ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2007-12-01 | #24, 2007-12-15 | #1, 2008-01-12


ՄԱԿԲԵԹԸ ՉԻ ԼՎԱՆՈՒՄ ԻՐ ՁԵՌՔԵՐԸ...

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի պատասխանի առիթով

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ

Մեր անկախության ժամանակներում հայ գրականության ու մշակույթի պատմությունը կարոտ է նոր հայացքի, գրական բազմաթիվ երեւույթների եւ իրողությունների վերարժեւորումը կյանքի ներքին հրամայականն է եւ ժամանակի անշրջանցելի պահանջը:

Նախկին ԽՍՀՄ տարածքում այս ընթացքը այսօր նկատելի եւ անկասելի է: Եվ չնայած երբեմնի ընդհանուր դաշտի թելադրանքին, Հայաստանում ուժեր եւ մարդիկ կան, որոնք ուղղակիորեն դեմ են գրական երեւույթների եւ արժեքների վերագնահատությանը: Գրականության ինստիտուտը իր հրապարակումով համառորեն չի ուզում ոչինչ փոխել 40-60-ական թվականների պաշտոնական ու գաղափարական դիրքերից արված գնահատումների մեջ: Գրականության ինստիտուտին միանում են «Գրական թերթ»-ում համախոսական ստորագրած մարդիկ: Չի կարելի փաստերը անտեսել, պատմական իրողությունները թողնել մի կողմ եւ համախոսական ստորագրելով ջանալ սեւը հրամցնել իբրեւ սպիտակ:

Գրիգոր Աճեմյանի հոդվածը եւ հոդվածից հետո դրված հետգրությունը ցավով եւ դառնությամբ արձագանքում է այդ հրապարակումներին:


Վերջին ամիսներին լույս տեսան մի շարք հոդվածներ մեր ոչ հեռու անցյալի գրականության արժեքների վերագնահատման պահանջով: Դրանցում պարտամուրհակներ ներկայացվեցին պետական, գիտական եւ հասարակական կազմակերպություններին: Վերջիններս առժամանակ անտեսեցին անսպասելի հայտնված «բարաթները», մինչեւ որ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը «Գրական թերթի» անցյալ տարվա նոյեմբերի 23-ի համարում հանդես եկավ մեկ սյունականոց հայտարարությամբ, որտեղ, հասարակական կարծիքը թուլացնելու նպատակով, հարմար գտավ պատասխանել վերոհիշյալ հոդվածներից վերջինին, չժխտելով մնացածների գոյությունը եւ զարմացած հարցնելով` « Ինչո՞ւ համար են գրվում այսպիսի հոդվածներ, ինչո՞ւ համար են նորից ու նորից տաղանդավոր գրողներին բաժանում «դահիճների» եւ «զոհերի» »: Փորձենք մեկ անգամ եւս տալ այդ ինչու-ների պատասխանը, չնայած նախկինում բավական հստակ արվել էր դա: Եվ քանի որ` հասկացողին մեկ, չհասկացողին (կամ այդպիսին ձեւացողին)` հազար ու մեկ, ապա համբերատար ընթերցողից ներողություն պիտի խնդրենք թեմային կրկին անդրադառնալու համար:

Նախկին հրապարակումներում խոսվել էր հայ գրական պատվանդաններին պաշտոնապես բազմած դահիճների (Ն. Զարյան, Հր. Քոչար) եւ նրանց զոհերի` կյանքից անգերեզման ու անշիրիմ հեռացած Ե. Չարենցի, Ա. Բակունցի, Վ. Թոթովենցի, Զ. Եսայանի, գրականությունից երկու տասնամյակ դուրս շպրտված Գ. Մահարու եւ ուրիշների մասին: Նման բաժանման դեմ է բողոքում գրականության ինստիտուտը: Բայց մերկապարանոց բողոքը, ինչպես Հ. Պարոնյանը կասեր` այստեղ «չի քալեր», ուստի դրան նախորդում է կես-բերան խոստովանությունը` « Այո՛ (շեշտադրումն ինստիտուտինն է, ո՜վ մարդկային արդարություն...- Գր. Ա.), Հրաչյա Քոչարը, ուրիշ շատերի պես, երեսնական թվականներին թույլ է տվել արարքներ եւ ելույթներ, որոնք մենք այսօր խստորեն դատապարտում ենք: Բայց սա ողջ ճշմարտությունը չէ... (էլ ի՞նչ ճշմարտություն, որ մի քանի երես չունենա.- Գր. Ա.)...»: Մի կողմ թողնենք դեռ «ողջ ճշմարտությունը» եւ կենտրոնանանք «շատերի պես» շուտասելուկի վրա: Ճշտենք` ոչ թե շատերն են թույլ տվել «արարքներ եւ ելույթներ», այլ բոլորը: Այո՛ (մենք է՛լ լուրջ դեմքով շեշտել գիտենք...), ձերբակալված գրողներին ու նրանց համակիրներին, կամ գրական կյանքից արդեն դուրս շպրտված Ե. Չարենցին դատապարտել են ոչ թե շատերը, այլ բոլորը, բայց տարբեր են եղել այդ դատապարտումները: Շատերի համար դա եղել է բարոյական մի փորձություն, որով պետք էր անցնել ստիպողաբար, ուզած թե չուզած, իսկ ահա Ն. Զարյանի, Հր. Քոչարի եւ մի երկուսի համար «հասարակական» այդ պահանջը հնչել է որպես մարտահրավեր, որին ունկնդիր` նրանք գնացել են ամենաստոր քայլերի` զոհերին վերջնականապես ոչնչացնելու, ճշմարիտ գրականությունը կյանքից դուրս հայտարարելու համար: Իրար հետ մրցակցելով, գրել են անթույլատրելի հոդվածներ եւ ունեցել ելույթներ, վստահ, որ պատասխան չի լինի, քանի որ հակառակ կողմը չի ունեցել այդ հնարավորությունը: Դա քաղաքական հաշվեհարդար էր` հանուն շահախնդիր նպատակների եւ գրական աշխարհում բարձր դիրքերի:

Տեսնենք, թե ինչպես էին ներքին գործերի մարմիններին «մատերիալ» տալիս գրականության ինստիտուտի կողմից «տաղանդավոր» գնահատականին արժանացած գրողները: Վերցնենք նույն «Գրական թերթի» 1937 թվականի մարտի 10-ի համարը: Վայ-գրախոսականի խորագիրն է «Նացիոնալիստ տականքների հոգեւորդին»: Նյութն է Խ. Դաշտենցի «Բոց» բանաստեղծական ժողովածուն (1936): Հեղինակ` Հր. Քոչար: «Նացիոնալիստ տականքները» վերաբերում են Ե. Չարենցին, Ա. Բակունցին, Գ. Մահարուն, Վ. Ալազանին, Վ. Նորենցին, իսկ «հոգեւորդին»` Խ. Դաշտենցին, որը չգիտես ճակատագրի ինչ խաղով բարեբախտաբար մնաց անպատիժ: Հազիվ երեք-չորս մեքենագիր էջ ծավալ ունեցող գրախոսականում, որտեղ առկա են եւ բանաստեղծական մեջբերումներ, խտացված են քաղաքական մեղադրանքները: «Տաղանդավոր գրողի» պրոֆեսիոնալ աչքից չի վրիպել, որ « Խ. Դաշտենցի ապաշնորհ այս գիրքը տրոցկիստական-նացիոնալիստական գրական վիժվածք է, որը լույս է տեսել տրոցկիստ Ադոյանի խմբագրությամբ », որ « հեղինակը չի էլ ցանկացել թաքցնել տրոցկիստական իր երկար ականջները, որ ցցել է վեր եւ երգել իր իսկական ձայնով », որ դա « տրոցկիստի եւ նացիոնալիստի ծանոթ երգ է, կամ ավելի ճիշտ` նրա նվոցն առաջին հաղթական հնգամյակի դեմ », որ հեղինակն իսպաներենից թարգմանել է ժողովրդական քառյակներ, որոնք հարմար են եղել նրա « տրոցկիստական-նացիոնալիստական քիմքին », որ դրանցից մեկը « դավաճանությամբ է հնչում Դոլորես Իբարրուրիի, իսպանական հերոսական կանանց հասցեին, որոնք մարտնչում են ֆաշիզմի դեմ »: Դա դեռ բոլորը չէ, ժողովածուում « լպիրշության է հասնում հակահեղափոխական, բակունցյան այն ժխտական վերաբերմունքը, որ հանդես է բերված դեպի «Հյուսիսի» կուլտուրան (հասկացիր խորհրդային Մոսկվայի կուլտուրան), որից սարսափում է գրքի հեղինակը, որին հակադրվելու համար նույն էջում նա գովերգում է Արագածն ու Արարատը, որոնց ստվերները դրոշ են երիտնացիոնալիստի (հը՛մ...- Գր. Ա.) համար » (վերջին մեղադրանքի հիմքը «Արարատի ստվերները դրոշի պես ընկան գրքիս» սարսափելի՜ տողն է...): Նկատեցի՞ք թե որքան հաճախ են հնչում « տրոցկիստական-նացիոնալիստական » բառերը: Ինչ-որ բան չի՞ հիշեցնում ձեզ: Այո՛, չեք սխալվում, նույն բառերը դուրս են եկել նույն գրչի տակից` «Կարոտ»-ի բացասական հերոսի` դատաքննիչի բերանով: Երեւի սա՛ է գրական տարրական հնարանքներից մեկը` երբ հեղինակն իր մտքերն արտահայտում է իր հերոսների միջոցով... Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք նաեւ, որ բացի քաղաքական մեղադրանքներից կան եւ այնպիսիները, որոնք հավանորեն պետք է դասվեն գրականների շարքին` « ցնորամիտ բանաստեղծ », « հիստերիկ ճիչեր », « լուսնոտի ցնորամտություն », « զառանցանք », իր հոգեհայրերից հետ չմնացող « լղարիկ սան », « ողորմելի իդեաներ »... Հետեւում է ամփոփումը` « Պարզ է, որ Դաշտենցը պրոլետարիատի եւ մեր ժողովրդի թշնամիների բանակն է ընկել... »: Գրականության ինստիտուտում կճարվի՞ մեկը, որը կպնդի, թե այստեղ մեծ մատնությունից բացի կա մի փոքր գրախոսություն: Մի՞թե ազնվության, առաքինության ու համեստության կերպար Խ. Դաշտենցի ու նրան հակոտնյա Հր. Քոչարի անունները կարող են հնչել այսօր կողքկողքի: Մե՞նք ենք կույր, թե՞ պատմությունը... Հիմա պա՞րզ է, թե «...ինչո՞ւ համար են նորից ու նորից տաղանդավոր գրողներին բաժանում «դահիճների» եւ «զոհերի» »:

Եթե դեռ ոչ` շարունակենք:

Խ. Դաշտենցի հասցեին հնչած մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ « կրտսերը քծնական ոտանավորներ է նվիրել իր ավագներին` նացիոնալիստներ Ալազանին, Մահարուն, Նորենցին եւ ուրիշներին. ոտանավորներ է նվիրել ոչ միայն նրանց, այլեւ նրանցից ոմանց հայրերին ու զավակներին »: Մեղադրանքը հնչել է, ասացինք, թերթի մարտի 6-ի համարում, իսկ « քառասունքին »` ապրիլի 16-ին այն ճշտվել է գրողների ընդլայնված նիստում: Լսենք նույն Հր. Քոչարին. « Խաչիկ Դաշտենցն էլ այն երիտասարդ գրողներից է, որոնք իրենց մեջ քծնանքի, քարշ գալու եւ այլ հատկությունների բույն են դարձրել. նա իր ոտանավորներից մեկը նվիրել է Չարենցին, նրա աղջկան եւ Աբգար աղային » [1]:

«Տաղանդավոր գրողի» տողե՞ր են սրանք: Չէ՞ որ փոքր ի շատե ճշմարիտ գրողի` քամու բերանն ընկած թղթի կտորից անգամ հնարավոր է ճանաչել նրան: Բայց այստեղ գրողից ավելի ճանաչվում է` ուրիշ խոսքեր դժվար է ընտրել` ներքին գործերի գորշ գործակալը:

Տարիների հեռավորությունից մի քիչ էլ ոտներս կախ գցենք այդ նիստում, որտեղ դրված էր գրողների շարքերից (իմա` գրականությունից եւ հասարակական կյանքից) Ե. Չարենցի վտարման հարցը, եւ տեսնենք, թե ուրիշ ինչեր է ասում նույն «տաղանդավոր գրողը»: Նրա ելույթի հիմնական մեխը բնականորեն Չարենցն է. « Իր գրական եւ հասարակական գործունեությամբ վերջին տարիների ընթացքում Չարենցը մի քար էր` ընկած խորհրդային պոեզիայի ճանապարհին: Այսօր, ընկերնե՛ր, երբ մենք խոսում ենք սոցիալիստական ռեալիզմի մասին, անշուշտ պետք է Չարենցի այս գրականությունը ջախջախվի եւ դեն շպրտվի... »:

Ահավասիկ, ընկա՛լ չգիտեմ ինչպես, միայն թե ո՛չ քաղցրությամբ: Համեմատեք այս եւ նման մի քանի «գերակտիվ» դատապարտումները մնացածների` ասես աքցանով քաշված կամ ձեւական քվեարկությամբ արտահայտված դատապարտման հետ: Բայց գրականության ինստիտուտի թվաբանությամբ` նրանք բոլորը գումարվում են իրար եւ արդյունքում ստացվում են տխրահռչակ շատերը...

Հր. Քոչարը «գրական» այս պայքարի առաջամարտիկը չէր: Նա ընդամենն աշակերտում էր Ն. Զարյանին, որի համանման ելույթները [2] մնացին անգերազանցելի եւ մեկից ավելի անգամ պատճառ դարձան ինքնագովության. « 1936թ. հակահեղափոխական Խանջյանի ինքնասպանությունից անմիջապես հետո, ես գրեցի մի քանի հոդվածներ, որոնցում մերկացրեցի Չարենցի, Բակունցի, Ալազանի, Մահարու, Արմենի եւ մյուս հակահեղափոխականների նացիոնալիզմը, տրոցկիզմը, հակաժողովրդականությունը, «ստեղծագործությունների» կեղծությունը » [3]: Տասնամյակներ անց, կարդալով այդ հոդվածները, Գ. Մահարին գրեց ուկրաինացի գրող Լ. Պերվոմայսկուն. « Օրերս ես բառիս բուն իմաստով գիշերներով չքնեցի: Հետին թվով կարդացի Նաիրի Զարյանի «հոդվածները» սքանչելի Ա. Բակունցի դեմ: Ցնցվեցի մինչեւ հոգուս խորքը: Ես գիտեի, որ նա այդպիսի բաներ է գրել, ինչ որ բաներ կարդացել էի, բայց այդ սարսափելի հոդվածները չէի տեսել: Ինձ համար պարզ դարձավ, որ եթե այդ հոդվածները չլինեին, Բակունցը կստանար իր պատժաչափը, ինչպես ես, եւ այսօր նստած կլիներ Երեւանում ու կգրեր: Այդ հոդվածները տպվել են 1937 թվականին, երբ Բակունցը դեռ նստած էր: Մեկ-երկու ամսից նա գնդակահարվեց » [4]:

Հիշեցնենք Ն. Զարյանի եւ Գ. Մահարու միջեւ տեղի ունեցած ծանր նամակագրությունը, որտեղ վերջինս խորհուրդ էր տվել բացատրվել ժողովրդի հետ, ապավինել նրա մեծահոգությանը. « Ի՞նչ եմ ես խնդրել քեզանից. որ դու, որ ձեռքով որ գրել ես այդ հոդվածները, նույն ձեռքով էլ հերքես, բացատրես ներկա եւ գալիք սերունդներին հենց քո՛ պատկերներով («փայտահատի», «կացինի», «տաշեղի», «ռանդաի»...). ինչո՞ւ եմ ուզում, որ դու այդ անես. Բակունցի՞ շահերի համար. ոչ, Բակունցը ոչինչ չի շահի դրանից, նա իր շահը շահել է եւ ավելին ավելորդ է. գուցե կարծում ես, որ ե՞ս այստեղ մի շահ ունեմ... չեմ կարծում, որ կարող ես այդպես կարծել, որովհետեւ դա անհեթեթություն է. ուրե՞մն... Հավատա, որ ես ուզում եմ, որ դու այդ անես քեզ համար` նա՛խ եւ առաջ » [5] (Ն. Զարյանին, 17 հունիսի 1961թ.):

Ն. Զարյանը խուսափեց ե՛ւ բաց երկխոսությունից, ե՛ւ ապաշխարումից:

«Տաղանդավոր գրողների» երկբեւեռ բաժանումը չի սկսվել մեր օրերից: Այն ունի ավելի խոր եւ հիմնավոր արմատներ: Մեկ անգամ էլ դիմենք Ստ. Զորյանին, գրական պայքարից հեռու կանգնած երդվյալ «ուղեկցին» (եղե՛լ է գրողների այդպիսի «չեզոք» խմբավորում): 1967 թվականին վերաբերող նրա օրագրային գրառումում Հր. Քոչարի անունը ծածկագրված է, բայց գրառման ամսաթիվը կասկած չի թողնում, որ խոսքը հենց նրա մասին է.

«Մի քանի օր առաջ թաղեցին 37-38 թթ. «հերոս»-զրպարտիչ ու մատնիչ F-ին, որ տասնյակների գլուխ կերավ այդ թվերին: Բայց թաղեցին որպես հասարակական գործիչ եւ անվանի գրող: Չէ՞ որ շատերը գիտեն նրա անամոթ գործերը (կան ձեռքից ձեռք շրջող դոկումենտներ), ինչո՞ւ են դիմում ֆալսիֆիկացիայի-չեմ հասկանում: Իսկ որպես գրող անարժեք էր, անարվեստ. սրա-նրա թեմաներն ու սյուժեները վերցնող-մշակող:

...Եվ մահազդի մեջ այս տիպին ներկայացրել են որպես հասարակական գործիչ, որպես էնցիկլոպեդիստ, գրեթե մեծ գրող եւ այլն... Այսքան տարի լինելով Գրող. միության մեջ, չեմ տեսել դրա նման խորամանկ, խարդախ ու կեղծ արարածի...» [6]:

«Ձեռքից ձեռք շրջող դոկումենտներից» մեկի մասին հիշատակված է նաեւ Գ. Մահարու նամակներից մեկում. « Ի՞նչ եղավ Աբովի մոտ գտնված այն փաստաթուղթը, գրված 1937 թվականին, ստորագրված Քոչարի եւ Նաիրու ձեռքով... » [7] (Վ. Նորենցին, 8 մայիսի 1965 թ.):

Ն. Զարյանը եւ Հր. Քոչարը դատապատում էին ոչ միայն արդեն ձերբակալված գրողներին, այլեւ իրենց համար ոչ հաճելի դեմքերին` նպատակ ունենալով պարզապես մաքրել գրական դաշտը: Բերենք Ն. Զարյանի հաղթական գրառումներից եւս մեկը. « Սույն թվականի (1937.- Գր. Ա.) հուլիսի սկիզբներին ես ընկ. Քոչարի եւ Ա. Ոսկերչյանի հետ (առաջինը գրող է, երկրորդը` քննադատ) գրեցի եւ «Պրավդային» (պատճենը` «Լիտերատուրնայա գազետային») ուղարկեցի հոդված այն մասին, որ Հայաստանում դեռեւս շարունակում են գրականության վնասարարությունը հակահեղափոխականներ Չոփուրյանը (Հայպետհրատի նախկին դիրեկտորը), Չուբարը («Խորհրդային Հայաստանի» նախկին խմբագիրը), Աբովը (գրողների միության նախկին քարտուղարը) եւ ուրիշներ: Մենք իրավացի էինք: Չուբարն ու Չոփուրյանը ձերբակալված են (մեկ տարի անց նրանք գնդակահարվեցին.- Գր. Ա.), իսկ Աբովը հեռացված է կուսակցությունից »:

Բացարձակ մատնություն եւ ներքին գործերի մարմիններին հուշարարություն չե՞ն Ն. Զարյանի տողերը. « Զ. Եսայանը մերկացված է որպես լրտես եւ հեռացված է կուսակցությունից ու չգիտես, թե ինչու առ այսօր ազատ շրջում է » [8]: Եվ չի եղել մեկը, որ հանգստացնի «տաղանդավոր գրողին». «Մա՛շ, մա՛շ, հանգստացիր, մի հուզվիր, սիրելի Նայիրի, նրան էլ կնստացնեն, այն էլ ինչպե՜ս...»:

Բարեբախտաբար շատ չեն եղել զարյանները եւ քոչարները: Հազիվ երեք-չորս գրող եւ նույնքան էլ` որպես գրող վրիպած քննադատ: Պատմությունը մոռացության գիրկն է շպրտել ոսկերչյաններին, բայց Ն. Զարյանի եւ Հր. Քոչարի անունները ցուցանակներից, չգիտես ինչու, դեռ չեն հանվել...

1946-1947 թվականներին Գ. Մահարին, Վ. Ալազանը եւ Վ. Նորենցը տասնամյա ճամբարներից վերադարձան Հայաստան եւ ենթարկվեցին վարչական արտաքսման հանրապետության սահմաններում: Հատկապես ծանր էր Գ. Մահարու նյութական վիճակը: Նա իր գոյությունը պաշտպանում էր, ինչպես ընդունված էր ասել` «եղբայրական ժողովուրդների» բանաստեղծությունների թարգմանություններով եւ դրանց տակ «Գրական թերթում» երկտառ ստորագրություններ դնելով: Ստալինը դեռ կենդանի էր եւ «տաղանդավոր գրող» Հր. Քոչարի կուսակցական խիղճը չլռեց բզկտված, քաղաքացիական իրավունքներից զուրկ «ժողովրդի թշնամիների» նկատմամբ: Նորից թերթենք Ստ. Զորյանի գրառումը. « Հայտնի է նույնպես, որ 37-38-ից հետո էլ շարունակում էր նույն «հերոսությունը». 2-րդ անգամ բռնել տվեց աքսորից վերադարձած Մահարուն, Ալազանին եւ Նորենցին, իսկ «Գր. թերթ»-ի խմբագրին հեռացնել տվեց նրանց կազմած գրական անմեղ նյութերը տպելու համար, նյութեր, որ կազմել էին նրանք մի քանի կոպեկ ստանալու համար, եւ չէին ստորագրել » [5]:

Ճակատագրի խաղով հենց Ն. Զարյանն ու Հր. Քոչարն էին, որ 1954 թվականին, Ստալինի մահից հետո, հատուկ այդ նպատակով Երեւան ժամանած գնդապետ Վիտիեւսկու հետ պետք է զբաղվեին ցմահ աքսորի դատապարտված Գ. Մահարու, Վ. Ալազանի, Վ. Նորենցի արդարացման հարցով: ՀԿԿ Կենտկոմի անդա՛մը եւ անդամության թեկնածո՛ւն, որոնց աստղերը փայլում էին գրական երկնակամարում: Քամի՞, ո՛չ դեռեւս, բայց այլ հովեր էին զգացվում անգամ այն ժամանակների գրողների միության շենքում: Դժվար չէ գուշակել, թե ինչպիսի չկամությամբ են տվել Հր. Քոչարը եւ Ն. Զարյանն իրենց դրական կարծիքները եռյակի արդարացման վերաբերյալ: Եթե գնահատեին այդ քայլի բարոյական արժեքը, ապա կթողնեին սերունդներին բացատրական թեկուզ մեկ տող, որն այդպես էլ չգրվեց: Նույն հաստատուն ձեռքերով, որոնցով բարդվում էին անլուր մեղադրանքները, գրվեցին նաեւ «տրոցկիստ-նացիոնալիստների» արդարացման երաշխավորականները...

