ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2007-10-06 | #20, 2007-10-20 | #21, 2007-11-03


ԱՄԲՈՂՋ ՁԱՅՆՈՎ...

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ

«Գրական թերթ»-ի 34 համարում լույս է տեսել Նորայր Ադալյանի արձագանքը Ե. Չարենցի «Վերջին խոսքը» բանաստեղծական ժողովածուի հրատարակությանը:

Միանգամից ասենք, որ «Վերնագիրը` 1937» խորագրով հոդվածը ոչինչ ունի ընդհանուր գրական այն ժանրի հետ, որը կոչվում է գրախոսական: Ն. Ադալյանի համար ժողովածուն պարզապես առիթ է եղել անդրադառնալու սոցռեալիզմի կարկառուն «գեներալներից» Հրաչյա Քոչարի գրական եւ ոչ գրական գործունեությանը: Կատարելով բավական ծավալուն մեջբերում ժողովածուում տեղ գտած Հր. Քոչարի` Ե. Չարենցի դեմ ուղղված 1937-ով թվագրված ելույթից, Ն. Ադալյանը գծում է գրողի անցած ճանապարհը եւ կատարում անուրախ, բայց անհրաժեշտ եւ տեղին խորհրդածություններ ու հետեւություններ:

Դեռեւս կենդանի, բայց գրական կյանքից դուրս շպրտված, արդեն անպաշտպան Ե. Չարենցի դեմ ուղղված Հր. Քոչարի ելույթը բնորոշված է «ստուգիչ կրակոց» դիպուկ բառերով, որոնցով ի կատար էր ածվում «գրական»-քաղաքական պատվերը: Հր. Քոչարի հետագա գործունեության ադալյանական ուրվագիծը կասկած չի թողնում, որ հանձին նրա հայ գրականություն էր մտել պատեհապաշտ մի անձնավորություն, որը գրականությունից բարձր դասում էր սեփական կարիերիստական շահերը: Հոդվածն ավարտվում է գրական չափանիշների վերանայման բնական պահանջով: Եվ ոչ միայն գրական: Հոդվածագրի կարծիքով` «...պետք է վերանվանել նաեւ Հրաչյա Քոչարի փողոցը, որպեսզի այնտեղ ապրողները գիշերը հանգիստ քնեն»:

Ոչ թե հակադրվելու, այլ լրացման կարգով կցանկանայինք անդրադառնալ հոդվածի վերջին մասում բարձրացված գործնական հարցադրումներին:

Նախ` ինչո՞ւ մասնավորեցնել խոսքը, նշելով միայն Հր. Քոչարին: Չէ՞ որ հայտնի է, որ Ե. Չարենցը նրան համարում էր «Նաիրու ողորմելի համհարզը...»` նկատի ունենալով Ն. Զարյանին: Հասկանալի է, «Վերջին խոսքը» ժողովածուն «փայլում» է հատկապես «քոչարական» հարակից նյութերով, սակայն մամուլում պահպանված են Ե. Չարենցի եւ բռնադատված այլ գրողների հասցեին Ն. Զարյանի ոչ պակաս, գուցե եւ ավելի «թունդ» ելույթները: Եվ եթե դրվում է Հր. Քոչարի (Կոմիտասի ու Սիամանթոյի փողոցներին զուգահեռ ձգվող) փողոցի վերանվանման հարցը, ապա ինչո՞ւ մոռանալ, որ ճակատագրի խաղով նույն այդ փողոցի շարունակությունը կոչվում է հենց Ն. Զարյանի անունով: Որքանո՞վ բարոյական է միեւնույն քաղաքում ունենալ զոհերի եւ դահիճների անուններով փողոցներ... (ընդգծ.ՙ խմբ.)

Երկրորդ` ինչո՞ւ միայն փողոցները: Ես ավարտել եմ Խ. Աբովյանի անվան համար 2 դպրոցը եւ իմ բոլոր ինքնակենսագրական ձեւաթղթերում հպարտորեն նշում եմ դա: Իսկ իմ սերնդակիցներից շա՞տ կգտնվեն այնպիսիները, որոնք կնշեն, թե ավարտել են, օրինակ, Ֆ. Ձերժինսկու անվան դպրոցը: Համոզված եմ, որ նրանք սահմանափակվում են միայն դպրոցի համարը նշելով: Նախկինում ստիպողաբար, իսկ այսօր արդեն գիտակցաբար մեր երեխաների կենսագրության մեջ հավելվում են անուններ, որոնց խարանը ժամանակի ընթացքում միայն պիտի ուժեղանա: Բայց գուցե այդ անունները խարանվել են ո՞չ գրական կյանքում, գուցե նրանց կարելի է ներել իրենց բարձրարժեք գրական ստեղծագործությունների՞ համար: Ջրի նման պարզ է, որ պատեհապաշտ գրողները, որպես կանոն, մնայուն քիչ թե շատ ոչինչ չեն ստեղծում, նրանք անխուսափելիորեն մահանում են իրենց ժամանակավոր պաշտամունքների հետ... (ընդգծ.ՙ խմբ.)

Ն. Ադալյանի արծարծած հարցը օրինական է: Բայց նա առաջինը չէ եւ, ցավոք, կանխազգում եմ, որ նաեւ ոչ վերջինը: Մամուլում քննարկվող բազում հարցեր մնում են ձայն բարբառոյ յանապատի, իսկ քաղաքապետարանը, անկախ եւ ժողովրդավար Հայաստանի մայրաքաղաքի ղեկավար մարմինն այդ հարցում պահպանում է Զաքարիայի լռություն: Եվ ոչ միայն քաղաքապետարանը: Ե՞րբ պետք է գրական չափանիշների վերագնահատման հետ կապված հարցերը գրողների միության ղեկավարությունը, մշակույթի բարձրագոչ նախարարությունը կամ գրականության ինստիտուտը ի պաշտոնե հարուցեն իրավասու մարմինների եւ հասարակության առջեւ: Այդ հարցերն ընդհանուր ոչինչ ունեն Ն. Ադալյանի թվացյալ «ռեւանշիզմի» հետ: Դրանք մեր բռնադատված գրողների` Ե. Չարենցի եւ Ա. Բակունցի, Վ. Թոթովենցի եւ Զ. Եսայանի, բազում այլ գրողների ու ոչ գրողների առանց չակերտների ռեւանշն է` ժամանակի՛, պատմությա՛ն, ճշմարիտ գրականությա՛ն ռեւանշը, որի հանդեպ խուլ կամ կույր ձեւանալը հանցանք է:

Ով ականջ ունի, թող լսի...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4