Հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանը` մի կամավոր նվիրյալ, իր կյանքի իմաստը Նախիջեւանի կորսվող հայկական արժեքներիՙ հուշարձանների, վիմագրության, որմնանկարչության, քանդակագործության, խաչքարերի, հոգեւոր ու աշխարհիկ ճարտարապետության ուսումնասիրումն ու դրանք ապագային ժառանգելու առաքելությունն է համարում: 200-ից ավելի աշխատություններՙ 21-ը առանձին գրքերովՙ մի մասը անգլերեն եւ ռուսերեն հրատարակություններ, մասնակցություն բազմաթիվ միջազգային գիտաժողովների: Նախիջեւանյան հայ մշակույթիՙ ադրբեջանցիների կողմից ոչնչացմանը զուգահեռ ինքն անխոնջ մշակի աշխատանք է տանումՙ այդ ամենը փաստագրել-վավերագրելու: Հավաքված հսկայական նյութն առավել շահեկանորեն օգտագործելու եւ տարածելու համար Ա. Այվազյանը դիմել է նաեւ ֆիլմարվեստին: 2003-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ Նախիջեւանի 5 գավառների մասին «Բանտված հայ աշխարհ» ֆիլմաշարի առաջինՙ «Ջուղա. խզված մեղեդի» ֆիլմը, որ հատվածաբար ցուցադրվեց հայկական հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Հունաստանում եւ եղան մամուլի արձագանքներ: Մեր զրույցը Արգամ Այվազյանի հետ վերաբերում է մասնավորապես այդ ֆիլմին եւ դրա հետ առնչվող որոշ խնդիրների:
- Պրն Այվազյան, Ձեր կատարած հետազոտական աշխատանքների հրատարակություններն իրականացնելը լուրջ դժվարություններ ունի: Դյուրին չէ նաեւ ֆիլմաշարի մտահղացումն իրականացնելը: Ինչո՞ւ դիմեցիք արվեստի այս տեսակին:
- Ցնցված 2002-ին ադրբեջանցիներիՙ բուլդոզերներով Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերի անտառը հիմնահատակ կործանելու փաստիցՙ համոզվեցի, որ Նախիջեւանի տարածքում շուրջ 40 տարիների իմ կատարած հետազոտական-փաստագրական նյութերը անհապաղ անհրաժեշտ է հրատարակել: Այդ հսկայածավալ աշխատանքն իրականացնելու համար 2003-ի հունվարին «Հայաստանի Հանրապետություն», ապաՙ «թՏսՏր ԸՐՎպվՌՌ», «Առավոտ» թերթերում տպագրվեց «Տերը լինենք մեր ժառանգությանը» իմ հոդվածը, որտեղ պատրաստակամություն էի հայտնում համագործակցելու այս խնդրին լրջորեն եւ հետեւողականորեն վերաբորվողների հետ: Նաեւ տեղեկացրել էի Նախիջեւանի հուշարձանների, Ջուղայի խաչքարերի եւ վիմագրերի 6 հատորի հասնող 9-19-րդ դարերի վիմագրերի եւ նման այլ մտահղացումների մասին փաստագրական ֆիլմաշար ստեղծելու մասին:
Եվ ի՞նչ եք կարծում, որեւէ մեկը, պետական ու հասարակական կազմակերպություն կամ անհատ արձագանքե՞ցՙ ո՛չ մեկը: Ստիպված եղա հոդվածը կից գրությամբ ներկայացնել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ այն ժամանակվա նախագահ Արմեն Խաչատրյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ այլոց ուշադրությանը: Դարձյալՙ լռություն: Վարչապետին ուղղված գրությունը հասցեագրվել էր մշակույթի նախարարություն, որտեղից ո՛չ գրավոր, ո՛չ էլ բնավոր պատասխան չստացա: 2006-ին վարչապետին ուղղված դիմումս այս անգամ նախարարությունում քննարկվեցՙ ինձ դիմեցին նախիջեւանյան հատորների հրատարակման եւ ֆիլմաշարի համար ծախսերի նախահաշիվ ներկայացնելու անհրաժեշտությամբ: Ներկայացված նախահաշվին հետեւեցին մի շարք գործողություններ, մասնավորապես հրատարակչական գործի գործակալության պատասխան-գրության հիման վրա նախարարությունը նպատակահարմար էր համարել 2007-ի պետպատվերի մեջ ներառել աշխատության 1-ին եւ 2-րդ հատորների (պետք է լինի 3-րդ եւ 4-րդ) հրատարակչական ծախսերը, իսկ մնացած երեքի (պետք է լինի 2-ը) հրատարակություններըՙ հաջորդաբար հետագա տարիներին: Խոսքը «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» 6 հատորյա մատենաշարի մասին է, որի 3-րդ հատորը ընդգրկվել է 2007-ի պետպատվերի ծրագրում եւ հույս ունեմ, որ մի քանի ամսից լույս կտեսնի:
Ինչ վերաբերում է ֆիլմաշարին, ապա դրա ստեղծման աջակցության խնդրանքս կառավարությունը մերժել է, «Հայկ» վավերագրական կինոստուդիայի կարծիքն այս մասին ստանալուց հետո:
- Գուցե Ձեր կազմած նախահաշի՞վն անիրականանալի էր:
- Ֆիլմաշարն ընդգրկում է Նախիջեւանի պատմական գավառների բոլոր հայկական բնակավայրերն ու դրանց հուշարձաններըՙ վանքերն ու եկեղեցիները, խաչքարերն ու մշակութային այլ արժեքներ, 1-1,5 ժամ տեւողությամբ 6 ֆիլմ եւ 1000 օրինակ DVD եւ բացի բնագրային տարբերակը, անգլերենով, ռուսերենով, ֆրանսերենով համառոտ օրինակներ: Դրան հավելած սցենարների, նկարահանումների եւ ֆիլմերից յուրաքանչյուրի վրա կատարված մյուս բոլոր աշխատանքների գումարը կազմում էր 8 մլն դրամ:
- Եվ ի՞նչ հիմնավորումով էր «Հայկ» կինոստուդիայի գեղխորհուրդը նախահաշվարկային ծրագիրը մերժել:
- Մշակույթի նախարարին ուղղված Ռուբեն Գեւորգյանցի գրության մեջ նշված էր, որ «նման ծավալի ու նշանակության ֆիլմաշար ստեղծելու համար նամակում նշված տեսաշարային նյութը բավարար չէ, առավել եւսՙ ոչ կինեմատոգրաֆիկ եւ որ այն կարող է հիմք ծառայել միայն հեռուստատեսային հաղորդաշարի ստեղծման համար»:
- Կարծիք հայտնելն արդյոք կինոստուդիայի իրավասություններից դո՞ւրս է:
- Իհարկե, ոչ: Կինոստուդիան, անշուշտ, իրավունք ունի ներկայացված այս կամ այն առաջարկներին ու ծրագրերին բացասական կամ մերժողական պատասխաններ տալու: Սակայն վերոհիշյալ որոշումը կայացվել է քննարկմանը ինձ մասնակից չդարձնելու, որեւէ անգամ որեւէ բանով ինձ չդիմելու եւ ոչ մի հարցի պարզաբանում չստանալու հանգամանքներում: Կինոստուդիայի գեղխորհրդի արգո անդամները փաստորեն տեղյակ չլինելով 8-9 ժամ տեւողությամբ այդ 6 ֆիլմերի տեսանյութի բնույթին ու ծավալին, ի՜նչ «հանճարեղ» զգացողությամբ են եզրակացրել, որ այդ նյութերը ոչ միայն բավարար չեն, առավել եւս ոչ կինեմատոգրաֆիկ են: Ինձ զարմացնում է մեր ազգային արժեքների ճակատագրով մտահոգ մտավորականի եւ գեղխորհրդիՙ նախարարությանն ուղարկված որոշման մեջ արձանագրված հետեւյալՙ «Սպարտակ Ղարաբաղցյանի եւ Աշոտ Մովսիսյանի «Վկայարան» տեսաֆիլմերի 6 եւ 7-րդ մասերում արդեն բավականին ծավալուն եւ հիմնավոր անդրադարձ կա վերոհիշյալՙ Նախիջեւանի տարածքում հայկական հուշարձանների նկատմամբ դրսեւորվող ավանդական վանդալիզմի թեմային» միտքը: Նախՙ Նախիջեւանը վերոհիշյալ տարածք չէ, այլ պատմական Հայաստանի անքակտելի մշակութային եւ ստրատեգիական նշանակության շատ կարեւոր մի երկրամաս է: Եվ բացի այդ «Վկայարան» տեսաֆիլմաշարում, եթե չեմ սխալվում, ընդամենը 5-6 րոպեանոց անդրադարձ կա, որի ցուցադրանյութն ընդգրկում է Ջուղայի գերեզմանատան եւ երկու այլ բնակավայրերի հուշարձանների ավերման փաստերը: Կարծում եմՙ սա ամենեւին էլ բավարար չէ, որպեսզի խնդրին այլեւս չանդրադառնանք:
Այն դեպքում, երբ 1998-2006 թվականներին Նախիջեւանի տարածքում ամբողջովին ու հիմնահատակ կործանվել է հայկական 5 գավառների ճարտարապետական ողջ ժառանգությունը, որի թիվն անցնում է 27.000 միավորից (վանքեր, եկեղեցիներ, գերեզմանատներ, խաչքարեր, տապանաքարեր, վիմագրեր եւ պատմական այլ արժեքներ):
- Այդուհանդերձ «Հայկը» նախաձեռնում է եւ այս թեմայով նոր ֆիլմի ստեղծում:
- Դա հենց վկայում է այդ թեմային անդրադառնալու անհրաժեշտության մասին, լինի դա ֆիլմի (գիտափաստագրական թե խաղարկային), թե՞ հրատարակությունների ձեւով: Ավելինՙ փաստագրական նյութի կարիք շատ է զգացվում, այլապես ինչո՞ւ են դռնեդուռ ընկել համապատասխան նյութ հայթայթելու համար: Իսկ ի՞նչն է ստիպում նրանց այսպես անտեսել Նախիջեւանում հիմնահատակ վերացված հայկական հուշարձաններից մնացած միակ վավերագիր փաստերն ու լուսանկարները եւ համարել «ոչ կինեմատոգրաֆիկ»: Տասնամյակների իմ դժվարին ուսումնասիրություններից մնացած նախիջեւանյան կործանված պատմամշակութային հուշարձանների ամբողջական, իր տեսակի մեջ եզակի ու փաստականՙ 10 հազարի հասնող նյութերը պահպանվում են միայն ինձ մոտ: Ինձ վկայակոչելով, ամենեւին չեմ ուզում անձնացույց երեւալ, դա ուղղակի պարզ ճշմարտություն էՙ փաստված ե՛ւ մասնագետ-գիտնականների, ե՛ւ այս թեմայով հետաքրքրվողների կողմից: Տեղին է հիշել 1915-ի Հայոց մեծ եղեռնի իսկությունը պատկերողՙ գերմանացի սպաների եւ այլոց կողմից լուսանկարված կադրերը, որոնք որպես փաստական նյութեր ներառված են այդ թեմայով հայ եւ օտար ռեժիսորների նկարահանած գրեթե բոլոր մեծ ու փոքր ֆիլմերում եւ որեւէ մեկի մտքով չի անցել դրանք համարել ոչ կինեմոտոգրաֆիկ: Ռուբեն Գեւորգյանցը, որի անձը եւ մասնագիտական կարողությունները հարգում եմ, պարզապես ընդունել է ինքնակամ որոշում-եզրակացությունՙ ցուցաբերելով անձնավորված մոտեցում:
Այդուհանդերձ, շատ ուրախ կլինեմ, որ այդ ֆիլմի նկարահանմանՙ Խաչատուր Մարգարյանի նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի: Ի դեպ, ասեմ, որ նա 2006-ի կեսերին դիմել էր ինձՙ ֆիլմի աշխատանքներին օժանդակելու առաջարկությամբ, որին ես սիրով համաձայնել եմՙ խնդրելով ինձ ընդգրկել ֆիլմի ստեղծագործական խմբի կազմում, որպես խորհրդատու: Սակայն ոչ մի պատասխան դրանից հետո չստացա:
Առիթից օգտվելովՙ հրապարակավ ստեղծագործական խմբին հիշեցնեմ նաեւ, որ առանց իմ թույլտվության ֆիլմում իմ հրատարակություններից, հեռուստահաղորդումներից նյութեր օգտագործելը հեղինակային իրավունքի խախտում է, եւ այս դեպքում ես արգելում եմ դա անել:
- Ձեր ֆիլմին չանդրադառնալու պատճառներից մեկը նկարահանումների սիրողական մակարդակն է, ինչպես նշել է Ռ. Գեւորգյանցը: Ինքս եղել եմ ֆիլմի առաջինՙ շնորհանդեսային ցուցադրությանը եւ հիշում եմՙ ներկաների վրա թողած հուզական մեծ տպավորությունը: Նաեւ այն, որ ընդգրկված նյութը հսկայական ծավալ ունի փաստական առումով եւ հանդիսատեսը ճանաչողական իմաստով մեկ անգամից ընկալելու խնդիր ունեցավ:
- Այստեղ Գեւորգյանցն ամենեւին հայտնություն չի կատարել, ես համաձայն եմ նրա կարծիքին: Մամուլում հրապարակված վերոհիշյալ իմ հոդվածը, ինչպես ասացի, անտարբերության մատնվեց, ոչ մի կինոգործիչ, որեւէ մեկը նվազագույն աջակցություն չուզեցավ անգամ ցույց տալ: Եվ ֆիլմի նկարահանումները կատարեցի ոչ պրոֆեսիոնալ կինոխցիկովՙ մոնտաժման, ձայնագրման աշխատանքները իրականացնելով ոչ ժամանակակից տեխնիկայով, որովհետեւ չեմ տնօրինում պետական կամ ոչ պետական կինոստուդիաների արդի տեխնիկան եւ ոչ էլ դրանք վարձելու միջոցներ ունեմ: Եթե հիշում եք, ֆիլմի շնորհանդեսի օրն էլ ասացի, որ կինոաշխարհի մասնագետ չեմ եւ միտում չունեմ այդ բնագավառում խոսք ասելու, որ այն դեռ ավարտուն չէ, սրբագրման տեղեր կան: Սակայն «Բանտված հայաշխարհ» տեսաֆիլմաշարը արձանագրման լավագույն միջոցն էՙ տարիների ամբարված բազմահազար նյութերի, հանրային տարածման, դրանով իսկ սերունդներին ի պահ տալու: Ֆիլմաշարին ձեռնամուխ եմ եղել նաեւ այն պատճառով, որ մեր կինոռեժիսորներն այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարել:
Ինչ վերաբերում է ֆիլմիՙ ձեր նկատած հուզականությանը, ես կարծում եմ, որ ավելի լավ է հանդիսատեսի միտքն ու հոգին փոթորկող նյութ տրամադրել, քան աննշան ասելիքը ներկայացնել կինոտեխնիկայի ամենաարդի, բազմազանՙ թեկուզ հետաքրքրական հնարքների միջոցով, բայց արհեստական տպավորություն թողնել:
- Գուցե խորհրդային ժամանակնե՞րն էին պատճառը եւ տիրող տոտալիտար գաղափարախոսության եւ տարվող քաղաքականության պայմանները նպաստավո՞ր չէին:
- Այո, ոչ մի բեմադրիչ իրավունք չի ունեցել մտնելու Նախիջեւանՙ նկարահանումներ կատարելու: Դա իրոք այդպես է, եւ տեղական իշխանությունները մշտապես արգելքներ են հարուցել: Այդուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ Նախիջեւանը ամենեւին դուրս չի գտնվել մեր կինոբեմադրիչների ուշադրությունից, որքան էլՙ անարդյունք: Այսպես, «Մխիթար սպարապետ» ֆիլմը նկարահանելիսՙ տաղանդավոր կինոբեմադրիչ Էդմոն Քեոսեյանը Նախիջեւանում եւ մասնավորապես Ագուլիսում ծրագրել էր նկարահանումներ կատարել: Սակայն հանդիպելով Հ. Ալիեւի դիմադրություններինՙ այդպես էլ չկարողացավ իր ծրագիրն իրականություն դարձնել:
Մեկ ուրիշ փաստ: Մեծանուն կինոբեմադրիչ Փարաջանովը Սայաթ-Նովա («Նռան գույնը») ֆիլմը նկարահանելիսՙ 1966 թ. գարնանը օպերատոր Ս. Շահբազյանի, բեմադրող-նկարիչ Ստեփան Անդրանիկյանի հետ մեկնել են Նախիջեւանՙ Հին Ջուղաՙ տեղանքին ծանոթանալու եւ ֆիլմի որոշ կադրեր Ջուղայի գերեզմանատանը նկարահանելու մտադրությամբ: Սակայն տեղում կալանավորվել եւ բերվել են Նախիջեւանՙ պետանվտանգության կոմետե, որի նախագահն էր Հեյդար Ալիեւը: Երկար հարցաքննությունից հետո, երբ արգելվել է Ջուղա գնալու ծրագիրը, վերադարձրել են վերցված փաստաթղթերը:
- Սա բացարձակ ֆաշիզմ է,- փաստաթղթերը վերցնելով, հանգիստ ասել է Փարաջանովը:
- Ի՞նչ,- զայրույթից բռունցքը սեղանին զարկելովՙ բղավել է Ալիեւը: Ես Ձեզ ֆաշիզմ ցույց կտամ:
Այս խոսակցությունից հետո խումբը եւս 5-6 ժամ փակվել է պետանվտանգության նկուղային սենյակներում: Կարծում եմՙ այս բաները ծանոթ են Փարաջանովի մասին փաստավավերագրական ֆիլմ նկարահանած Ռուբեն Գեւորգյանցին:
Մեկ այլ փաստ: 1983, թե 1984 թիվն էր: «Մոսֆիլմի» պատվերով բազմասերիանոց ֆիլմ էր նկարահանվում Արամ Խաչատրյանի մասին: Ֆիլմի ստեղծագործական խումբը նկարահանումների համար ուզում էր մեկնել Նախիջեւանՙ Գողթն գավառ եւ մասնավորապես Խաչատրյանի ծննդավայր Ազա գյուղ: Ֆիլմի աշխատանքներին իրենց խնդրանքով մասնակցեցի նաեւ ես: Իմ խորհրդով նկարահանեցինք Երնջակ գետահովտի բնակավայրերը, սակայն Շահկերտ գյուղում ինչ-ինչ հանգամանքներում գտնվող 2 միլիցիոներ մեզ կալանավորեցին: 6-7 ժամյա բանակցություններից հետո ժապավենը հետ վերցնելովՙ մեկնեցինք Ազաՙ անհրաժեշտ նկարահանումներն ավարտելու: Դրանց մի մասը ընդգրկվեց մեծ կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմում: Այո, դժվարություններ ու բազմատեսակ արգելքներ են եղել, բայց դրանք հաղթահարողներ էլ են եղել, որոնք ազգային մտածողության տեր անձինք էին, ոչ թե միայն դիրքի, կոչումների, կինոփառատոներում դափնիներ վաստակելու ու փառքի ձգտողներ:
- Ձեր վրդովմունքը հասկանալի է: Հայ իրականության մեջ ազնիվ մղումով եւ նվիրումով ապրող եւ առավելապես գործող անձինք հայտնվում են անբարենպաստ պայմաններում, լավագույն դեպքում անտեսվում են, իսկ հաճախ էլՙ հալածվում ու դատապարտվում: Այսուամենայնիվ, մտադրություն ունե՞ք ֆիլմաշարի աշխատանքները շարունակելու:
- Այժմ աշխատում եմ «Ագուլիս» եւ «Գինեվէտ Գողթն» ֆիլմերի վրա: Սցենարների հիման վրա արդեն ավարտել եմ ֆիլմերի նկարահանման աշխատանքները, սակայն դրանց դանդաղ տեմպերը, ինչպես հասկանում եք, անհրաժեշտ ֆինանսների բացակայության պատճառով է: Առիթից օգտվելովՙ ասեմ, որ ֆիլմում ընդգրկելու եմ Ռուբեն Գեւորգյանցիՙ բավականին նշանավոր տոհմի լուսանկարներից, այդ գերդաստանի արդեն կործանված շիրմաքարերի պատկերներՙ անտեսելով դրանք «ոչ կինեմատոգրաֆիկ» համարվող նրա կարծիքը: Ժամանակին «Փոքրիկ Փարիզ» համարված Ագուլիսից սերող իր տոհմի վերաբերյալ ինքը տեղեկություններ կարող է ստանալ իմ «Գինեւէտ Գողթն» աշխատության 38-39 էջերի տեքստից եւ լուսանկարների մասում զետեղված Գեւորգյանցների ընտանեկան ու տոհմական պատկերներից:
- Եվս մեկՙ վերջին հարցը: Անցած տարի «Ազգ-մշակույթ-հավելվածում» հրապարակվեց Ձեր «Եղեռնագործութուն գրքի հանդեպ» խորագրով հոդվածըՙ «Նախիջեւան. գիրք հուշարձանաց» եռալեզու գրքի 25.000 տպաքանակի ոչնչացման մասին: Որեւէ բան պարզվեց, թե ինչո՞ւ էին ոչնչացրել գրքի տպաքանակը:
- Ինձ համար շատ զգայուն հարց ես տալիս: Այո՛, ոչնչացվեց գրքի տպաքանակը եւ ոչինչ էլ չկարողացա պարզել: «Ազգի» հոդվածի հրապարակումից հետո այն կցեցի գլխավոր դատախազին ուղղված դիմումիսՙ խնդրելով պարզել գրքի տպաքանակի հետ կատարված դեպքի իսկությունը: Եվ մինչեւ այսօր որեւէ տեղեկություն չունեմ, անգամ չի գտնվում դատախազի մակագրությամբ հանձնարարականով իմ դիմումը: Զարմանալի է, բայց փաստ է:
Այնպես որ, եթե Ադրբեջանը ծրագրված է ավերում մեր հուշարձանները, ապաՙ մենք ոչնչացնում ենք դրանց վերաբերյալ գրականությունը: Եթե Ադրբեջանը մշտապես խոչընդոտում է Նախիջեւան մեկնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրոմիության հանձնաժողովները, մեզ մոտ էլ անհետեւանք են թողնում հանցագործության հանցանշաններ պարունակող գրքի տպաքանակի ոչնչացման փաստը:
Վերջերս նախիջեւանյան խնդիրների հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգներում էի: Հարվարդի համալսարանի «Դեվիս» կենտրոնում բացվեց Նախիջեւանի հուշարձանների լուսանկարչական իմ ցուցահանդեսը, տեղի ունեցավ նաեւ հատուկ գիտաժողով: «Խզված մեղեդիՙ Ջուղա» ֆիլմի ցուցադրությամբ եւ այլ ծրագրերով ներկայացա Լոս Անջելեսի հայ համայնքին: Ադրբեջանը Կանադայում եւ ԱՄՆ-ում իր դեսպանների ու ներկայացուցիչների միջոցով ջանացել էր ամեն կերպ կասեցնել միջոցառումները: Չնայած, որ ի հեճուկս հայկական կողմի, Ադրբեջանը գործում էր բոլոր ճակատներով, մեր ծրագրած միջոցառումները կայացան, այն էլՙ ամերիկյան բարձր մակարդակով: ԱՄՆ-ում նախիջեւանյան միջոցառումները խափանելու մասին մեկ օրինակ միայնՙ ադրբեջանական սայթերից մեկում կարդում ենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրենց դեսպանատունը դիվանագիտական բոլոր միջոցները կօգտագործիՙ խափանելու տվյալ (մեր) միջոցառման անցկացումը: Հայաստանում կինոստուդիայի ղեկավարն ու գեղխորհուրդն էլ մի որոշում են կայացնում, մերժելով տարիների իմ դժվարին աշխատանքի շնորհիվ հավաքված հսկայական նյութը եւ ոչ պիտանի համարելովՙ փաստորեն արժեզրկում այն: Իսկ գլխավոր դատախազությունում իմ գրքի տպաքանակի ոչնչացման խնդիրը չպարզաբանող անհետեւողական մոտեցում է ցուցաբերվում: Նմանություն չե՞ք տեսնում նրանց եւ մեր գործելակերպերի միջեւ:
Այնպես որ Ադրբեջանին հատուկ ջանքեր ու գործելակերպեր պետք չեն, որ իրենց կողմից նախիջեւանյան եւ հայկական մնացած պատմամշակութային արժեքների ոչնչացման փաստերը չհրապարակվեն եւ տարածում չգտնեն: Մեր անհեռատես քաղաքականությունը, պետական, ազգային խնդիրները անձնավորելու, միմյանց խոչընդոտելու, անտեսելու հայկական անհանդուրժողականությունը բավարար է, որպեսզի Ադրբեջանը գործի ավելի սանձարձակՙ հաշվի չառնելով հայկական կողմի տեսակետները, կարծիքը, մոտեցումները, առավել եւսՙ իրավունքները:
Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ
Նկար 1. Արգամ Այվազյանը Ջուղայի գերեզմանատանը, 1981 թ.
Նկար 2. Օծոփի Սուրբ Աստվածածին վանքը
Նկար 3. Ազնաբերդի Ս. Գրիգոր եկեղեցու որմնանկարներից
Նկար 4. Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին
Նկար 5. Հին Ջուղա. խաչքարերի խումբ, 16-17-րդ դդ.