ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2007-12-01 | #24, 2007-12-15 | #1, 2008-01-12


ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆՈՂԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆ-փիլիսոփա, լեզվաբան: Ծնվել է 1928-ին Անդիժանում, ուր աքսորվել էր հայրը: 70-80-ականների հայ իրականության այն եզակի մտավորականներից, որոնց մեկ բառով բնութագրում էին իբրեւ այլախոհների: 1964-65-ին պետհամալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դասախոս էր: 1982-ին ձերբակալվել է Սոլժենիցինի հետ ունեցած նամակագրության մեղադրանքով, երկու տարի անցկացրել է Նորքի հոգեբուժարանում: Իր անունը հայտնի էր հատկապես 1937-ի ռեպրեսիաների զոհ, իր հորՙ գերմաներենի ուսուցիչ Գեղամ Ավետյանի ազատազրկման առիթով Ստալինին ուղղված նամակներով:

1991-93-ին պետհամալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչն էր: Հեղինակ է «Նշանագիտություն եւ լեզվաբանություն» աշխատության, «Վերադարձի օղակ» փիլիսոփայական խոհերի եւ «Բանտային բանաստեղծություններ» ժողովածուների:


Միշտ է դժվար գրել այն մարդկանց մասին, ում կյանքն իրենց ապրած ժամանակից ու իրականությունից դուրս է թվում: Նրանք այն առանձնաշնորհյալներն են, որոնք իբրեւ պարգեւ են ուղարկվում իրենց ժամանակակիցներին ու հետագա սերունդներին: Որովհետեւ խղճի արթուն պահապանների ինքնակամ ընտրած կյանքի այդ կերպը ճշմարիտ նվիրում ու խոնարհում է Աստվածային կամքին, Բարոյականությանը, Ոգուն: Նրանք միշտ դժվար ընկալելի են, ուստիեւՙ առանձնացված: Սրա պատճառը սեփական ես-ի նեղ շրջանակից շատ անդին անցնող նրանց մտահոգություններն ու կյանքի գործն է: Որպես կանոն, նրանք «դատապարտված» են մինչեւ վերջ պատվախնդրորեն ապրելու իրենց տրված ժամանակի հատվածը: Այդ հատվածը, որ մենք կյանք ենք կոչում, Էդմոն Ավետյանը համարում է ծնունդը նախապատրաստող շրջան: «Всяжизнь-подготовкакрожденью»ՙ իր խոսքերի այս խորագիրն է կրում Էդմոն Ավետյանի հիշատակին նվիրված գիրքըՙ տպագրված «Արեգ» հրատարակչությունում, 2007 թվականին: Գիրքը մտահղացել, խմբագրել ու հրատարակության է պատրաստել Նատալյա Աբրահամյանը. հրատարակվել է Էդմոն Ավետյանի բարեկամների եւ ուսանողների մի խմբի ֆինանսական աջակցությամբ:

Երեք բաժնից բաղկացած գրքի առաջին մասը («IPSI DIXIT») Էդմոն Ավետյանի անտիպ նյութերի ընտրանին է, որոնք հեղինակային տպագրության «իրավունք» չեն ունեցել. դրանք դասախոսությունների ձայնագրություններ ենՙ վերածված գրավոր տեքստերի Նարինե Հարությունյանի եւ Նատալյա Աբրահամյանի կողմից, բանավոր խոսքի Ավետյանական միջավայրը հնարավորինս անխաթար պահելու սկզբունքով: Կատարված միջամտություններըՙ անհասկանալի մի շարք բառերի սեփական տարբերակները, վերցված են շեղ փակագծերի մեջ:

Գրքի երկրորդ բաժինը կազմող հուշագրության («Memoria») մասում Էդմոն Ավետյան մարդու, մտածողի, գիտնականի դիմանկարն էՙ գծված իր բարեկամների, ուսանողներիՙ Լեւոն Աբրահամյանի, Վիլլի Սարգսյանի, Մարինա Մինասյանի եւ այլոց տպավորությունների մտերմիկ ջերմությամբ: Երրորդՙ «Scripta» բաժինը ընդգրկում է Էդմոն Ավետյանի գիտական հետաքրքրություններինՙ լեզվաբանության տեսությանը եւ նշանագիտությանը վերաբերող կոլեգաների եւ ուսանողների անտիպ հոդվածներ:

Ինքս էլ համալսարանական տարիներին բախտ եմ ունեցել մի կարճ ժամանակահատված ուսանել Էդմոն Ավետյանին: Զուտ գիտելիք փոխանցողի անհաղորդ դերակատարությունից շատ տարբերՙ դասը ստեղծագործական պրոցեսի վերածող եզակի մտածողներից էր Էդմոն Ավետյանը: Լեւոն Ներսիսյանի պես նա էլ սովորեցնում էր ազատ մտածելու արվեստը, որով եւ հաղորդակից դառնում մարդու հոգեկան աշխարհին, նրա ներքին, ինտիմ միջավայրին: Կյանքի, գոյութենականության, մարդ-երեւույթի եւ նրա կողմից երեւութական աշխարհն ու պայմանական ժամանակն ընկալել-իմաստավորելու եռաչափ տարածության սովորական ըմբռնումներից դեպի այլՙ մետաֆիզիկայի ոլորտներին են ուղղված Էդմոն Ավետյանի մտքի պրպտումներըՙ թե գիտական գործունեությամբ, թե մարդկային ինտուիտիվ հետաքրքրություններով: «Ի՞նչ է մետաֆիզիկան» խորագրով ընդամենը մեկ դասախոսության ծավալներում Էդմոն Ավետյանը փիլիսոփայական բազմաթիվ հարցադրումների է անդրադառնումՙ նախ փորձելով ներկայացնել փիլիսոփայության էությունն ու ակունքներըՙ սկսելով Արիստոտելի հայտնի այն արտահայտությունից, թե փիլիսոփայությունը սկսում է զարմանալու կարողությունից, ինչը հետագայում երկրորդում է IV դարի մտածող Գրիգոր Նյուսացին, եւ սա հասնում է մինչեւ XX դարՙ մինչեւ հայտնի աստվածաբան Մոլտմանը: «Եթե մարդը ուզում է միայն զարմացնել, նա ճանապարհը կտրում է դեպի փիլիսոփայություն:

... Տեսնենք, թե ինչպես է կառուցված աշխարհը:

Դա երեւութականություն է, երեւույթների ամբողջություն է. իր էՙ իր անկախության մեջ, թեպետեւ մարդըՙ սուբյեկտը, վերջնական պտուղն է, արգասիքն է տիեզերքի, բայց տիեզերքը, կարծես թե (ես ասում եմ «կարծես թե») անտարբեր է մարդու նկատմամբ: Տիեզերքն ինքնին ոչ մի արժեք չունի: Նա արժեւորվում է միայն, երբ հարաբերակցվում է մարդու հետ», ասում է Էդ. Ավետյանը: Այս մեկ դասախոսության շրջանակներում Էդմոն Ավետյանի միտքը թռիչքաձեւ անցումներով կարողանում է ընդգրկել փիլիսոփայության կարեւորագույն խնդիրներՙ աշխարհը ճանաչելու ու գնահատելու հոգեբանական, բարոյագիտական եւ մետաֆիզիկական մեկնաբանություններից, կեցության եւ գոյի հարաբերակցությունից, վերարտադրողական եւ ստեղծագործական մտածողության ձեւերից, պոեզիայի եւ փիլիսոփայության ներդաշնակությունից մինչեւ փիլիսոփայական մտքի համեմատական վերլուծություններՙ հին հնդկական, չինական ու հունական կրոնափիլիսոփայական ուսմունքներից ելնող դրույթներովՙ գոյաբանության ելակետային հարցերի, տիեզերքի նախասկզբի շուրջ: «Եթե որեւէ բան միջնորդավորված է, միջնորդյալ է, ինչպես Բրահման հնդկական փիլիսոփայության մեջ, դա արդեն նախասկիզբ չէ»: Այս առումով արեւելյան եւ արեւմտյան փիլիսոփայական մտքի համեմատության ծիրում առավելությունը նա տալիս է եվրոպականին. «Եվրոպան արեց այն, ինչ երեւի պահանջում էր էություն-Աստված. գտնել անփոփոխի սկիզբըՙ մետաֆիզիկան, բնազանցությունը»: Արիստոտելյան ըմբռնումների մեկնաբանությունները, որ ավելի ուշ ձեւակերպվեցին «Տա մետա տա ֆիզիկա»-իՙ այն ինչ ֆիզիկայից հետո է, հետագայում, ինչպես նկատում է Էդմոն Ավետյանը, ընդլայնվում էՙ ստանալով բնությունը զանցող եւ միաժամանակ բնության վրա հենվող իմաստներ: Հետաքրքրական մեկնաբանություններ են արվում նաեւ մատերիալիզմին եւ իդեալիզմին առնչվող: Ըստ նրա, փիլիսոփայության այս երկու ուղղությունների մեջ հակադրությունը հնարել են մարքսիստները. տարբերությունը զուտ մեթոդական էՙ սենսուալի՞զմ, թե՞ ռացիոնալիզմ, այսինքն զգացմունքներով, թե՞ բանականությամբ է ընկալվում աշխարհը: «Բայց ինչպիսին էլ լինի փիլիսոփայական համակարգը, այն լինում է միայն իդեալիստական, որովհետեւ փիլիսոփայությունը կարող է շարադրվել միայն որպես իդաների ամբողջություն, կապվածություն: Ինչ էլ մենք անենք, իդեայի սահմաններից դուրս չենք գալիս: Հետոՙ իդեանՙ էյդոսը, միայն մեր վերացական միտքը չէ. «Էյդոս» նշանակում է հասկացություն (յուր) ռեալության մեջ: Եվ Պլատոնն էլ էյդոսների աշխարհն է կառուցում. դա ( իր համար) ռեալություն է. միջնադարյան եվրոպական փիլիսոփայության մեջ դարձյալ գաղափարները ռեալություններ են...