Այդքանից հետո ի՜նչ երկաթե ջղեր, արյան ինչպիսի նորմալ ճնշում ու քնած խիղճ, Մակբեթի բարդույթից ինչպիսի ձերբազատություն պետք ունենար Ն. Զարյանը, որ իր 60-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում, 1961 թվականին, նստեր լուսարձակների տակ եւ ունկնդրեր պաշտոնական հաճոյախոսականներ: Եվ ինչպե՞ս այս հարցում էլ նրան չհակադրես Գ. Մահարուն, որը հրաժարվելով հրաժարվեց նման անհեթեթ հանդիսությունից. « Հանդիսավոր երեկոյից ես հրաժարվեցի, ի՜նչ հոբելյան. իմ ընկերները, Չարենցն ու Բակունցը, 40 տարեկան կտրվեցին կյանքից, իսկ ես... չէ՛, ինձ չի սազում ոչ մի հոբելյան: Եթե ի փառս մեր գրականության մի համեստ գործ կատարել եմ` այդ էլ թող լինի իմ հոբելյանը եւ ամեն ինչը » [9] (Կ. Սիտալին, 14 մարտի 1963թ.):

Հիմա պարզ եղա՞վ վերջապես, թե « ...ինչո՞ւ համար են նորից ու նորից տաղանդավոր գրողներին բաժանում «դահիճների» եւ «զոհերի» », թե՞ էլի շարունակենք:

Գրականության ինստիտուտին չի՞ մտահոգել իր հարցի բարոյական կողմը: Ինչ եղել է` եղել, եկեք ամեն ինչ հանձնենք պատմությանը, նա թացը չորից կտարբերի եւ որքան էլ Մակբեթը լվանա իր ձեռքերը, կարձանագրի, որ դրանք արյունոտ են...

Եղա՞վ: Էլ ինչո՞ւ ենք հիշում Թալեաթին, Հիտլերին կամ Ստալինին: Պատմության բեմի վրա կհայտնվեն նոր թալեաթներ, նոր հիտլերներ, նոր ստալիններ, նորից ծայր կառնեն ցեղասպանություններ, հոլոքոսթներ ու ճամբարներ, կէժանանա մարդկային կյանքը, սովորական կդառնան մատնությունները...

Եթե չդատապարտե՛նք...

Եթե մարդկանց եւ երեւույթները չանվանենք իրենց անուններով:

Կան հանցանքներ, որոնք վաղեմության ժամկետ չունեն: Զրպարտիչ մատնությունը, որի գինը եղել է մարդկային կյանքը, մեկն է դրանցից (ընգծ. մերն է,- խմբ.):

Գանք Ն. Զարյանի եւ Հր. Քոչարի տաղանդավոր լինել-չլինելու հարցին, որը, ըստ գրականության ինստիտուտի` ամբողջականացնում է ճշմարտությունը եւ դառնում մի տեսակ «մեղմացուցիչ դեպք հանցանաց»: Տաղանդը տրվում է ի վերուստ, բայց պահանջում է մշտական աշխատանք, այլապես ժամանակի ընթացքում այն խամրում է, կծկվում շագրենի կաշվի նման: Տասնամյակներ շարունակ սոցիալիստական իրականությունը ներբողող գրողները ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէին կարող պահպանել իրենց տաղանդը, ստեղծել բարձրարժեք գործեր: Ի՞նչ արժեքների մասին կարող էր լինել խոսքը, եթե «տաղանդավոր գրողներն» իրենց ստեղծագործական ազդակներն ստանում էին թերթերի առաջնորդողներից: Սա չափազանցություն չէ, այլ տխուր իրականություն: Լսենք Ն. Զարյանին. « ...Ես թարգմանել եմ «Պրավդայի» առաջնորդողը Կոմինտերնի մասին եւ վերածել բանաստեղծության, քանի որ այն ինձ շատ էր դուր եկել » [10]: Պատահական չէ, որ նրա ստեղծագործական ժառանգությունում դժվար է այսօր առանձնացնել գրական որեւէ գործ, բացի «Արա Գեղեցիկից», կլասիցիզմով ոճավորված պիեսից, որը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի 20-րդ դարում ապրած արհավիրքների հետ եւ կարող էր գրվել մեր պատմության ցանկացած դարերից մեկում: Ինչ վերաբերում է Հր. Քոչարին, ապա նա ողջ կյանքում ապրեց որպես «մեծ տան զավակ» եւ միայն մահից առաջ փորձեց վերադառնալ հայրենի տուն: Նրա կյանքի այդ շրջանը բնորոշվում է ոչ այնքան գեղարվեստական բարձրարժեք գործերով, որքան կատարված շրջադարձով, որի գնահատականը տվել է Գ. Մահարին. « Հր. Քոչարը ստալինյան շրջանի կարկառուն չմշակներից էր, որը բավական չար սերմեր ցանելուց եւ հեղինակություն հնձելուց հետո, վերջին շրջանին կերպով մը ուզեց քավել իր մեղքերը (Ն. Զարյանը զլացավ այդ իսկ...) եւ գրեց մի քանի տանելի բաներ, որոնք սակայն չկարողացան բարձրանալ իսկական արվեստի պատվանդանին » [11] (Շ. Շահնուրին, 18 մայիսի 1965 թ.):

