ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2007-11-17 | #23, 2007-12-01 | #24, 2007-12-15


«ՀԱՅԱՍՏԱՆ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ»

Հաշվետվություն մարսելյան մի ցուցահանդեսի վերաբերյալ

ԿԼՈԴ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Ֆրանսիայում «Հայաստան իմ բարեկամ» նշանաբանով անցկացված Հայաստանի տարին իրապես իրադարձային էր եւ կարելի է ասել, որ հայ մշակույթն արտերկրում պատշաճորեն ներկայացնելու այս փորձը պսակվեց հաջողությամբ: Այդ մեծածավալՙ 800-ից ավելի միջոցառումներից հատկապես մի քանիսը իրենց արվեստային մակարդակով կարողացան հիացնել անգամ նրբաճաշակ ու քմահաճ եվրոպացուն: Այս մասին վկայեց ինչպես ֆրանսիական, այնպես էլ հայկական մամուլը, մասնավորապես «Ազգը», որը պարբերաբար ներկայացրել է ինչպես տեղեկատվական, այնպես էլ վերլուծական-մեկնողական բնույթի նյութեր: Մեր այս հրապարակումը տարբեր է նախորդներից նրանով, որ ֆրանսահայ պատմաբան-արվեստաբան Կլոդ Մութաֆյանը «Հայաստան. գրչության կախարդանքը» մարսելյան ցուցահանդեսի որոշ փակ էջեր է բացում - հայացք ներսից:


Ցուցահանդեսի կազմակերպումը

Թանգարանների տնօրենները չեն սիրում, երբ վերեւում որոշումներ են ընդունում ցուցահանդեսների վերաբերյալ, որոնք դուրս են մնում իրենց վերահսկողությունից: 1999-ին Վատիկանում «Ռոմա-Արմենիա» ցուցահանդեսի օրերին Պապի եւ Հայոց կաթողիկոսի համաձայնագրի պատճառով պատահած դժվարությունները ութ տարի անց Մարսելում կրկնվեցին ավելի վատ ձեւով:

Մարսելի հայ երիտասարդության եւ մշակույթի տունը (ՄՀԵՄՏ) իր նախագահ Կարո Հովսեփյանի եւ փոխնախագահ Ժերար Շալջյանի գլխավորությամբ վերջին տարիներին մտադրվել էր ցուցահանդես կազմակերպել հայոց այբուբենի 1600-ամյակի առթիվ: Հայաստանի տարին լավ առիթ ընձեռեց, եւ Ֆրանսիայում միջոցառումների պատասխանատու Նելլի Տարդիվիեն անցկացման վայր ընտրեց Մարսելի «Վիեյ Շարիտե» թանգարանը: ՄՀԵՄՏ-ն մոտ երկու տարի առաջ ինձ առաջարկեց մասնակցել ցուցահանդեսի կազմակերպմանը, ինչը ընդունեցի հաճույքովՙ մանավանդ նկատի ունենալով նորոգված նախկին անկելանոցի գրավիչ մթնոլորտը:

Մունիցիպալ թանգարանի պայմաններում մեր աշխատանքը պետք է իրականացվեր Մարսելի թանգարանների վարչության (ՄԹՎ), մասնավորապես դրա տնօրենուհի Մարի-Պոլ Վիալի եւ Գործերի վարչության նրա աշխատակցուհիների հետ մեկտեղ: Անցկացման տարեթվերն արագորեն որոշվեցին. 2007-ի փետրվարի 23-մայիսի 20-ը ներքնահարկի չորս սրահներում, որոնց ընդհանուր մակերեսը մոտ 600 քառ. մետր է: Այն ժամանակ հարաբերությունները շատ ջերմ էին: ՄՀԵՄՏ-ն պետք է ստանձներ բոլոր ծախսերը. փոխադրումներ, ապահովագրություն, ներքին հարդարանք, համահրատարակություն: Ուստի անհրաժեշտ էր հովանավոր եւ միջոցներ գտնել ավելի քան 400 հազար եվրո կազմող ընդհանուր ծախսերը ծածկելու համար: Ինչ վերաբերում է փոխառության հետ կապված դիմումներին, դրանք պետք է ես պատրաստեի եւ հանձնեի Ժերար Շալջյանին եւ տիկին Վիալին: Վերջինս պարտավորվում էր դրանք ուղարկել փոխատու կազմակերպություններին:

