Ազատության ու մարդասիրության առաքյալը դեռ թաղված է քաղաքականության ճահճում
ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ապրել, ինձ համար նշանակում է աշխատել».- իր այս սկզբունքին հավատարիմՙ Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 նկար: Նա ամեն օր մաքուր կտավին է մոտեցել, ինչպես պոետը կհակվեր ճերմակ թղթին: Ծովափին հասակ առած նկարչի երեւակայության մեջ «քանդակվել է» ծովի կերպարը եւ նա արարել է պատկերվող նյութին համահնչուն գունալեզու: Հավիտյան անշարժ ու շարժուն ջրային տարերքըՙ ամեհի փոթորիկները, օդային հարափոփոխ մթնոլորտը, արեւի ու լուսնի ցոլացումները, փրփրադեզ ալիքներն ու դրանց թափանցիկությունը նա պատկերել է գեղանկարչի իր ինքնությունը հաստատող թեթեւ, նրբահյուս երանգաշարի կախարդիչ վարպետությամբ: Դրան զուգահեռ ծովի անսահմանությունն ու տիեզերական շունչը «հուշել է» Այվազովսկուն իր կտավներին փոխանցել ժամանակի ազատատենչ գաղափարներն ու մարդասիրական զգացումները, մի հանգամանք, որ եզակի տեղ է ապահովում նրան XIX դարի ռոմանտիկական արվեստում: Նկարչի լավագույն գործերը համամարդկային մշակույթի պայծառ էջերից են: Եվ մեր օրերում, երբ մարդն իբրեւ դրախտ է ընկալում իր երկիր-բնօրրանը, նոր իմաստ ու արժեք է ձեռք բերել մեծ բնապաշտի ժառանգությունը:
Այվազովսկին փառք է նվաճել իբրեւ ռուս նկարիչ եւ լայն համբավ է բերել ռուսական նկարչությանը ողջ աշխարհում: Անկարելի է առանց նրա տեսնել ռուսական արվեստը, սակայն, անկարելի է նաեւ ժխտել նրա որոշակի դերն ու տեղը հայկական արվեստում: Ինչպես նշված է ռուսական, ֆրանսիական եւ սովետական հանրագիտարաններում, նա ծնվել է հայ ընտանիքում, մշտապես կապված է եղել իր ժողովրդին, ստեղծել ազգայինՙ պատմական թեմաներով նկարներ, արձագանքել 1895-ին Թուրքիայում իրականացված եղեռնին: Իր արվեստի էությունը կազմող բազմաբնույթ ծովապատկերներում արտացոլում են գտել նաեւ իր խառնվածքին բնորոշՙ զգացմունքայնությունը, երազայնությունը, գունային մթնոլորտի ջերմությունը, ինչպես եւ հեքիաթային-սիմվոլիկ մտածելակերպն ու ազատ իմպրովիզացիան, հատկանիշներ, որոնք մոտ են հայ մշակույթի ավանդույթներին:
Հիշենք մի շարք մասնագետների ասույթներ:
Թեոդոսիայում Այվազովսկու անվան պատկերասրահի երկարամյա տնօրեն եւ նկարիչ Ն. Բարսամովը իր վերջին մենագրության մեջ (հեղինակի նախկին գրքերից շահեկանորեն տարբերվող եւ ծովանկարչին նվիրված միակ խոր ուսումնասիրությունը) գրել է. «Այվազովսկին գունանկարը երբեմն կառուցում էր ներկապնակի հիմնական գույների սուր հակադրությամբ եւ հասնում գույնի վառ հնչողության... Գույների զգայաթրթիռ ներդաշնակումների մեջ կարելի է տեսնել բնածին հակում, որ բացատրվում է նրա ծագումով եւ այն միջավայրով, որտեղ նա հասակ առավ: XIX դարի կեսերին դա նույնպիսի երեւույթ էր, որպիսին XX դարի սկզբին Սարյանի արվեստը»: [1]
Լենինգրադի Ռուսական թանգարանի 19-րդ դարի արվեստի բաժնի վարիչ Ն. Նովոուսպենսկին մի քանի լեզուներով հրատարակված պատկերագրքի առաջաբանում գրել է. «Այվազովսկու արվեստում արտահայտություն են ստացել նաեւ հայ ժողովրդի հինավուրց մշակույթի եւ ազգային բնավորության գծեր, ժողովուրդ, որի հավատարիմ զավակը նա մնաց մինչեւ իր կյանքի վերջը»: [2]
Տրետյակովյան թանգարանի ավագ գիտաշխատող, հայտնի այվազովսկիագետ Գ. Չուրակիՙ Այվազովսկուն նվիրված պատկերագիրքը սկսվում է այսպես. «...Գալիցիայում ծնված Գեւորգ Այվազյանը իր անունն ու ազգանունը գրել է լեհական ձեւովՙ Կոնստանտին Հայվազովսկի: Իր առաջին նկարները այդ ազգանունով է ստորագրել նրա որդին, որը կոչված էր փառաբանելու իր նախնիների տոհմական ազգանունըՙ հայտնի դարձնելով ամբողջ աշխարհին: Ճակատագիրը որտեղ ասես չի նետել բազմաչարչար Հայաստանի որդիներին...»: [3]
Այվազովսկու հայկական ծագման մասին կարելի է կարդալ վերջին տասնամյակում լույս տեսած ռուսական մի շարք հրատարակություններում: Սակայն բավարարվենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլ.Պուտինի, Ռուսական մշակույթի օրերի բացման առթիվ (2005) Երեւանի օպերային թատրոնի բեմից հնչեցրած խոսքով, «Հայ ժողովրդի տաղանդավոր զավակները մեծ դեր են ունեցել ռուսական մշակույթում...», եւ առաջինը նշեց Այվազովսկու անունը:
Իսկ ահա, վերջերս, ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով հաղորդում տրվեցՙ նվիրված Այվազովսկու ծննդյան 190-ամյակին: Այդ հաղորդումը հիասթափեցրեց «Կուլտուրա» ալիքի հայաստանյան երկրպագուներին եւ ոչ միայն նրանց: Մենք տեսանք նկարչի հարազատներիՙ հոր (Գեւորգ-Կոնստանտինի), մոր (Հռիփսիմեի), կնոջՙ (Աննա Բուռնազյան-Սարգիսովայի) դիմանկարները, բայց ոչինչ չլսվեց նրանց հայ լինելու մասին: Չներկայացվեց նկարչի եղբորՙ նշանավոր հայ եկեղեցական Գաբրիել Այվազյանի դիմանկարը, որ լավագույններից մեկն է ծովանկարչի դիմանկարների շարքում: Ավարտին, երբ երեւաց Այվազովսկու շիրիմը սբ.Սարգիս եկեղեցու բակում, թվաց, թե վերջապես կարդացվելու է շիրմաքարիՙ հայերեն արձանագրությունը: Բայց... լռություն: Ի՞նչ էր դա նշանակում: Ակնհայտ էր ինչ-որ կանխամտածված միտումՙ ցույց չտալ նկարչի հայկական նկարները, չխոսել նկարչի հայկական կապերի, Թեոդոսիայի իր ազգակիցների մասին, «քաղաքի հայր», «բարի հանճար» բնութագրումները հիշել, բայց մի տեսակ անհարմար զգալ «հայ» բառը օգտագործել:
Հաղորդումից հատկապես տպավորեց այն միտքը, թե ռոմանտիզմի մեջ շատ ուժեղ է Արեւելքի նոտան, եւ Այվազովսկուն թվացել է, որ իր «հայ լինելը բավարար արեւելյան չէ ու ձգտել է ուժեղացնել իր կենսագրության այդ թույլ կողմը»... եւ սկսեցին հնչել խոսքեր, նրա քեֆեր, ընդունելություններ կազմակերպելու, կանանց սիրելու մասին: Ուրեմն հայ լինել, չի՞ նշանակում արեւելքցի լինել, երբ հայ ժողովրդի բնօրրանը Արեւելքում է եւ պարսիկ, արաբ, թուրք դարավոր դրացիներից տարբերվում է նրանով, որ 4-րդ դարում քրիստոնեություն է ընդունել: Նշված տարօրինակ խոսքից ստացվում է նաեւ, որ Ժերիկոն, Դելակրուան, Շումանը, Բերլիոզը, Չայկովսկին, տարբեր ժողովուրդների պոետներ ու արվեստագետներ ռոմանտիկական-ազատաբաղձ արվեստ են ստեղծել, առանց արեւելքցի լինելու: Ա՜յ քեզ պարադոքս: Ուզում ես հարց տալՙ իսկ բուն արեւելքցիները ռոմանտիկական արվեստի հետ ընդհանրապես կապ ունեցե՞լ են:
Ինձՙ որպես արվեստաբանի, առանձնապես հետաքրքրեց հաղորդման սցենարի հեղինակ Ալեքսանդր Կրաստոշեւսկու մի նախադասությունը, «Նա (Այվազովսկին) նույնիսկ ձգտեց կանխել Հայոց եղեռնը, մեկնեց Կոնստանդնուպոլիս հանդիպելու սուլթանին... Ճամփորդությունը, սակայն, չպսակվեց հաջողությամբ»: Ապշել էի, նա գնացել էր Օդեսաՙ հանդիպելու Թուրքիայի կոնսուլին, ոչ թե Կոնստանդնուպոլիս: 1895-ի ողբերգական դրվագներ պատկերած, թուրքերի դեմ ռուսական նավատորմի հաղթանակները գովերգած նկարիչը ինչպե՞ս կարող էր սուլթանի մոտ գնալ: Որտեղի՞ց եւ ինչո՞ւ էր Կրաստոշեւսկին նման սխալ թույլ տվել: Ու եկա մի պարզ հետեւությանՙ նման «փաստեր» հորինվել են շատ վաղուց եւ այժմ էլ հորինվում են հատուկ նպատակով: Սցենարի հեղինակը չի ցանկացել ավելի խորը դիտարկել Այվազովսկու կյանքը եւ իբրեւ ավելի խելամիտ մոտեցում օգտվել է շատ հին գրքերից: Հաղորդումը ստիպեց մեզ գոնե մեկ անգամ (նախկինում ավելորդ համարված) անդրադառնալու այդ գրքերին: Միշտ չէ, որ հինը ավելի ճշմարիտ խորհուրդ է պահում...:
Այվազովսկու ծննդյան միակ իրավական վկայագիրը Թեոդոսիայի սբ.Սարգիս եկեղեցու ծննդյան եւ մկրտության մատյանն է, ուր 1817 թ. հուլիսի 17-ին Տեր-Մկրտիչը գրառել է նկարչի ծնունդը. «Գեւորգ Այվազյանի որդի Հովհաննեսն» [4] մինչ այսօր հայ ժողովուրդը ծովանկարչին հենց այդ անունով է ճանաչում:
Ռուսական աղբյուրներում նկարչի ազգապատկանության նախնական վկայությունները արծարծվել են միայն 1833-ին, Սիմֆերոպոլից Ս.Պետերբուրգՙ Գեղարվեստի ակադեմիայի նախագահ Օլենինին ուղարկված եւ կայսերական տան նախարար Վոլկոնսկու «...13-ամյա հայի որդու» տաղանդին վերաբերող գրություններում [5]: Նկարչի ծագման նախասկզբնական այլ տեղեկություններ չկան:
