ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ազնիվ ընթերցողը պետք է միշտ պարտապանի զգացում ունենա տաղանդավոր գրողի հանդեպ: Առավել եւս պրոֆեսիոնալ ընթերցողը, գրականության գիտակը, գրականագետը: Ես, որ թեպետ երկու, թե երեք անգամ գրավոր խոսել եմ իր գրականության մասին, ուրախ եմ, որ այսօր պատեհ առիթը ունեմ ընթերցողի իմ պարտքը հատուցելու եւ իմ հիացմունքն ու սքանչացումը արտահայտելու Վահագն Գրիգորյանի հիրավի տաղանդավոր, խորապես արդիական, մտածողությամբ եւ արվեստովՙ ժամանակակից, թարմ եւ ուժեղ գրականության հանդեպ:
Վահագն Գրիգորյանի «Առաջնորդի կյանքն ու մահը» վեպը (Երեւան, 2006, «Նաիրի» հրատարակչություն) տաղանդավոր գրողի հերթական տաղանդավոր գործն է: Գիրքը գրվել է 2001 թվականին: Ինչի՞ մասին է այս երգիծական վեպը: Գրողը պատմում է հայ քաղաքական կյանքի, քաղաքական մի կուսակցության գործունեության, այդ կուսակցության առաջնորդի վերջին մեկ-երկու տարվա կյանքի մասին: Ըստ երեւույթին, դատելով ըստ մեր ժողովրդի քաղաքական կյանքի պատմության, ըստ մեր ներկա քաղաքական կյանքի, ըստ մեր ժողովրդի այսօրվա վիճակի ու ըստ մեր իրականության, հայ քաղաքական կուսակցություններին ու նրանց առաջնորդներին վիճակված է ի վերջո իրենց անփառունակ կյանքի եւ ձախավեր, ինքնանպատակ «գործունեության» վախճանը գտնել հայ երգիծական լավագույն գրականության էջերում, իբրեւ պարոնյանական դառն ծիծաղի եւ օտյանական սպանիչ ծաղրի առարկա:
1988-ից ի վեր մեր երկիրն ու ժողովուրդը մեծ փորձությունների ենթարկվեցին եւ դրանց հետեւանքով հայտնվեցին ճակատագրական մեծ շրջադարձի առջեւ: Պատմությունը մեզ երկրորդ անգամ մեծ հնարավորություն տվեց ազգային անկախ, ինքնուրույն պետություն կառուցելու, ինչը տասնյակ սերունդներ են երազել դարերով: Բայց այն, ինչ տեղի ունեցավ եւ ինչը այսօր գոյություն ունի Հայաստանում, դժվար է սերունդների երազանք կամ այդ երազանքի իրագործում համարել: Դժբախտությունն այն է, որ պատմական այդ մեծ խնդիրը, այսպես թե այնպես, պետք է իրագործեր խորհրդային իրականության մեջ ապրած հանրությունն ու մարդկային զանգվածը: Մինչդեռ խորհրդային հանրությունը իր մեծագույն մասով արատավոր հանրություն էր, քաղաքացիական հստակ ու առողջ մարդկային նկարագիր ձեւավորելու առումովՙ բացարձակապես մերժելի ու անկատար: Տասնամյակներ շարունակ խորհրդային մարդը ապրել է պետական ու հասարակական կեղծիքի մեջ, երկատված պետականորեն կեղծվող իրականության եւ իր ապրած իրական կյանքի միջեւ: Այդ արատավոր հանրությունն էլ ձեւավորել է խորհրդային մարդու հոգեբանությունն ու հեղհեղուկ, ընչաքաղց, պիղծ ու անբարո նկարագիրը. ի վերջո, խորհրդային մարդը յոթանասուն տարի ապրել է առանց հավատի ու առանց Աստծու գաղափարի, այսինքնՙ առանց բարոյականության եւ առանց խղճմտանքի, առանց կարեկցանքի եւ գթասրտության: Այնպես որ, մեր նոր երկիրն ու մեր նոր իրականությունը պետք է ձեւավորեր-ստեղծեր-կառուցեր խորհրդային ռեժիմի ու խորհրդային կյանքի հոգեբանություն ունեցող, խորհրդային կոմունիստական կուսակցության երեկվա հավատավոր անդամ ու եռանդուն գործիչ Հոմո Սովետիկուսը: Անշուշտ, խորհրդային իրականության մեջ կար մարդկանց մի շերտ, ընդհանուրի մեջ գրեթե չերեւացող մի հատված, որ ազգային բարձր գիտակցություն, ազգային ու մարդկային բարձր իդեալներ, բարոյական մաքրություն եւ քաղաքացիական նկարագիր ուներ: Ցավալի իրողությունն այն է, որ երբ օրը հասավ, մեր հանրության այդ շերտն ու այդ հատվածը անմիջապես մեկուսացվեց կասկածելի ճանապարհներով նոր իրականության մեջ իշխանության հասած Հոմո Սովետիկուսի ձեռքով եւ հետո պարզապես մի կողմ նետվեց:
Եվ ի՞նչ հաջորդեց դրան, ի՞նչ տեղի ունեցավ: Խորհրդային երկիրը փլվել էր, հազարավոր գործարաններ, հաստատություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, ինստիտուտներ էին փակվել եւ հարյուր հազարավոր մարդիկ զրկվել էին աշխատանքից, դարձել էին գործազուրկ: Ազգային շարժման վիթխարի տարերքը իր մեջ ներառել էր ամեն տեսակ մարդկանց: Հետո դրանց մի մասը հասավ իշխանության, դարձավ ղեկավար ու պաշտոնյա: Մեծ մասը, բնականաբար, չհասավ որեւէ դիրքի եւ իշխանության: Ահա հենց այդ ժամանակ էլ ասպարեզ եկան կուսակցությունները: Ազդեցության ոլորտներից, դիրքից, իշխանությունից հեռու մնացածները,- իսկ սրանց մեջ կային ամեն կարգի մարդիկՙ դատարկապորտներ, բախտախնդիրներ, զանազան ճարպկորդիներ, կասկածելի անցյալ ու վարք ունեցող անձնավորություններ,- սկսեցին կուսակցություններ կազմել: Մարդիկ լավ էին հասկացել նոր իրականության թելադրանքըՙ իշխանության, այսինքնՙ բարեկեցիկ եւ ապահով, հարուստ կյանքի հասնելու միակ ուղին կուսակցություն կազմելն է եւ կուսակցության մեջ լինելը: Այսպես էր, որ Հայաստանում կուսակցությունների թիվը շատ շուտով անցավ մի քանի տասնյակի սահմանը եւ աճում էր սպառնալի արագությամբ: Իհարկե, ազգային համընդհանուր նպատակները, Ազատության հրապարակում արտասանված ոգեշունչ ճառերը միասնական ուժերով նոր ու ազնիվ երկիր կառուցելու մասին, ազգային բարձր գաղափարների ու իդեալների արծարծումները, որ երկիր ու ժողովուրդ էին ալեկոծում, վաղուց մոռացվել են... Դրանց մասին ի՞նչ խոսեն, իրենք էլ են ամաչում, որ խոսեն... Եվ ինչպե՞ս կխոսեն. իրենց կյանքով, վարքով ու վարքագծով, ունեցվածքով, հարստությամբ եւ այսպես ասած «տնտեսական գործունեությամբ» շա՞տ են տարբերվում, շա՞տ հեռու են իշխանավորներից եւ օլիգարխներից... Այսպես, մեր իրականության մեջ հայտնվեցին նոր մարդիկ, նոր կերպարներ... Հենց սրանք էլ ներկայացնում են այսօրվա կուսակցությունները:
Եվ ահա, Վահագն Գրիգորյանի վեպը պատկերում է մեր կյանքի այս ընթացքը, որ ծնունդ է տվել, ի թիվս այլ կուսակցությունների, նաեւ վեպի հերոս «Ընթացք» կուսակցությանը: Վեպի բուն նյութը «Ընթացք» կուսակցության պանծալի առաջնորդ, մեծ ազգասեր եւ հայրենասեր Վասակ Չոփուրյանի հերոսական կյանքն է ու մահը: Ընթերցողը զուր կփնտրի իրական դեմքեր ու նախակերպարներՙ «Ընթացք» կուսակցությունը Վահագն Գրիգորյանի երեւակայության արդյունքն է, իր հորինածը, բայց այնքան բնորոշ ու հավաստի, այնքան որոշակի ու տիպական, որ նրա գեղարվեստական պատկերի մեջ ընդհանրանում-ճանաչելի են դառնում սնկի պես աճած բոլոր մանր ու մեծ կուսակցությունները:
Վեպը, իհարկե, երգիծական-սատիրական վեպ է: Այլ կերպ, հավանաբար հնարավոր էլ չէ պատկերել այդ երեւույթը, որովհետեւ այն, ինչի մասին խոսում է գրողը, այն նյութն ու թեմաները, որ արծարծում է նա, մեզ համար այսօրվա դառն իրողություն են:
Վիպասանը եթե կյանք եւ իրականություն է ներկայացնում, եթե որոշակի իրականություն նկատի ունի, եթե իր գրածը վերացական-պայմանական իրականություն չէ, ապա պետք է պատմություն պատմի - դիպաշար ներկայացնիՙ դեպքերի եւ իրադարձությունների ընթացք, եւ պետք է կերպար (կերպարներ) ստեղծի: Դրանք միշտ կան կյանքում, իրականության մեջ, մեր շուրջը, բայց պարզ դիտողի համար այդ կերպարները կարծեք հստակ ուրվագծված չեն: Այն բանից հետո, երբ գրողը տեսնում է նրանց, հայտնաբերում է նրանց, ընդգծում է նրանց գոյությունը, նրանք այլեւս վավերական գոյությունից վերածվում են գրական իրողության: Վահագն Գրիգորյանը հրաշալի կերպարներ է ստեղծել, կենդանի, իրական, արտահայտիչ, հավաստի ու գեղարվեստական ընդհանրության մեջ ճանաչելի գրական հերոսների մի շարք է անցնում ընթերցողի աչքերի առջեւով: Հիմնական հերոսները, հիմնական տիպարները եւ հիմնական գործող անձինք երկուսն ենՙ կուսակցության բոցաշունչ առաջնորդ Վասակ Չոփուրյանը եւ իր, նախՙ վարորդ, ապա օգնական ու նաեւ գաղափարական մարտիկ ու հոգեկից ընկեր Պետրոս Ապրեսյանը, միմյանց լրացնող, միմյանց թարգմանող, միմյանց ամբողջացնող հոյակապ մի երկյակ: Մնացյալները նեղ շրջապատն են ու կուսակցական եւ հանրային միջավայրը: Կուսակցությունը ունի իր քաղաքական խորհուրդը, մեր հայկական «Սրի եւ խոփի միությունը»ՙ նշանավոր ու փառապանծ գործիչներով, որոնցից յուրաքանչյուրը գրոտեսկային կերպար է, հրաշալիորեն երգիծված, եւ մարմնավորում է մեր ներկա իրականության հանրային կյանքի ներքին ենթաշերտերից մեկնումեկը:
Խորհրդային երկրի ժողովուրդը խորհրդային ռեժիմն ու խորհրդային հասարակարգը նախապես խորտակել, կործանել էր իր խոսքով ու կամքովՙ իր բանականության մեջՙ սպանիչ անեկդոտների եւ զանազան զվարճալի հորինվածքների մեջ նսեմացնելով եւ դատավճիռ կարդալով նրանց: Որքան ռեժիմը վերամբարձ ճառերով, շքանշաններով ու պարգեւատրումներով, կոչումներով, տիտղոսներով ու փառաբանություններով իր պաշտոնյաներին, ռեժիմի ընտրյալ մարդկանց բարձրացնում, երկինք էր հանում, ժողովուրդն այնքան ավելի ռաբլեական ծաղրով նրանց վար էր բերում, նետում էր իր կյանքի առօրեականության մեջ, իջեցնում-դարձնում էր գետնին հավասար, ավելինՙ ժողովրդական սպանիչ խոսք ու զրույցի մեջ դարձնում իր խամաճիկն ու խեղկատակը: Այս ամենը մեծ մասամբ դրսեւորվում էր այլաբանորեն, փոխաբերական արտահայտություն էր ստանում: Առասպելը իջեցվում էր կենցաղայինի, շուկայի հրապարակի խեղկատակության աստիճանի, հերոսը պսակազերծվում էր եւ վերածվում խեղկատակի... Խորհրդային իրականության առասպելներից մեկն էլ զորավար Վասիլի Իվանովիչ Չապաեւն էր, հրամանատար Չապաեւը, որ համարվում էր հերոսության ու անձնազոհության բացառիկ օրինակ, ինչպես որ նրան ներկայացնում են Դմիտրի Ֆուրմանովի հայտնի վեպն ու խորհրդային հայտնի կինոնկարներից մեկըՙ Վասիլեւ եղբայրների «Չապաեւ»-ը: Եվ ահա խորհրդային ժողովրդի բանավոր ստեղծագործության մեջ Չապաեւի եւ իր թիկնապահ թե համհարզ Պետյայի մասին պատմվող պատմություններում Չապաեւը միշտ ներկայանում է իբրեւ ժողովրդական սպանիչ ծաղրի եւ ուրախ հումորի առարկա, իբրեւ վայրենի բարքի, կասկածելի հերոսականության, տգետ ու բռի վարքի տեր անկիրթ մարդ: Եվ անշուշտ, Չապաեւը խորհրդային բանահյուսության մեջ շատ խորհրդանշական, իմաստավոր եւ ընդհանրական կերպար է:
Վահագն Գրիգորյանը սրամիտ հնարք է բանեցրելՙ խորհրդային առասպելական հերոսին պսակազերծող անեկդոտային հարաբերությունը փոխադրելով հայկական հողի վրա: Ռըսախոս քաղքենու համար Վասակ որդի Հովհաննեսին իհարկե Վասիլի Իվանովիչ է, մանավանդ եթե նա դիրք ունի կամ պաշտոնյա է, եւ Պետրոսն էլՙ Պետյա:
Այսպես սկիզբ է առնում «Ընթացք» կուսակցության ղեկավար Վասիլի Իվանովիչի - Վասիլի Իվանիչի եւ նրա վարորդ, օգնական, քարտուղար, խորհրդատու, սան, ապա կուսակցության ուղեղ եւ նվիրական գործի շարունակող Պետյայի համատեղ գործունեության պատմությունը: Իրականում Պետյան դառնում է Վասիլի Իվանիչի հերոսական, անձնուրաց եւ փառահեղ կյանքի անմիջական մասնակիցը, վկան ու ազնիվ կենսագիրը: Ռոբերտ Փենն Ուորենի «Թագավորական ողջ շքախումբը» վեպի հայկական հեռավոր արձագանքը վերածվում է փայլուն գրոտեսկի:
Իսկական վիպասանը պետք է կարողանա վիպել, կյանք-իրականություն-պատմություն պատմել: Վահագն Գրիգորյանը հրաշալի տիրապետում է պատմելու գրողական արվեստին: Եվ իր պատմության հետ աստիճանաբար, հիմնական գործող անձանց կերպարների հետ զուգահեռ, բացվում են մյուս կերպարները:
Գրողը հրաշալի է պատկերել Վասիլի Իվանիչին: Սա նոր երեւույթ է հայկական կյանքում, հայ իրականության մեջ: Այս հերոսը մեր նոր ժամանակների «հեղափոխության մակաբույծներ»-ից մեկն է, անշուշտ, ավելի նրբացված, ավելի վարպետ, ավելի խարդախ ու ստոր: Օտյանի Փանջունին, մարմնավորելով շատերին, այնուամենայնիվ անհատ էր: Սրանքՙ Վասիլի Իվանիչներն ու Պետյաները, բազմաթիվ են, բազմաքանակ ու բազմություն, որոնք տասնյակ կուսակցություններ են:
Վասիլի Իվանիչը ստոր եւ անարգ անձնավորություն է, իր «գործունեությամբ»ՙ ուղղակի չարիք, բայց լկտիություն ունի արդարացնելու իր կուսակցական գործունեությունը. « Մենք, ի տարբերություն մյուս կուսակցությունների, ժողովրդին խաբում եւ օգտագործում ենք հանուն ժողովրդի » (էջ 25): Վասիլի Իվանիչը այնպես է խոսում, իբր թե իր եւ մյուս կուսակցությունների միջեւ որեւէ տարբերություն կա: Կուսակցության ողջ «գործունեությունը» հիմնված է խարդախության եւ խաբեության վրա. «Ընտրարշավը փայլուն ավարտեցինք, ընտրություններին էլ հասանք կազմ ու պատրաստ: Հանձնաժողովում վստահելի մարդիկ ունեինքՙ բոլորին էլ իրենց ուզածի ու մեր տվածի վրա մի այդքան էլ խոստացել էինք, եթե ձայները արդար հաշվվեն, իսկ եթե ոչ այնքան արդար, ապա Վասիլի Իվանիչի օգտին: Մարդիկ ազնվորեն աշխատեցինՙ Վասիլի Իվանիչս հաղթեց բացարձակ առավելությամբ» (էջ 26-27):
Սպանիչ սարկազմով դառը ճշմարտություն է ասում գրողը «Ընթացք» կուսակցության կառուցվածքի ու կազմի, նրա աշխատանքային «խոհանոց»-ի, գործուն ու եռանդուն անդամների մասինՙ Քաղկոմ, Գիտնական, Խմբագիր եւ այլն: Նախկին ռեժիմի անգործ մնացած գաղափարական ու մտավոր գործիչները տեղավորվում են զանազան կուսակցություններում, որոնց ներկայացուցչական նպատակներով այսպես կոչված մտավորականներ են պետք. « Հետներս նաեւ մեկ-երկու դերասան, բանաստեղծ ու նման բաներ էինք տանում, որոնք էլ իրենց ձեւով էին Վասիլի Իվանիչի, ինչպես ասում են, փառքը երգում» (էջ 26): Այդ «նման բաներ »-ից մեկը Խմբագիրն է, մյուսըՙ Գիտնականը: Խմբագիրը առհասարակ ոչինչ մեկն է, Գիտնականըՙ անսկզբունք ու աննկարագիր, սոված ու անապահով մտավորականության պնակալեզ տեսակը. «Գիտնականի ելույթը, պետք է ասեմ, զարմանալիորեն ընդունելություն գտավ: Նրա յուրաքանչյուր երկրորդ բառը որեւէ սննդամթերքի անուն էրՙ հաց, պանիր, երշիկ, կարագ, ձու, կաթ...» (էջ 206): Գիտնականի ճառը ընդունելություն է գտնում, որովհետեւ սոված է ոչ միայն ճառ ասողը, այլեւ լսողը:
Վասիլի Իվանիչի կերպարը, ինչպես ասում են, բացվում-զարգանում է «Ընթացք» կուսակցության բուռն գործունեությանՙ իր մեկը մյուսից անհեթեթ ծրագրերի, դրանց իրագործման ձեւերի, միջոցների եւ ուղիների, ճոռոմ ու վերամբարձ ճառերի մեջ: Աստիճանաբար բացվում է նաեւ կուսակցական կյանքի ներքին խոհանոցըՙ ինչպե՞ս են փող հայթայթում իրենց գործունեության համար, ի՞նչ են մտածում, ի՞նչ են անում... Եվ այս ընթացքում գրողը պատկերում է մարդկանց, որոնք միայն մեկ անգամ են հայտնվում վեպի էջերում, բայց գեղարվեստական պատկերման հավաստիության եւ ճշմարտացիության շնորհիվ մնում են ընթերցողի հիշողության մեջ: Ահա, օրինակ, վեպի առաջին էջերում հայտնվող Կոլոտը, նոր իրականության այսպես կոչված «լավ տղաներ»-ից մեկը (կյանքում էլ սրանք ածական անուններով են ապրում), երիտասարդ մարդ, որ շատ փող ունի եւ «շրջապատ» եւ ուզում է կուսակցության ցանկերում լավ տեղ ունենալ: Պետյան «հարթում է» այս հողի վրա Կոլոտի եւ Վասիլի Իվանիչի միջեւ ծագած անհարթությունը: Այդ հաշտեցումից հետո Վասիլի Իվանիչն ու Պետյան, այսինքնՙ կուսակցությունը, ստանում են 10000 դոլար կանխիկ փողՙ Կոլոտի «օգնությունը» կուսակցությանը, իսկ Կոլոտի անունը կուսակցության ցանկում մի երեսուն անունից առաջ է ընկնում:
Այս «լավ տղան» իրոք որ տեսակ է: Սրանք նոր երեւույթ են հայկական իրականության մեջ եւ բավական տարածված երեւույթՙ զգալի թիվ են կազմում: Մեծ մասամբ զուրկ կամ շատ հեռու գրագիտությունից ու զարգացումից (բայց դիպլոմներ ունեն, քանի հատ որ ուզենան), նրանք փող եւ հարստություն դիզելու գործում անմրցելի են, օրինականացրել են արդիական կողոպուտի իրենց միջոցներն ու եղանակները, ամրագրել են դրանք օրինական փաստաթղթերով եւ իրավական դաշտով, միշտ շրջում են տասնյակ սափրագլուխ թիկնապահներով եւ մեկը մեկից շքեղ մեքենաներով եւ կոչվում են գործարարներ: Իրենց տնտեսական «գործունեությունը» ամեն կողմից ապահովելու համար նրանք անպայման կապվում են նաեւ որեւէ կուսակցության հետ (ըստ օրվա թելադրանքի եւ պահանջի) եւ աջակցում են այդ կուսակցությանըՙ փող են տալիս, զանազան օգնություն եւ այլն:
Մի այլ տիպ է ներկայացնում «հյուսիսային լայնածավալ երկրից եկած ազնիվ գործարարը»: Այս մարդը ծագումով հայ է, եւ սա էլ իր խաղն է խաղումՙ մարդը երկրի գործող նախագահի անունն անգամ չգիտի, բայց այս կուսակցությանը փող է տալիս եւ իր պայմաններն է թելադրում: Սա էլ հեռուն գնացող իր նպատակներն ունի: Ընդամենը մի երկու էջում երեւացող այս կերպարը նույնպես հրաշալի է գծված: Առհասարակ Վահագն Գրիգորյանը գրողական մանրամասնի վարպետ է: Իբրեւ թե հայ այս Սլավոմիր Սաֆարովը Երեւանի օդանավակայանում հեռախոսով խոսում է Ռուսաստանում գտնվող իր սիրուհու հետ եւ խոսքի մեջ դառնում է իրեն ճանապարհող Վասիլի Իվանիչին եւ Պետյայինՙ « Տղաներ,- արդեն մեզ է դիմում,- ես որ քաղաքից եմ թռչում... » (էջ 49):
Ինքըՙ Վասիլի Իվանիչը, նորօրյա կուսակցականի եւ կուսակցականության տիպար օրինակ էՙ իր նկարագրով, իր հոգեբանությամբ, իր գործելակերպով: Բնական է, երգիծական ստեղծագործության մեջ շատ բան հեղինակը հասցնում է ծայրահեղության, գրոտեսկի, բայց խորքում միշտ մնում է իրատեսական ու ճշմարտացի: Նպատակներով իշխանատենչ ու գիշատիչ, ընտանիքովՙ ռըսախոս ու քաղքենի, հոգեբանությամբՙ ստոր ու անարգ, Վասիլի Իվանիչը «Ընթացք» կուսակցության «քաղաքական գործունեությունը» լկտիորեն ներկայացնում է իբրեւ սուրբ եւ ազգանվեր գործունեություն. « Մեր կուսակցական անաղարտությունը այն սուրբ գետն է, որի ջրերում մկրտվելով, ամեն ինչն է սրբանում » (էջ 53): Իրենց կուսակցական չքմեղանքի ետեւում հանգիստ պատսպարված Վասիլի Իվանիչը եւ իր հետ իր այլեւս անբաժան կեսըՙ Պետյան, անշեղորեն գնում են դեպի իրենց գերագույն նպատակըՙ դեպի առավելագույն իշխանություն, դեպի նախագահական ընտրությունները: Իրենց ճանապարհին նրանք ոչնչի առջեւ չեն կանգնում, խտրություն չեն դնում միջոցների միջեւ, միայն թե լինեն, երեւան ու մնան քաղաքական դաշտում, իշխողների տարածության մեջ: Նրանց գործելակերպից բացվում են նաեւ միջկուսակցական ստոր եւ խարդախ հարաբերությունները. « Մի խոսքով, մեզ դավաճանում են բոլոր կողմերից: Նույնիսկ մեզ թշնամի կուսակցությունը, որը, ինչպես Վասիլի Իվանիչը դիպուկ բնորոշեց, լիովին բացահայտեց իր հակաժողովրդական էությունը, հրաժարվելով մեզ փող տալ նոր հանրահավաքների համար » (էջ 42): Իր կուսակցական փառահեղ գործունեության վերջինՙ վիպական դիպաշարի մեջ առնված գործունեության բուն ընթացքը Վասիլի Իվանիչը սկսում է Շուն ու Գելի միության մեջ մտնելու ծրագրի հրապարակ հանելով: Իրենց նպատակներին հետամուտՙ Վասիլի Իվանիչն ու Պետյան մշակում են նոր ու ավելի մեծ ծրագիրՙ հնարում են երկիրը փրկելու նպատակով այն հիմնովին քանդելու ծրագիրը, որը կոչում են «Սառը ցնցուղի քաղաքականություն»: Այս ծրագիրը պետք է ունենա մի քանի փուլՙ «տեւական ցնցումներ», «քաոս», «կործանում» եւ «փյունիկ»...
Վահագն Գրիգորյանը վեպը կառուցել է գրոտեսկային անհեթեթ իրավիճակների եւ զավեշտական փայլուն պատմությունների հոյակապ հաջորդականությամբ: Ինչ ասես արժե զինվորներ Թոթի, Ճլեի եւ սպա Գոմեշի հետ կապված պատմությունը: Պետյան հնարում է Թոթի անունից մի նամակ, դրա հետ կապված դեպքեր են զարգանում, եւ անհեթեթությունը հասնում է այնտեղ, որ ինքըՙ Վասիլի Իվանիչն ու Պետյան այդ նամակը դեպքերի ընթացքում համարում են հավաստի իրողություն, խոսում են դրա մասին, միանգամայն լրջորեն վիճում են դրա շուրջ... Այնուամենայնիվ, այդ հորինյալ նամակն ու սպա Գոմեշի հետ կապված պատմությունը հրաշալի են ներկայացնում մեր իրականության որոշ կողմերը: Այս պատմությունը վեպի լավագույն դրվագներից մեկն է: Թոթի նամակը հրաշալի ոճավորում է, գրված է նամակի հեղինակին ներկայացնող փայլուն ոճովՙ պահպանելով փողոցի ժարգոնը, բառապաշարը եւ այլն: Այն կարծես մի հատված լինի արդի հայ «մոդեռն», «առաջամիտ» որոշ գրողների «նորալեզու» «գրականությունից»: (Սրանց իգական հատվածին բնությունը ակնհայտորեն նեղացրել է, եւ ես կարծում եմ, որ նրանք դրա համար իրենց, այսպես ասած, «գրականությամբ» պարզապես վրեժ են լուծում հայոց լեզվից, հայ գրականությունից եւ ընթերցողից):
