ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
...Երբ աշխարհը պատանի էր եւ թարմ ու ղողանջող առավոտ էր բացվում այդ աշխարհի վրա եւ տեղատարափ լույսն էր ձեւ ու տեսք տալիս ամեն բանի,- լուսավոր գետի պես իր երկա~ր-երկար ճանապարհի սկզբում, կոպերի տակ գալիք կյանքի ոսկի տեսիլներ եւ բանաստեղծության թրթռացող տողը շուրթերին, երեւաց-հայտնվեց նա, ով դեռ ընդամենը Զարեհ անունն էր կրում...
***
...Թեեւ բանաստեղծ Զահրատը Հայաստանում ճանաչում եւ համարում ունի, այնուամենայնիվ, ճշմարտությունը պահանջում է ասել, որ մենք շատ քիչ բան գիտենք իր անձի ու կյանքի մասին, քիչ կամ որ նույնն էՙ վատ գիտենք իր գրականությունը, իսկ նրա բանաստեղծության պոետիկանՙ իր բանաստեղծական արվեստը, բնականաբար, այսօր բոլորովին խորթ է մեր գրամոլական իրականությանը եւ հակագրական «գրական» միջավայրին: Ուստի եւ ավելորդ չի լինի, կարծում եմ, սակավ-ինչ տեղեկություններ հիշել իր կյանքից ու կենսագրությունից:
Զարեհ Եալտըզճեանը, որ հետո Զահրատ անունն է առնում իր վրա, ծնվել է 1924 թվականի մայիսի 10-ին, ողբացյալ հայերի Պոլիս քաղաքում, Նշանթաշ թաղամասում: Ինքը շատ էր սիրում իր թաղը.
Ես իմ թաղիս քերթողն եմ
Լեզուս աղքատ է թաղեցիներուս նման
Տաղերուս միակ հարստությունը կը կազմեն
Թաղեցիներուս հոգերը
(«Թաղ»)
Բանաստեղծը մեծ նշանակություն էր տալիս Նշանթաշում ծնված լինելուն: Իր ասելովՙ իր թաղն էր ձեւավորել իրեն: Վաղ մանկությանը զրկվել է ծնողներից եւ մանկան միակ հովանին եղել է մորական պապըՙ «արհեստաւոր եւ խանութպան Հաճի Լեւոն Վարդանեանըՙ սամաթիացի, նաեւ թաղական Սամաթիոյ եկեղեցւոյ, երբ Սամաթիան այն ատեն «փոքրիկ Փարիզ» էր»:
Եալտըզճեանների տոհմի մեջ մի հին ու հրաշալի ավանդություն է պահպանվել: Հրաշալի, որովհետեւ այդ ավանդության մեջ անսպասելիորեն Հայաստանի հանդեպ եղած թաքուն մեծ սերն է հառնում: Ըստ այդ ավանդությանՙ Զահրատի նախնիները սերում են Սյունիքի նշանավոր Օրբելյաններից, իսկ իր մի նախապապըՙ Պողոս անունով, եղել է Գորիսի խաներից մեկը: Մեր գրականության մեջ մենք Թումանյանի լեգենդը գիտեինքՙ որ իբր ինքը սերում է Մամիկոնյաններից, հիմա էլ, ահա, Զահրատը: Ազնվական իր նախնիների մասինՙ չգիտեմ, բան չեմ կարող ասել, բայց որ ինքը ազնավոր անձ էր, անառարկելի է. իր ազնվական լինելու լավագույն վկայությունը իր ազնվականությունն էր, իր ազնվական նկարագիրը, իր բարձր ու վսեմ ոգին...
Հոր վաղաժամ մահը շատ ծանր է ազդել ապագա բանաստեղծի վրա, որբությունը ուղեկցել է նրան հետագա ողջ կյանքում: Թերեւս այդ պարագան էլ ձեւավորել էր ներփակ-ներանձնական նրա բնավորությունն ու ինքն իր մեջ ամփոփված լինելու յուրահատկությունը: Հոր կորստի ցավը մարմրում է նրա շատ բանաստեղծությունների խորքում, եւ որդին է, որ միշտ իրեն մենակ է զգում առանց հոր:
Մորական պապ Հաճի Լեւոնը Զարեհին պահել-փայփայել է մեծ խանդաղատանքով: Մանուկ Զարեհը հաճախում է Բանկալթիի Մխիթարյան վարժարանը եւ ավարտում վարժարանն ու լիցեյը 1941-42-ին: Լիցեյից հետո Զարեհը քննություններ է հանձնում եւ ընդունվում է դեղագործական վարժարան, իսկ մեկ տարի հետո փոխադրվում է համալսարանի բժշկական ֆակուլտետը: Երեք տարի հետո թողնում է համալսարանը եւ գնում է իր զինվորական պարտականությունը կատարելու իբրեւ հակաօդային ուժերի պահեստի սպա:
Ուսմանը զուգահեռ եւ ապա հետագա ողջ կյանքում Զահրատը իր կեցությունը ապահովելու համար ստիպված է եղել անելու ամենատարբեր եւ բազմապիսի աշխատանքներ, որոնք ոչ մի կապ չունեին գրականության ու մշակույթի հետ: Պատանի Զարեհը եղել է թղթավաճառի մոտ գործավոր, ուսանող Զարեհը աշխատել է դեղորայքի պահեստում, հետո եղել է նոտարական գրասենյակի պաշտոնյա, ապա գրենական պիտույքների խանութի վաճառող: Այնուհետեւ փողկապի վաճառատուն է բանեցրել, գոտի սարքելով է զբաղվել, ծորակներ է վաճառել...
