Հիսուն տարի առաջ, 1957 հոկտեմբերի 26-ին Ֆրայբուրգում (ԳՖՀ) վախճանվեց համաշխարհային գրականության մեջ մի ազգի ներկայացուցչի լավագույն հավաքական կերպար ստեղծողներից, խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր (1956), Կրետե կղզու ծնունդ հույն գրող Նիկոս Կազանձակիսը, որի հախուռն բնավորության եւ պրպտող մտքի մասին անգլիական «Թայմս լիտրըրի Սափլիմենտի» էջերում (2007 հունիս 22) տպագրված Ռոդերիկ Բիթոնի հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ չնչին հապավումներով:
«Հույն Զորբան» եւ «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ստեղծագործությունները մարդկանց հիշողության մեջ տպավորված են առավելապես որպես ֆիլմերՙ համապատասխանաբար Մայքլ Կոկոյանիսի եւ Մարտին Սքորսեզեի ռեժիսորությամբ, քան որպես վեպեր, որոնց հիման վրա նկարահանված են այդ ֆիլմերը: Նույնը կարելի է ասել նաեւ Բոհուսլավ Մարտինույի «Հունական չարչարանքներ» օպերայի մասին, որ Կովենտ Գարդենի լեփ-լեցուն դահլիճում վերջերս քանիցս ներկայացվեց: Դրա լիբրետոյի հիմքում ընկած է «Քրիստոսը կրկին է խաչվում» վեպը: Այդ երեք, այլոց շարքում, հատորների հեղինակը Նիկոս Կազանձակիսն է, որի ստեղծած «Զորբան» ամբողջ աշխարհում զուգորդվում է կենսասեր ու եռանդուն հույն կերպարի հետ: Աշխարհի տարբեր անկյուններում ծվարած հունական երաժշտության եւ պարարվեստի երկրպագուները չեն կարող անտարբել մնալ Զորբայի պարինՙ սիրթակիին, որը 1965-ին հենց այդ ֆիլմի համար ստեղծվեցՙ եւ որի երաժշտությունը գրեց տաղանդավոր Միքիս Թեոդորակիսը, իսկ գլխավոր դերում հանդես եկավ անկրկնելի Անթոնի Քուինը:
Կրետեում, որտեղ տեղի են ունենում «Հույն Զորբան» ֆիլմի դեպքերը, պանդոկների մեծամասնությունը «Զորբա» անունն է կրում: Այդ անունով են «մկրտված» նաեւ աշխարհի այլ վայրերում գործող հարյուրավոր բարեր, գարեջրատներ, ռեստորաններ եւ գիշերային ակումբներ:
Մյուս կողմից Սքորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» վերնագրով ֆիլմի բարձրացրած աղմուկը, հատկապես Մ. Նահանգներում, կարելի է համարել կրոնական արմատականների եւ «արեւմտյան» աշխարհիկ լիբերալիստների միջեւ ծագած առաջին հակամարտությունը կամ տարաձայնությունը, որը դեռեւս շարունակվելով 21-րդ դարումՙ գուցե նորանոր մեկնաբանությունների առիթ հանդիսանա: Կրոնական խմբավորումների հակազդեցությունը այն աստիճանի ուժեղացավ, որ ֆիլմի ցուցադրությունը որոշ երկրներում արգելվեց քսան տարի առաջ: Կրոնական այդ խմբավորումներին ամենաշատը զայրացրել էր Հիսուս Քրիստոսի եւ Մարիամ Մագդաղենացու մտերմիկ հարաբերությունների տեսարանները: Բայց այդ երկրային ցանկությունների ցուցադրումը Սքորսեզեի մտահղացումը չէր, այլ Կազանձակիսինը, որը չորս տասնամյակներ առաջ համարձակություն էր ունեցել երեւակայելու նման երեւույթներ:
Ճիշտ էՙ հիմա նրա անունը հաճախ չի հիշատակվում, բայց պետք է նշելՙ որպես գրող, որն արդեն 50 տարի մեզ հետ չէ, արժանացել է պատշաճ ճանաչման: Մեծ Բրիտանիայում նրան համբավ բերած բոլոր 7 գործերի թարգմանությունները դեռեւս տպագրվում են եւ հրատարակվում շատ անգամ, ավա՜ղ, առանց բնագրի հիշատակության եւ երբեմն անթույլատրելի սխալներով:
«Զորբայից» եւ «Վերջին գայթակղությունից» հետո երրորդ ճանաչված գիրքը «Քրիստոսը կրկին է խաչվում» ստեղծագործությունն է, որն Ամերիկայում հրատարակվեց «Հունական չարչարանքներ» անվանումով եւ դարձավ Մարտինուի օպերայի խորագիրը: Այդ վեպում հույն գյուղացիների մի խումբ Անատոլիայում պատրաստվում է բեմականացնել Քրիստոսի չարչարանքները, երբ հարեւան գյուղերից փախստականների ժամանումը իրադարձության են վերածում այդ բոլորը: Օսմանյան կոտորածներից մազապուրծ ամբոխին ի տես դերասանները հարկադրված իրենց «բիբլիական» դերերը փոխարինում են ողբերգական դեպքերին մասնակից դառնալու իրական դերակատարումներով:
«Քրիստոսը կրկին է խաչվում» վեպը Կազանձակիսի լավագույն եւ գուցե նրբագույն հյուսված ստեղծագործությունն է, որտեղ հեղինակն ամենաարդյունավետ ձեւով է կարողացել համատեղել երկու խոշոր թեմաներ: Մեկըՙ հունական ավանդական ապրելակերպի եւ մարդկանցՙ կերպարների վառ անհատականության (նույնիսկ գրոտեսկայինի հասնող) ներկայացումը («Զորբա») եւ մյուսըՙ հեղինակին, որպես քրիստոնյայի հուզող հարցերի ներքին պայքարը, որը այլ կրոնների ներկայացուցիչների մոտ էլ կարելի է նկատել («Վերջին գայթակղություն»):
Մյուս վեպերի ճակատագրերը միանշանակ չեն եղել: Անձամբ ես արժեւորում եմ «Կապիտան Միխալիսը: Մահ կամ ազատություն» (1953 թ.) ստեղծագործությունը: Այդ հատորի լավագույն սահմանումը գուցե «Ֆաբեր» հրատարակչատան թողարկած օրինակների շապիկներին գրված «Մեր ժամանակների Իլիականը» բառերն են: Հատորում նկարագրված դեպքերը իրական են, տեղի են ունենում 1889-ին իր հայրենիք Կրետեում, երբ ինքն ընդամենը 6 տարեկան էր: Նկարագրությունները հիմնված են իր եւ իրեն շրջապատող մարդկանց հիշողությունների վրա: Նյութը Կրետեի քրիստոնյաների օսմանյան լծից ձերբազատվելու եւ Հունաստանին միանալու հարյուրամյա ազատագրական պայքարից վերցրած որոշակի մի դրվագ է: Պատմական իրադարձությունն առասպելի է վերածված վեպում, իսկ թուրք-հունական ձգձգված պատերազմըՙ Տրոյայի պատերազմի արդիական տարբերակի:
Մյուս վեպերից «Եղբայրասպանները» առանձնանում է մեկ ուրիշ տաբու վերացնելու իր առաքելությամբ: 1949-ին գրված այդ ստեղծագործությունը, որը հրատարակվեց միայն գրողի մահվանից հետո, պատկերում է այդ օրերին ավարտված Հունաստանի քաղաքացիական պատերազմը: Մինչեւ 1980-ականները ուրիշ ոչ մի հույն գրող չի անդրադարձել այդ թեմային այնքան իրապաշտորեն, որքան Կազանձակիսը, հավանաբար որովհետեւ միջանկյալ 30 տարիների ընթացքում մի կողմից ժողովրդին հասցված վնասվածքն (տրավման) ու մյուս կողմից տարբեր կառավարական ատյանների գրաքննչական արգելքները չափազանց մեծ ազդեցություն են թողել բնակչության վրա:
Կազանձակիսի վերջին երկու հատորները առավելապես վիպականացված կենսագրականներ են: Մեկը վերնագրված է «Աստծո ընտրյալ մուրացկանը» եւ պատկերում է սուրբ Ֆրենսիս Ասիզեցուն, իսկ մյուսըՙ «Զեկույց Գրեկոյինը»ՙ իր սեփական կյանքը: Երկուսն էլ նախորդ վեպերի ուժգնությունն ու եռանդը չունեն: Ափսոս, որ այդպես է, հատկապես երկրորդիՙ ինքնակենսագրականի դեպքում, որովհետեւ Կազանձակիսի ապրած կյանքն իրոք արժեր ներկայացնել ամբողջությամբ:
Կենսագիրներ եղել են, անշուշտ: Նրանց թվում ե՛ւ իր առաջին կինը (որից բաժանվել է), ե՛ւ երկրորդը (որն իրենից մոտ հիսուն տարի ավելի ապրեց) եւ ուրիշներՙ մոտիկ բարեկամներ: Սակայն բոլորի գրածներն էլ ամբողջական չեն, դժբախտաբար: Գուցե միայն իր ընկեր եւ հայրենակից վիպասան Պանտելիս Պրեվելակիսն է, որ մեզ տվել է քիչ թե շատ մանրամասն եւ փաստացի տվյալներ հիմնված առավելապես նրա 400 նամակների վրա: Բայց նույնիսկ Պանտելիսը չի կարողացել հասկանալ, թե ինչու Կազանձակիսը վիպասան է դարձել: Ինքը նրան համարում է բանաստեղծ:
Երբ Կազանձակիսը 1883-ի փետրվարի 18-ին1 ծնվեց Իրակլիոնում, Կրետեն Օսմանյան կայսրության հետամնաց եւ աղքատ ետնախորշերից էր: Մեկ դարից էլ ավելի ժամանակահատվածում երկրի քրիստոնյա մեծամասնությունը մի քանի անգամ ապստամբել էրՙբարձրանալով սարերը եւ պատերազմ մղելով Օսմանյան իշխանությունների եւ կղզու մահմեդական տարրերի դեմ: Այսօր կղզում քիչ հետքեր են մնացել մահմեդականներից, որոնք մի ժամանակ (19-րդ դարում) բնակչության 40 տոկոսն են կազմել: Քրիստոնյա կրետեցիների պայքարը հիմնականում նպատակաուղղված էր Հունաստանին միանալու իրենց ջանքերի հետ: Դա իրականություն դարձավ 1913-ին:
Բայց կար նաեւ կրոնական միջհամայնքային պայքարը, որն իր մեջ ներառում էր «տիրակալի» եւ «հպատակի» գործոնը, մի գործոն, որի ամենօրյա առկայության եւ չընդհատվող հակամարտության շրջանակներում էր հասակ առել ինքըՙ Կազանձակիսը: Այդ պայքարը դարձյալ միեւնույն ուժգնությամբ դրսեւորվելու էր 1990-ականներին նախկին Հարավսլավիայում:
Կազանձակիսը տարիներ անց հիշելու էր, թե ինչպես հայրը իրեն մանուկ տարիքում տանում էր համբուրելու այն քրիստոնյաների ոտքերը, որոնց օսմանցի բռնակալները կախել էին Իրակլիոնի գլխավոր հրապարակի ծառերից:
Կազանձակիսը մեծացել էր իր իսկ արյան մեջ զգալով այդ հակամարտությունը: Նա երբեք չէր կարողացել հաղթահարել հոր հանդեպ ունեցած ակնածանքը, հարգանքն ու վախը: Այդ խիստ, երբեք չժպտացող Միխալիսը շատ գրքերում է հայտնվում, սակայն ամենահիշարժանը դրանց մեջ, անշուշտ, «Մահ կամ ազատությունն» է, որտեղ նա հանդես է գալիս որպես կապիտան Միխալիս: Երիտասարդ Նիկոսը հավատում էր, որ իր հոր (եւ նաեւ բազմաթիվ կրետեցի մարտիկների) աչքերում իր նման մեկը, որ կռվելու փոխարեն կարդալ եւ վերացական գաղափարների շուրջը խորհրդածել էր սիրում, բացարձակապես տեղ չուներ եւ հարգանքի արժանի չէր: Իր կյանքի ընթացքում նա միշտ փորձել էր ուղղել իրեն, փոխվելՙ շատ լավ իմանալով, որ դա անհնարին է: Այն արտասովոր էներգիան, որով կարդում, գրում, թարգմանում եւ ճանապարհորդում էր, ինչպես նաեւ այն անսպառ ոգեւորությունը, որով քաղաքական եւ կրոնական հարցեր էր շոշափում, վստահաբար առաջացել էր իր մեջ Կրետեում անցկացրած մանկության տարիների վերոնշյալ ստորակայության բարդույթի հետեւանքով: Ժամանակի ընթացքում գաղափարախոսությունների եւ մշակույթների այդ անհաշտ պայքարը, կրետեցի կապիտանների այդ գերզգայուն հպարտությունը նա վարպետորեն պիտի փոխանցեր եւ հարմարեցներ իր ոտանավորների եւ վեպերի թեմաներին:
Մեկ ուրիշ փորձառություն եւս կոփել էր նրան որպես յուրահատուկ գրողի: Դա Նակսոս կղզում (Կիկլադներ, արշիպելագ Էգեյան ծովի հարավում, պատկանում է Հունաստանին,- ծնթ. Հ. Ծ.) երկու տարի կաթոլիկների ֆրանսիական դպրոց հաճախելն է եղել: Թեեւ ինքը ոչինչ չի նշում իր «Զեկույց Գրեկոյին» վեպում, հավանական է, որ այնտեղ նա ունեցել է այն նույն տհաճ փորձառությունը, ինչ Ջեյմս Ջոյսն էր նկարագրել իր «Արվեստագետի դիմանկարը պատանության հասակում» վեպում, իր հերոսիՙ Սթիվն Դեդալուսի կերպարում ներառելով Իռլանդիայում նմանատիպ դաստիարակություն ստանալու իր սեփական փորձառությունը:
Մարմնական նվաստացուցիչ վիրավորանքները, անհաջող սեքսի մտատանջություններն ու աստվածային թեմաների նկատմամբ մտասեւեռումները բոլորովին տեղ չեն ունեցել հույն ուղղափառ ավանդության մեջ եւ ոչ մի հույն քիչ թե շատ հայտնի գրող չի անդրադարձել դրանց: Կազանձակիսի մոտ դրանք գլխավոր թեմաներ են եւ հենց դրանցով է, իմ կարծիքով, նա առանձնանում մյուս հույներից եւ ինքնուրույն ճանապարհ հարթում որպես գրող: Դա է նաեւ պատճառը, որ առաջին հերթին դրսում արժանացավ պատշաճ ճանաչման ու հարգանքի եւ հետո միայնՙ իր հայրենիքում:
Կազանձակիսի ձեւավորմանը նպաստող երրորդ հանգամանքը զուտ գրական է: Աթենքի համալսարանում սովորելիս նա ընդգրկվում է «դեկադենտության»ՙ անկումային արվեստի էսթետիկական շարժման մեջ, որն այդ ժամանակ խիստ մոդայիկ էր: Մտավորական շրջանակներում ամեն մարդ կարդում էր Բարեսին, Մետեռլինկին եւ մյուս հեղինակներին: Կազանձակիսը ծայրահեղության գնալով (եւ այդ գիծը պահպանելով նաեւ հետագայում) 1906-ին հրատարակեց իր «Օձը եւ շուշանը» վեպը, որտեղ երիտասարդ զույգը