Բայց ահա, տասնամյակներ անց, 1878-ին, երբ Այվազովսկուՙ իբրեւ ռուս մեծ նկարչի անունը թնդում էր, Թուրքիայի հետ Ռուսաստանի հաշտության տարում, ստորագրված իր իսկ կտավներով զարդարված դահլիճում, «Ռուսսկայա ստարինա» հանդեսում լույս է տեսնում Կարատիգինի ծովանկարչին նվիրված կենսագրական բնույթի աշխատությունը, որն սկսում է այսպես. «Այվազովսկու նախնիները թրքահպատակ են եղել, Ղուրանի հետեւորդ (առաջին սխալ. միթե՞ թրքահպատակ լինել, նշանակում է լինել Ղուրանի հետեւորդ- Շ.Խ.): Նկարչի հանգուցյալ հայրը պատմել է նրան, որ իր պապը Ազովի գրավման ժամանակ (18 հուլիս,1696) քիչ է մնացել, որ զոհ գնա մեր զորքերի ցասմանը, սակայն զինվորներից մեկը փրկել է նրան անխուսափելի մահից: Նույնը Իվան Կոնստանտինովիչին հաստատել է նաեւ կոմսուհի Ա.Դ.Բլուդովանՙ ասելով, որ ինքը մի հին գրքում կարդացել է Այվազովսկիների ընտանեկան ավանդույթներից եկող այդ միջադեպի մասին: Խոսելով թուրքական ցեղից սերող Այվազովսկու մասին, կոմսուհին նկատել է, որ մահմեդական Արեւելքը, Ռուսաստանի հանդեպ իր ողջ ատելությամբ հանդերձ նրան տվել է երկու պոետՙ Ժուկովսկի ու Պուշկին եւ մեկ նկարիչՙ Այվազովսկի»: Մտքի ի՜նչ «հանճարեղ» թռիչք... Նախ, այդ ի՞նչ գիրք է , որ անհայտ է մնացել հայերին, մանավանդ նկարչիՙ պատմական հատորների հեղինակ եղբորը: Երկրորդՙ նկարչի նախնիները Այվազովսկիներ չեն կոչվել, եւ երրորդՙ ո՞վ է այդ Բլուդովան, որի թեթեւամիտ, անլուրջ «նկատումը» մեծ արվեստագետի ծագումը հաստատելու հիմք է դարձել, մի բան, որ գիտական հիմնավորումներով պիտի հաստատեր ինքըՙ աշխատության հեղինակը: Ուրեմն, նկարչի ծագման «նոր պատմությունը» սկսվում է «Ռուսսկայա ստարինայով», որտեղ, ի դեպՙ բուն խնդրի շուրջ նկարչի կողմից կոնկրետ պարզաբանումներ չկան:
1887-ին, Այվազովսկու գործունեության 50-ամյա հոբելյանից հետո Ս.Պետերբուրգում լույս տեսած «Այվազովսկի. Ակնարկ կյանքի եւ գործունեության. ճառեր, ողջույններ» գրքույկում (էջ 18), ի դեպ տպագրված ներքին գործոց նախարարության տպարանում, նկարչի ծագման մասին մասամբ փոփոխված (առանց Բլուդովայի) նշվել է. «Այվազովսկու գերդաստանում պահպանվում է մի ավանդություն, ըստ որի նրա նախնիները թուրքական ծագում են ունեցել: Նկարչի նախապապը թուրք զորահրամանատարի որդի, տակավին մանուկՙ քիչ է մնացել, որ սրի քաշվի զինվորների կողմից 1696 թ. Ազովի գրավման ժամանակ: Երեխային մի հայ է փրկել, որը եւ հետագայում որդեգրել է նրան: Այվազովսկու նախնիների հետագա ճակատագիրն անհայտ է» (այս վերջին նախադասությունը չմոռանանք-Շ.Խ): Այստեղ եւս նկարչի կողմից ասված որեւէ այլ կոնկրետ վկայություն չկա:
Իսկ ահա 1901-ին, երբ նկարիչն արդեն վախճանվել էր, Ս.Պետերբուրգում լույս է տեսնում Այվազովսկուն նվիրված առաջին ծավալուն գիրքըՙ շքեղ մի հատոր (հրատարակիչՙ Ֆ.Բուլգակով, տեքստը կազմողՙ Ն.Կուզմին, գրաքննությամբ թույլատրվածՙ 27 սեպտ., 1900): Գրքի տեքստը հիմնականում «Ռուսսկայա ստարինայի»ՙ Կարատիգինի կողմից գրառված Այվազովսկու ինքնակենսագրական հուշերի կրկնությունն էՙ շարադրված նույն նախադասություններով: Ավելացված է միայն նկարչի վերջին երկու տասնամյակներին վերաբերող երկու գլուխ, ուր, ի դեպ, ոչինչ չի ասված Թուրքիայում հայկական կոտորածները պատկերող նկարների մասին, որոնց ցուցադրումը Օդեսայում, Մոսկվայում եւ Խարկովում մեծ աղմուկ էր բարձրացրել: Երբ կարդում ես այդ գիրքը համեմատելով նախկինի հետ, դեմ ես առնում տարօրինակ, հակագիտական փաստերի: Գրքից նախ հանված է «Ռուսսկայա ստարինայի» առաջաբանը, որտեղ ֆրանսիական դեսպանատան քարտուղարը նշում է նկարչի հայ լինելը: Բայց ապշեցնողն ու խիստ անընդունելին միայն այդ չէ: Գրքից հանված են Այվազովսկու հորՙ հայ-Գրիգորյան (քրիստոնեական) կրոնին դավանած լինելու տողերը, եղբորՙ արքեպիսկոպոս Գաբրիելի (Գավրիիլի) եւ Վենետիկի սբ.Ղազար կղզու հայկական Մխիթարյան միաբանության մասին պատմող էջերը, միաբանություն, որին սերտորեն կապված էին Այվազովսկի եղբայրները: Թող ընթերցողը որոշի, թե ի՞նչ անուն կարելի է տալ այսպիսի «աշխատությանը»:
Այն, ինչը երկու տասնամյակ առաջ իր ինքնակենսագրության մեջ, այն էլ համեստ ու համառոտ, նշել է նկարիչը, գրքից հանվել, կրճատվել է: Ինչու՞: Առանց նախնական նպատակադրման, նման բան չէր կարող տեղի ունենալ: Եվ դա արվել է Այվազովսկու վախճանից անմիջապես հետո:
Կանխամտածված խնդրի վերջնական լուծման համար գրքի սկզբում Կուզմինը հավելել է հին լեգենդի իր հորինած նոր տարբերակը: 1696-ի ռազմական միջադեպը նա բերել ու վերագրել է նկարչի հորը: Այդ պատմության մեջ սխալներն այնքան աղաղակող են, որ հավատալ չես կարող: Չես կարող հավատալ նաեւ նրա այն փաստարկին, թե իբր «իր ծագման մասին ինքըՙ Այվազովսկին մի անգամ հիշել է հետեւյալ մանրամասնությունը» (հիշել է, մի անգամ, ե՞րբ, որտեղի՞ց, եթե ըստ «Ռուսսկայա ստարինայի»ՙ հայրն իրեն այլ բան է պատմել): Ճշմարտությունն ուրացողին դժվար չէ կեղծիքներ հորինելը: Գուցե Կարատիգինն էլ ինքը, նույն Կուզմինն էՙ ժամանակի ընթացքում իր հետապնդած մտքերի մեջ ավելի խորացած, իսկ եթեՙ ոչ, ինչպիսի՜ ակնհայտ գրագողությունՙ հեղինակ դառնալ ուրիշի գրածին ըստ իր կամոք փոփոխություններ անելով:
Մինչ Կուզմինի ստերի մեջբերումը, անհրաժեշտ է նշել, որ երկար ժամանակ այդ գիրքն է հիմնաղբյուր հանդիսացել Այվազովսկու մասին գրող ռուս հեղինակների համար, նույնիսկՙ նրանց, ովքեր ճանաչված մասնագետներ են: Օրինակ «Ռուսական արվեստի պատմության» երկհատորյակըՙ հրատարակված ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից (Մոսկվա, 1980): Հեղինակներից մեկն ու գլխավոր խմբագիրն է Մ.Նեկլյուտովան, իսկ Այվազովսկու մասին գրողըՙ Ն.Մաշկովցեւը: Ծովանկարչի ծագման պատմությունն այստեղ ուղղակի քաղված է Կուզմինից: Ցավոք, նույն մոտեցումով է վերոհիշյալ հաղորդումը պատրաստել, իր արդիական մեկնություններով ու բարձր ճաշակով մեր հանրությանը ընդհանրապես սիրելի դարձած «Կուլտուրա» հեռուստաալիքը:
Այսպես ուրեմն, 1696-ի Ազովի գրավումը 1770-ի Բենդեր բերդի գրավմամբ փոխարինած Նիկոլայ Կուզմինը, ռուս ընթերցողին նույնիսկ վիրավորող տոնով գրել է. «... Գազազած զինվորները չեն խնայել ոչ սեռ, ոչ տարիք: Նրանց զոհերի թվում եղել է նաեւ Բենդերի փաշայի քարտուղարը. ռուս գրենադյորից մահացու վիրավոր, արյունաքամՙ նա կրծքին է սեղմել մի մանկիկի, որին նույն ճակատագիրն էր սպասում (թուրք զորահրամանատարի որդին, այստեղ դարձել է քարտուղարի որդի): Ռուսական սվինն արդեն բարձրացել էր մանկահասակ թուրքի վրա, երբ մի հայ բռնում է եղեռնագործ ձեռքըՙ բացականչելով. «Կա՛ց, իմ երեխան է, նա քրիստոնեա է»: Ազնիվ սուտը ծառայում է երեխայի (նկարչի հոր) փրկությանը...»: Այնուհետեւՙ «բարեսիրտ հայը այսքանով չսպառեց իր ողորմածությունը, երկրորդ հայր դարձավ որբ մուսուլմանի համար, կնքեց նրան Կոնստանտին անունով (սխալ է, պիտի լիներ Գեւորգ) ու տվեց նրան Հայվազովսկի ազգանունըՙ «Գայզով» բառից, որ թուրքերեն նշանակում է «քարտուղար»: Անտեղյակի եզրահանգում, հին ու նոր բառարանների վկայությամբ թուրքերենում այդպիսի բառ չկա, որդեգրվածին Հայվազովսկի ազգանուն տալ չէին կարող, քանի որ այդ ազգանունը դեռեւս գոյություն չուներ: Փրկարար հայը կոչվում էր Գրիգոր Այվազ (Այվազյան):
Նկարչի եղբայր Գաբրիելը լեհ պատմաբան Բարոնչին հղած նամակում (6 փետր. 1875) նշել է, որ իրենց հայրը ծնվել է Ստանիսլավ քաղաքում (այժմ Իվանո-Ֆրանկովսկ) 1765-ին կամ 1766-ին: Իսկ Մոլդովայի Սուչավա քաղաքում ապրող իրենց ազգական Պողոս Այվազին հասցեագրած նամակում (25 մարտ,1877) գրել. «... Իրենց հայրը Մոլդովայից Ռուսաստան անցնելովՙ առել է Կոնստանտին Գրիգորյան (Գրիգորի որդի) անունը, իսկ յուր Այվազ կամ Հայվազ ազգանունը փոխել է Հայվազովսկիի, որովհետեւ Ռուսաստանի մեջ այն ժամանակները կային Այվազով անունով ուրիշ ազգատոհմեր...» [6]: Այսինքն հայրը ցանկացել է, որ իր ազգանունը ուրույն հնչողություն ունենա եւՙ վերցնելով լեհական «սկի» վերջածանցը, դարձել է Հայվազովսկի. (Գայվազովսկի):
Ըստ Կուզմինի պատմությանՙ ընթերցողը թող փորձի մի պահ պատկերացնել.