Իր կյանքը շատ հետաքրքրական ու թաքուն կողմեր ուներ: Երկու բան հիշեմ:
Կարծում եմ, որ շատ քչերը գիտեն, որ Զահրատը նաեւ երգիչ է եղել, երգել է: Երգել է ոչ միայն Բեյօղլուի «Լուսավորիչ Դպրաց դաս», ապա «Մխիթար» երգչախմբերում, այլեւ մի օր իր գաղափարակից ընկերների հետ հիմնադրել է «Ներսեսյան» երգչախումբը, որտեղ երգել են շատ պատվական մարդիկ, որտեղ երգել են Հովհաննես Չեքիջյանն ու այլ հայտնի անձինք, եւ այդ երգչախմբում Զահրատը եղել է բաս երգիչ:
1946-ին, երբ հիմնադրվում է Մխիթարյան սանուց միությունը, Զահրատը այդ միության հիմնադիր անդամներից մեկն էր: Երկար ժամանակ խմբագրել է Մխիթարյան սանուց միության «Սան» պարբերաթերթը: Զահրատը նաեւ ուսուցիչ էր. երկար տարիներ «Նոր սան» պարբերականի շուրջ հավաքված պատանիներին եւ երիտասարդներին հայոց լեզու է դասավանդել:
Ի վերջո, 1994 թվականի մայիսի մեկից, ինչպես արտերկրի հայերն են ասումՙ հանգստի է կոչվել, այսինքնՙ թողել է աշխատանքը... Սա Զարեհ Եալտըզճեանի կյանքն է, իր անցած ուղին: Բայց իր կյանքում կար էլի մի ասպարեզ, որտեղից նա երբեք հանգստի չկոչվեց, դա հայ գրականությունն էր, հայ բանաստեղծությունը: Այստեղ ինքը բոլորովին ուրիշ մարդ էր, ուրիշ անհատականություն: Այստեղ արդեն ինքը Զահրատն էր: Ինքը ասում էր, թե մեր պատմությանն իբրեւ հայտնի է Ծոփաց աշխարհի մի իշխանըՙ Զարեհ անունով, որ նաեւ Զահրատ է կոչվել: Եվ ահա Զարեհ Եալտըզճեանը Զահրատ անունը ընտրում է իբրեւ գրական ծածկանուն, նախ, մերձավորներից, առօրյայից ու զանազան հարցապնդումներից ազատվելու համար, եւ հետոՙ
Չեմ գիտեր քանի Զահրատ այն օրէն
Այդ գահին վրայ նստան ու գացին
Իսկ ես այդ տոհմէն Զահրատը վերջին
Ոչ թագը տեսած - ոչ գահն իմ պապին
Եկեր եմ կ՛երթամ այսպէս - որու ինչ
(«Պատմութեան դաս մը»)
Զահրատի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1943-ին, Պոլսո «Ժամանակ» օրաթերթում, «Աստղ մը» խորագրով: Այս տարիների իր բանաստեղծությունները խմբագրությունները շարունակաբար մերժել են: Բարեբախտաբար, մեկ-երկու պարբերական տեղ է տվել Զահրատի բանաստեղծություններին: Նաեւ բարեբախտաբար Զահրատը ունեցել է համակիր ընկերներ ու բարեկամներ` Ռոբեր Հատտեճյան, Վարուժան Աճեմյան, Գարեգին արք. Խաչատուրյան պատրիարք, Հակոբ Մնձուրի, Հակոբ Մարթայան, Վարդան Կոմիկյան, Հայկազուն Գալուստյան, Արա Գյուլեր եւ էլի քանի~ հոգի, որոնք հավատացել են նրա ձիրքին ու տաղանդին եւ պաշտպանել են բանաստեղծին հարձակումներից, խրախուսել-ջատագովել են նրա պոեզիան: Ասում եմՙ բարեբախտաբար, որովհետեւ ինչ իմանասՙ ինչ կարող էր լինել. մարդը կարող էր հիասթափվել, վհատվել ու այլեւս չգրել:
Բայց հասնում է օրը, երբ իր բանաստեղծությունները դառնում են ոչ միայն ընդունելի, այլեւ անառարկելի: Զահրատի բանաստեղծությունները հայտնվում են բազմաթիվ թերթերի եւ պարբերականների էջերին, նախ Պոլսումՙ «Ժամանակ», «Մարմարա», «Սան», «Նոր Սան», «Հանդէս մշակոյթի», «Երջանիկ տարեգիրք», «Շողակաթ» եւ այլն, ապա Պոլսից դուրսՙ «Բազմավէպ», «Անդաստան», «Ահեկան», «Շիրակ» եւ այլն:
Զահրատի բանաստեղծությունները երկար ժամանակ ընդունելի չէին նաեւ գրականության մեջ: Բերեմ մի օրինակ: Փարիզի հայկական մի թերթի խմբագիրը 1953 թվականի սեպտեմբերի 1-ի իր խմբագրականում ծաղրում էր Զահրատի բանաստեղծություններըՙ Զահրատին դրվատած գրախոսի մի նախադասությունը դնելով չակերտների մեջ եւ Զահրատի բանաստեղծությունները համարելով «բարեմիտ, բայց հում», «բարեմիտ մարզանք»: Խմբագիրը եղել էր Մեծարենցի դասընկերը, 1915-ի մեր բանաստեղծների սերնդի մարդ, հետեւաբար ուրիշ գեղագիտության, գրականության այլ, տարբեր ըմբռնումների անձնավորություն էր, ուստի եւ բնական ու հասկանալի է իր մերժումը: Բայց խմբագիրը միայնակ չէր: Եվ եթե խմբագիրը գրում էր վաղ Զահրատի մասին, տասնամյակներ անց Երեւանում պաշտոնապես ճանաչված եւ գնահատված բանաստեղծը փորձում էր «Գրական թերթ»-ի էջերում մերժել եւ ծաղրել այլեւս անառարկելի Զահրատին: «Մեղքը» նախ եւ առաջ իհարկե Զահրատինն էր. նրա պոեզիան նոր էր, իր նորության մեջՙ անսպասելի, անսպասելիության մեջՙ անհասկանալի, երբեմնՙ պարզապես անընկալելի ու պարզապես մերժելի...
Հետո եկավ Զահրատի գրքերի ժամանակը, գրքեր, որոնք գրական բարձր ըմբռնումներ ունեցող շրջանակներում Զահրատի անունն ու պոեզիան դարձրին անառարկելի:
1960-ին լույս է տեսնում Զահրատի առաջին գիրքըՙ «Մեծ քաղաքը» խորագրով: Դրան հաջորդում է մի փոքրիկ գրքույկՙ «Գունաւոր սահմաններ»-ը (1968), ապա Փարիզում «Քաթրա»-ի (Հայ արվեստի զարգացման միության) հրատարակած «Կանանչ հող» ժողովածուն (1976): 1989-ին լույս է տեսնում Զահրատի թերեւս ամենանշանակալից հատորըՙ «Մէկ քարով երկու գարուն» գիրքը: Դրան հաջորդում են «Ծուռ նստինք Կիկօ խօսինք» (1994), «Մաղ մը ջուր» (1995), «Ծայրը ծայրին» (2001) ժողովածուները: 2004-ին բանաստեղծը հրատարակում է իր վերջին գիրքըՙ «Ջուրը պատէն վեր» խորագրով ժողովածուն:
Իհարկե, անհնար է թերթային կարճառոտ խոսքի մեջ դիտարկել այս բոլոր գրքերն ու ժողովածուները, ցույց տալ բանաստեղծի ընթացքը առաջին բանաստեղծություններից մինչեւ վերջին գիրքը, բացահայտել իր պոեզիայի շարժումն ու հիմնական եւ կարեւոր սկզբունքները:
Ու դեռ պետք է հիշել, որ Զահրատի բանաստեղծությունները թարգմանվել են երկու տասնյակից ավելի լեզուներով, որ Զահրատը քանիցս մասնակցել է բանաստեղծների միջազգային համաժողովների, որ քանիցս արժանացել է միջազգային մրցանակների, որ քանիցս բանաստեղծին պատվել են շքանշաններով եւ այլ մեծարանքներով... Եվ դեռ որքա~ն հարուստ է մեծատաղանդ գրողի եւ բանաստեղծի նրա կենսագրությունը: Այս բոլորը մեկ հոդվածում մանրամասնելը, իհարկե, անկարելի է: Զահրատի անձը, կյանքը եւ պոեզիան արժանի են ազնավոր բանաստեղծին վայել վաղուց սպասված մենագրության: Իր գրականության եւ կենսագրության շատ փաստերը մանրամասնել հնարավոր չէ, բայց կա մի իրողություն, որ պսակում է իր ստացած բոլոր մեծարանքները եւ մրցանակները եւ որն անպայման ուզում եմ հիշել. Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին սուրբ օծություն Տեր-Տեր Վազգեն Առաջինը 1990 թվականի հոկտեմբերի 6-ի կոնդակով Զահրատին պատվել է «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանով:
2006 թվականին Պոլսի «Արաս» հրատարակչությունը լույս ընծայեց Զահրատի բանաստեղծությունների երկու ընտիր եւ շքեղ հատորը իբրեւ «Ամբողջական գործ»:
Զահրատը մեզնից հեռացավ - մեզ հրաժեշտ տվեց 2007 թվականի փետրվարի 21-ին.
