաշված, այս սկզբունքն արդարացվել էՙ ներկայացնելով մեզ 90-ականների առաջին կեսի սոցիալական հավաստի համայնապատկերըՙ մարդկային դիմագիծը պահպանած «գողականից» մինչեւ կեղծ եւ իսկական ազատամարտիկը:

Հարազատությամբ է ներկայացված նաեւ այդ օրերի Երեւանը, գուցե ոչ իր ամբողջ դաժանության մեջ, բայց ճշմարտացի: Առավելագույն չափով իրականությանն են մոտեցված նաեւ երկխոսությունները, ընդհանրապես ֆիլմի ամբողջ լեզվաշերտը: Ամեն մեկը խոսում է իր տիպաժի, սոցիալական իր խավի լեզվով: Գրական եւ կիսագրական լեզվի կողքին հնչում է «մենթերի» պրոֆեսիոնալ խոսելաձեւը, «գողականների» արգոն (Նալի եւ նրա ընկերոջ բերանում), արեւմտահայերեն, Գորիսի-Ղարաբաղի խառը բարբառՙ Շիրակի բարբառի հետ միասին, էկրանից հնչում են բառեր ու արտահայտություններ, որոնք անգամ կյանքում ամեն տեղ եւ ամեն մեկի ներկայությամբ չես ասի, մի խոսքով, հեղինակներն այս կերպ խուսափել են լեզվական համահարթեցումից: Ճիշտ լուծում է, բայցեւ նշենք, որ հերոսները հայտնվել են վտանգավոր մերձավորության վրա անթույլատրելիից: Բարեբախտաբար, մեկ-երկու տեսարանում: Թերեւս արժե նաեւ նշել, որ լեզվական առումով ամենաանհամոզիչն են այն տեսարանները, ուր հերոսներն արտահայտվում են, «դուբլյաժային» ամորձատված հայերենը հիշեցնող թորած լեզվով:

Այս ֆիլմի մասին խոսելիս, անկարելի է լռության մատնել մեկ այլ լուսավոր կերպարՙ Մարին, Լուսինե Թովմասյանի կատարմամբ: Ողջունելի է Հայաստանի գեղեցկուհուն կինեմատոգրաֆ բերելու որոշումը, եթե նույնիսկ միանգամից առաջարկվում է կատարողական առումով բարդ ու ծավալուն մի դեր: Եվ եթե իր անփորձության, ինչպեսեւՙ տեղ-տեղ անհամոզիչ, շինծու երկխոսությունների, նրա կերպարի դրամատուրգիական տարտամության, ֆունկցիոնալության պատճառով նա չէր հաջողում բոլոր տեսարաններում Խորեն Լեւոնյանին հավասար խաղընկեր դառնալ, ապա իր գեղեցկությամբ, իր հմայքով, վերջապես, իր ներքին մաքրությամբ լույս էր սփռում օրհասական ժամանակն ու դաժան հարաբերությունները պատկերող կինոերկում: Առանց Լուսինե Թովմասյանի ֆիլմը կլիներ չափազանց մռայլ:

Եվս մի հայտնություն. Հայկոնՙ իր երգով եւ ամեն սերիայի սկզբից հնչող տագնապալի, տխուր, միաժամանակ հույսի շող պահող իր երաժշտությամբ, որ հանդիսատեսին միանգամից ստիպում է լարվել, կենտրոնանալ եւ հոգեբանորեն պատրաստվել դրամային: Ավելին, այն մեզ ներքաշում է գործողության մեջ: Ընդհանրապես, գերազանց է ֆիլմի ամբողջ երաժշտական-ձայնային լուծումը:

Եվ, վերջապես, արժանին մատուցենք ռեժիսոր-բեմադրող Արամ Շահբազյանին, որ օպերատոր Մկրտիչ Մալխասյանի հետ չվարանելով բազմաթիվ ու բազմազան ռիսկերի առջեւ, կարողացել է միավորել այս ամենը եւ ստեղծել իր տեսակի մեջ եզակի մի ֆիլմ, որն անպայման շրջադարձային է դառնալու մեզ համար: Վստահությամբ կարող ենք ասել, որ նա ի վիճակի է ստեղծագործական ավելի բարդ խնդիրներ լուծել:

Այսպիսով, սահմանագիծը նշված է: Երկարաձգված ընդմիջումից հետո Հանրային հեռուստատեսությունը նոր շրջան է սկսում հայկական կինոյի պատմության մեջ: Եվ ոչ միայն ժամանակագրական իմաստով: Այլեւ, ավելի շատ գեղագիտական: Ողջունենք այդ պատվախնդրությունը եւ մաղթենք, որ այն հիմնավորվի հետագա նոր նվաճումներով: Կարծում ենք, որ բոլոր հնարավորությունները կան դրա համար, եւ կա մանավանդ կամքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4