Անցած տասնամյակներն ապացուցում են այս խոսքերի ճշմարտացիությունը: Չնայած գրականագիտության վեկտորի ոչ ճիշտ ուղղվածությանը, գրականության ինստիտուտում չգտնվեց մեկը, որը երեսուն արծաթով մենագրություն գրեր «տաղանդավոր գրողի» մասին: Պատերազմական տարիների «հրապարագրության» կամ ավազի վրա կառուցված «մեծ տան» շուրջը մենագրություն չես ստեղծի: Այստեղ անզոր են պարոնյանական «կտոր մը հոսկե, կտոր մը հոնկե» կամ «մեյ մը ասդին, մեյ մը անդին» սկզբունքները...

Հասարակությունը սպասում է: Որքան շուտ վերհիշի գրականության ինստիտուտը Աստվածաշնչյան ճշմարտությունը, որ քարերի շպրտելուն հաջորդում է դրանց հավաքման ժամանակը, այնքան փառք ու պատիվ նրան: Սոցիալիստական ռեալիզմի գեներալական ուսադիրները մեր օրերում պետք է պաշտոնապես ճանաչվեն անվավեր: Այդ գործընթացը, շնորհիվ ամենազոր ժամանակի, սկսվել է եւ շարունակվում է անկանգ: Բայց որ Երեւան քաղաքը պետք է օր առաջ ազատագրվի այդ գեներալների անուններով կոչվող փողոցներից եւ դպրոցներից, կասկածից դուրս է:

Մենք ստիպված էինք անընդհատ դիմել գրականության ինստիտուտի հավաքական կերպարին, քանի որ այդպես է ստորագրված հրապարակված պատասխանը, ինչը ենթադրում է, որ այն արժանացել է կոլեկտիվի ընդհանուր ժողովի կամ առնվազն գիտխորհրդի հավանությանը: Բայց մենք հեռու ենք այն մտքից, որ ինստիտուտի բոլոր անդամներն են կիսում հրապարակման կաղապարները: Համոզված ենք, որ այնտեղ մեծավ մասամբ աշխատում են բարեխիղճ մշակներ, որոնց ձայնը, ցավոք, լսելի չէ:

Ի վերջո ավելորդ չէ հարցը` ո՞ր հասարակության շահերն է պաշտպանում Մ. Աբեղյանի բարձր անունը կրող գրականության ինստիտուտը: Հայաստանի Հանրապետությա՞ն: Հազիվ թե: Ուրիշ բան, եթե այդ երկու բառերի արանքում ավելացվեին «Սովետական Սոցիալիստական» բառերը: Այդ դեպքում շատ բան կլիներ հասկանալի, բայց արդեն հավաքված եւ հավաքվող քարերը կլինեն ի հեճուկս այդ կազմակերպության:

- Զարթի՛ր, լա՛ո, մըռնիմ քըզի...

  Հարկադրված Հ. Գ. - Հոդվածը գտնվում էր խմբագրության թղթապանակում, երբ լույս տեսավ բաց նամակ «Գրական թերթի» խմբագրությանը` ստորագրված Սոս Սարգսյանի եւ էլի ուրիշ` ընդհանուր թվով 21 մտավորականների կողմից:

Շահաբեր թվով մտավորականների խայտաբղետ խումբը պաշտպանում է գրականության ինստիտուտի «ակադեմիական մակարդակով» (իրենց հաճոյախոսականն է.- Գր. Ա.) պատասխանի «տառն ու ոգին» (իրենց դիրքորոշումն է.- Գր. Ա.) եւ արտահայտում գրականության ինստիտուտի նույն կաղապարված մտքերը` անգամ կրկնվող նախադասություններով: Երեւի պահպանելու համար «ակադեմիական մակարդակը»...