... Ահեղ կռվի ժամանակ կյանքը վտանգել, փրկել ու ապա որդեգրել մի մանչուկի, իհարկե, նշանակում է լինել արտակարգ մարդ, արտակարգ որդեգիր, բոլոր հայրերից բարձր: Այդպիսի հայր ունեցող զավակը ինչպիսի՜ սեր ու երախտագիտություն պիտի տածեր իրեն կյանք պարգեւած փրկարարի հանդեպ: Մահվան ճիրաններից խլված երեխան կրթվել ու դաստիարակվել է հայ ընտանիքում, տիրապետել է վեց լեզվի, ապա 35 տարեկանում հաստատվել է Թեոդոսիայում, որի բնակչության զգալի մասը հայեր էին, ամուսնացել է հայուհու հետ, ունեցել երկու դուստր եւ երեք որդի: Գրիգոր (ըստՙ փրկարար հոր), Գաբրիել եւ Հովհաննես ու ամբողջ ընտանիքով դավանել են քրիստոնեական կրոնին... Նույն ոգով են ապրել եւ որդիներըՙ հայ եկեղեցու նվիրյալ ծառա Գաբրիելն ու որպես ուսուցչիՙ նրա խորհուրդներին հետեւած նկարիչ եղբայրը:
Ուրեմն, ըստ Կուզմինիՙ բարի հայի հերոսության շնորհիվ է աշխարհին պարգեւվել հանճարեղ ծովանկարիչ: Եվ եթե այդ գրքից մեկնելով են մոսկովյան մեր գործընկերները Այվազովսկուն նվիրված հաղորդում ստեղծել, ապա ինչո՞ւ են ավելորդ գտել չհիշելու մարդասիրության արտակարգ օրինակ ցույց տված հերոսին (հրաշալի փաստ, հակառակ կառավարողների, ժողովուրդները միշտ իրար բարեկամ են...):
Հաղորդումից եզրակացնում ես, որ Կուզմինի պատմությունը հավատ չի ներշնչել նաեւ Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահի տնօրենին: Նրա ելույթից ստացվեց, թե Այվազովսկու «հեռավո՜ր-հեռավոր նախնիները թուրքեր են եղել»: Բայց գիտական հիմնավորում չունեցող, բանավոր լեգենդը ինչպե՞ս կարելի է միլիոնավոր ունկնդիրներին մատուցել, մի կողմ թողնելով նրա կենսագրության շատ ավելի կարեւոր փաստեր եւ կամ, իրոք ի՞նչ նպատակ կարող է հետապնդել «հեռավոր-հեռավոր նախնիներ» հիշելու պարագան տվյալ հաղորդման մեջ:
Հետաքրքրական է, եթե Կուզմինը գրելու լիներ նկարչի հարազատ եղբորՙ հայ եկեղեցու նշանավոր դեմքերից մեկի, նույն հորից ու նույն մորից ծնված Գաբրիել Այվազյանի մասին, նրան ինչպե՞ս պիտի ներկայացներ: Կասկածից վեր է, որ եթե ծովի երգչի վաստակած համաշխարհային համբավն ու մեծությունը չլինեին, իհարկե ավելորդ պիտի համարվեր նրա ծագման մասին պատմություններ հորինելը, կամ նույնիսկ պարզապես նրանով հետաքրքրվելը: Իր կազմած գիրքը սկսելով «Ռուսսկայա ստարինայի» առաջին տողերով եւ «հիմնավոր» համարելով ոմն մի Բլուդովայի արտահայտությունը եւ մինչեւ լեգենդի իր տարբերակին անցնելըՙ Կուզմինը անմիջապես եզրահանգել է. «... այսպիսով Այվազովսկու երակներում հոսել է թրքական արյուն, չնայած մեզ մոտ, չգիտես ինչու, ընդունված է համարել նրան զտարյուն հայ»: Հետաքրքրական է, մարդկային արյունների գիտակ Կուզմինը եթե լսած լիներ, որ իր մեծ հոր մեծ հայրը թուրք է եղել, ո՞ր չափով իր երակներում ոչ ռուսական արյուն պիտի զգար: Պարզից էլ պարզ է, որ Կուզմինը ոչ պատահական իրազեկ է եղել Այվազովսկու հայկական ծագմանը, սակայն խուսափել է իմացածը բացատրել, թեկուզ եւ, ինչպես կրկնել է, հայուհի է եղել նկարչի մայրը: Ինչու՞... Իր արարքիՙ կազմած գրքի արագ թողարկման բուն պատասխանը մեզ կարող է տալ միայն ժամանակը: Անսպասելի փոփոխված քաղաքական մթնոլորտը շտապ պահանջ էր թելադրելՙ, ռուս մեծ նկարչի վրայից թոթափել հայկական ամեն ինչ եւՙ ավելի ռեալ դարձնելով նրա կապը «թուրք նախնիների հետ» հաստատել նրա տեղը «պուշկինյան» շարքում... Մի խոսքով Այվազովսկուն «փրկել»...
Այն շրջանում զարմանալիորեն Ռուսաստանն ընդունել էր հակահայկական քաղաքականություն: Տարածվում էր «Հայաստանն առանց հայերի» լոզունգը, ապաՙ հայկական դպրոցները փակելու եւ եկեղեցիների ունեցվածքը բռնագրավելու հրաման էր արձակվել... Այդ մահաբեր որոշումըՙ առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած փոքրաթիվ ժողովրդի հանդեպ, չէր բխում քրիստոնեական մեծ տերության հումանիստական էությունից, այլ սատարվում էր բարձր պաշտոններ զբաղեցնող, ռեակցիոն, ինչ-որ մութ նպատակների լծված քաղաքական գործիչների կողմից: Օրինակ, 1896-ին Կովկասի կառավարիչ նշանակված եւ հայության, հայ մշակույթի ու եկեղեցու դեմ դաժան հալածանք սկսած Գոլիցինը: 1897-ին լույս է տեսնում «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» Ռուսաստանի հանդեպ հայության ողջ սերն ու նվիրվածությունը ամփոփող հատորը, որին իր գծանկարներով մասնակցում է Այվազովսկին: Նույն տարում նկարիչը Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած ջարդերը ներկայացնող կտավներ է ցուցադրումՙ հուսալով իր մեծ հայրենիքի բարենպաստ միջամտությունը: Արվեստագետի ամենօրյա հոգսն է դառնում Թեոդոսիա հասած իր փախստական հայրենակիցներին ապաստանելը: Հենց այդ ժամանակ էլՙ հետեւում է մի նոր, թիկունքից հասցված անսպասելի հարված...
