ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
Բալետի լիբրետտո
Մի արարով ներկայացում
Դեպքերը տեղի են ունենում նկարչի արվեստանոցում
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
1. Երիտասարդ, տակավին անծանոթ նկարիչ: Աղքատ, ամաչկոտ, նաեւ կարծում է, որ գեղեցիկ չէ, եւ հույս չունի, որ կարող է ընկերուհիի մը ուշադրության արժանանալ: Շրջապատն իր վրա ուշադրություն չի դարձնում: Ինքն իր ապրիլը չի պատկերացնում առանց նկարելու: Իր միակ հույսը նկարչությունն է, որով մի օր կրնա մարդկանց ուշադրության արժանանալ: Իր ունեցածը «բնորդ» մըն է, դերձակուհիի «մանեկեն» մըՙ իր միակ հարստությունը եւ արվեստանոցում իր մինակության մխիթարությունը, տեսակ մը իր հարազատը: Ինքը ապրում է իր արվեստագետի կյանքը: Իրեն պարտական չի զգում որեւէ մեկին, ազատ է:
2. Թաղի մեծահարուստի տղա, չաշխատող, օրն անցկացնող ընկեր-ընկերուհիներու հետ անբանի կյանքով զվարճություններու մեջ: Երիտասարդներու խումբին առաջնորդը:
3-րդ գործող անձըՙ դերձակուհիի «մանեկեն» մը, արվեստանոցի մշտական բնակիչը եւ նկարիչի նկարներուն հիմնական հերոսը:
4. Թաղի աղջիկները եւ տղաները, որոնք միշտ իրար հետ են, ուզում են ուրախ կյանքով ապրիլ: Զվարճանալը իրենց հիմնական նպատակն է:
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ
Բեմը եւ սրահը մութ են: Կամաց-կամաց բեմը սկսում է լուսավորվիլ, եւ արեւի ճառագայթը ընկնում է ու առաջինը մենք տեսնում ենք մանեկենը: Հետո սենյակն է սկսում լուսավորվիլ: Մենք նկատում ենք երկաթե մահճակալին վրա երիտասարդ նկարիչը, որ շարժվում է ու սկսում է զարթնել: Սենյակը լուսավորվում է: Երիտասարդը վեր է կենում անկողնից, եւ օրը սկսում է:
Եվ ահավասիկ, սակայն, թաղի տղաները եւ աղջիկները իրենց ղեկավարի առաջնորդությամբ կխուժեն նկարչի արվեստանոցը եւ կսկսին անկարգություններ անել, երգել, պարել, Նկարչին, որուն ծանոթ են անշուշտ հակառակ որ իրենց խումբին չէ, քաշկրտել, ձեռ առնել: Բայց կան նաեւ, որ սիրում են նկարիչին: Եվ հանկարծ խումբին առաջնորդը կնկատի «մանեկենը», կսկսի պարել մանեկենի հետ, գնդակի պես իրարու նետել:
Նկարիչին աղաչանքներըՙ մանեկենին ձեռք չտալու, չեն լսում, մի կողմ են քաշքշում նկարիչին: Վերջապես կհեռանան արվեստանոցից: Եվ հանկարծ նկարիչը կնկատե, որ խումբին ղեկավարին շարֆը ընկած է գետնին: Նկարիչը իր ամբողջ դառնությունը կթափե շարֆին վրա եւ կոխկրտելով շարֆը կսկսի պարել խումբին պարողներու ձեւերը նմանեցնելով: Հետո հոգնած կերկննա իր մահճակալին: Ընթացքին խումբին առաջնորդը կվերադառնա իր շարֆը վերցնելու համար: Կմտնե արվեստանոց, կվերցնե իր շարֆը եւ նկատելով, որ նկարիչը քնած է, անգամ մըն ալ նկարիչին հոգուն հետ խաղալու համար մանեկենն ալ վերցնելով կհեռանա արվեստանոցից չարախնդալով:
Նկարիչը երբ կզարթնի իր մրափեն եւ կտեսնե, որ մանեկենը տարել են կատաղութենեն չի իմանում ինչ անե, լաց է լինում, իրեն գետիններն է գցում, թավալում, մազերն է փետտում: Հետո արդեն ուժասպառ, հուսահատ ընկնում է անկողինին վրա:
Բեմը կամաց-կամաց մթնում է: Գիշեր է: Եվ հանկարծ բեմին մի կողմից խումբը սուրալով անցնում է եւ մյուս կողմից դուրս է գալիս: Հետո մթությունը սկսում է կամաց-կամաց լուսավորվիլ: Առավոտ է: Նկարիչը վեր է կենում անկողինից եւ տեսնում է, որ իր մանեկենը տեղում է: Անշուշտ, երիտասարդները այնքան ալ չար չէին կրնար ըլլալ իրենց ընկերոջ հանդեպ: Իրենց մեղքը քավում են:
Արեւը ծագել է նորից: Արեւը իր կենարար լույսը նվիրում է բոլորին: Նոր օր է սկսում: Կյանքը շարունակվում է: Բարին պիտի գործե իր բարությունը, չարը իր գործը պիտի անի: Հոգին եւ մարմինը պիտի մնան հակառակորդներ, բայց իրարից անբաժան:
Այս է կյանքը: