ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆ
Հետանկախության շրջանի մշակութային տեղաշարժերը Հայաստանում բազում հարցականների եւ նվազ պատասխանների խայտաբղետ դաշտ են հիշեցնում: Երկար տարիների իշխող տոտալիտար համակարգի շռնդալից անկումը բնական շփոթ է առաջացրել. մշակույթի ոլորտում, հնի եւ նորի, ճշմարիտ արվեստի եւ շուկան «գոհացնող» կեղծ «նվաճումները» քաոսային վիճակ են ստեղծել գրեթե բոլոր ոլորտներում: Համաշխարհայնացման (գլոբալիզացիա) օտարածին գաղափարները առանց դիմադրության ներթափանցում են հասարակական միջավայր, հատկապես ռադիո-հեռուստատեսության հաղորդումների հեղեղի նմանվող կասկածելի ծրագրերի շնորհիվ: Որքան այս մտահոգիչ գործընթացները թափ են առնում, նույնքան խնդրահարույց է դառնում մշակույթի ազգային ինքնության կենսական խնդիրները: Որքան էլ զարմանալի է ու տարօրինակ, ազգային եզրը կարծես օտարված հասկացություն է դարձել, այն մի տեսակ արտասանվում է վեհերոտությամբ, ցածրաձայնՙ հետամնաց եւ ժամանակավրեպ չերեւալու համար:
Այնինչ, եթե մեր ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է իրական մշակույթ, այն առաջին հերթին առանձնացել է հենց ազգային խորքով, միմիայն իրեն հատուկ գեղարվեստական ֆենոմեններով, որոնք այսօր էլ առկա են մեր արվեստային նվաճումներում, անկախ նրանից հայն ապրում է իր հայրենիքում, թե՞ աշխարհասփյուռ տարածքներում: Հայի հոգեկերտվածքը միշտ էլ ժամանակի մեջ որսացել է արդիական հնչերանգները, ձեւերը, մտածումները, ազգայինը եւ արդիականը ի հայտ են եկել փոխկապակցված տարազով:
Հայ կերպարվեստի պատմության մեջ XX դարի 60-ական թթ. նշանավորվել են շոշափելի ձեռքբերումներով, որոնք այժմ արդեն դասական արժեքների շարքին են դասվում: Գրվել են մենագրություններ, հոդվածներ, կազմակերպվել բազում անհատական եւ հավաքական ցուցահանդեսներ ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Սակայն այսօր որեւէ մեկը հանգիստ չի կարող նայել այն գործընթացներին, որոնք վերջին 10-15 տարիներին են ասպարեզ իջել, այսինքն անկախացման եւ ժողովրդավարացման շրջանում: Այս տարիների մեր դիտարկումները տպավորիչ են իրենց քանակով, բազմակերպությամբ, արդիական միտումների թվացյալ աշխուժությամբ, համաշխարհային կերպարվեստում տարածում գտած գեղարվեստական համակարգերի առատությամբ: Հատկապես Երեւանում օրեցօր բազմացող «գալըրիները» իրենց սրահներում ներառում են ռեալիզմից եւ նատուրալիզմից սկսած ամենածայրահեղ ավանգարդյան դրսեւորումները: Այո, մշակութային դաշտը առեւեւույթ ազատակացավում է, ով ինչպես ուզում է եւ ինչպես կարող է ներկայանում է արվեստասերներին, սակայն աստիճանաբար, առավել հստակորեն են ուրվագծվում այն միտումները, որոնք արդեն անցյալ դարի 90-ական թվականներին սնկի նման պաշարեցին գեղարվեստական դաշտը: Աբստրակտ արվեստի բոլոր տարատեսակները եւ այսպես կոչված կոնցեպտուալ արվեստի գեղարվեստական համակարգերը առանց դիմադրության հեղեղեցին նկարչական սրահները, ընդհուպ Ազգային ժողովի նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպված պատկերահանդեսները: Անշուշտ, այդ գեղանկարչական հեղեղի մեջ կային եւ այժմ էլ կան արվեստի իրական արժեքներ, որոնց հեղինակները ինքնանալու ճշմարիտ ճանապարհով են ընթանում: եվ վերջապես. դեռ մի քանի տասնամյակ առաջ այս ավանգարդյան միտումները բնական ընթացքով ի հայտ եկան Ադալյան եղբայրների, Հենրի Էլիբեկյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Արտո Չաքմաքչյանի, Արա Շիրազի եւ այլոց ստեղծագործություններումՙ հայ կերպարվեստ ներբերելով արվեստային նոր ձեւեր եւ տրամադրություններ: Հետսարյանական արվեստի ուժն ու հմայքը նրանց շեշտված ինքնության եւ արդիական գծերով էր աչքի ընկնում, «տեղայնացվում» էր որեւէ գեղարվեստական խնդիր եւ, որ կարեւոր էր, առաջին պլան էր մղվում արվեստագետի եսը, ազգային ինքնությունը: Անցյալ դարի 70-ական թվերին բացված Երեւանի ժամանակակից արվեստի թանգարան այցելած մեքսիկացի աշխարհահռչակ գեղանկարիչ Դ. Սիկեյրոսը եւ մեծանուն կինոբեմադրիչ Միքելանջելո Անտոնիոնին առաջին հերթին նշում էին մեր արվեստագետների ազգային շեշտված դիմագիծը, նրա առանձնահատուկ գունագծային եւ պլաստիկական հատկանիշները:
Անցնող ժամանակների հետ փոխվում են գեղարվեստական նպատակադրումները եւ արվեստագետի ազատությունը մղվում է առաջին պլան, սակայն ոմանք այդ ազատության սահմաններում գրեթե կորցնում են սեփական դեմքըՙ փոխարենը հայտնվելով նմանակման ենթակայական դաշտում: Այս միտումը նույնիսկ դիմազրկում է իրապես շնորհալի, կարողունակ արվեստագետների, որոնք ինտելեկտուալ պաշարով եւ պրոֆեսիոնալ կարողություններով կասկած անգամ չեն հարուցում (օր. Արման Գրիգորյան): Աբստրակցիոնիզմի, էքսպրեսիոնիզմի, պոպարտի, կոնցեպտուալ արվեստի հիմնական սկզբունքներն ու դրանց ենթակայական տարատեսակները պաշարել են հայ ժամանակակից կերպարվեստը, սակայն մեր անհանգստությունը ոչ թե դրանց իրական գոյությունն է, այլ հայ արվեստագետի ազգային նկարագրի պահպանման խնդիրը, նոր խոսք ասելու ունակությունները, արդիական դաշտում նրա հոգեպատկերի նորանոր դրսեւորումները:
Կորսված չափորոշիչների այս նոր իրականության մեջ գլուխ են բարձրացրել օտարածին եւ ժամանակավրեպ ոճաձեւեր, նատուրալիզմի, ռեալիզմի, ռոմանտիզմի, սիմվոլիզմի կասկածելի խաչաձեւումներ, բացահայտ սալոնային, քաղցր-մեղցր սյուժետային ատաղձ ունեցող «պատկերիկներ», որոնց հաճախորդները հիմնականում դրսեցի են: Միջնադարյան ճարտարապետական ձեւեր, պալատական պաճուճված անկենդան կերպարներ, եվրոպական հագուստ-կապուստով երեւակայական տեսարաններ, որոնց հորինվածքային եւ ոճաձեւային սկզբունքները հիշեցնում են Վան Էյկի, Բոսխի, Բրեյգելի արվեստային արտաքին տարրերը: Բոլոր ժամանակներում էլ անդրադարձ եղել է նախկին ոճաձեւերին, դրանց գեղարվեստական հնարանքներին, միայն մի պայմանով, որ նորօրյա արվեստագետը նախկին ձեւամիջոցները մեխանիկորեն չներմուծի իր արվեստային դաշտը, ինչպես իրենց ժամանակին փայլուն կերպով իրագործել են Էնգրը (Ռաֆայել), Դելակրուան (Միքելանջելո), Պիկասոն (հունական սափորանկարչություն եւ Վելասկեզ), Սարյանը (Վան Վասպուրականի որմնանկարչություն եւ մանրանկարչություն):