Դեռ «չփրկված» Այվազովսկու սիրտը ցնցվում, ալեկոծվում է: Բացահայտ բողոքով նա «ջախջախում է Ռուսաստանի եւ անձամբ արտաքին գործոց նախարարի քաղաքականությունը [7] (դա իհարկե թույլ էր տալիս իր պետական խորհրդական լինելու պարագան): Նա հայտարարել է նաեւ որ «Ամոթալի է երես շրջել քո սեփական ժողովրդից, առավել եւս այնքան փոքրաթիվ ու ճնշված» [8]: Իսկ Էջմիածին, Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկին հղած նամակում գրել է այսպես. «Խորին կսկիծով վշտացած է սիրտս անբախտ հայոց չլսված, չտեսնված կոտորածով: Սրբազնագույն Հայր, Դուք այնտեղ, մենք այստեղ, կուլանք ու կողբանք մեր թշվառ, կորստյան մատնված հայոց վրա եւ կխնդրենք Աստվածային գթություն» [9]: Այվազովսկու, ճանաչված հայ գործիչների ինչպես եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ցարին ուղղած բողոքը որոշակի նշանակություն ունեցավ: Եվ եթե քաղաքական այդ իրավիճակը երկար տեւեր, փոփոխված ու ողջամիտ վերաբերմունք չարթնանար, հայ ժողովրդի հինավուրց բնօրրան Հայաստանից մնացած փոքր տարածքն էլ կարող էր վերանալ աշխարհի քարտեզից:
Մեծ նկարչի ու մարդասերի հոգեկան ապրումներն արտացոլում գտան ոչ միայն հայոց ողբերգությանը նվիրված կտավներում, այլեւ վերջին նշանավոր ծովանկարներում: Վերջալույսի ճառագայթների դիմաց, ժայռերի վրա («Նապոլեոնը սբ. Հեղինե կղզում», 1898), ասես ինքը նկարիչն է անշարժացել տարերքի առջեւ, միայնակ ու անհույս, հայացքըՙ ազատ սավառնող արծվին: Այվազովսկու ժառանգության գագաթներից մեկըՙ«Ալիքների մեջ» մեծադիր նկարը (1898) ընկալվում է իբրեւ հեղինակի փոթորկված ներաշխարհի պոռթկում: Փրկության ու ազատության գաղափարն է ներդրված նաեւ փոթորկի դեմ պայքարող մարդկանց նոր նկարաշարում (1899) եւ Բայրոնի այցը Մխիթարյաններին հայտնի կտավում: Ցավի ու ցասման հույզերի արդյունք է նաեւ կյանքի վերջին օրըՙ 1900 թ. մայիսի 2-ին նկարած «Նավի պայթյունը» անավարտ գործը...
Ալեհեր նկարչի այդ վիճակն անկակած արագացրել է իր հանկարծակի, անսպասելի մահը:
Նկարչի հոգին կյանքում
Ֆրանսիական ժողովրդական առածն ասում էՙ հարձակվիր,հարձակվիր, բայց անպայման մի բան բաց կթողնես: (Հիշենք 1887-ի գրքույկում հայտնված այն միտքը, թե Այվազովսկու նախնիների հետագա ճակատագիրն անհայտ է): Կուզմինն էլ «բաց է թողել» մի անհերքելի ճշմարտություն. «Այվազովսկու նախնիները անցյալ դարում Թուրքիայից գաղթել են Գալիցիա»: Այո, նրանք եղել են թրքահպատակ, բայց ո՛չ ղուրանի հետեւորդ: Այլապես, ինչու՞ պիտի փախչեին երկրից: Իսլամն ընդունող հայերին կյանք է շնորհվել նույնիսկ Մեծ եղեռնի տարիներին:
Լեհաստանի հարավում, 18-րդ դարում ստեղծվեց եվրոպական առաջին եւ ամենամեծ հայկական գաղութը: Խորհրդանիշը Լվովի նշանավոր եւ այսօր նորից կյանք ստացած եկեղեցին է: Հայերն այստեղ են գաղթել Այրարատյան նահանգի Բագրատունյաց մայրաքաղաք Անիից, որոնց թվում եւ Այվազովսկու նախնիները: Այստեղ հանգրվան գտան նաեւ քաղաքական վատթար պայմանների պատճառով Ղրիմից հեռացած բազում հայ ընտանիքներ: Դա տեղի է ունեցել 1475-ին, երբ օսմանցի Ահմադ Կետիկ փաշան գրավում է Թեոդոսիան: Ճենովացիները հանձնում են քաղաքը: Կրոնափոխություն չընդունած հայերը ենթարկվում են սպանդի:
14-15-րդ դարերում Ղրիմի Թեոդոսիա քաղաքըՙ Կաֆֆան, եղել է հայ մշակույթի խոշոր կենտրոն: Այստեղ գործել է 27 հայկական եկեղեցի, ինչպես եւՙ «Սուրբ Խաչ» նշանավոր վանքը: Զարգացում են ապրել հայկական ճարտարապետության, ժողովրդական ու ձեռագրային արվեստի ավանդույթները: Հայ գեղանկարչության պատմության մեջ հատուկ տեղ է գրավում Ղրիմի մանրանկարչության դպրոցը: Բազմազգ Թեոդոսիան իր շրջակա հայաբնակ գյուղերով երկրորդ հայրենիք էր դարձել շատ ու շատ հայերի համար եւ իզուր չէ, որ այդ վայրերը ճենովական աղբյուրներում կոչվել են «Ծովափնյա Հայաստան» (Armenia maritima):
1774-ին, Քյուչուկ-Կայնարջիի դաշնագրից քիչ անց, Ղրիմը վերջնականապես անցնում է ռուսական տիրապետության տակ, եւ կրկին (այլ ազգությունների հետ) բնավայր դառնում հայերի համար: Լեհաստանից, Գալիցիայից, Մոլդովայից, Բուկովինայից Ղրիմ մեկնող հայերի թվում է լինում եւ Այվազովսկու առեւտրական հայրը: Նոր, արդեն ռուսական միջավայրին ավելի հարմարվելու նպատակով իր անունը նա փոխել էր Կոնստանտինի, իսկ ազգանունը Հայվազովսկի: Եվ որովհետեւ ռուսերենում «Հ» տառ չկա, այն հնչեց Գայվազովսկի:
1840-ին երկար ժամանակ իրար չտեսած որդիներըՙ Գաբրիելն ու Հովհաննեսը ողջագուրվում են Վենետիկի սբ.Ղազար կղզու հայկական Մխիթարյան միաբանությունում: Հովհաննեսը որպես նկարիչ-թոշակառու եկել էր Ս.Պետերբուրգից, իսկ Գաբրիելը (1812-1880) պատանի հասակում ընտրվել էր ուսանելու եկեղեցական դպրոցում եւ արդեն պատմաբան էր ու խմբագրում էր «Բազմավէպ» հայտնի ամսագիրը: Հենց այստեղ էլ եղբայրներն իրենց ազգանունը ավելի բարեհնչուն դարձնելու նպատակով որոշում են գրվել կամ Այվազովսկի, կամ Այվազյան: Գաբրիելը, որպես հայ եկեղեցական, կյանքում առավելապես հանդես է եկել Այվազյան ազգանունով: Իսկ եղբայրը...
Այվազովսկի ազգանունը մոտ էր ռուսական հնչողությանը: Եվ որպես Ռուսաստանի քաղաքացի եւ որպես ռուս նկարիչ, բնական էր, որ ամենուրեք ներկայանար այդ ազգանունով (հայերեն եւ լեհերեն բաղադրիչների զուգակցմամբ ստեղծված միակ ազգանունը ողջ Ռուսաստանում): Սակայն, որոշ նկարների տակ ու հայերեն գրած նամակները նկարիչն ստորագրել էՙ «Հովհաննես Այվազյան»:
Հովհաննեսը (Իվանը, Օնիկը, Վանյան...) իր նախնական կրթությունը ստացել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում: Բնածին տաղանդը նրան արագ ճանաչում է բերել: Պատանուն սիրել եւ օգնել է Ղրիմի նահանգապետ դարձած, սենատոր Ալ.Կազնաչեեւը: Ս.Պետերբուրդի ակադեմիան թռիչք է տվել նրա տաղանդին: Եվրոպայից ակադեմիայի տնօրինությանը հղած նամակներում զգացվում են նկարչի հավատարմությունն ու երախտագիտությունը հանդեպ իր կրթօջախը, հանդեպ իր ռուսական տերությունը: Իսկ չորս տարի անց եվրոպական հռչակ ձեռք բերած ու ժամկետից շուտ Ս.Պետերբուրգ վերադարձած Այվազովսկուն շնորհվում է ակադեմիկոսի կոչում: Ցարի հրամանով նա նշանակվում ծովային Գլխավոր շտաբի նկարիչ: Այնուհետեւ նկարիչն արժանանում է բարձր շքանշանների, ավելի ուշ նշանակվում պետական խորհրդական: Այսպիսով, Ռուբենսի նման նա փաստորեն ներգրավվել էր պետական վերնախավի մեջ: Այդ ամենը ռուս մեծ, բայց ծագմամբ ոչ ռուս նկարչի համար պարտավորեցնող ենթատեքստ էլ կարող էր ունենալ: Մինչեւ ութսուն տարեկանը նա ամենայն բարեխղճությամբ կատարում է իր պարտականությունները, ինչպես եւ բարձր ծառայության կոչված իր հայրենակիցներից շատերըՙ գեներալներ Լորիս Մելիքովը, Լազարեւը (Լազարյան), Սերեբրյակովը (Արծաթբանյան), Տեր-Ղուկասովը...