որոշում է փոխադարձ սերն իր վերջնակետին հասցնել ծաղիկների զգլխիչ բուրմունքի մեջ շնչահեղձ լինելով: Միաժամանակ էսթետիզմի գաղափարախոսության մեջ պասիվությանն առընթեր գործող բռնության եւ սադիզմի դրսեւորումները Կազանձակիսին ուղեկցել են գրեթե ընդմիշտ: Նրան հանգիստ չեն թողել նաեւ սեքսի գործողությունների նկարագրությունների եւ դրանից հետո գազանային սպանությունների հիվանդագին զուգորդումները: Նրա վեպերում երիտասարդ կանայք գազանաբար սպանվում են տղամարդու բուռն կրքերին հագուրդ տալուց հետո:
Ուրիշ գործոններ եւս դեր են խաղացել նրա հետագա ձեւավորման մեջ: Դրանց թվում նաեւ Նիցշեի եւ Բերգսոնի փիլիսոփայությունն է: Աթոսի (ուղղափառ միաբանության սուրբ լեռը- ծնթ. Հ. Ծ.) վանականների հետ անցկացրած ուղիղ 40 օրերի ընթացքում Կազանձակիսը հրապուրվել է հունական վանականության ասկետիկ ավանդույթներով: Իր կյանքի այդ վաղ տարիներին նա հիմնականում պիեսներ է գրել, բայց կոմպրոմիսների չգնալու իր սկզբունքային դիրքորոշումների հետեւանքով դրանցից քչերն են ներկայացվել: Հետո նա անցել է հունարենը բարեփոխելու աշխատանքներին եւ առաջին կնոջՙ Գալատեյայի հետ դասագրքերի մի ամբողջ շարք հրատարակելՙ բարեփոխումների իր առաջարկներով:
Մինչեւ 1919 թվականը նա արդեն բավական մեծ համբավ ձեռք բերած լինելով, Վրաստանի եւ Հայաստանի հույն համայնքներին հետապնդումների սպառնալիքներից փրկելու եւ նրանց Հունաստան տեղափոխելու հանձնարարություն է ստանում այդ ժամանակվա վարչապետ Էլեֆտերիոս Վենիզելոսի կողմից: Նա պատվով է կատարում այդ աշխատանքը: Բայց դրանից հետո հեռանում է Հունաստանից 1920 թվինՙ կատարելու մի շարք ճանապարհորդություններ, որոնք տեւում են մինչեւ իր կյանքի վերջը:
Հունաստանից հեռանալը սովորաբար բացատրվում է այդ ժամանակվա քաղաքական վերիվայրումների հանդեպ իր ունեցած նողկանքի զգացումով: Ինչպես հայտնի է, այդ տարվա նոյեմբերին Վենիզելոսը կորցնում է իր պաշտոնը, իսկ երկու տարի անցՙ 1922-ին Անատոլիայում հունական զինվորական առաքելությունը ձախողության է մատնվում, որի հետեւանքով ավելի քան մեկ միլիոն հույներ բռնագաղթում են: Ստեղծվում է Թուրքիայի Հանրապետությունը: Հունաստանում այդ դեպքերը մինչեւ օրս էլ բնութագրվում են «աղետ», «աղետալի» բառերով:
Կազանձակիսն այդ ժամանակ հայրենիքից հեռու է լինում: Վիեննայից նա անցնում է Բեռլին, բայց մինչ այդ հասցրած է լինում ծանոթանալ բուդդայականությանը եւ կոմունիզմին: Որոշ ժամանակ հրապուրվելով Լենինի անձնական օրինակով եւ պրոլետարիատին ընձեռված հնարավորություններովՙ նա ռուսերեն է սովորում եւ մի քանի տարի ճանապարհորդում ստալինյան Ռուսաստանում: «Զեկույց Գրեկոյին» վեպի հիշարժան տողերից են նրա նկարագրություններն այդ օրերին հիմնադրված Լենինի դամբարանի եւ մարդկանց