Վերադառնանք «Ընթացք» կուսակցության աննկուն առաջնորդին, որ միշտ նորանոր, մեկը մեկից անհեթեթ ու փանջունիական ծրագրեր է հղանում: Նրա ճառերի ու մտածումների լեզուն խորհրդային պետական պաշտոնյաների վերամբարձ ճառերի լեզուն է, եւ այսօր դա, բոլորն են տեսնում, ընդհանրական է բոլոր կուսակցությունների համար: Եվ, ինչը նույնպես շատ բնորոշ է ու ընդհանրական, ամեն ինչ, ամեն մի անհեթեթ ու հիմար բան արվում է երկրի ու ժողովրդի անունովՙ հանուն երկրի ու ժողովրդի: Ուրեմն, Վասիլի Իվանիչը նախ միտք է հղանում երկրի կյանքը խառնակելու մարտի 8-ը պետական տոն դարձնելու ծրագրով: Հետո հորինում է « Աշխատողի եւ գործազուրկի համերաշխության օր » անցկացնելու աննման ծրագիրը: Այս էջերում գրողի երգիծանքը հասնում է կատարյալ վարպետության: Զարմանալի ճշգրտությամբ է գրողը պատկերել այն ամենը, ինչը կապվում է նման մի օրվա եւ նման մի, թեկուզ անհեթեթ, ծրագրի անցկացման հետ: Այն, ինչ գրողը վարպետորեն պատկերել է վեպում (մարդկանց հեռավոր գյուղերից ու շրջաններից տեղահան անելը եւ ոտքով Երեւան բերելը, ճանապարհին օղի բաժանելը եւ այլն), մարդիկ իրական կյանքում տեսել են հազար անգամ: Գրողի աչքը դիպուկ է, հայացքըՙ սուր եւ թափանցող, պատկերումըՙ անխնա սատիրական: Հարվածային խմբի պատմությունը ուղղակի գյուտ է, գրքի ամենափայլուն դրվագներից մեկը, եթե ոչ լավագույնը: Կատարվող դեպքերի ծայրահեղ անհեթեթությունը, կուսակցության առաջնորդի վերամբարձ ու ոգեշունչ ճառերը, քաղաքական խորհուրդիՙ մեկը մեկից հիմար ժողովներն ու նիստերը մի հարթության վրա են բերում վսեմն ու ստորը, բարձրն ու նսեմը, իդեալն ու խաբեությունը, կեղծիքով հրամցվողն ու դառն իրականությունը: Գրողը իր երգիծական այս ստեղծագործությամբ մեր ազգային կյանքի է՛ն ամենակարեւոր նպատակներն ու իդեալները ոչնչացված է տեսնում այս մերժելի մարդկանց ծաղրելի իրականության մեջ:
Վասիլի Իվանիչի, այս նորօրյա Փանջունիի ու Քաջ Նազարի մեջ նոր ու անսպասելի գծեր կան, իր լկտիությունը շատ անսպասելի դրսեւորումներ ունի: Իր քստմնելի կուսակցական գործունեության, երկիրը հանուն երկրի ու ժողովրդի քանդելու կուսակցական ծրագրի իրագործման մեջ իրոք անզուգական է կուսակցության առաջնորդը: Չարենցի կամարի մոտ «նայում է սյանը հենված, արծվենի հայացքը հառած հայրենիքին» ու հետո ասում է. « Չգիտեմ մարդ ինչպիսին պիտի ծնված լինի, որ չսիրի այս երկիրը » (էջ 241):
«Աշխատավորի եւ գործազուրկի միասնական տոն»-ին նվիրված հանրահավաքի կազմակերպման ու անցկացման ողջ իրարանցման մեջ հրաշալի են պատկերված պարոն Քաղկոմը (նախկինումՙ պետանվտանգության աշխատող, հիմաՙ գործազուրկ), Վասիլի Իվանիչի տեղակալ Փարախյանը (նախկինում սովխոզի դիրեկտոր), Երիտքարտըՙ երիտասարդության գծով քարտուղարը, Քյավառեցին, Վետերանը, Գիտնականը, Խմբագիրը: Պատահական չէ, որ սրանք անուն-ազգանուն չունեն, բոլոր կուսակցություններն էլ սրանցից ունեն: Ի՜նչ փայլուն են գրված հանրահավաքի օրվա դրվագներն ու մանրամասները, առանձին միջադեպերում երեւացող կերպարներըՙ Տիկնանց տիկինը, Խաչապուրիագողը, մյուսները... Քաղաքական խորհուրդի վերը հիշված անդամները երգիծված են եւ՛ իրենց խոսքով ու ճառերով, եւ՛ իրենց վարքով ու նկարագրով... Դրանք են այսօր մեր հասարակության ու քաղաքական կյանքի իբրեւ թե ներգործուն ուժերը:
Գրողի սուր երգիծանքը ծավալվում է էջից էջՙ ներառնելով քաղաքական կուսակցության գործունեության հնարավոր գրեթե բոլոր ոլորտները: Վեպի փայլուն հատվածներից մեկը կուսակցությանՙ արտասահմանյան երկրների հետ ունեցած «քաղաքական» կապերի երգիծումն էՙ հոլանդացու հետ կապված պատմությունը: «Ընթացք» կուսակցությունը իրերի բերումով մի օր հանկարծ մի նամակ է ստանում Հոլանդիայից, մի մասնավոր անձից: Օստապ Բենդերի «Արտասահմանը մեզ կօգնի» դասական դարձվածը վեպի այս էջերում վերածվում է փառավոր բուֆֆոնադի: Միասեռական հոլանդացին արու է որոնում, պահանջում է, որ «Ընթացք» կուսակցության քաղաքական այրերը Հոլանդիա ուղարկեն իրենց մերկ լուսանկարները, սրանք Սեւանի ափին լուսանկարվում եւ ուղարկում են եւ երջանիկ են ու հպարտ արտասահմանի ուշադրությամբ, իրենց կուսակցության հանդեպ արտասահմանի վերաբերմունքով եւ իրենց քաղաքական «գործունեության» սպասվող նոր վերելքով: Որքան ողորմելի են ու զավեշտական իրենց քաղաքական մտադրությունների լրջությամբ այս կուսակցության եռանդուն այրերը մինչեւ այն պահը, երբ Քյավառեցին բարձրաձայնում է հոլանդացու հետ կապված ճշմարտությունը: Կուսակցության քաղաքական ծրագրերը, ժողովների լրջությունը, արտասահմանի հետ կուսակցության ապագա համատեղ աշխատանքը, պարոն Քաղկոմիՙ բարի կամքի դեսպան գնալը պայթում են մանկական օդապարիկի պես, ոչնչանում են գրողի սուր ծաղրի ու երգիծանքի մեջ եւ կուսակցության քաղաքական իբր թե մեծ հարաբերությունները վերածվում են փողոցային, ցածր երեւույթի ու ռաբլեական զավեշտի: Այդ միջադեպը նույնպես հրաշալի է բնութագրում մեր քաղաքական կուսակցություններին:
Վահագն Գրիգորյանը իր վեպում ցույց է տվել կուսակցության կյանքն ու գործունեությունը բոլոր առումներով, պատկերել է կուսակցության «գործուն» վերաբերմունքը հայ կյանքի գրեթե բոլոր կարեւոր ոլորտների եւ ցավոտ ու կենսական երեւույթների հանդեպՙ կուսակցությունը եւ սփյուռքը, կուսակցությունն ու Հյուսիսային դաշնության լայնածավալ հորիզոններում ապրող հայ ազգաբնակչությունը, նրա խնդիրներն ու նկրտումները, կուսակցությունը եւ եկեղեցին, անգամ կուսակցությունը եւ մեր ուղղագրության չարաբաստիկ հարցը:
Այս առումով նույնպես Վահագն Գրիգորյանը հրաշալի է կառուցել վեպի դիպաշարը: Ահա պատմության մեջ հայտնվում են արտասահմանից եկած Պարոնը եւ Տիկինը: Մարդիկ եկել են հայրենիքՙ մեծ զգացումներով եւ հայրենիքին օգտակար լինելու ազնիվ պատրաստակամությամբ: Եվ հերոսական Վասիլի Իվանիչն ու Պետյան, առանց աչք թարթելու եւ անվրդով, խաբում են այս երկու օրինավոր ու պարկեշտ մարդկանց, որբերին օգնելու պատրվակով կորզելով նրանցՙ ամբողջ կյանքում ազնիվ աշխատանքով հավաքած փողը, որ նրանք տալիս են սիրով եւ հոժարությամբ: Այսպես է կուսակցությունը «աշխատում» սփյուռքահայության հետ:
Եվ վերջապես հասնում է օրը, երբ Վասիլի Իվանիչը պետք է մեկնի Հյուսիսային դաշնության մայրաքաղաք: Պաշտոնապես Վասիլի Իվանիչը Մոսկվա է մեկնում բուժվելու, բժշկական քննության ենթարկվելու նպատակով, բայց իրականում մեկնում է «պղտոր ջրերում ձուկ որսալու»: Փայլուն են Մոսկվայից Հայաստան, կուսակցության լրագրին Պետյայի ուղարկած տեղեկատվությունները: Դրանք իրենց ձեւի ու ոճի մեջ այնքան կատարյալ են, որ թվում է, թե պարզապես արտագրված են օրվա թերթերի էջերից: Բայց, ավա՜ղ, Հյուսիսային դաշնության մայրաքաղաքում կուսակցության առաջնորդի արեւը թեքվում է դեպի մայրամուտ: Հյուսիսային մայրաքաղաքում Վասիլի Իվանիչը, Պետյայի խոսքով ասած, ասես Կեսարը լինիՙ անզուգական, շքեղ, ծայրահեղ հայրենասեր, քաղաքական իմաստուն գործիչ եւ այլն: Նա ինքը իրեն գրեթե ֆրանսիական արքա է զգումՙ «Կուսակցությունը, Պետյա,- ասում է,- ես եմ» (էջ 401): Սակայն այս Փանջունի կեսարն ու միջատային Լյուդովիկոս 14-րդը անկարող մարդու իր անփառունակ կյանքը ավարտում է անսպասելիորեն եւ նսեմացնող մահով: Բայց նա մեռնում է, որպեսզի հառնի մի նոր կուսակցություն նոր առաջնորդով: Վասիլի Իվանիչը նոր կերպափոխումով շարունակվելու է տպարանի երեկվա բանվոր, հետոՙ գործազուրկ, ապաՙ Վասիլի Իվանիչի վարորդ, իսկ հետո, արդեն Վասիլի Իվանիչի մահից հետո, մի նոր կուսակցության առաջնորդ Պետրոս Ապրեսյանի մեջ: Նոր կուսակցության առաջնորդը տարբեր կլինի Վասիլի Իվանիչից, իր կյանքով ու գործունեությամբ նա կսրբագրի եւ կխմբագրի Վասիլի Իվանիչի սխալներն ու վրիպումները եւ իր գործունեության մեջ, այսինքնՙ հանրային իրականության խաբեությունների ու խարդավանքների մեջ շատ ավելի վարպետ կլինի: Պատահական չէ, որ նրա անունը Պետրոս է (գրական նուրբ արձագանք հայ գրականության սքանչելի կերպարներից մեկինՙ քավոր Պետրոսին) եւ ազգանունն էլՙ դեռ Ապրեսյան. նա երկար է ապրելու:
«Ընթացք» կուսակցությունը Վասիլի Իվանիչի մահից հետո իհարկե պարտություն է կրում նախագահական ընտրություններում: « Ինչպես սպասվում էր, քվեաթերթիկները կեղծելով, ոստիկանության ու զորքի ակտիվ միջամտությամբ վերընտրվեց նախկին նախագահը » (էջ 417): Վասիլի Իվանիչին փոխարինած պարոն Քաղկոմը չի անցնում նույնիսկ մեկ տոկոսի սահմանագիծը: Այնպես որ շատ շուտով «Ընթացք» կուսակցությունը, միաբջիջ ինֆուզորիայի պես բաժանվում է երկու մասի. մի նոր կուսակցություն է առաջանում «Ընթացք-2» անվանումով: Ամենակարճ ժամանակի մեջ մեր ժողովրդի աչքերի առջեւ քանի՜ կուսակցություն այսպես կիսվեց ու պառակտվեց:
Վահագն Գրիգորյանը այնքան ճշմարտացի ու հավաստի, մանրամասնորեն ու հանգամանալից է ներկայացրել քաղաքական մի կուսակցության կյանքը, մարդկանց, նրանց առօրյան ու գործունեությունը, թեկուզ երգիծանքի հայելու մեջ, եւ երգիծելով մատնացույց է արել այնպիսի մանրամասներ եւ իրակություններ, որ կարող է թվալ, թե գրողն ինքը նման առնվազն մի երկու կուսակցության հայտնի գործիչ կամ առաջնորդ է եղել: Հասկանալի է, որ այս պարագային վեպը գրողի տաղանդի եւ ուժի, թափանցող հայացքի եւ կարողության արդյունք է:
Կոստան Զարյանի հայտնի վեպի հերոսներից մեկը մի առիթով ասում է, որ մեր մեծագույն չարիքը մեր կուսակցություններն են: Վահագն Գրիգորյանի վեպը հավաստում է, որ այսօր «Ընթացք» կուսակցության նման տասնյակ կուսակցություններ են հայտնվել մեր ժողովրդի կյանքում եւ դժբախտաբար անվերադարձ: Եվ մեր ժողովուրդը այդ կուսակցություններից այլեւս փրկություն չունի:
Ըստ իս, Վահագն Գրիգորյանի «Առաջնորդի կյանքն ու մահը» վեպը իրոք արժեքավոր ու մնայուն գործ է, գեղարվեստական փայլուն վավերագիր, որովհետեւ իրականությունըՙ իրականություն, բայց առավել կարեւորը գեղարվեստականությունն է, իսկ այս վեպում իշխողը իրոք գեղարվեստականությունն է:
Իմ ըմբռնումովՙ վեպ գրող արձակագիրը պետք է հրաշալի լեզու ունենա, գրողական խոսքի վարպետություն, սքանչելի պատմող լինի եւ վարպետորեն տիրապետի երկխոսության արվեստին: Վահագն Գրիգորյանը ճիշտ այդպիսի արձակագիր է: Նրա գրքերում վիպական պատմությանՙ պատումի խոսքային ընթացքի եւ լեզվի միջեւ որեւէ խզում չկա: Նրա ստեղծագործությունների լեզուն իսկական արձակի լեզու էՙ բնական հոսումով, սահուն, ինքն իրենից աճող եւ ընդարձակվող: «Առաջնորդի կյանքն ու մահը» վեպը գրական նուրբ, երբեմն հազիվ նշմարելի արձագանքներով ու ձայնարկումներով, ծաղրանմանակային հատվածներով, զանազան հասցեատերերի ուղղված գրական սուր երգիծանքով եւ տեղ-տեղ էլ առօրյա կյանքի ուրախ հումորով լեցուն գիրք է: Այսպես, օրինակ, ահա իր գրական արձագանքը «Արարատյան դաշտի առավոտը» դասական գրականության հայտնի էջին: Վասիլի Իվանովիչը Արմավիրում է, Արարատյան դաշտում: Արարատյան դաշտում ամեն ինչ երեւում է, «չէր երեւում միայն մարդը» (էջ 191): Իլֆի ու Պետրովի անմահ հերոսի գրական հիշողությունն էլ կա վեպի էջերումՙ « Սառույցը շարժվել է, ընկերներ... » (էջ 207):
Իսկական գրողը չի կարող ապրել իրականությունից մեկուսացած, իրականությունից դուրս: Վերջին մեր երկու տասնամյակը ներկայացնող ու պատկերող գրական փորձեր եղել են անշուշտ: Վավերագրական գրքերի հետ գրվել են նաեւ արձակ ծավալուն ստեղծագործություններ, բայց ցավոք սրտի դրանք գեղարվեստական լուրջ արժեք չներկայացնող գործեր են: Մի բանաստեղծ էլ մի ծավալուն վեպ գրեց, վեպը թմբկահարությամբ ու աղմուկով ասպարեզ հանելով: Ինձ թվում է, որ նա մտադրված է եղել անհաջող վեպ գրելու, եւ դա նրան լիովին հաջողվել է:
Մենք մեր առօրյա խոսք ու զրույցի մեջ երբեմն դժգոհում ենք, թե արձակ չունենք, թե լուրջ արձակ չի ստեղծվում: Անշուշտ, ծայրահեղություն է: Երեք տարբեր սերունդների երեք գրողներիՙ Կարպիս Սուրենյանի, Վահագն Գրիգորյանի, Լեւոն Խեչոյանի եւ էլի մեկ-երկու գրողի գրականությունը բավական է, որ մենք այսօրվա մեր արձակի մասին խոսենք մեծ հարգանքով:
Վահագն Գրիգորյանի «Առաջնորդի կյանքն ու մահը» վեպը վերը ասվածի լավագույն հաստատումներից մեկն է:
13-15 օգոստոսի 2007, Փարիզ