Բայց, մոռանալ՛ թե ո՞վ է ինքը, ի՞նչ է իբրեւ արվեստագետ, իհարկե, չէր կարող:
Այվազովսկին ռոմանտիկ, ազատաբաղձ հույզերի նկարիչ էր: Նրա սիրտը առաջադեմ Ռուսաստանի հետ էր: Իր համար այդ Ռուսաստանը Պուշկինն էր, Գոգոլը, Կռիլովը, Բրյուլովը, Բելինսկին, Գլինկան, դեկաբրիստները, ավելի ուշՙ Դոստոեւսկին, Ռեպինը, Կրամսկոյը... Նրա հոգուն մոտ էր պարզ ժողովուրդը եւ՛ ռուսը, եւ՛ ուկրաինացին, եւ՛ հույնը եւ՛ թաթարը... «Այվազովսկին թեպետ հայրենասեր հայ էր, բայց միշտ պատրաստ էր օգնել ամենքին... առանց կրոնի ու ազգի խտրության»,- դեռ կենդանության օրոք իր մասին գրել է Ս. Պետերբուրգի «Վեդոմոստ» թերթը: Նա առաջնորդվեց Կեսարինըՙ Կեսարին, Աստծունըՙ Աստծուն խորհրդով:
Անօրինակ փառքը, նյութական ապահովությունը, ցարական արքունիքը չկարողացան գայթակղել երիտասարդ նկարչին: Նա կարողացավ իրագործել իր որոշումըՙ հեռու ապրել Ս.Պետերբուրգից, եւ հաստատվել հայրենի քաղաքում:
Նկարչին կանչում էր կարոտը, մանկության, Սեւ ծովի, վերջապես մոր կարոտը...: Նա Թեոդոսիա էր գնում, որպեսզի մոտ լիներ իր հայրենակիցներին, իր ժողովրդին (այս մասին երբեւէ չի գրվել Այվազովսկուն նվիրված ռուսական ոչ մի գրքում): Դեռ ուսանողական տարիներին, Հովհաննեսը միշտ ունկնդիր է եղել կիրակնօրյա պատարագներին Նեւսկու պողոտայի վրա գտնվող (եւ այսօր նորից գործող) հայկական եկեղեցում: Ս.Պետերբուրգի հայ հասարակայնության, Լազարեւների (Լազարյանների) ընտանիքի հետ ունեցած շփումներից (այդ են վկայում պատանի Հովհաննես Լազարեւի երկու դիմանկարները) Այվազովսկուն քաջ հայտնի էին հայ ժողովրդի դարավոր ճնշման պատմությունը, 19-րդ դարում զարթոնք ապրող հայոց ազգային ազատագրական շարժումները (մասնավորապես նաեւՙ հույն ժողովրդի), որոնց հաջողությունը, ինչպես իր ժողովրդի մյուս առաջադեմ զավակները, կապում էր միայն Ռուսաստանի հետ: Իբրեւ պետական ճանաչում վայելող անձ, նա գիտակցում էր նաեւ իր որոշակի դերը այդ հարցում: Ահա թե ինչու 1845-ին, դեռ Թեոդոսիա չհասած, Մոսկվայից նամակ է գրում Էջմիածինՙ Ներսես կաթողիկոս Աշտարակեցուն (նրան ծանոթ էր Ս.Պետերբուրգից)ՙ հայտնելով իր պատրաստակամությունը ծառայելու հարազատ ժողովրդին ու մշակույթին [10]:
Մինչ այդ հարցի մեջ խորանալըՙ հիշենք 1873-ին Այվազովսկին ձեռնարկում է գեներալ Պ.Ս.Կոտլյարեւսկու (1782-1851) հիշատակին իր նախագծով մատուռի կառուցումը: Հարց է ծագում. ի՞նչը կարող էր մղել այդ քայլին, Կոտլյարեւսկին համարվում էր Կովկասի հերոս, նրա շնորհիվ էին ազատագրվել Ղարաբաղը, Ախալքալաքը, Մեղրին, Արաքս գետի հայկական հողատարածքները... (ի դեպ գեներալի այս հաղթանակները Կուզմինը ավելորդ է համարել հիշել եւ հանել է գրքից):
1877-ին ռուսական զորքերի կողմից, զորավար Լորիս Մելիքովի ղեկավարությամբ հայոց հին մայրաքաղաքներից մեկիՙ Կարսի գրավումը ցնծությամբ է ընդունում հայ ժողովուրդը: Ոգեւորված էր նաեւ Այվազովսկին: Նա հանդիպումներ է ունենում պատերազմի մասնակիցների, նաեւ Տեր-Ղուկասովի (Յալթայի հայկական եկեղեցին կառուցողի) հետ եւ ձեռնամուխ է լինում «Կարսի գրավումը գիշերով» մեծադիր կտավի ստեղծմանը: Թվում էՙ պարզ է ընթերցողին, թե ինչո՞վ էր խանդավառվել նկարչի հոգին: Այդ նկարի տեղն անհայտ է, գուցե եւ «չքացել է», ինչպես «չքացան» Կարսը, Արդահանն ու Արդվինը, որպես բոլշեւիկյան հեղափոխության հաղթանակի տուրք...
1853-56 թվականների ղրիմյան պատերազմի ընթացքում Այվազովսկին ծավալում է բոլորանվեր հայրենասիրական գործունեություն: Արվեստաբան Վ.Ստասովըՙ դիմելով ռուս նկարիչներին, հորդորել է, որ պետք է օրինակ վերցնել Այվազովսկու հայրենասիրությունից... Շուրջ հարյուր տարի անց, Հայրենական պատերազմի ծանր օրերին Այվազովսկու նկարները Թեոդոսիայի թանգարանից շտապ բերվում են Երեւան: Ղրիմի ազատագրմանը նկարչին հատուկ հայրենասիրություն դրսեւորեց հայկական Թամանյան դիվիզիան... Բայց պատերազմից հետո Ղրիմում էլ հայ չմնաց եւ իբրեւ հայկական հիշատակ Թեոդոսիայում մնաց միայն սբ.Սարգիս եկեղեցին, Այվազովսկուՙ հայերեն եւ ռուսերեն արձանագրություն կրող գերեզմանով...
1857-ին Այվազովսկին շուրջ կես տարի ապրում է Փարիզում, հանդես գալիս անհատական ցուցահանդեսով: Ռուս նկարիչներից առաջինը նրան է շնորհվում «Պատվո լեգեոն» շքանշան: Բարեկամական սերտ կապեր են ստեղծվում կոմպոզիտորներ Դոնիցետտիի, Ռոսսինիի, նկարիչ Գյուստավ Դորեի, դերասանուհի Սառա Բեռնարի, նաեւ մարշալ Պելիսսեի հետ: Ցուցահանդեսով հիացածՙ Բոնապարտ 3-րդը Այվազովսկուն հրավիրում է ընդունելության: Նոր լիցքեր ստացած նկարիչը համոզում է Փարիզում գործող, «Մասյաց աղավնի» հանդեսի հրատարակիչ եղբորը վերադառնալ տուն, աշխատել միասին: Նախ գալիս են Կոստանդնուպոլիս: Հայկական շրջանակներում նրանց հանդիպումները վերածվում են տոնի: Այդ օրերին իրեն ուղեկցող թուրքական պալատական կառույցների գլխավոր ճարտարապետինՙ Սարգիս Պալյանին է նվիրում մի պատկեր: Վերջինս իր հերթին այդ նկարն ընծայում է սուլթան Աբդուլ Ազիզին: Նկարչասեր սուլթանը հիացած, Պալյանի միջոցով նկարների պատվեր է հղում Թեոդոսիա: Տարիներ անց, Այվազովսկին հրավիրվում է Կ.Պոլիս, պարգեւատրվում «Օսմանիե» բարձր շքանշանով: Նկարչի վկայությամբ ինքը սուլթանի համար նկարել է քառասուն գործ, որոնց մի մասըՙ իբրեւ նվեր: Նկար է նվիրել նաեւ հայ քանդակագործ Երվանդ Ոսկանի ղեկավարությամբ հիմնված Կոնստանդնուպոլսի գեղարվեստական դպրոցին ու այլ մշակութային հաստատությունների:
Ու՞ր էլ ճանապարհորդել է Այվազովսկին, լինի Մոսկվան (այստեղ, արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտին է նվիրել, այժմ Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվող յոթ առաջնակարգ կտավներ), Նոր Նախիջեւանը (Ռոստով), կամ Թիֆլիսը, Թուրքիան կամ Եգիպտոսը, Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը, միշտ հետաքրքրվել է տեղի հայ բնակչության կյանքով եւ հատկապես օգտակար դարձել դպրոցների, լուսավորության տարածման գործին: 1880-ին ընտրվել է այդ նպատակին կոչված «Հայկական միացյալ միությունների» նախագահության անդամ: Այվազովսկու հռչակին զուգորդված ազգանպաստ մեծ ծառայությունները նրա կերպարը հայ իրականության մեջ դարձնում են լեգենդար եւ մեծ հույսի խորհրդանիշ:
Այվազովսկու հանրօգուտ վիթխարի գործունեությունը երբեք չի կրել միակողմանի բնույթ: Այս խնդրում առաջնորդվել է իր ժողովրդի, նրա դարավոր կյանքի ծանր պայմաններում կոփված բարեկամասեր ոգով: Թեոդոսիայում ոչ միայն հիմնել է հայկական դպրոց, տպարան,այլեւ կառուցել ու վերանորոգել է եկեղեցիներ, դրանց զուգահեռ հիմնել գեղարվեստական ուսումնարան, պատմահնագիտական թանգարան, խմելու ջուր հասցրել քաղաք, աջակցել երկաթգծի կառուցմանը: Եթե օգնել է հայ ուսանողներին, արժեքավոր պատմական գրքերի հրատարակմանը, կամ Թուրքիայի հայությանը, ապա օգնել է նաեւ հույն ժողովրդին, Մինսկի, Օդեսայի, Շտուտգարդի, Ֆրանկֆուրտի կարիքավոր բնակիչներին, Նիցցայի մանկատանը, Առնո գետի հեղեղումից տուժած Ֆլորենցիայի քաղաքացիներին, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ուսանողությանը, «Կարմիր խաչին», Սեւաստոպոլյան ճակատամարտի վիրավորներին եւ զոհված մարտիկների ընտանիքներին: Ունենալՙ օգնել կարողանալու համար. ռոմանտիկ ժամանակի իսկական որդու նկարագիր: Իհարկե, «ունենալու» հանգամանքն է ստիպել նկարչին շատ «արտադրել» չհրաժարվել կրկնություններից ու իր կարողություններին զիջող գործերից, որոնք իր ստեղծած վեց հազար նկարների մեջ զգալի տոկոս են կազմում եւ քննադատության առիթ են տվել: Բայց վարպետության ուժը երբեք իր մեջ չի հանգել.«Ես մխիթարվում եմ միայն նրանով, որ առաջիկայում ավելի լավը կնկարեմ»,-գրել է նա «Մոսկովիտյանին» թերթի խմբագիր, ակադեմիկոս Ն.Պոգոդինին [11]:
Երբ կարդում ենք Այվազովսկու նամականին ու պատկերացնում նրա գործունեության ու նպատակների սահմանները, զարմանալի է թվում, թե ինչպիսի ազնվությամբ ու դիվանագիտական նրբությամբ է նա ծառայել մարդասիրական իր գաղափարներին ու իր արվեստով ձգտել խաղաղության ու ժողովրդասիրության առաքյալ դառնալ Հյուսիսի ու Հարավի, Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ: Ծառայելով մարդկությանըՙ նա ծառայել է իր հարազատ ժողովրդին, իր բառերով ասածՙ «սիրեցյալ, կարոտյալ երկրին»:
Ստեղծագործող անհատը միշտ էլ փայփայում է թաքուն, սուրբ զգացումներ: Գոյություն ունեցող քաղաքական իրավիճակը, իր պաշտոնական դիրքը Այվազովսկի-արվեստագետին հաճախ ստիպել են քողարկել իր հույզերն ու մտքերը: Տարբեր պետությունների շքանշաններ կրող կրծքի տակ տրոփել է մի ուրիշ սիրտ, արտաքնապես հանգիստ, հավասարակշռված, զվարթադեմ նկարչի հոգում տրտում խորհրդածել է իր բուն ինքնությունը: Սա է անշուշտ պատճառը, որ ժամանակակիցները «բարդ նկարագիր են տեսել իր մեջ» եւ կամ «իր ողջ գթասրտությամբ, բարյացակամությամբ ու կենսասիրությամբ հանդերձ, առանձնության ստվերը պատել է Այվազովսկու ողջ կյանքը... եւ իր նկարագրի մեջ ինչ-որ բան մնացել է ոչ լիապես բացահայտված ու ըմբռնելի» [12]:
Պատմական իրադարձությունների ու անձնական կյանքի ընթացքը հետզհետե հստակացնում են նկարչի ներաշխարհը: 1882-ին, երջանիկ Աննա Մկրտումի Բուռնազյանի հետ իր երկրորդ ամուսնությամբ, նկարիչը գրում է. «Ատով, ավելի նորեն ազգիս մոտիկցա» [13]: Այդ շրջանում ծնվում է տիեզերական խաղաղությամբ շնչող «Սեւ ծովը» եւ իր տանը կից հիմնած պատկերասրահըՙ հանրության համար գործող երրորդ թանգարանը ռուսական կայսրությունում:
Թվում էՙ ամեն ինչ ընթանում էր բնական հունով: 1890-ին Փարիզի «Դրուան-Ռուել» սրահում նա ցուցադրում է իր Արարատներից ամենանշանակալինՙ «Նոյը իջնում է Արարատից» (1889) բիբլիական լույսով ողողված մեծադիր կտավը ու իր հայրենակիցների հետ զրուցելիս ասում. «Սա՛ է մեր Հայաստանը...» [14]:
Եվ ահա, այդ Հայաստանում 1895-ին, սուլթան Աբդուլ Համիդը «Հայկական հարցը» լուծելու կրքով բռնվածՙ ցեղասպանության զոհ է դարձնում 300 հազար հայերի: Սարսափելի իրադարձությունը զուգորդվում է նույնքան սարսափելի «Հայաստանն առանց հայերի»ՙ հարազատ երկրում հնչած կոչով... Եվ պետական խորհրդականի սիրտը փոթորկվում է ծովի նման...