Մտահոգվե՞լ են արդյոք թեթեւ ձեռքով ստորագրություն հավաքողները կամ բաժանողները, որ քանի չի եղել գրական մոտավոր անցյալի արժեքների վերագնահատում, մեզ մոտ կշարունակվի գրական ճգնաժամը եւ չենք ունենա գրական ճշմարիտ նշաձողեր ու առողջ գրականագիտություն, որ պետք է հրաժարվել «պատերազմներից» ու «գերիներից», «անահիտներից» ու «ոսկե վազերից», «պարոն պետրոսներից» ու «մեծ տան զավակներից», նման հարյուրավոր հաստուբարակ գրքերից, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ լուրջ ու խոժոռ դեմքով գրված գրականագիտական աշխատություններից: Կյանքը գնում է այդ ճանապարհով, ո՞ւմ է պետք Հր. Քոչարի կերպարի ժամանակավրեպ գունազարդումը, որը կատարվում է այսօր մի խումբ մտավորականների կողմից... Գուցե իրե՞նց, ստորագրողների՞ն...

Մտածելու բան է:

Մտածելու բան է նաեւ, թե ինչպիսի՞ն են մտավորականների այդ խմբի գեղագիտական, քաղաքացիական եւ գաղափարական հայացքները:

Այսօր կայրենք Ն. Ադալյանի հոդվածը, վաղը կգրվի մեկ ուրիշը: Կայրենք այն եւս, մենք սովոր ենք աուտոդաֆեների: Բայց գրքեր եւ հոդվածներ այրելով` մենք ոչ մի տեղ չենք հասնի: Դա փակուղի է:

Խոնարհաբար խնդրում եմ դերասան-գործիչներից, պատմաբաններից, արեւելագետներից, թուրքագետներից, լեզվաբաններից, բանասերներից, քաղաքագետներից եւ բանաստեղծ-հրապարակախոս-ռազմական պատմաբաններից` հնարավորինս խուսափել զոհերի եւ դահիճների ազգանունները մեկ շարքում թվարկելու անտակտությունից: Նրանց միջեւ ընդհանուր ոչինչ լինել չի կարող, եթե բացակայում են գրական ընդհանուր ավանդները եւ սկզբունքները:

Եղիցի լո՛ւյս, հայ համախոսականներ...

ՆՈՒՅՆ


1. «Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի», Եր., 1977, էջ` 106-107:

2. «Բարձրացնել բոլշեւիկյան զգաստությունը գրականության եւ արվեստի ֆրոնտում», «Խորհրդային արվեստ», 1936, թիվ 15-16, 1 սեպտ., էջ` 203-204: «Դեպի խորհրդային գրականության նոր վերելք», «Խորհրդային Հայաստան», 1936, 18 սեպտ.: «Գրական լեզվի նացիոնալիստական աղավաղումների դեմ», «Խորհրդային գրականություն», 1936, թիվ 3-4: «Ընդդեմ նացիոնալիզմի եւ տրոցկիզմի, հանուն սոցիալիստական մեծ գրականության», «Գրական սերունդ», 1936, թիվ 4, էջ` 15-19: «Կապը կտրած խմբապետը», «Գրական սերունդ», 1936, թիվ 5-6, էջ` 33-35: «Նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակով», «Գրական թերթ», 1936, թիվ 19, 25 օգոստոսի:

3. Ն. Զարյան, «Ո՞վ եմ ես (Իմ աշխատանքի, իմ սխալների եւ իմ թշնամիների մասին)»: «Միտք», Եր., 2005, 17-23 մայիսի, թիվ 16:

4. Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Գ. Մահարու ֆոնդ:

5. Հայաստանի Ազգային արխիվ, Ն. Զարյանի ֆոնդ:

6. «Նորք», Եր., 2006, թիվ 4, էջ`109-110:

7. Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Վ. Նորենցի ֆոնդ:

8. Ն. Զարյան, «Ո՞վ եմ ես (Իմ աշխատանքի, իմ սխալների եւ իմ թշնամիների մասին)»: «Միտք», Եր., 2005, 31 մայիսի-6 հունիսի, թիվ 18:

9. Հայաստանի Ազգային արխիվ, Գ. Մահարու անմշակ ֆոնդ:

10. Ն. Զարյան, «Ո՞վ եմ ես (Իմ աշխատանքի, իմ սխալների եւ իմ թշնամիների մասին)»: «Միտք», Եր., 2005, 10-16 մայիսի, 15:

11. Հայաստանի Ազգային արխիվ, Գ. Մահարու անմշակ ֆոնդ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4