նվիրվածության, որը նա նմանեցնում է ուղղափառ եկեղեցում Քրիստոսին երկրպագելուն: 1924-ին իր հայրենի երկրումՙ Կրետեում կոմունիզմի սերմերը ցանելու անհաջող փորձերից հետո, 1905-ին նա ձեռնամուխ է լինում գրական աշխարհում թերեւս ամենահամարձակ քայլինՙ յուրացնելու եւ վերստին գրելու Հոմերոսի «Ոդիսականը»: 13 տարիների քրտնաջան աշխատանքից եւ 6 սեւագիր տարբերակներից հետո 1938-ին նա հանրությանն է ներկայացնում իր 33.333 տող պարունակող էպիկական պոեմըՙ երեք անգամ ավելի երկար, քան Հոմերոսի բնագիրը: Իր տարբերակում նա ընդգրկում է հունարենի ամենահազվադեպ օգտագործված բառերը եւ ուղղագրության իր հորինած համակարգը (Բեռնար Շոուի նման): Այս հանգամանքները, ինչ խոսք, դժվարեցնում են տեքստի սահուն ընթերցումը:
Երբ վաղ 1970-ականներին սկսեցի հունարենը ուսումնասիրել, ինձ հայտնեցին, որ ընդամենը 6 հոգի է ամբողջությամբ կարդացել այդ ստեղծագործությունը: Կասկածում եմ, որ այդ թիվն ավելացած լինի, չնայած 2006-ին գրքի ֆաքսիմիլե վերատպագրությունը կարող է ապացուցել, որ սխալվում եմ: Նրա հետագա համբավի շնորհիվ այդ գործը եւս 1950-ականներին թարգմանվեց անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: Անգլերեն տարբերակը 1960-ական թվերին շատ բարձր էր գնահատվում Մ. Նահանգներում, բայց հետո մոռացության մատնվեց:
Կազանձակիսի էներգիան երբեք չթուլացավ: Նա շարունակեց ճանապարհորդել Եվրոպայում, Մերձավոր եւ Հեռավոր Արեւելքում եւ իր տպավորությունները հրատարակել ճանապարհորդական գրքույկներում, որոնք ավելի համբավ բերեցին իրեն, քան իր նախորդ պիեսներն ու բանաստեղծությունները: Փող վաստակելու նպատակով նա նաեւ հունարեն թարգմանեց եվրոպական գրականության դասականներինՙ Դանթեին, Գյոթեին: Գրեց նաեւ 2 հատոր նվիրված ռուս գրականության պատմությանը եւ երեք անհաջող վեպ ֆրանսերեն լեզվով:
Առաջին համաշխարհայինի բռնկման օրերին Կազանձակիսը նոր էր վերադարձել Հունաստան եւ հաստատվել Աթենքի մոտ գտնվող Էգինա կղզում: Գալատեյայից բաժանվել էր եւ ապրում էր Էլենի Սամիուի հետ: Վերջինիս հանդիպել էր 1924-ին: 1941 թվի ապրիլին նացիստների գրավումից հետո անհանգիստ բնավորության տեր Կազանձակիսը ստիպված է լինում օկուպացիայի երեքուկես տարիներն անցկացնել Էգինայում եւ այնտեղ է, որ մասամբ Էլենիի դրդումով սկսում է իր հիշողությունները թղթին հանձնել այդ «սատանայական Զորբայի» մասին:
Իսկական Զորբան մակեդոնացի բանվոր է, որին Կազանձակիսը հանդիպել է Հունաստանի հյուսիսում Առաջին աշխարհամարտի տարիներին: Նրա հետ փորձել էր հիմնել քարածխահանքի շահագործման ձեռնարկություն (գրքում էլ է այդպես): Հույներին փրկելու առաքելությամբ Կովկաս մեկնելուց նրան իր հետ էր վերցրել (գրքում չի հիշատակվում): Իսկական Զորբայի անունը Ջորջ էր, մինչդեռ գրքում Ալեքսիս է: Գիրքն ավելի Կազանձակիսի երեւակայության, քան փաստերի վրա է հիմնված: 1946-ին հրատարակված հունարեն տարբերակում վերնագիրը հնչում է մոտավորապես այսպես. «Ալեքսիս Զորբայի կյանքը եւ ժամանակները»: Ենթադրում եմ, որ «Հույն Զորբան» վերնագիրը վեպին տվել է շվեդ Բորխե Քնոսը, որն այդ ժամանակ ամեն ջանք թափում էր Նոբելյան մրցանակի արժանացնել Կազանձակիսին եւ այդ առթիվ շվեդերեն էր թարգմանել դա եւ հեղինակի մյուս գործերը:
Բնագրում չի նշվում, որ Զորբան հույն է: Նա պարզապես տարբեր ժամանակներում Կազանձակիսի հանդիպած բազմաթիվ մարդկանց հավաքական կերպարն է: Իսկ նրա եռանդն ու անպարտելի ոգինՙ անկախության ձգտող ժողովրդի միահյուսված դրսեւորումն է գերմանական օկուպացիայի ստրկացման եւ սովի տարիներին:
Կազանձակիսը 58 տարեկան էր, երբ գրեց «Զորբան»: Դա սկիզբն էր, բայց շրջադարձայինը: «Քրիստոսը կրկին է խաչվում», «Մահ կամ ազատություն» եւ «Քրիստոսի վերջին գայթակղությունը» վեպերով, որոնք գրվեցին 1948-51-ի ընթացքում նա իրեն ամբողջովին հաստատեց որպես տաղանդավոր եւ ինքնատիպ գրող: Այս վերջին ստեղծագործություններն ունեն լավ մշակված եւ զարգացող սյուժե, ինչպես նաեւ հետաքրքրական գործող կերպարներ: Եվ վերջապես դրանցում առկա է անդիմադրելի ուժերի հակամարտությունՙ լինի անհատների, հավատի, թե քաղաքական համոզմունքների միջեւ: Սրանք են, իմ կարծիքով, այն հատկանիշները, որոնք Կազանձակիսի վեպերը դեռեւս արդիական են պահում նրա մահվանից հիսուն տարի անց եւ ստիպում կինոմատոգրաֆիստներին ժամանակ առ ժամանակ անդրադառնալ դրանց:
Իր կյանքի վերջումՙ 1946 թվի աշնանը Կազանձակիսը մեկնում է Ֆրանսիա, որտեղ Անտիպում «հիմնում» է իր երկրորդ տունը: Հակառակ առողջության վատթարացմանը շարունակում է գրել եւ ճանապարհորդել: Դեպի Չինաստան եւ Ճապոնիա կատարած իր երկրորդ ուղեւորությունից վերադարձին անկողին է ընկնում եւ 1957 թվի հոկտեմբերի 26-ին հավիտյանս փակում իր աչքերը Ֆրայբուրգում:
Երբեմն լուրեր են շրջանառվում, որ հույն ուղղափառ եկեղեցին նրան բանադրել եւ վտարել էր: Սա ճիշտ չէ, որովհետեւ իրականում նրան Իրակլիոնում թաղել են կրոնական ամենապատշաճ արարողություններով: Նրա գերեզմանի վրա գրված էՙ «Ոչինչ չեմ ակնկալում: Ոչնչից չեմ վախենում: Ես ազատ եմ»:
Տարբեր «իզմերի» համը ճաշակելուց հետո, նա ինքն էր ստեղծել իր սեփականը: Նրա հաջողությունը, հավատացած եմ, կայանում է իր հանճարի մեջ, որ կարողացավ որսալ այն ֆիզիկական դինամիզմը եւ հոգեկան էներգիան, որ մարդուն առաջնորդում է էքստրեմալ հակամարտությունների եւ իր ուժերի ամբողջական լարումով հասնելու հաղթանակի:
Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
1. Առաջիկա 2008 թվի փետրվարի 18-ին լրանում է նրա ծննդյան 125-ամյակը (Ծնթ. Հ. Ծ.)