Իր ցանկությամբ Այվազովսկուն թաղում են Թեոդոսիայի սբ.Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մկրտվել էր, որտեղ էլ պսակվել: Շիրմաքարի գրաբար արձանագրությունը, որ քաղված է 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», ուղղված է սերունդներին. «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»:
Նկարչի հոգին արվեստում
Ծովն իր առասպելական հմայքին է ենթարկում բոլորին: Ամեն մի ժողովուրդ ծովի իր «երգն» ունի: Հայ պոետները վաղնջական ժամանակներիցՙ (Մաշտոցՙ 5-րդ դար, Նարեկացիՙ 10-րդ դար, Շնորհալի 12-րդ դար եւ ուրիշներ), ծովին են նվիրել բանաստեղծություններ, որոնցից շատերը, հատկապես 19-20-րդ դարերի, վերածվել են երգի ու երգվում են ժողովրդի մեջ: Հայը ծովն ընկալել է իբրեւ երկինք, եւ խավարից դեպի լույս ձգտող իր երազանքի արձագանքն ապրել նրա կապույտ հեռուներում:
Դեռ պատանի տարիքից ջութակի սիրահար, մեղեդիների հուզականությանը ենթակա Այվազովսկու արվեստում, իբրեւ ստեղծագործական ելակետ, երաժշտության նման, ակներեւ է բնության ժողովրդական-բանաստեղծական ընկալումը:
Նկարչի առաջին, գուներանգային նուրբ համադրումներով վրձնած գործերից շատերը տոգորված են առանձնության, երազանքի, մասամբ նաեւ տրտմաթախիծ զգացմունքներով: Օրինակՙ նավակի վրա գլխահակ նստած ձկնորսը («Ամպերը ծովի վրա. 1837»), ծովեզրին, հայացքը, հեռուն հառած գաղթականը («Ծովափ», 1840), նավակի ցռուկին կանգնած ու լուսնով կլանված պատանին («Լուսնկա գիշեր. Կապրի», 1843) եւ այլն: Դրանց շարքում իր ազգային խորքով առանձնանում է «Մխիթարյան հայրերը սբ.Ղազար կղզում. Մայրամուտ» (1843) կտավը: Առաջին հայացքից կղզին իր ուրվագծով լույսի մեջ լողացող նավ է հիշեցնում, իսկ մարդիկՙ հույսի ու երազի ճամփորդներ: Աջ կողմում նստած է Ջ.Բայրոնին հայերենի դասեր տված Մ.Ավգերյանը: Ձախ կողմում աբբահայր Ս.Սոմալյանն ու նկարչի եղբայր Գ.Այվազյանն են: Պատկերի կառուցվածքային ու գաղափարական կենտրոնը քարափին դրված կարմրակազմ գիրքն էՙ նույն ժամանակներում լույս տեսած «Հայկազեան» նշանավոր բառարանը, հայագիտության բարձր նվաճումներից մեկը: Եթե նման գործի գիտակցումը չհուզեր երիտասարդ հայ նկարչին, անկարելի պիտի լիներ նման պատկերի մտահղացումը:
Իտալիայի թանգարանները, որտեղից Այվազովսկին «մեղր էր քամում», բնության առինքնող տեսարանները, ինչպես նաեւ հայկական մանրանկարչության հարուստ ձեռագրերի Մխիթարյան միաբանության մատենադարանը, եղբոր օգնությունը, մեծ նշանակություն ունեցան նկարչի ձեւակերտման խնդրում: Իր սիրո աշխարհինՙ ծովին ձոնված «Քաոս.Աշխարհի ստեղծումը» (1841) նկարը (այստեղ Աստված կերպավորվել է իբրեւ լույս) հաղթանակի մեծ ավետիս բերեց երիտասարդ նկարչին:
Իր կյանքը Այվազովսկին տեսնում էր ծովի մեջ: Նկարելով միայն ներքին տեսողությամբ, նա ոչ թե պատկերում էր ծովը, այլ ձգտում էր ստեղծել իր՛ ծովը, «պատմելու» իր տեսիլները, իր «հեքիաթները»: Այդ հեքիաթայնությունը նրբորեն նկատել է Դոստոեւսկին իր «1860-61 թթ. ցուցահանդեսը արվեստների ակադեմիայում» հոդվածում: Այո՛, Այվազովսկի-ծովանկարչի մեջ խոսել է բնության հեքիաթասացը: Նրա հոգում այդ հեքիաթները հարափոփոխ են, նույնքան շատ, որքան դրանց նախատիպն է ներկայանում օրվա տարբեր ժամերին ու տարվա տարբեր եղանակներին: Մարդու եւ բնության հիանալի համաձուլվածքի, տիեզերաշունչ ընկալումների դրսեւորման վառ օրինակՙ արտահայտություն ստացած գլխապտույտ բազմազանությամբ, իսկ փայլատակումների մեջՙ պարզապես հանճարեղ:
Այվազովսկին իր ժամանակի ռոմանտիկական արվեստի տաճարն է մտնում ղեկավարվելով գեղարվեստական աշխարհընկալման, սիմվոլիկ մտածելակերպի սեփական կանոններով, բնազդի թելադրանքով:
Մեծ արվեստագետի ստեղծագործության հիմքում ընկած է բնության անսահմանության, նրա արարչագործ, հզոր ուժի գաղափարը: Ահեղ փոթորիկները նա պատկերում է տարերքի դեմ պայքարող, իրար օգնող մարդկանց առկայությամբ: Մարդը չի հանձնվի, մարդը կհաղթի: Նկարչի այս կենսապաշտության մեջ իրենց արտացոլումն են գտել ժողովրդական բնավորությանը հատուկ խոր լավատեսությունն ու տոկունությունը: Այվազովսկու ռոմանտիկայի հենքը տիեզերքի փոքրիկ էակիՙ մարդու մեծ հավատն է բնության ու կյանքի նկատմամբ, 19-րդ դարի քաղաքական կյանքի հզոր ալեբախումների մեջ իր ինքնության հաստատման համար մաքառող ժողովրդի անկոտրում հավատը:
Մարտիրոս Սարյանը, որ դեռ պատանիՙ Նոր Նախիջեւանում տեսել էր ծերունազարդ Այվազովսկուն եւ միշտ ջերմորեն էր հիշում այդ հանդիպումը, գրել է. «Այվազովսկու արվեստը մարդու եւ մարդկայնության արվեստ է, ճնշման ու դեսպոտիզմի ժխտում: Նա ազատության անհագ ծարավի ու նրա փառաբանման նկարիչն է: Այվազովսկու «փոթորիկներում» ծովը հանդես է գալիս որպես բնություն-մայր: Պատահակա՞ն է արդյոք, որ նույնիսկ ամենադրամատիկ պահերին նրա «փոթորիկները» դիտողի մեջ վախի ու ատելության զգացում չեն առաջացնում: Որքան էլ տարօրինակ է, Այվազովսկու «փոթորիկը» հեքիաթային սեր է ծնում բնության նկատմամբ» [15]:
Երիտասարդ տարիքից ռուսական մշակույթի առաջավոր իդեալներով զինված, Բայրոնի ու Դելակրուայի նման Այվազովսկին մեծ սեր տածեց դեպի ճնշվող, փոքրաթիվ ժողովուրդները, ստեղծեց պատկերներՙ նվիրված հույն ժողովրդի պայքարին ու փրկությանը: Լինելով տառապած, պետականությունից զրկված, ազատություն տենչացող ժողովրդի զավակՙ նա աշխարհն ընկալեց մարդասիրական դիրքերից:
Նկարչի ստեղծագործական հավատամքը որքան ժամանակի արտահայտություն էր, նույնքան ուներ խոր արմատներՙ կապված իր ժողովրդի ճակատագրին ու պատմությանը: Ռուսաստանի հանդեպ Այվազովսկու տածած սերը միաժամանակ մայր ժողովրդի նկատմամբ ունեցած զգացումների դրսեւորում էր: Եվ թուրքերի դեմ, ջերմեռանդորեն գովերգած ռուսական նավատորմի հաղթանակների մեջ Այվազովսկին տեսնում էր եւ իր ժողովրդի փրկության ուղին: Եվ դա սպասելի էր, մանավանդ որ արդեն ազատագրվել էին Հունաստանը, Բուլղարիան, բալկանյան մյուս երկրները...