Հրաժեշտ երգերուն
Ու գրչին
Հրաժեշտ բոլորին
Բոլորին հին աղուոր սէրերուն հրաժեշտ
Հրաժեշտ շէնքերուն
Շէնքերուն միջեւ մութ փողոցներուն
Մութ փողոցներուն դեգերող մարդուն
Մարդուն երազին
Եւ առանձնութեան
Հրաժեշտ բառերուն
Բառ առ բառ շինուած խելառ խօսքերուն
Ու հրաժեշտ ձեզի
Բառերու ծարաւի ձեր լոյս աչքերուն
Ամէնուն հրաժեշտ
Հրաժեշտ ինծի
(«Հրաժեշ»)
***
Այսօր անկասկածելի է, որ Զահրատը նոր ժամանակների մեր ամենաինքնատիպ բանաստեղծն է, մեր նորագույն պոեզիայի թերեւս ամենախոշոր ու անկրկնելի անհատականությունը:
Գռեհկաբանությամբ եւ աղտեղություններով լեցուն հավակնոտ ու հայհոյախոս ոճավորումների, արժեզրկված բարձրահունչ մրցանակների, ոչինչ չասող ու անդեմ չափատողումների, աշխարհին հայտնի բանաստեղծների խեղճ ու անճարակ նմանակումների, էպիգոնների, կեղտագրական ու լեզվապիղծ ոտանավորների մեր այս ժամանակներում Զահրատի պոեզիան առանձնանում է իր պոետիկայի, լեզվական ու բանաստեղծական արվեստի, պատկերավոր խոսքի հարստությամբ ու ամբողջականությամբ: Ես համոզված եմ, որ Զահրատի տեղը մեր գրականության մեջ գնալով մեծանալու է: Թվում է` Զահրատը անկարելին արեց. նա միանգամայն նոր կարելիություններ հայտնագործեց հայ բանաստեղծական լեզվի մեջ: Զահրատը այսօր իհարկե վավերականորեն դասական բանաստեղծ է:
Հին ժամանակների ճապոնացի բանաստեղծը մի անգամ իմաստուն խորհուրդ է տալիս իր մի աշակերտին. «Մի՛ գնա հնոց ոտնահետքերով, բայց որոնիր այն, ինչ նրանք են որոնել»: Եվ Զահրատը, իբրեւ իսկական բանաստեղծ, որոնել է այն, ինչ որոնել են նախնի մեր մեծ բանաստեղծները: Անցյալ դարի խորագետ փիլիսոփան եւ նուրբ գեղագետը ասում էր, որ եթե բանաստեղծը կամ արվեստագետը չունի ասելու իր կերպը, իր ձեւը, ուրեմն ոչինչ չունի, որովհետեւ սեփական ինքնություն չունի: Զահրատը մեր այն եզակիներից է, որ գտել է Կրոչեի մատնանշած գեղարվեստական յուրահատկությունը` մտածողության ի՛ր ձեւը, բանաստեղծական խոսք ասելու, ինքնադրսեւորումի-ինքնարտահայտության ի՛ր կերպը: Զահրատի պոեզիան մեզանում, կարծում եմՙ մեկընդմիշտ վերջ տվեց (գրամոլները հաշվի մեջ չեն-նրանք անմահ են ու հավերժական) պաթետիկ, վերամբարձ, երգախաղային հանգավոր գեղեցկախոսությանն ու գավառական պերճաբանությանը, ուշացած, կեղծ ռոմանտիզմին եւ իբրեւ թե ավանդական, բայց իրականում մեռած կեղծ դասականությանը, ինչը այսօր էլ հավակնոտ ու անտաղանդ հանգաթուխների ոտանավորներում հասնում է ուղղակի ծայրահեղ գռեհկության ու ցածության, վերածվում է գրական թափոնի:
Զահրատը ի սկզբանե, առաջին իսկ բանաստեղծություններից սկսած,- «Ճառագայթ»-ում տպագրված, արտաքուստ պոեզիայի ավանդական կերպին հարազատ թվացող շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունները ասվածի լավագույն վկայությունն են,- մեկընդմիշտ հրաժարվում է բանաստեղծական խոսքի ու մտածողության ավանդական ըմբռնումներից եւ իր նախընտրած բանաստեղծական ձեւի ներքին տրամաբանության թելադրանքով ու պարտադրանքովՙ նաեւ կետադրությունից, փոխարենը հորինելով-ստեղծելով խոսքի, բանաստեղծական բնագրի ստեղծման-կառուցման իր շարահյուսությունն ու շարահարությունը: Զահրատի պոեզիայում փոխվում է նաեւ բանաստեղծության գրաֆիկական պատկերը, գծանկարչական տեսքը: 1970 թվականի դեկտեմբերին Պարույր Սեւակը մի առիթով անկեղծորեն խոստովանել