Ավանգարդյան թեւի արդեն ճանաչում ձեռք բերած շնորհալի գեղանկարչուհի Կարինե Մացակյանն ահա թե ինչ է գրում 2000 թ.-ին իր անհատական ցուցահանդեսի առթիվ. « Քանի գնում է վերանում է անձը: Իշխանությունը քաղաքական երեւույթներինն է: Անձը այստեղ չեզոքացվում է... ոչ ոք ժամանակ չունի այդ մասին մտածելու: Ոչ մի մեծ կորպորացիա, ոչ մի քաղաքականություն ժամանակ չունի անձի հետ շփվելու... եւ դա շատ տխուր է, իհարկե: Բայց ի՞նչ, եթե այդպիսին է կյանքը: Ես հանգիստ չեմ: Ես ձեզ եմ դիմում, դուք հանգի՞ստ եք, մարդիկ: Ես չգիտեմ... »: Այս ներքին խոստովանությունը որեւէ կասկած չի հարուցում, արվեստագետի տառապանքը այս բառերի մակերեսին են եւ դրանց խորքում: Նկարչուհու ինքնաբացահայտումը մեզ է ներկայանում բաց տեքստով, դրամատիկ երանգներով: Այդպես գուցեեւ մտածում են շատերը, քանզի համաշխարհայնացման ընդհանուր «վարակը» մեկ «խողովակով» է անցկացնում տարբեր մշակույթների դրականն ու բացասականըՙ ինքնությունից եւ ինքնատիպությունից զրկելով յուրաքանչյուրի առանձնահատուկ գույներն ու երանգները, ձեւերն ու կառուցվածքները: « Ես հայկական ծիրանի կորն եմ եւ ոչ թե ամերիկյան ուղղանկյան եւ հորիզոնական գծի հատույթը »,- ասում էր մեծն Արշիլ Գորկին, քանզի ծիրանի կորը հավերժության ձգտող ուժ ուներ:
Իսկ մեր օրերի նկարչուհին ասում է. «Ես հանգիստ չունեմ», որովհետեւ իր դրաման միայն անձնական չէ, այլ ընդհանրական, ժամանակն ինքն է այդպիսին: Սակայն իրական պատճառների մեջ խորանալիս կնկատենքՙ ինչպես Կարինեն, այնպես էլ նրա բազմաթիվ արվեստակից ընկերներից շատերը (նրանց գերակշիռ մասն ավանգարդային խմբավորման ներկայացուցիչներ են), թեկուզ եւ շնորհալի, արդիական գեղարվեստական համակարգերի արտաքին հնարքներին տիրապետելով, կարծես մոռացության են մատնում այն վայրը, որտեղ ապրում են, դրա յուրահատկությունները, հարուստ ավանդույթները: Եթե ժամանակներ առաջ չափազանցվում էին ազգային պաշտամունքներն ու սրբացված խորհրդանշանները, այսօր օտարացման միտումները ցեցի պես կրծոտում են անհատ արվեստագետի ներաշխարհը, վարակը կարծես տարածվում է առանց արգելքի: Փաստորեն արդիականացման գործընթացները (կարծեմ սա վերաբերում է մշակույթի բոլոր մարզերին) դիմազրկում է արվեստագետին, խաթարում նրա ազգային դիմագիծը, գեղարվեստական փաստը դառնում է եվրոպական կամ համաշխարհային այս կամ այն ուղղության հայաստանյան լոկ արձագանքը:
Մենք նաեւ քաջ գիտակցում ենք, որ վերջին հաշվով տաղանդի առկայությունն է որոշիչը, իրական երկի ծնունդը սրանով է պայմանավորված, սակայն արվեստի շուկան կատարում է իր չար գործը, «փորձության ենթարկում» անպաշտպան արվեստագետին, ուղղակի եւ անուղղակի կերպով թելադրում իր շուկայական ռազմավարությունը եւ մարտավարությունը:
Սերնդային առումով 60-ականները հիշատակելի ավանդներ թողեցին իրենցից հետո եկողներին, որոնցից ոմանք դեռ ցայսօր էլ մեզ զարմացնում են իրենց համարձակ գեղարվեստական ձեռքբերումներով: Հայ իրականության մեջ առաջին անգամ անվանի գեղանկարիչներ Ռուբեն Ադալյանը եւ Հենրի Էլիբեկյանը ինքնադիմանկարի ժանրը դարձնում են անհատական ցուցահանդեսի լայտմոտիվ, ինքնության գոյաբանական նշան-պատկեր, ժամանակի գեղարվեստական ցուցիչ: Ի հակադրություն վերոնշյալ երիտասարդ նկարչուհու հուսահատական եւ դրամատիկ զեղումներին, ավագ սերնդի այս երկու փայլուն նկարիչները, նույնիսկ այս տարիքում կենտրոնանում են արվեստագետի ինքնության կարեւոր ֆենոմենների վրա: Ժամանակի հարափոփոխ բախումներն ու հակասությունները դաջվում են այս նկարիչների երկերում:
2004-ին Երեւանում բացված Հայաստանի ժող. նկարիչ Ռուբեն Ադալյանի ծննդյան 75-ամյակին նվիրված ցուցահանդեսը դարձել էր տարվա մշակութային երեւույթ: Հինգ տասնամյակի ընթացքում ստեղծված բոլոր ինքնադիմանկարների խորքում նրա տարբեր շրջանների զարգացումների փոփոխություններն ենՙ խորը, դրամատիկ, դարի զարկերակի հետ համահունչ, սակայն ամենաէականը, իր եսը, խորապատկերը ամենուր է, բոլոր շրջափուլերում, ինքնության բացարձակ նշանային համակարգով:
Մյուս հանրահայտ նկարիչըՙ Հ. Էլիբեկյանը, որի 70-ամյակը լրացավ այս տարի, երիտասարդական ավյունով դեռ ստեղծագործում է, կազմակերպում տարաբնույթ ակցիաներ եւ պերֆորմանսներ (տվյալ տարածության եւ ժամանակի մեջ գեղարվեստական գործողություն-ցուցադրում): Վերջին ցուցադրությունը «Գեւորգյան» պատկերասրահում էրՙ «Ինքնանկարը իմ ժամանակակիցն է» վերտառությամբ: Սա ինքնադիմանկարների շարք է, ուր միայն նրա գերլարված Ես-ն է: Ինքը ժամանակակից մարդու համար «թիրախ» է: Ժամանակի եւ տարածության մեջ դնելով իր գերլարված անձըՙ որպես այդ իրականության «բարոմետր», իր միջով անցկացնում է մեր օրերի բարոյա-էթիկական աղաղակող դեֆորմացիաներըՙ բարձր ռեգիստրի հասցնելով իր ողբերգական ճիչը, ցասումը, ինչպես նաեւ մեծագույն սերը ընդհանրական մարդու նկատմամբ: Նրան ոչ միայն մտահոգում է իր ներաշխարհում տեղի ունեցող շարժումներն ու ցնցումները, այլեւ ժամանակակից աշխարհն առհասարակ, նրա բարոյական կերպարը, ժեստերը, ճիչերը, լույսն ու ստվերը, արագությունների մեջ անհետացող մարդու աստվածային կերպարը:
Ժամանակակից հայ կերպարվեստի այս թռուցիկ դիտարկումները հավակնություն չունեն ընդհանրական եզրակացություններ անել մի բնագավառում, որը գտնվում է բարդ գործընթացների անցման շրջանում, ուր դրականը եւ բացասականը հարեւանում են: Ազատականության եւ ազատ մտածողության մեր օրերում փոխվում են նախկին մտայնություններն ու գեղարվեստական ավանդական ձեւերը, նրանց տեղը գրավելով արդիական լեզվամտածողության այլեւայլ հոսանքներ, որոնք քաղաքացիություն ստանալու դժվարին ընթացքի մեջ են: Առաջանում են նոր հոսանքներ, խմբավորումներ, դրանց շուրջը հավաքվում են համախոհներ, որոնց գեղարվեստական գործունեությունը չի սահմանափակվում Հայաստանով: Սակայն մեր մտահոգության դրդապատճառներց ոչ այնքան գեղարվեստական միտումների բազմազանությունն է, այլ ավանդույթներ ունեցող ազգային կերպարվեստի շարունակականությունը, նրա հիմնարար գծերի պահպանումն ու հարստացումը, ժամանակի, գաղափարների, ռիթմերի եւ ձեւերի բնական յուրացումները:
Նկար 1. Կարինե Մացակյան «Գայլ» 1995
Նկար 2. Հենրի Էլիբեկյան, «Ինքնադիմանկարը իմ ժամանակակիցն է» 2006
Նկար 3. Ռուբեն Ադալյան, «Ինքնադիմանկար» 1983