Այվազովսկու պատկերների լուսային կախարդիչ մթնոլորտը օգնում է հաղորդվելու նրա արվեստի երազային, հուզատեսիլային նկարագրին: Նկարիչը դիտում է մարդուն իբրեւ բնության անբաժանելի մասնիկ: Մարդը նրա կտավներում հանդես է գալիս նաեւ ծովի խաղաղ-անդորր տեսարաններում, երբեմն ափով միայնակ քայլելիս, երբեմն ծովափին նստած, հեռունՙ լույսին հառած երազկոտ հայացքով: Այդ երեւակայված մարդկանց մեջ դժվար չէ ճանաչել նաեւ իրՙ նկարչի դիմագծերը...
Լույսի գաղափարը խիստ ընդգծված է նկարչի ստեղծագործության մեջ: Ուշադիր դիտողը կզգա, որ պատկերելով ալիքներ, ամպեր, օդային տարածություն, Այվազովսկին փաստորեն լույսն է նկարում, լույսն է շեշտում: Նրա արվեստում լույսը կյանքի, հույսի ու հավատի խորհրդանիշ է, հավերժականի խորհրդանիշ: Հայ մշակույթի մեջ հեռավոր ակունքներ ունեցող արարիչ լույսի, լույս իմանալիի վերիմաստավորումն է դա, հաստատուն մի ավանդույթ, որը շքեղ արտահայտություն ստացավ նաեւ հաջորդ սերնդի հայ նկարիչների մոտ:
Լուսերգության ավանդները նկարչին են հասել միջնադարյան «արեւագալի» երգերից, որոնք նա գիտեր ու միշտ լսում էր հայկական եկեղեցիներում: Պատահական չէ, որ խոսելով իր նկարների մասին, նկարիչը գրել է. «Իմ գործերից լավագույնները նրանք են, որոնք առանձնանում են լույսի ուժով...» [16]: Այվազովսկու վերջին նկարներում լույսը բնության վրա է իջնում անտեսանելի աղբյուրից, իբրեւ խավարը ակոսող եւ հույսը հաստատող հզոր ճառագայթ («Մարիա նավը», «Ալիքների մեջ»):
Այվազովսկուն հատուկ է նաեւ գունամտածողության այնպիսի ուրույն մի սիստեմ, որ նրա արվեստը դուրս է բերում իր ժամանակի ընդունված գեղանկարչական կանոնների սահմաններից: Այդ առանձնահատկությունը պետք է տեսնել նրա պատկերների երբեմն արտակարգ գունային պայմանականության, վերացականության հասնող լուծումների մեջ: Միեւնույն նկարում Այվազովսկին հաճախ ստեղծում է կարմիրի, կապույտի, կանաչի, դեղինի, վարդագույնի թափանցիկ, իրենց հնչողությամբ սքանչելի ներդաշնակումներ: Դիտելով նման գործերը («Իններորդ ալիք», «Փոթորիկ Աթոս լեռան մոտ», «Սինոպի ճակատամարտը», «Ձկնորսները ծովափին», «Ծովը» եւ այլն), հաճախ մոռանում ես պատկերի սյուժեն եւ կտավն ընկալում իբրեւ գույների երգ, իբրեւ գեղեցկության ներբող: Գույնի հնչողությամբ կենսաթրթիռ գաղափար արտահայտելու ձգտումը, որ բնորոշ է Այվազովսկու բնազդին, կիրառում գտավ միայն նոր ժամանակների նկարչության մեջ:
Ժամանակներին արձագանքող իր ստեղծագործության հուզականությամբ, կրքոտությամբ, բանաստեղծական ոգու եւ կատարման ուրույն վարպետության շնորհիվ Այվազովսկին միանգամից բարձրացավ արվեստի եվրոպական մակարդակին: Նույն արժանիքներով էլ նա թարմ շունչ հաղորդեց ռուսական գեղանկարչությանը, դառնալով նրա ամենաճանաչված ներկայացուցիչներից մեկը ամբողջ աշխարհում: Իբրեւ ռուսաստանցի մեծ նկարիչ, երկրորդը Օ.Կիպրենսկուց հետո, նա իր ինքնադիմանկարով արժանացավ Ֆլորենցիայի Պիտտի թանգարանում մշտապես «ներկա լինելու» պատվին:
Բայց իր երկրումՙ Ռուսաստանում, 1870-ական թվականներից սկսվեց Այվազովսկու արվեստի հետզհետե սուր բնույթ կրող քննադատությունը: Վ.Ստասովն ընդունեց միայն նրա արվեստի վաղ շրջանը: Ա.Բենուան իր «19-րդ դարի ռուսական արվեստի պատմության» մեջ գրեց. «Այվազովսկին թեեւ համարվում է Վորոբյովի աշակերտը, բայց նա դուրս է կանգնած ռուսական պեյզաժային դպրոցի ընդհանուր զարգացումից» [17]: Այսպիսի եզրահանգման պատճառը միայն այն չէր, որ Այվազովսկին ստեղծագործում էր մեկուսի, արվեստի կենտրոններից հեռու, հանդես էր գալիս հիմնականում անհատական նկարահանդեսներով: Պատճառը պետք է փնտրել ռուսական մշակույթի զարգացման միտումների եւ Այվազովսկու աշխարհընկալման, պոետիկայի մեջ: XIX դարի երկրորդ կեսում ռուսական կերպարվեստն առավել վառ արտահայտված ազգային դեմք ստացավ: Հանձինս պերեդվիժնիկների ծնվեց ռուսական դեմոկրատական ռեալիզմը, ասպարեզ իջան ռուսական ռեալիստական մեծ գրականության հսկաները: Այվազովսկին շարունակում էր կրկնել ծովի իր «հեքիաթները», որոնք բնական ու սովորական էին իր համար, բայց իր իսկ խոստովանությամբ, «նոր սերնդին արդեն թվում էին մտացածին, անբնական»: Դրանով հանդերձ, անշուշտ չէին ժխտվում ծովանկարչի սերտ կապերը ռուսական կերպարվեստի հետ, մանավանդ նրա ունեցած դերը, որի մասին դիպուկ նշել է Ստասովը. «Այվազովսկին իրենն արեց, նա առաջ մղեց ուրիշներին նոր ուղիով» [18]:
Այվազովսկուն մոտիկից ճանաչող եւ նրա դիմանկարները ստեղծած Ի.Կրամսկոյը իր հայտնի ասույթով ասես ամփոփեց ծովանկարչի արվեստի շուրջ ծագած վեճերը. «Ո՞վ եւ ի՞նչ էլ ասի, Այվազովսկին առաջին կարգի աստղ է բոլոր դեպքերում եւ ոչ միայն մեզանում, այլեւ արվեստի պատմության մեջ ընդհանրապես» [19]:
Այվազովսկու ստեղծագործական խառնվածքի ու աշխարհընկալման ազգային արմատները, որոնք չի ուսումնասիրել ռուսական արվեստագիտությունը (դա մինչ այսօր էլ զարմանք է հարուցում), դեռ նկարչի կենդանության օրոք նրա արվեստը կապել են հայկական մշակույթին:
XIX դարի երկրորդ քառորդից, Արեւելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, հայ ժողովուրդը հոգեւոր կյանքի վերելք ապրեց: Հայ մշակույթը դուրս եկավ զարգացման նոր ուղի, որ հատկանշվում է եվրոպական եւ ռուսական արվեստների հետ սերտ մերձեցմամբ:
Մասնագիտական կրթություն ստանալով եվրոպական ու ռուսական ակադեմիաներումՙ հայ նկարիչները ազգային արվեստ ներբերեցին պատկերման նոր մեթոդներ, որոնք ձուլվելով նրանց խառնվածքին, յուրովի կիրառումներ գտան: Փոխազդեցությունների այդ օրինաչափ պրոցեսը համամարդկային մշակույթի առաջընթացի հիմքն է, պրոցես, որը հետզհետե հասցնում է արվեստի ազգային դիմագծի հստակմանը, բյուրեղացմանը: Այդ պրոցեսը բնորոշ է տարբեր ժողովուրդների արվեստներին, բնորոշ է XVIII դարի ռուսական գեղանկարչությանը, բնորոշ է նաեւ XIX դարի նոր զարթոնք ապրած հայկական նկարչությանը:
Այվազովսկին անգնահատելի ներդրում ունի այդ պրոցեսում: Նրա անունը անբաժանելի է հայկական նկարչության զարգացման նոր շրջանից:
Այվազովսկու տունը Թեոդոսիայում եղել է մի յուրօրինակ ուխտատեղի: Այստեղ հանդես են եկել ռուսական մշակույթի հայտնի դեմքերՙ երաժիշտներ Սերովն ու Ռուբինշտեյնը, դերասաններ Վառլամովն ու Սազոնովը, լեհ ջութակահար Վինյավսկին... Այստեղ հյուրընկալվել են նաեւ շատ հայ գրողներ, նկարչին ձոնել բանաստեղծություններ եւ հոդվածներ: Արտակարգ անկեղծ ու գրավիչ է օրինակ Երվանդ Շահազիզի հուշերը [20], որտեղ վրձնի վարպետը ընթերցողին է ներկայանում իբրեւ Թեոդոսիայի հայկական պատմական հուշարձանների մեկնաբան ու պաշտպան: Թանգարանի մեծ սրահում հանդես են եկել ողբերգակ Պետրոս Ադամյանը, Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Հովհաննես Նալբանդյանը, կոմպոզիտոր, Այվազովսկու ազգական Ալեքսանդր Սպենդիարովը, որին իր ջութակով ընկերակցել է նկարիչը:
Այվազովսկու խորհուրդներին են հետեւել ռուս ծովանկարիչներ Բոգոլյուբովը, Բոգոեւսկին, Լագորիոն, Սուդկովսկին, Ֆեսլերը, Գանզենը, այդ թվում նաեւ ռուսական բնապատկերի ինքնատիպ դեմքերից Կուինջին: Այվազովսկու արվեստանոցում մկրտություն են ստացել նաեւ վրձնի հայ վարպետներ Բաշինջաղյանը, Սուրենյանցը, ծովանկարիչներ Վարդան Մախոխյանը, Արսեն Շաբանյանը, Մկրտիչ Ջիվանյանը, Էմանուել Մահտեսյանը... Վարդգես Սուրենյանցի վկայությամբ Այվազովսկին ցանկացել է ստեղծել միություն եւ նրա շուրջը համախմբել աշխարհով մեկ սփռված հայ արվեստագետներին:
1868-ին ճամփորդելով Անդրկովկասումՙ Այվազովսկին վրձնել է լեռնային տեսարաններ, Թիֆլիսի կենցաղը, Սեւանա լիճը, Արարատը եւ Արարատյան դաշտը ներկայացնող բնանկարներ, որոնցով նա սկիզբ է դնում ու խթանում այդ ժանրի զարգացումը հայ կերպարվեստում:
Այվազովսկու դիմանկարները հիմնականում սիրո ու երախտագիտության զգացումի վկայություն են: Կազնաչեեւի, Կռիլովի, ծովակալ Նախիմովի դիմանկարներին զուգահեռ նա ստեղծել է իր մեծ մորՙ Աշխենի, եղբորՙ Գաբրիելի, Խրիմյան Հայրիկի, Նոր Նախիջեւանի քաղաքագլուխ Ա.Խալիբյանի, պետական գործիչ Լորիս-Մելիքովի, Թեոդոսիայի եկեղեցու առաջնորդ Խ.Ստեփանյանի դիմանկարները: Իր ծովանկարներին բնորոշ թեթեւ, արտիստիկ շնչով է պատկերել իր կնոջըՙ Աննա Բուռնազյան-Այվազովսկայային: Դավանելով հայ առաքելական եկեղեցունՙ Այվազովսկին մի ամբողջ շարք պատկերներ է ստեղծել Աստվածաշնչի, ինչպես նաեւ պատմական թեմաներով: Վերջիններից են 1892-ին նկարած «Հայ ժողովրդի մկրտությունը». «Գրիգոր Լուսավորիչ» եւ «Երդում. Վարդան զորավար. 5-րդ դ. » կտավները, որոնք ժամանակին զարդարել են Թեոդոսիայի սբ.Վարդան հայկական եկեղեցին: Պատմական նշանակալից անցքերի պատկերումով նկարիչը հետապնդել է ժողովրդին հայրենասիրական զգացմունքներ ներշնչելու նպատակ: Ծովանկարիչը ստեղծել է նաեւ իր հողատարածքում աշխատող հայ հովիվների առօրյային նվիրված մի շարք բնանկարներ ու «Թիֆլիսի տեսարան» կենցաղային նկարը: Դիտողի ուշադրությունն այստեղ գրավում են ազգային տարազներն ու տանիքների վրա շուրջպար բռնելու ժողովրդական ավանդույթը: Այդ ավանդույթը ի դեպ արձագանք է գտել նաեւ Մ.Սարյանի մի շարք գործերում, որի նախնիները Ղրիմից էին Դոնի ափեր գաղթել:
Այվազովսկու հայկական նկարների շարքում բացառիկ է կյանքի վերջին տարում ստեղծած «Բայրոնի այցը Մխիթարյաններին» մեծադիր կտավը: Վենետիկի գեղեցիկ համայնապատկերի առջեւ ազատության երգչին ջերմորեն դիմավորում են Մխիթարյան հայրերը, որոնց կենտրոնում նկարիչը հատուկ նպատակով պատկերել է նաեւ XIX դարի մեծ հայորդի, գիտնական եւ բանաստեղծ Ղեւոնդ Ալիշանին, որը Բայրոնի այցի ժամանակ դեռ չէր ծնվել. սքանչելի մտահղացումՙ մեկ նկարի մեջ խտացնել հայ տարբեր սերունդների ներկայացուցիչներին, իր եւ նրանց ազատաբաղձ իղձերը:
Դիտարկելով Այվազովսկու ժառանգությունն իր ամբողջության մեջՙ պիտի ասենք, որ անհնար է առանց նրա պատկերացնել հայկական արվեստը, այդ արվեստի զարգացման պատմական ընթացքը: Իսկ իբրեւ ռուս նկարիչՙ անկարելի է լիովին բացահայտել նրա ստեղծագործական դեմքըՙ առանց իր արվեստի հայկական ակունքների: Ահա թե ինչու պատկանելով ռուսական մշակույթին, Այվազովսկին հավասարապես պատկանում է հայ մշակույթին: Նման օրինակները քիչ չեն համաշխարհային արվեստում: Այս դեպքում ավելինՙ ծովի մեծ երգիչը սերունդներին է ներկայանում իբրեւ հայ եւ ռուս մշակույթների բարեկամության անզուգական խորհրդանիշ:
Հենց այս գաղափարն էլ հիմք հանդիսացավ Ֆրանսիայում «Հայաստանի տարի» (2007) մշակութային ծրագրով իրականացած «Ծովի պոեզիան»ՙ (Այվազովսկին եւ իր հայ հետնորդները) ցուցահանդեսի: Փարիզի Ծովային ազգային թանգարանում բացված այդ նկարահանդեսը տեսնելովՙ լրագրող Ս. Սադեկովան իր անկեղծ տպավորություններն է հրապարակել «Կոմերսանտ» թերթում(2007, 13 փետրվար) նշելով, որ «Այվազովսկին Հայաստանի զավակն է... Վատ չէր լինի այդպիսի ցուցահանդես տեսնել Մոսկվայում»:
Ժամանակները փոխվում են: Ազգություններն ավելի ու ավելի են մերձենում իրար եւ երկրագունդն արդեն քայլում է համամարդկայինի ուղիով: Հայ ժողովուրդն ինչպես առաջներում, այլեւս անհայտ ու անծանոթ չէ, եւ այսօր առավել քան երբեք ջերմ ու բարեկամական են Հայաստանի եւ Ռուսաստանի կապերը բոլոր բնագավառներում:
Հովհաննես-Իվան Այվազովսկու ծննդյան մոտեցող 200-ամյակին համակողմանի ցուցահանդես կազմակերպելովՙ մեծ մարդասերը դուրս կբերվի անցյալի քաղաքականության ճահճից, եւ ձերբազատվելով ազգային սահմանագծերից կվերաճանաչվի այնպես, ինչպես մարդն է կյանք մտնում իբրեւ Աստծո պարգեւ: Այլապես կշարունակի մնալ Ռուսաստանի համար ռուս նկարիչ, Հայաստանի համարՙ հայ:
Գրականություն
1. Բարսամով Ն., Այվազովսկի. Մոսկվա, 1962, էջ 156 (ռուս.)
2. Նովոուսպենսկի Ն., Այվազովսկի. Լենինգրադ, «Ավրորա», 1983, էջ 1 (ռուս., գերմ., անգլ., ֆր.)
3. Չուրակ Գ., Այվազովսկի. Մ. Բելիլ-գորոդ, 2000, էջ 1 (ռուս.)
4. ՀՀ պետ. կենտ. արխիվ (ЦГИА) ֆ. 330, պ. 1, տ. 871, էջ 33
5. Այվազովսկի. Փաստաթղթեր եւ նյութեր, կազմողներՙ Հարությունյան Գ., Շաթիրյան Հ., Սարգսյան Ն., Երեւան, 1967, էջ 14 (ռուս.)
6. Նույնըՙ էջ 311 (ռուս.)
7. Բարսամով Ն., Այվազովսկի. Մոսկվա, 1962, էջ 92-93 (ռուս.)
8. Նույնըՙ էջ 92-93 (ռուս.)
9. Այվազովսկի. Փաստաթղթեր եւ նյութեր. էջ 278 (ռուս.)
10. Հայկ. ՍՍՀ «Տեղեկագիր» 1958, հ. 11
11. Սարգսյան Մ., Մեծ ծովանկարչի կյանքը. Երեւան, 1967, էջ 195
12. Բարսամով Ն., Այվազովսկի. Մոսկվա, 1962, էջ 126 (ռուս.)
13. Այվազովսկի. Փաստաթղթեր եւ նյութեր. Երեւան, 1967, էջ 188 (ռուս.)
14. Սարգսյան Մ., Մեծ ծովանկարչի կյանքը. էջ 337
15. Սարյան Մ., «Ծովի մեծ երգիչը». «Պրավդա», 1967, 27 հունիս (ռուս.)
16. Բարսամով Ն. Այվազովսկի. Մոսկվա, 1962, էջ 129 (ռուս.)
17. Բենուա Ա.,19-րդ դ. Ռուս. գեղանկարչության պատմություն. Մոսկվա, 1999, էջ 304
18. Բարսամով. Ն., Այվազովսկի.էջ 118 (ռուս.)
19. Նույնըՙ էջ 123
20. Շահազիզ Ե., Հիշողություններ եւ դիմաստվերներ. Երեւան, 1980, էջ 101-123 (հայ.)
21. Տպագրված է թարգմանված «Մշակ» թերթում, Թիֆլիս, 1900, թիվ 79
Նկար 1. «Բայրոնի այցը Մխիթարյաններին», 1899 թ.
Նկար 2. Նկարչի եղբորՙ Գաբրիել արքեպս. Այվազովսկու դիմանկարը, 1880 թ.
Նկար 3. Նկարչի կնոջՙ Աննա Բուռնազյանի դիմանկարը, 1882 թ.
Նկար 4. «Խրիմյան Հայրիկը Սբ. Էջմիածնի շրջակայքում», 1895 թ.
Նկար 5. «Տրապիզոնի ջարդը», 1895 թ.