Առաջին բախումները

2006-ի սեպտեմբերին տիկին Վիալը մեզ հայտնեց, որ նախորդ ցուցահանդեսի հետ կապված պատճառներով մենք պետք է բավարարվեինք երկու ցուցասրահներով, այսինքն նախատեսված մակերեսի կեսով: Քանի որ նախագիծը մշակված էր չորս սրահի համար, անհնար էր այն փոփոխել տվյալ փուլում. ցուցադրությունը պետք է կայանար չորս սրահում կամ չպետք է կայանար: Միակ հնարավոր փոփոխությունը ժամկետի հետաձգումն էր: Նելլի Տարդիվիեի միջամտությունը ցանկալի էր: Քաղաքապետի միջազգային կապերի գծով տեղակալի ներկայությամբ անցկացված ընդհանուր ժողովից հետո տիկին Վիալը ի վերջո համաձայնեց տրամադրել չորս սրահները, իսկ ցուցահանդեսի անցկացումը նախատեսվեց ապրիլի 27-ից մինչեւ հուլիսի 22-ը: Ես նրան շնորհակալություն հայտնեցի մի նամակով, որն ավարտվում էր այսպես. «Շնորհակալ ենք նաեւ ձեր կառուցողական դիրքորոշման համար»: Այնինչ նա երբեւէ չնահանջեց եւ անդադար իր իշխանությունն էր բանեցնում ցուցահանդեսի կազմակերպումը խափանելու նպատակով:

Վնասները սահմանափակ կլինեին, եթե քաղաքապետարանը միջամտեր տվյալ փուլում: Մինչդեռ նա միացավ այդ վնասագործությանը:

Ֆինանսական կողմը

Տվյալ հարցի կարգավորումից հետո տիկին Վիալը կարծում էր, թե մենք չենք կարողանա ցուցանյութերով լցնել չորս սրահները եւ որ կարողանալու դեպքում ծախսերը չափազանց մեծ կլինեինՙ մոտ 800 հազար եվրո: Խոսքը մեզ ծախսերով խեղճացնելու մասին էր: Այդ հարցում նրան զգալիորեն օժանդակեց քաղաքապետարանը, որը մեկ սանտիմ անգամ չհատկացրեց ցուցահանդեսին, թեեւ այն անցկացվելու էր իր թանգարաններից մեկում:

Ինչ վերաբերում է տեղափոխմանը, Հայաստանից բերվելիք ցուցանյութերին, որոնք կազմում էին նախատեսված ավելի քան 300 նյութերի կեսը, դրանք Հայաստանի տարվա բոլոր ցուցահանդեսների նման Փարիզի օդանավակայան էր տեղափոխում եւ ապահովագրում Երեւանը: Մնում էր միայն վճարել Փարիզ-Մարսել երթուղու դիմաց: Մինչդեռ երեք տասնյակ հաստատություններից բերվելիք մյուս գործերով պետք է զբաղվեր ՄՀԵՄՏ-ն: Ես այդ տեղափոխության ընդհանուր ծախսը հաշվարկել էի մոտ 200.000 եվրո: ՄԹՎ-ն սովոր է աշխատել մարսելյան «Աժե» փոխադրական ընկերության հետ, որին խնդրել էր հաշվարկել իրերի տեղափոխման գինը: Հունվարի վերջերին ստացված պատասխանը կապված էր մոտ 450 հազար եվրոյի հետ: Մենք ներկայացրել էինք միեւնույն ցանկը, որի դիմաց LP Art ընկերությունը պահանջեց 220 հազար եվրո եւ ապա գինն իջեցրեց 200 հազարի:

Ցուցահանդեսի նախապատրաստումը

Տհաճ կլիներ թվարկել ցուցահանդեսի նախապատրաստման հետ կապված վնասագործության բոլոր քայլերը: Ահա դրանց մի մասը.

- 2007-ի փետրվարի 1-ին քաղաքապետարանում կայացած մի ժողովից հետո ՄԹՎ-ն մեզ անսպասելիորեն տեղեկացրեց, որ փոխատուները պարտավոր են փոխատվության բոլոր բլանկները պատշաճորեն ձեւակերպել եւ հանձնել մինչեւ փետրվարի 15-ը, այլապես դրանք կմերժվեն: Վերջնաժամկետ իրոք կար, բայց շատ ավելի ճկուն էր եւ վերաբերում էր միայն Հայաստանից բերվող առարկաներինՙ դրանց անառգրավելիության հոդվածի կապակցությամբ: Այդ վերջնաժամկետի չարաշահումը ՄԹՎ-ին թույլ տվեց միակողմանիորեն մերժել Բալթիմորի Walters Art Museum-ի, Բոստոնի հանրային գրադարանի եւ Մանչեստրի «Ջոն Ռայլենդս» գրադարանի ձեռագրերի փոխատվության շռայլ առաջարկները: Երբ դա իմացա, փորձեցի ի չիք դարձնել վնասները, բայց արդեն շատ ուշ էր:

- Երկու կարեւոր տպագիր հրատարակություններ, այդ թվում հայկական առաջին պարբերական «Ազդարարի» առաջին համարը, խոստացել էր Հայաստանի ազգային գրադարանը: Արդ, փետրվարի 2-ին դրա տնօրենն իր նամակով ներողություն խնդրեց մոռացկոտության համարՙ նշելով, որ նույն ժամանակահատվածում դրանք պետք է ցուցադրվեին Ստրասբուրգում: Ես անմիջապես հեռաձայնեցի Երեւան: Մատենադարանի տնօրենը հաստատեց, որ ունի այդ նմուշները եւ պատրաստ է դրանք փոխ տալ: Մարսելցիներին հայտնեցի այդ լուրը, ինչպես նաեւ Տիգրան Գույումջյանի առաջարկած փոխատվությունը: Վարչության պատասխանն ստացվեց փետրվարի 8-ին. «Մարի-Պոլ Վիալը չցանկացավ ուղարկել փոխառության ձեր երկու վերջին խնդրանքները»: Ես քաղաքավարությամբ պատասխանեցի. «Ես ժամանակ ունեմ, ուստի ինձ թույլ եմ տալիս ձեզ դիմել ձեր որոշումը վերանայելու խնդրանքով»: «Ազդարարը» անհրաժեշտ էր ցուցահանդեսին, իսկ փոխառության խնդրանքները պետք է թվագրված լինեին մինչեւ փետրվարի 15-ը: Մեկ ուրիշ առիթով վարչության նշած արարողակարգին հետեւելովՙ ես Երեւանից պահանջեցի փոխատվության չլրացված բլանկներ, որոնք մարսելցիներին հանձնեցի ժամանակին, պատշաճ ձեւով լրացված եւ ստորագրված: Այդուհանդերձ, մերժումը շարունակվեց:

- Այս ամենի գագաթնակետը դարձավ փետրվարի 15-ին Ժերար Շալջյանին տիկին Վիալի հասցեագրած նամակը, որի պատճենները ուղարկվել էին պարոն Ռոկկա-Սեռային (քաղաքապետարան) եւ տիկին Վայսին (ԱԳՆ մշակութային բաժին): Նամակում ես անուղղակիորեն մեղադրվում էի «գրագրության զեղծումների» մեջ: Նա ավելացնում էր. «Ուզում եմ ձեզ հայտնել, որ նման նախաձեռնությունը չափազանց վտանգավոր է» : Բարեբախտաբար, այդ զրպարտության պայմաններում ամենքը համերաշխվեցին ինձ հետ, բացի Ռոկկա-Սեռայից: Քաղաքապետարանը շարունակում էր օժանդակել ՄԹՎ-ի քայլերին: Ի վերջո, Նելլի Տարդիվեի միջամտությունը տիկին Վիալին ստիպեց զիջումներ անել երկու տպագիր հրատարակությունների փոխառության հարցում (այդուհանդերձ, նա կտրականապես հրաժարվեց հաստատել Գույումջյանի հավաքածուի փոխատվությունները):

- Մարտի 29-ին ի հայտ եկավ նոր մարտավարություն. բաժանելՙ տիրելու նպատակով: Ժերար Շալջյանը ստացավ մի պաթետիկ նամակ. «Այս բոլոր ձգձգումները, բացումից մեկ ամիս առաջ ընդունելի ժամկետներում որոշումներ ընդունելու անկարողությունը մեզ հասցրել են անդունդի եզրին. մինչեւ հիմա որեւէ ցուցանմուշ չենք ստացել» : Մարսելի թանգարանների տնօրենուհին պետք է իմանա, որ նման արժեքավոր գործերը մեկ ամիս առաջ չեն բերվում: Նա շարունակում էր. «Պարոն Մութաֆյանի խոսելաոճը, գրեթե մշտական ահաբեկումները, տիկին Տարդիվիեի միջնորդությանը պարբերաբար դիմելը, մեզ լսելուց հրաժարվելն ի վերջո անտանելի լարվածության մթնոլորտ են ստեղծել» : Ավելորդ է ասել, որ պառակտելու այդ փորձը կարճ տեւեց, եւ նրա մռայլ կանխատեսումները հօդս ցնդեցին: Նախապատրաստությունը շարունակվում էր վնասագործության բոլոր փորձերին հակառակ: Բայց մենք շուտով իրոք հայտնվելու էինք «անդունդի եզրին», միայն թե ուրիշ պատճառներով:

Հայկական դաշունահարում թիկունքին

Մարտի վերջերինՙ բացումից մեկ ամիս առաջ մենք բարեբախտաբար ընդհանուր լեզու գտանք կառավարիչների հետ, որոնց համագործակցությունն անհրաժեշտ էր, մասնավորապես իրերի տեղ հասնելը եւ ուղարկվելը հաստատելու առումով: Իրավիճակը կարծես հանդարտվել էր վերջին ամսվա անխուսափելի դժվարություններից առաջ: Այդ ժամանակ էր, որ ի հայտ եկավ միանգամայն անսպասելի մի սպառնալիքՙ կապված ոչ թե Մարսելի, այլ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանի եւ Հայաստանի տարվա միջոցառումներում Հայաստանի պատասխանատու Վիգեն Սարգսյանի հետ:

Փետրվարին Լուվրում ցուցահանդեսի բացումից ի վեր մթնոլորտն անդադար շիկացել էր Հայաստանի տարվա հայկական եւ ֆրանսիական կողմերի միջեւ: Գրեթե յուրաքանչյուր միջոցառում կամ ցուցահանդես բախումների պատճառ էր դառնում: Դրանք երբեմն վերաբերում էին Եկեղեցու պատմությանն առնչվող որոշ տեքստերի, ինչը Հայաստանի իշխանությունների ճաշակով չէր: Երբեմն էլ վեճերը վերաբերում էին արձանագրային գերակայություններին: Ընդհանուր առմամբ հայկական կողմը ֆրանսիացիներին մեղադրում էր դիմացինին վերեւից նայելու, վերմակն իրենց վրա քաշելու, Հայաստանի դերը եւ ֆինանսական ջանքերը թերագնահատելու մեջ: Ֆրանսիական կողմը իր հերթին դեսպանին տեղի-անտեղի հանդիմանում էր այն բանում, որ Հայաստանի տարին լոկ ցատկահարթակ է դարձնում իր անձնական հավակնությունների համար: Մարսելի ցուցահանդեսի նախապատրաստման վերջին ամսում երկու կողմերն անչափ լարված հարաբերություններ ունեին եւ փաստորեն չէին շփվում. դա բնավ չէր դյուրացնում վիճակը:

Հայաստանից բերվող գործերն անպայման պետք է տեղափոխեր «Արմավիա» ընկերությունըՙ Հայաստանի տարվա հովանավորը, որը շաբաթական երկու թռիչք էր իրականացնում (երկուշաբթի եւ ուրբաթ օրերին): Նախատեսված էր, որ Հայաստանից գործերը ապրիլի 13-ին կբերվեն «Ռուասի» օդանավակայան, կմաքսազերծվեն LP Art փոխադրական ընկերության կողմից, ապա Մարսել կուղարկվեն ապրիլի 16-ին, որպեսզի տեղ հասնեն շաբաթավերջին, վերջին շաբաթը թողնելով սփյուռքի հաստատությունների եւ հավաքածուների ընդունմանն ու տեղավորմանը: Միաժամանակ մենք «Սոմոժի» հրատարակչության հետ ամեն ջանք գործադրում էինք ցուցահանդեսի բացման օրըՙ ապրիլի 27-ին ծավալուն գիրք-կատալոգը լույս ընծայելու համար:

«Հայկական հոգսերը» ծայր առան գրքի չորս նախաբանների առաջնայնության կապակցությամբ: Դրանց հեղինակներն էին քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, Շրջանային խորհրդի նախագահ, ցուցահանդեսի գլխավոր մեկենաս Միշել Վոզելը, երկրորդ մեկենաս «Կրեդի ագրիկոլը» եւ դեսպանը: Սովորույթը եւ արձանագրությունը ենթադրում էին հետեւյալ կարգը. Գոդեն, Վոզել, Նալբանդյան, «Կրեդի ագրիկոլ»: Ապրիլի 3-ին դեսպանը խնդրեց «Հայաստանի միակ ներկայացուցչիՙ դեսպանի նախաբանը զետեղել առաջին կամ գոնե երկրորդ տեղում, ֆրանսիական կողմի որեւէ նախաբանից հետո, որպեսզի հարգվի հավասարակշիռ մոտեցումը» : Հայկական կողմը նաեւ պահանջեց «ստորագրված պայմանագիրը եւ հաղորդակցության բոլոր փաստաթղթերի (ազդագրեր, հրավեր, մամլո վավերագրեր եւ այլն) նախագծերը» : Խնդրո առարկա պայմանագիրը վերաբերում էր հայտնի անձանց անունների հարցերին. դեսպանի համար գլխավորը անունների ստուգումն էր (մասնավորապես համոզվելը, որ Նելլի Տարդիվիեի անունն այնտեղ չկա), դրանց հերթականությունը եւ տառերի չափերը: Ամսի 5-ին հրատարակիչն ստացավ մի սպառնալի նամակ. «1. Ֆրանսիայում Հայաստանի տարին բնավ նշված չէ կազմի առաջին էջում: 2 Հայաստանի տարվա խորհրդանիշը կազմի չորրորդ էջում, գրեթե անտեսանելի գծիկավոր կոդի կողքին դնելը կարող է ընկալվել որպես հարգանքի բացակայության նշան: 3. Ֆրանսիայում Հայաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցչիՙ դեսպանի տեքստը վերջնականապես չորրորդ տեղում դնելը նույնպես կարող է ընկալվել որպես հարգանքի բացակայության նշան: Այդ պահանջներն անտեսվեցին, եւ հայկական կողմը չի կարող վավերացնել նախագիծը ներկա տեսքով»: Հրատարակչի պատասխանը. «Ինչ վերաբերում է կազմի առաջին էջում «Ֆրանսիայում Հայաստանի տարի» նշմանը, դա անհնար է, քանզի առաջին էջում կան միայն հրատարակչի եւ համահրատարակչի պայմանանշանները: Ինչպես տեսնում եք, ես նշումը բավական տեսանելի ձեւով ավելացրել եմ կազմի չորրորդ էջում» :

Վտանգված ցուցահանդես

Ապրիլի 11-ին Cultures France-ը եւ LP Art-ը Երեւանից ստացան հետեւյալ նամակը. «Կուզենայի ձեզ հայտնել, որ Ֆրանսիայում Հայաստանի տարվա գլխավոր պատասխանատու Վիգեն Սարգսյանը հրաժարվում է ստորագրել Մարսելի «Հայաստան. գրչության կախարդանքը» ցուցահանդեսի պայմանագրերը, քանզի հաղորդակցության փաստաթղթերի հրապարակմանը վերաբերող հայկական կողմի պահանջները շարունակում են անտեսվել, իսկ Հայաստանն այնտեղ պատշաճորեն ներկայացված չէ: Գործերի առաքումն առկախված է: Եթե առաջիկա օրերին այս հարցը չկարգավորվի, մենք ափսոսանքով ստիպված կլինենք չեղյալ հայտարարել ցուցահանդեսը» : Ամեն ինչ ասված էր:

Դեսպանը քանիցս հարգանք էր դրսեւորել իմ հանդեպ, եւ ես մտածեցի, որ իրավիճակի հարթման միջոցը կլիներ նրան անմիջականորեն հեռաձայնելը: Բայց նա սահմանափակվեց միայն ֆրանսիական կողմի վրա իր մաղձը թափելով, ինձ չթողնելով մեկ բառ անգամ արտաբերել: Նա սպառնաց, որ նման պայմաններում գործերը Հայաստանից չեն բերվի: Լրջորեն մտահոգվելով եւ նույնիսկ խուճապի մատնվելովՙ ես անմիջապես նամակ հղեցի նրան. «Հուսով եմ, որ մենք երբեւիցե չենք հասնի ցուցահանդեսը չեղյալ հայտարարելու ցավալի ծայրահեղությանը, միջոցառում, որը ողջ աշխարհին պետք է ցուցադրի հայկական մշակույթի հարստությունը: Ազդագիրը ձեզ կհանձնվի տպագրությունից առաջ: Հուսով եմ, որ արդեն պատրաստ 27 բեռնարկղերը Հայաստանից կբերվեն ուրբաթ առավոտյան, քանզի տեղադրման աշխատանքը պետք է սկսվի երկուշաբթի առավոտյան, եւ ժամանակը հաշված է»: Դեսպանը պատասխանեց. «Այդ ցուցահանդեսի կազմակերպական ձախողման պատասխանատվությունը կընկնի տվյալ պայմանագիրը ստորագրած, բայց չկատարած անձանց վրա: Առ այսօր ՙ ցուցահանդեսից երկու շաբաթ առաջ, մենք չենք ստացել ազդագրերի նախագծերը եւ չենք հաստատել հրավերի նախագիծը» : Ապրիլի 12-ն էր, հինգշաբթի, եւ նա վստահ էր, որ Երեւանի օդանավակայանում դրված գործերը այդ օրը չեն ուղարկի: Վերջին հույսը ապրիլի 16-ի չվերթն էր: Այդ դեպքում գործերը Մարսել կհասցվեին 18-ին, աշխատանքը կսկսվեր 19-ինՙ երեք օր ուշացումով: Դա տանելի կլիներ, բայց եթե այդ չվերթն էլ բաց թողնվեր, ցուցահանդեսը վերջնականապես կձախողվեր, քանզի հաջորդ չվերթը ապրիլի 29-ին էր: Ես գրեցի Վիգեն Սարգսյանին, նշելով, որ չուղարկումը, բացի աղետալի հետեւանքից, պարունակում էր նաեւ կազմակերպիչների դատավարության վտանգ: Նրա պատասխանն ստացվեց ուրբաթ օրըՙ ապրիլի 13-ի հետմիջօրեին: Նա գործերը չէր ուղարկի, քանի դեռ պահանջները չէին բավարարվել: Եվ ամեն ինչ հարկավոր էր կարգավորել դեսպանատան հետ: Վերջնագրային ձեւով նա նախազգուշացնում էր. օրն ուրբաթ էր, եւ մաքսատունը չէր գործում շաբաթ օրը: Ցուցանմուշները երկուշաբթի օրն առաքելու միակ հնարավորությունը մինչեւ ժամը 11-ը դեսպանատան թույլտվության ստանալն էր: Ցուցահանդեսի ճակատագիրը կախված էր մի քանի ժամից: Ես մի հուսահատ փորձ անելով գրեցի դեսպանությանը. «Տեխնիկապես անհնար է անմիջապես ճշգրտումներ կատարել, բայց մենք երաշխավորում ենք մեր գրածները: Հավելումներ եւ ճշգրտումներ կարվեն հնարավորության դեպքում, եւ այդ ամենը դեսպանին կհանձնվի տպադրությունից առաջ: Սա ՄՀԵՄՏ-ի եւ անձամբ իմ պարտավորությունն է» : Չնայած մեր խոստմանը, հայկական կողմը զուտ արձանագրային հարցերի պատճառով պատրաստ էր խաչ քաշել երկու տարվա աշխատանքների ու զոհողությունների վրա, համաշխարհային հեղինակավոր հաստատությունների մասնակցության, Վարշավայից Լվովի ավետարանը փոխ առնելու կաթողիկոսի խնդրանքի վրա, ֆոնդերը միավորելու ՄՀԵՄՏ ջանքերի, գրեթե պատրաստ ներքին հարդարանքի, հայկական մշակույթի շքեղ ցուցադրության վրա, որը հենց Վիգեն Սարգսյանը անվանել էր Հայաստանի տարվա «խոշոր, գլխավոր իրադարձություններից մեկը» : Անկախ դրդապատճառների արդարացի կամ անարդարացի լինելուց, պատասխանը միանգամայն անհամարժեք էր:

Փրկություն վերջին պահին

Նման իրավիճակում միակ հնարավորությունը վերին ատյաններին դիմելն էր: Հայաստանում նվիրյալ բարեկամները արդեն տագնապահար էին իրավիճակի լրջությունից եւ տեղեկացրել էին վարչապետին: Ըստ երեւույթին, այդ քայլը հասավ նպատակին. ապրիլի 13-ի առավոտյան Վիգեն Սարգսյանից իմ ստացած նամակը հուսադրող էր: Վարչապետի աշխատակազմից եւ Սբ. Էջմիածնից ստացած բազմաթիվ հեռախոսազանգերը վկայակոչելով, նա ավելացնում էր, որ ոչինչ չի փոխվելու եւ որ հարկավոր է բավարարել հաղորդակցությանն առնչվող հայկական կողմի պահանջները: Ինձ խորհուրդ էր տալիս զբաղվել դրանով եւ ոչ թե մեջ գցել իմ բարեկամներին: Բայց Երեւանից ուրբաթ հետմիջօրեին ստացված լուրերը մեզ հուսադրեցին: Միայն շաբաթ հետմիջօրեին ՄՀԵՄՏ-ն եւ ես ստացանք դեսպանատան հակիրճ նամակը. «Հաճույքով ձեզ հայտարարում եմ, որ հայկական կողմը հաստատում է այսօր 11.59-ին ուղարկված նախագծերը» :

Բացումը

Բարոյական եւ նյարդային հյուծիչ այդ վայրիվերումների հետեւանքը դարձավ նախապատրաստական աշխատանքների վտանգավոր ձգձգումը: Նման պայմաններում ցուցահանդեսի ձեւավորումը եւ գիրք-կատալոգի ավարտումը սխրանք էին պահանջում: Բարեբախտաբար, «Սոմոժի» հրատարակչության աշխատակցուհի Իլեանա Ալտմանը, Օրելի Մատլոն եւ Քրիստիան Բեռնարը (LP Art) բարեհաճ գտնվեցին եւ համբերատար կերպով բացառիկ արդյունավետությամբ աշխատեցին: Գործին միացան Մատենադարանից Գեւորգ Տեր-Վարդանյանը եւ Բեռլինից Մելինե Փեհլիվանյանը: Այսպիսով, ցուցադրանքի հիմնական մասը պատրաստ էր ապրիլի 27-ինՙ բացման օրը: Ինչ վերաբերում է կատալոգներին, դրանք ստացվել էին նախօրեին:

Դեսպանը ներկա գտնվեց բացման արարողությանը, ելույթ ունեցավ եւ անմիջապես էլ մեկնեց: Ներկա էին նաեւ մի շարք տեղական պատգամավորներ, այդ թվումՙ պարոնայք Գոդենը եւ Վոզելը: Միակ անձնավորությունը, որը հետաքրքրությամբ հետեւում էր արարողությանը եւ հարցեր տալիս ու մեկնաբանություններ անում, Միշել Վոզելն էր: Մինչդեռ քաղաքապետարանի պաշտոնյաներից որեւէ մեկը չբարեհաճեց այցելել ցուցահանդես, որն անցկացվում էր իրենց տիրույթներում:

Ցուցահանդեսի ընթացքը

Ցուցադրությունը տեւեց գրեթե երեք ամիս: Տիկին Վիալը եւ քաղաքապետարանում նրա վերադասները բնավ մեզ չառաջարկեցին պատմել դրա ընթացքի մասին, ամփոփում կատարել կամ արծարծել դժվարությունները: Ամեն ինչ ինքնահոսի էր մատնված: Սրահներից դուրս այցելուներն ուղեցույց-նշաններ չէին տեսնում: Լուսավորությունը պարբերաբար վատանում էր, պահպանությունն անբավարար էր, օդորակիչները հաճախ խափանվում էին այս կամ այն սրահում: Միայն մեր զգոնության շնորհիվ զերծ մնացինք միջադեպերից:

Ցուցահանդեսն ավարտվեց կիրակի օրըՙ հուլիսի 22-ին: Ապամոնտաժումը տեւեց չորս օր. աշխատանքի նրբությունը ենթադրում էր թանգարանի պատասխանատվություն: Քաղաքապետարանը եւ տնօրենուհին բնավ չէին մասնակցում աշխատանքներին: Հինգշաբթի օրըՙ հուլիսի 26-ին իրերը բեռնարկղերի մեջ էին:

Քաղաքապետարանի լրատվական վնասագործությունը

«Վիեյ Շարիտեն» Լուվրը չէ, այնտեղ գալիս են միայն նպատակով: Ահա թե ինչու լրատվությունը (գովազդ, մամուլ, հեռուստատեսություն) վճռական դեր ուներ միջոցառման անցկացման գործում: Մինչդեռ քաղաքապետարանը եւ ՄԹՎ-ն ամեն ինչ արեցին իրադարձությունը լռության մատնելու համար: Հեռուստատեսությամբ որեւէ հաղորդում չցուցադրվեց բացման արարողության մասին, ազդագրեր չկային քաղաքապետարանի վահանակների վրա, գրեթե բացարձակ լռություն էր համացանցի կայքէջերում: ՄԹՎ մամլո ծառայությունը բացակա էր: ՄՀԵՄՏ-ն եւ անձամբ ես մեր ուժերի չափով փորձեցինք լրացնել այդ բացթողումը. դա դյուրին չէր: Ավելին, պատահեց ձախորդություն. ազգային օրաթերթերի տարածման հետ կապված գործադուլի պատճառով հունիսի 13-ին «Մոնդ» թերթում հրապարակված Միշել Սամսոնի հրաշալի հոդվածը չտպագրվեց եւ մատչելի մնաց միայն համացանցում:

Նման կարեւոր միջոցառման առթիվ քաղաքապետարանի լռությունից զարմացած մարսելցի մի այցելուի նամակին ի պատասխան քաղաքապետի առաջին տեղակալ Ռընո Մյուզելիեն հուլիսի 13-ին փորձեց արդարանալ Շրջանային խորհրդի պատին փակցված մի ազդագրի գոյությամբ, ինչպես նաեւ «Մոնդ» թերթի «հրաշալի հոդվածով»: Այս ամենը ճիշտ է, բայց հիշյալ ազդագրի դիմաց վճարել էր ՄՀԵՄՏ-ն, իսկ սոցիալիստներից կազմված Շրջանային խորհուրդը որեւէ կապ չուներ Ժողովրդական շարժման միության ներկայացուցիչներից կազմված քաղաքապետարանի հետ: Իսկ հիշյալ հոդվածի հրապարակումը պայմանավորված էր բացառապես մեր միջամտությամբ: Երբ թագավորը մերկ է, նա չի վարանում զարդարվել ուրիշների, երբեմն նույնիսկ իր քաղաքական հակառակորդների հագուստներով:

Իսկ հայերը...

Քաղաքապետարանի բացթողումը կարող էր փոխհատուցվել հայերի վճռական դերով: Մարսելի շրջանում, որքան հայտնի է, մոտ 80 հազար հայ կա: Որտե՞ղ էին նրանք: Հայերի մեծ մասը ոչ միայն չայցելեց ցուցահանդես, այլեւ տեղից չշարժվեց: Այս զանգվածային անհետաքրքրասիրությանը գումարվեց Մարսելում հատկապես մեծ ավերներ գործող կլանային «քաղցկեղը». քանի որ ցուցահանդեսը կրում էր ՄՀԵՄՏ-ի դրոշմը, այն արժանացավ մյուս կազմակերպությունների անտարբերությանը: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի մյուս շրջանների հայերին, մասնավորապես Գրենոբլ-Լիոն-Մարսել-Նիցցա քառանկյան բնակիչներին, նրանք եւս հետաքրքրություն չդրսեւորեցին:

Ֆրանսահայ մամուլը նույնպես բացակա էր: Միակ բացառություններն էին «Ֆրանս-Արմենի» հանդեսը (որը նախապես հայտարարեց ցուցահանդեսի մասին) եւ «Յառաջը», որտեղ հայր Պզտիկյանը բացման հաջորդ օրը հրապարակեց մի ծավալուն եւ պատշաճ հաշվետվություն: «Նուվել դ՛ Արմենի» հանդեսի էջերում Ռընե Ձագոյանը ուշացումով փրկեց դրությունը, բայց նրա հրաշալի հոդվածը լույս տեսավ միայն հուլիսյան համարումՙ փակումից երկու շաբաթ առաջ:

Երկու խոսք ցուցահանդեսի մասին

Գրչության կարկառուն դեմքեր Շավարշ Միսաքյանին եւ Հրանտ Դինքին նվիրված լինելովՙ «Հայաստան. գրչության կախարդանքը» ցուցահանդեսը ներկայացնում էր աշխարհի բոլոր կողմից բերված 300-ից ավելի բացառիկ նմուշներ: Ցուցանմուշները ներկայացված էին ներքին հիանալի ձեւավորման, խորհրդավորության եւ կախարդանքի պայմաններում, Էդուարդ Սարգսյանի մտահղացմամբ եւ կատարմամբ: Ձեռագրերի ընտրությունը մեծ չափով պայմանավորված էր հնագրագետ Տիգրան Գույումջյանի վերջին գրքով, որն իր գիտելիքներն ու փորձը ծառայեցրեց ցուցահանդեսին, ցուցաբերելով էական օգնություն:

Ցուցադրված գործերի թվում հիշատակենք հայկական հնագույն վիմագրությունները, մետաղե եւ կաշվե կազմերը, Հռոմի խաչքարը (1246), Անիի գրակալը (1272), հայ առաջին տպագրիչի հինգ գրքերից երեքը (1512-1513), Նոր Ջուղայում տպագրված առաջին գրքի միակ օրինակը (1638), այն գեղեցիկ ցուցափեղկը, որտեղ կողք-կողքի դրված էին «Վեպ Ալեքսանդրի» գործի չորս ամենագեղեցիկ ձեռագրերից երեքը (չորրորդըՙ Մանչեստրինը, ցավոք, առկա էր փոխ տրված նյութերի մեջ, բայց անտեսվել էր ՄԹՎ-ի կողմից): Բացի այս ամենից, կային չորս առասպելական առարկաներ, որոնք երկար ժամանակ կորած էին համարվում.

- 1198-ինՙ Հայաստանի վերջին թագավորության հիմնադրման տարում ստեղծված հոյակերտ Լվովի ավետարանը: Դա նրա համաշխարհային առաջին ցուցադրությունն էր, որն ուղեկցվել էր անչափ խիստ նախազգուշական միջոցներով. ձեռնագիրը տեղափոխվել էր մասնավոր օդանավով, պահապանների ուղեկցությամբ եւ ցուցադրվում էր Իսրայելում պատվիրված հատուկ ազդանշանման համակարգի առկայությամբ:

- 17-րդ դարասկզբի ճանապարհորդությունը պատմող Սիմեոն Լեհացու ձեռագրի բնօրինակը, որը, բարեբախտաբար, բերվել էր Վարշավայից եւ նույնպես ցուցադրված էր առաջին անգամ:

- 1700-ին գործված եւ բոլոր գրքերում հիշատակված «Գոհար» հրաշալի գորգը, որը հատուկենտ մարդիկ էին տեսել, Տիգրան Գույումջյանը կարողացել էր այն գտնել Բոստոնի մասնավոր հավաքածուներից մեկում:

- Բոլոնիայում պահպանված Երեմիա Չելեբի Քյոմուրճյանի նշանակալի Քարտեզը, որն առաջին անգամ ներկայացվել էր Վատիկանում 1999-ին «Ռոմա-Արմենիա» ցուցահանդեսի շրջանակներում, Գաբրիելլա Ուլուհոճյանի միջամտության շնորհիվ այն փոխ տրվեց երկրորդ եւ վերջին անգամ:

Գիրք-կատալոգը

Ներկայացված գործերից յուրաքանչյուրը, անշուշտ, իր պատկերը եւ բնութագրումն ուներ գրականության ցանկ պարունակող ծավալուն գիրք-կատալոգում, որը «Սոմոժի» հրատարակչությունը լույս էր ընծայել ՄՀԵՄՏ-ի համագործակցությամբ: 432 էջանոց հրատարակության մեջ կան 350-ից ավելի գունավոր պատկեր, 332 նոթագրություն, 63 հոդված եւ 8 քարտեզ: Այդ աշխատանքին մասնակցած 5 տասնյակ անձանց մեջ հարկ է առանձնացնել Ագնես Ուզունյանին, որի հայերենի քերականության եւ գրաբարի իմացությունը հավասարազոր է իր նվիրվածությանն ու գիտական խստապահանջությանը: Աշխատությունը զգալի հաջողություն ունեցավ, քանի որ 3 հազար օրինակ ընդհանուր տպաքանակի մեջ «Սոմոժիի» քվոտան արդեն սպառված է :

Եզրակացություն

Չնայած քաղաքապետարանի վարչության մշտական թշնամանքի մթնոլորտին, չնայած Հայաստանի որոշ պատասխանատուների դիրքորոշման պատճառով երկու շաբաթ կախված դամոկլեսյան սրին, աշխատանքի արդյունքը դարձավ մի բացառիկ ցուցահանդես, որի գործերի բարձրարժեքությունը զուգորդում էր դրանց ներկայացման որակի հետ: Այցելուները դա միահամուռ խոստովանեցին: Ու թեեւ նրանք այնքան էլ շատ չէին, բայց որակը փոխարինեց քանակին: Ավելին, այդ ցուցահանդեսը թույլ տվեց վերագտնել մինչ այդ տեղայնացված որոշ կարեւորագույն գործեր եւ առիթ դարձավ որակյալ գիրք-կատալոգի հրատարակման համար:

Այդ արդյունքն անհնար կլիներ առանց բազմաթիվ կազմակերպությունների եւ Հայաստանում, Ֆրանսիայում, ողջ աշխարհում բարեկամական կապերի մի ամբողջ ցանցի արդյունավետ օգնության: Դա անհրաժեշտություն էր

«Յառաջ», 4 նոյեմբեր, 2007, Թարգմ.ՙ ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4