է. «Անկեղծ ասած, ես ունեմ մի երազանք, որ երեւի չի էլ կատարվելուՙ գրել բանաստեղծությունների մի գիրք առանց չափ ու կշռույթի, ինչպես Աստվածաշնչի հանճարեղ բանաստեղծներըՙ Սողոմոնը, Դավիթը կամ ինչպես Ուիթմենը: Բայց կամենալը այլ բան է եւ կարենալըՙ բոլորովին այլ»: Ես ինձ թույլ եմ տալիս կարծելու, որ Զահրատը դա կարողացավ, Զահրատին դա հաջողվեց: Հրաժարվելով հանգից, հաճախ նաեւ չափ ու կշռույթից, Զահրատը մեծ տեղ է հատկացնում իր բանաստեղծության գրաֆիկական պատկերինՙ այս ձեւով բառին ու տողին տալով ինքնակա արժեք եւ վերապահելով գերագույն արտահայտչականություն: Կետադրությունից հրաժարվելը բանաստեղծին հնարավորություն է տալիս, օրինակ, բառը, դարձվածը, պատկերը ոչ միայն անսպասելիորեն մի քանի անգամ կրկնելու, այլեւ իր խոսքի բանաստեղծական տրամաբանությամբ բառը կամ դարձվածը կապելու ինչպես անմիջապես նախորդող, այնպես էլ անմիջաբար նախորդող պատկեր-դարձվածի հետ: Այսպես բանաստեղծի տողը ձեռք է բերում յուրօրինակ տեսողականություն եւ խտացում: Զահրատը գերադասում է կարճ, երբեմն նույնիսկ կարճառոտ բանաստեղծությունը, որը պահանջում է խիստ ինքնասահմանափակում, բայց եւ բանաստեղծության ամեն բառին տալիս է առանձնահատուկ կշիռ, իմաստ եւ նշանակություն: Բանաստեղծության այս տեսակն է, որ ստեղծագործական գործողության, Զահրատի պարագայինՙ երբեմն նաեւ գրական իմաստավոր խաղի մեջ է ներքաշում ընթերցողինՙ խթանելով նրա երեւակայությունը, բանաստեղծական իրավիճակի մեջ ներառնելով նրան, հենվելով ընթերցողի ներաշխարհի հարստության եւ անհատական նրբազգացության վրա: Իր բանաստեղծությունները գրելիս-հորինելիս Զահրատը ոչ թե զգացմունք է նկարագրում, ոչ թե պատմում է իր զգացումների մասին, այլ նվազագույն միջոցներով ու սակավ բառերով ստեղծում է բանաստեղծական վիճակ, որ կա՛մ փոխանցվում է ընթերցողին, կա՛մ ընթերցողին ներգրավում է բանաստեղծական խաղի-գործողության, այսինքնՙ բանաստեղծության գոյացումի ընթացքի մեջ: Այսպես է, որ Զահրատը միշտ տեղ է թողնում ընթերցողի երեւակայության համար, երբեմն պարզապես ընթերցողին աննկատելիորեն դարձնելով «համահեղինակ»... Առհասարակ ապշեցնում է Զահրատի ստեղծագործական երեւակայությունը: Ահա իր բացառիկ բանաստեղծություններից մեկըՙ «Ոսպ ստկող կինը»: Սա ընդամենը տասը տողանոց բանաստեղծություն է, եւ այս տասը տողի մեջ Զահրատը կարողացել է, առանց գործողություն ցույց տվող որեւէ բառի, ոչ միայն պատկերել ոսպը քարերից մաքրող կնոջը, ոսպը ստկող կնոջ մանր ու արագ շարժումները, ոսպը ստկելու գործողությունը, այլեւ արձանագրել ոսպը մաքրելու ընթացքին կնոջ ներսում շարժվող, ծնվող բառերը, մտքերը, մտածումները, այլեւ իրՙ հեղինակի բնազանցական-մետաֆիզիկական հայացքը այդ ամենին զուգահեռելով իր պատկերածը համադրել ստեղծումի-ստեղծագործումի ընթացքի հետ... Ինքը` բանաստեղծը անթաքույց բավականությամբ է արձանագրել իր բացառիկ ձիրքը` « Տասը տողով տասը մարդու տասը տեսակ վիշտը կերգեմ... » («Տասը»):
Ոսպ մը - ոսպ մը - ոսպեր - ոսպ մը -
քար մը - ոսպ մը - ոսպ մը - քար մը
Կանաչ մը - սեւ մը - կանաչ մը -
սեւ մը - քար մը - կանաչ ոսպ մը
Ոսպ ոսպի քով - քար ոսպի քով -
յանկարծ բառ մը - բառ ոսպի քով
Յետոյ բառեր - ոսպ մը - բառ մը -
բառ բառի քով - յետոյ խօսք մը
Ու բառ առ բառ խօլ բարբառ մը -