... Փիլիսոփա լինելՙ նշանակում է լինել իդեալիստ եւ մի փոքր էլ լինել պոետ... Պատահական չէր, որ ամերիկացի փիլիսոփա Էմերսոնը համարում էր, որ փիլիսոփաության նմուշ կարող է ծառայել միայն Պլատոնը, որովհետեւ նա նաեւ պոետ էր: Երբ պոետիկ տարրը վերացվեց փիլիսոփայությունից, պրոզան մուտք գործեց մտածելակերպի մեջ: Արիստոտելը պրոզայի ներկայացուցիչ էր, Պլատոնըՙ պոեզիայի, Պլատոնի համար կարեւոր է ոչ միայն միտք արտահայտելը, այլեւՙ ինչպես այն արտահայտելը:

... Մնում է պարզելՙ հասկանալու, թե ինչպես պիտի միանան փիլիսոփայությունը եւ պոեզիան: Ուղղագծորեն դա հնարավոր չէ անել: Միայն մեկ ճանապարհ կա. գեղեցիկ արտածել մտքերը հիմնադրույթից, աշխատել դրանց տալ ռիթմիկ կառուցվածք, ստեղծել այնպիսի մի ամբողջություն, որը նման լինի ամբողջի, այլ ոչ թեՙ կարկատած շորի»:

Էդ. Ավետյանի փիլիսոփայական մտքի ընդհանրացումների խտացումն է այս նույն բաժնի «Դարձվածքներ» հատվածը: Հիշատակի այս գիրքն ամբողջանում է Էդ. Ավետյանի դիմանկարի «Memoria» բաժնով, որից մի քանի բնութագրական մեջբերումներ կատարենք:

«Խոսել Էդմոն Ավետյան երեւույթի մասին, նույնն է, ինչ փորձել միաժամանակ տեսնել գունդը բոլոր կողմերից: Դա միայն մտածող, ստեղծագործող մարդու կերպար չէր: Դա համադրություն էր սեփական տառապանքների, տանջալից որոնումների, ժամանակների մեջ անդադար իրեն փորձողի, ոգու կամքի, ճակատագրի կամքի:

Էդմոն Ավետյանը դասական մտավորականի տիպար էր, հակված կյանքի պարզությանն ու ասկետիզմին:

... Էդմոնին չէր հետաքրքում չնչին եւ ունայն ոչինչ: Նա ստեղծագործական մտածողության էր հակված, զգայուն գեղագետ էր, հրաշալի պոետ: Ափսոս, անցյալը ֆիզիկապես անդառնալի է, բայց երբեմն այդ անցյալը որոշակի ռեալություն է, ներկան սահում եւ հեռանում էՙ կշռելիություն ստանալով միայն հիշողություններում:

Էդմոն Ավետյանի մարդկային կերպարն ու ստեղծագործությունը ժամանակը դարձնում են դարձելի»- Արման Մանարյան:

«Զարմանալի ու ողբերգական ճակատագրի տեր էր Էդմոն Ավետյանը: Նրա մասին միայն լսել էի, իսկ երբ ծանոթացա անձամբ, զարմացա, թե այդ վտիտ արտաքինով մարդն ինչպես է դիմակայել կյանքիՙ իրեն բաժին հասած սարսափներին ու կորուստներին: Ինչպես է, որ այդ ամենից նրա հոգին չի ոսկրացել, չի լցվել ատելությամբ ու մաղձով, այլ ինչպես իսկական մտավորականի հոգի, լի է ստեղծագործ ներուժով ու առողջ ըմբոստությամբ:

... Էդմոն Ավետյանի ոգու կեցությունը իմաստասիրական որոնումն էր, հատ ու կենտ մարդկանց հետ բարեկամությունը: Նա անկաշկանդ հոգու տեր մարդ էր, չուներ լալկան զոհի կերպարանք եւ կրած բոլոր տառապանքների դիմաց երազում էր լոկ հոգեկան անդորր, աշխատելու եւ ստեղծագործելու հնարավորություն»- Լյուդվիգ Ղարիբջանյան:

Էդմոն Ավետյանի ներքին եւ արտաքին կերպարը ամբողջացել է Նատալյա Աբրահամյանի հուշագրության մեջՙ գրված զգայուն սրտով ու նվիրումով, որտեղ ներկայացվում է շիտակ կեցվածքով մտավորականի, խոհուն փիլիսոփայի, նուրբ գեղագետի կենդանի կերպարըՙ կյանքային տարբեր իրավիճակներում:

Երկրային կյանքի դժվարին, բայց արժանավոր ճանապարհ անցավ Էդմոն Ավետյանըՙ ներքին խոր տառապանքների, ծանրաբեռ մտքերի լուսավոր ուղի: Եվ ինչպես Ջեմմա Վարդապետյանն է գրում, իր «Կյանքն ու մահը միասնական ճանապարհ էին դեպի ճշմարտություն եւ ճանաչողություն»: Նա հեռացավ կյանքից 2001-ի դեկտեմբերյան շատ ցուրտ մի օր: Այս գրությունն էլՙ մի փոքր ուշացումով, նրա մահվան 6-ամյա տարելիցի հիշատակին թող լինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4