հինցած երգ մը - հին երազ մը
Յետոյ կեանք մը - ուրիշ կեանք մը -
կեանք կեանքի քով - ոսպ մը - կեանք մը
Դիւրին կեանք մը - դժուար կեանք մը -
ինչու դիւրին - ինչու դժուար
Բայց քով քովի կեանքեր - կեանք մը -
յետոյ բառը մը - յետոյ ոսպ մը
Կանաչ մը - սեւ մը - կանաչ մը -
սեւ մը - ցաւ մը - կանաչ երգ մը
Կանաչ ոսպ մը - սեւ մը - քար մը -
ոսպ մը - քար մը - քար մը - ոսպ մը
(«Ոսպ ստկող կինը»)
Զահրատը իր տիեզերքը ստեղծած բանաստեղծ է: Եվ այդ տիեզերքը ավարտուն ու անկրկնելի աշխարհ է, ինքն իրենից սկսվող եւ իրենով ավարտվող գնդաձեւ մի ոլորտ, փակ մի անսահմանություն... Զահրատի տիեզերքը խիտ է բնակեցված եւ բնակեցված է պարզ ու սովորական մարդկանցով, լեցուն է սովորական իրերով եւ մարդկային պարզ հարաբերություններով: Իր հայտնված մոլորակը նոր ժամանակների Մեծ քաղաքն էՙ բետոնե շենքերի եւ հազարավոր խաչվող փողոցների լաբիրինթոսներով, իր անհոգի դաժանությամբ, իր ծայրամաս-թաղամասերով եւ այս աշխարհի ծայրամասում լինելու, այս կյանքի խնջույքում աղքատ ազգական լինելու դատապարտված պարզ ու սովորական մարդկանցովՙ Կիկոներով, Նորիկներով, Արթաքիներով ու հեգ Խառլամպոսներով:
Սա նոր իրադրություն, նոր վիճակ է հայ գրողի համար. հայության խնդիր, սփյուռքահայության խնդիր թերեւս չկա, իր Կիկոն աշխարհի բոլոր մարդկանցից մեկն է եւ, իհարկե, հայ է: Սա մեծ քաղաքի բնակիչ հայկական Չառլին է, Չապլինի կեսմուրացկան-կեսբանաստեղծ եւ միշտ պարկեշտ ու օրինավոր, ուրախ ու կենսախինդ հումորով լեցուն, երբեք չընկճվող ու միշտ բարեշնորհ ու ջենտլմեն հերոսի հայկական տեսակը, հայկական Շառլոն, Զահրատի Կիկոն, որ «զմարիտ» է հավաքում փողոցներից, ուզում է հասնել «պողոտաներով պերճօրէն վազող պերճանքի ետեւէն», բայց չի հասնում... Կիկոն վախենում է փողոցը անցնելուց, որովհետեւ Մեծ քաղաքում մենակ, միս-մենակ է, փողոցն անցնելիս ստիպված իր մենակությունն է հիշում... Մեծ քաղաքում մարդիկ ստիպված են - դատապարտված են միմյանց մոռանալու, եւ Կիկոն, դեռ դռան մյուս կողմը չանցած, մոռանում է իր բարեկամին... Կիկոն կանգնած է հայելու դիմաց եւ իր միս-մենակության մեջ պատրաստ է ջարդելու աշխարհի բոլոր հայելիները... Մեծ քաղաքում Կիկոյի մերձավորները կամուրջն ու աստղերն են,- Կիկոն հայտնապես բանաստեղծ մեկն է: Կիկոն փոքր մարդ չէ, Կիկոն մարդ է, հոգով մաքուր, ազնիվ ու բանաստեղծ, որ փոքրանում է մեծ քաղաքի մեջ, Մեծ քաղաքի սարսափների դիմաց... Զահրատը հայտնապես սիրում է իր Կիկոյին, իր պոեզիայի ազնիվ բնակիչներին, որովհետեւ
Մէկ անգամ մէկ մէկ
Մէկ անգամ Կիկօ զերօ
Երկու անգամ մէկ երկու
Երկու անգամ Կիկօ զերօ
Տասն անգամ մէկ տասը
Տասն անգամ Կիկօ զերօ
Հարիւր անգամ մէկ հարիւր
Հարիւր անգամ Կիկօ մենք
(«Զերօ»)
Զահրատը սեր ու խանդաղատանք ունի իր հերոսի` Կիկոյի հանդեպ, նրա մասին խոսում է ժպիտով, բարեմիտ հումորով, չթաքցրած հեգնանքով.
Ճամբայ բացէք - կտրիճս կուգայ - հէյ
Կիկօն է - տօնական զգեստ է հագեր
Մահիկ ասեղ
Ասուպ դերձան է առեր
ամենօրեայ լաթերուն
երազ երազ կարկտան
լուսին կոճակ է կարեր
Բոլորը մէկ արեւներով արդուկեր
Տիկիններ - Օրիորդներ - Պարոններ
Ճամբայ բացէք - կտրիճս կուգայ - հէյ
(«Նախակարապետ»)
Մեծ քաղաքի քարե սառը պատերի մեջ մոլորված բանաստեղծի վհատությունը վերածվում է մարդկային խորունկ ողբերգության.
Քաղաք - գիշերանց երբ նորէն լոյսերդ
վառին ու տանիքներէն վեր
Գոյն գոյն մառախուղ մը տարածուի -
երբ ամէն ինչ նիրհէ
Դուն պանդուխտ տղան Զահրատը
մի մոռնար
Հարցնողներուն բարեւ ըրաւ ըսէ
(«Նամակ»)
Զահրատի անձնավորության բանաստեղծական նկարագրի եւ իր բանաստեղծության հիմքում ընկած է միայնակ մարդու, մենակության դատապարտված անհատի թախիծը, որ զարմանալի նուրբ գույներ եւ անորսալի-անշոշափելի երանգներ եւ արտահայտություն է ստանում: Այդ մենակությունը եւ այդ թախիծը չեն կապվում միայն բանաստեղծի անձնական կյանքի ու կենսական զգացողության հետ: Մենակության այդ զգացումի արմատները շատ ավելի խորն են: Դա պատմության գիրկն անցնող, այլեւս պատմություն դարձած արեւմտահայ ազնվական գրականության հրաժեշտի ժպիտն է մարմրող իրիկվա մեջ, դա օտար երկինքների տակ տեւող հայ խոսքի ու հայ լեզվի ճակատագրի համար դողացող մարդու սրտի տրոփյունն է ու դժվար շնչառությունը:
Զահրատի պոեզիայի նուրբ թախիծն ու նրբագույն հեգնանքը ծնում են գեղեցկության ընկալման ու պատկերման յուրօրինակ հայեցակետ: Նրա բանաստեղծությունների մեջ ամփոփված գեղեցկությունը արտահայտվում է ամենահասարակ իրերի (ճապոնացու պես Զահրատն էլ կարող է ասելՙ «իրերի թախծոտ հմայքը»), սովորական երեւույթների, մարդկային պարզ հարաբերությունների, կյանքի առօրյա իրողությունների ինքնօրինակ, զահրատյան տեսողականության մեջ:
Զահրատի ստեղծած բանաստեղծական աշխարհում ամենակարեւորը, անշուշտ, սովորական մարդու կյանքն է ու մահը: Ու եթե մահը անխուսափելի է ու անառարկելի, ապա նույնքան անհրաժեշտ ու անառարկելի պիտի լինի մարդու մարդկային եւ արժանապատիվ գոյությունը: Այս ըմբռնումով էլ Զահրատի պոեզիայի բուն թեման, նյութը մարդկային պարզ կյանքի հանգամանքներն են: Կան բանաստեղծներ, որոնց պոեզիայում գրողի ես-ը, նրա անձնավորությունը, իբրեւ արտահայտություն, դրսեւորում, իսպառ բացակայում է: Աշխարհի գրականության մեջ օրինակները շատ-շատ են:
Զահրատի պոեզիան այլ է: Դա ցածրաձայն ասվող, ցածրաձայն կամ նույնիսկ անձայն ասվող ու կարդացվող պոեզիա է, նման այն բանին, երբ մարդը աղոթքի կամ խոստովանության ծիսական ու պարզ խոսքեր է մրմնջում: Դա քննական ինքնաճանաչողության, ինքնազննման, ինքնաբացահայտման գրականություն է: Անկեղծ խոստովանության պես նա ընթերցողի առաջ բացում է ոչ միայն իր անցյալ ու ներկա կյանքի էջերը, այլեւ իր ներաշխարհի թաքուն ծալքերը, ինքն իր բանաստեղծության լամպարով լուսավորում է սեփական հոգու «մութ» անկյունները եւ ընթերցողի առջեւ բացվում-ծավալվում-տարածվում է մի հոյակապ սեր առ աշխարհը, կյանքը, երկիրը, մարդիկ, բնությունը...
Ու թողէք - թող արեւն երթայ հորիզոնէն
անդին
- Հորիզոնէն անդին ալ արեւուն
սպասողներ կան
(«Չորս»)
Եվ արդարացիորեն նրա պոեզիան ընթերցողին է պարզվում իբրեւ մի պարզ ու մաքուր, հարուստ ու առինքնող ներաշխարհի օրագիր, իբրեւ Մեծ քաղաքի ու անվրդով Ժամանակի բավիղներում կորած մի անհատի հոգու պատմություն: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում մեկուսացում շրջապատող աշխարհից եւ փախուստ իրականությունից, այլ, ընդհակառակը, Զահրատի պարագային նշանակում է աշխարհի եւ իրականության ցոլացում եւ անդրադարձում բանաստեղծի ներաշխարհի հստակ հայելու մեջ:
Զահրատի մուսան, իր առաջին բառից մինչեւ վերջին բանաստեղծության վերջին տողը, եղել է ազնիվ ու մաքուր խոսքի, մարդկային բարձր եւ վսեմ զգացումների, մարդուն մաքրող ու բարձրացնող, վեհացնող ու հարստացնող գրականության մուսա:
Գրականությունը գեղեցիկ հեքիաթ է, գրավիչ հորինում ու հորինվածք, բայց եւ գրական խաղ, բառի, խոսքի, լեզվի նրբազգացության եւ նրբիմացության վրա հիմնված, ինքն իրենից ծնվող եւ ինքն իրենից աճող լեզվական ու գրական ինքնակա իրողություն, որի անգերազանցելի վարպետն էր Զահրատը: Զարմանալի են հայոց լեզվի ճկուն կերպափոխումներն ու կերպարավորումները, բառախաղերն ու պատկերախաղերը իր բանաստեղծության մեջ: Ինքը, թվում է, գրական թոհուբոհից ու գրական իրարանցումներից հեռու կանգնած մարդ էր եւ, թվում է, իր պարզ ու անպաճույճ բանաստեղծություններն էր հորինում: Միանգամայն թյուր կարծիք եւ խաբուսիկ տպավորություն: Ես իր պոեզիայում ի~նչ գրական նուրբ խաղեր կարող եմ մատնացույց անել, գրական ի~նչ նուրբ արձագանքումներ եւ ակնարկումներ` դասական գրականության ընտիր տողերի խաղարկումներից սկսած, օրինակ, Լեւոն Շանթի «Իջեք, իջեք, երազներ»-ից, մինչեւ հայ ժողովրդական երգերի խոսքային մեղեդու իր հոյակապ այլացումները (օրինակ, «Ռօնտօ գարնան վրայ», «Սիրերգութիւն»): Իր «Աղիւսակ», «Տասը», «Պլուզ գիշերուան մէջ» եւ նման այլ տասնյակ ու տասնյակ բանաստեղծությունները բանաստեղծական արդիական նոր, թարմ, ինքնատիպ մտածողության ընտիր օրինակներ են, որոնց հեղինակին եվրոպական ամենաճանաչված բանաստեղծները պիտի նախանձեին: Արդիականության մասին բառ անգամ չասած, արդիականության շուրջ երբեք խոսք ու զրույց չբացած Զահրատը նոր ժամանակների մեր ամենաարդիական բանաստեղծն է: Բանաստեղծական իր արվեստը հարուստ է, ինքնատիպ, բազմազան եւ տակավին չուսումնասիրված: Եվ դեռ այս ամենին պետք է գումարել իր բանաստեղծության ներքին մեծ ուժըՙ իր անմահ քմծիծաղը, նուրբ, մարդկային սիրով շաղախված հումորը եւ աշխարհը ու մարդկանց, ու նաեւ սեփական ես-ը փիլիսոփայական իմաստուն հեգնանքով տեսնելու եզակի կարողությունը.
Բոլորին
Թող բոլորին օրհնութիւններն աւիշի պէս
գան սրսկին
Սէզին վրայ սա ազազուն որ Զահրատ
Զահրատ ըլլալ կը յաւակնի պարզապէս
(«Աղօթք»)
Բայց ես այս ամենը մեկ կողմ եմ թողնում եւ ուզում եմ ընդգծել Զահրատի պոեզիայի բարոյական խորքն ու մարդասիրական բովանդակությունը: Իր պոեզիայում առավել նկատելին կյանքի հպանցիկության զգացումն է, մարդկային կյանքի կարճառոտության զգացումը, ինչի գիտակցումի լույսի ներքո ամեն բան վերաիմաստավորվում-վերաարժեքավորվում է, ստանում է բոլորովին այլ տեսք ու արժեք, այլ խոսքովՙ փիլիսոփայական-բնազանցական խորք եւ իմաստ է ստանում: Աշխարհին այսպես նայողը վսեմական հոգու տեր մարդ է, հայ մեծատաղանդ ու անկրկնելի բանաստեղծ Զահրատը...
***
...Երբ աշխարհը, որ բանաստեղծի ծնունդի հետ նոր-նոր էր, պատանի ու հուզավառ եւ, հիմա, բանաստեղծի օրերի հետ, այլեւս ծեր, ծերացած ու հոգնած, եւ մարմրող մթնշաղ էր իջել այդ աշխարհի վրա երբ,-
երբ իր երկար-երկար ճանապարհի վերջում, իր պայծառ կյանքի մայրամուտից առաջ, մեզ երեւաց, իր վերջին մեկնումից առաջ մի վերջին անգամ ետ դարձավ, մեզ նայեց, իր մեղմ ու թախծոտ ժպիտով ժպտաց մեզ, ապա շրջվեց ու հոգնած քայլով դեպի անդարձություն հեռացավ հայ բանաստեղծության լուսեղեն ճամփի ազնվական ու վսեմական անցորդը - Զահրատ...
3-5 հունվարի 2008
Նկար 2. 2007 թ.-ին Երեւանում լույս տեսած ժողովածուի շապիկը: Գիրքը հրատարակել է «Նաիրի» հրատարակչությունըՙ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի մեկենասությամբ: Խմբագիրն է Այդին Մորիկյանը: